Jump to content

Տիգրան և Աժդահակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար. Տիգրան Ա Երվանդյան
Jean Charles Nicaise Perrin - Կյուրոս և Աստիագես (Աժդահակ)

Տիգրան և Աժդահակը» (հանդիպում է նաև «Տիգրան Մեծ և Աժդահակ» անվանումը) մ.թ.ա 6-րդ դարի վիպասանք (վիպասք) է, որը պատկանում է հայ հին առասպելավիպական շարքին։ Այն որպես վիպերգ գրի է առնվել մ.թ. 5-րդ դարում Խորենացու կողմից։

Հայոց պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիգրան և Աժդահակ»-ը, որպես վեպ, վիպասանք ստեղծվել և անվանվել է «Մեծն Տիգրանի վեպ» Մ.թ.ա VI դարում, երբ Հայաստանը պայքարում էր Մարաստանի դեմ։

«Տիգրան և Աժդահակ»-ը, որպես վիպերգ (վիպական երգ) ստեղծվել է մ.թ. V դարում, Մովսես Խորենացու կողմից։

Խորենացին Տիգրանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանին բնութագրելով՝ Խորենացին ասում է.

Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիգրան և Աժդահակ»-ը առաջին վիպերգն է, որտեղ թույլ է տրված ժամանակագրական սխալ (Տիգրան Բ Մեծ Արտաշեսյանը Տիգրան Ա Երվանդունու փոխարեն) և որտեղ առաջին անգամ շոշափված են հայ կնոջ կերպարն ու բնավորության գծերը (համեստություն, հավատարմություն

Վիպերգում գործող և պատմական անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան – խոսքը հայոց Տիգրան Առաջին կամ Տիգրան Երվանդյան (մ.թ.ա. 570–525) արքայի մասին է, ում Խորենացին նույնացրել է Տիգրան Երկրորդի կամ Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95–55) հետ։

Աժդահակ (Աստիագես, մ.թ.ա 585–550) – Մարաստանի թագավոր, ում դեմ ապստամբել է Տիգրան Երվանդյանը, ինչն էլ դարձել է Մովսես Խորենացու ավանդազրույցի նյութ։

Մարեր, մեդացիներ – հնագույն ժողովուրդ։ Երկիրը՝ Մարաստան, Մեդիա, գտնվել է Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում, մայրաքաղաքը՝ Եկբատան։ Իր հզորությանն է հասել Ք.ծ.ա. VII դարում։

Կյուրոս – Կյուրոս II Մեծ (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է Ք.ծ.ա. 529–530 թվականների միջակայքում) Պարսից արքա։ Աքեմենյան արքայատոհմի հիմնադիրը։ Աժդահակի թոռը՝ դստեր որդին։ Ապստամբել է Աժդահակի դեմ և հաղթել։ Ստեղծել է մեծ տերություն՝ Հնդկաստանից մինչև Բաբելոն։ Իրեն է ենթարկել Հայաստանը։ Նրա մտերիմերից էր Տիգրան Երվանդյան հայոց թագաժառանգը։

Տիգրանուհի - Տիգրանի քույրը, ով կնության հանձնվեց Աժդահակին։

Կերպարների բնութագիրը և հակամարտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որ հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (մ.թ.ա. 560–524 թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (մ.թ.ա. 95–55 թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է։ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ։ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

«Աժդահակ» անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աժդահակը հին իրանյան Աժի դահակա՝ օձ դահակա կամ հրեղեն օձ կոչված վիշապ հրեշն է։ Աժդահակի կնոջը՝ Անու(յ)շին, վեպն անվանում է «մայր վիշապաց», իսկ նրա զարմերին՝ վիշապազուններ։

Վիպասանքի վերամշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիգրան և Աժդահակ» վիպասքը (վիպասանք, բանավոր վեպ) V դարում ենթարկվել է (հավանաբար Դավիթ Անհաղթի կողմից) ճարտասանական կանոններով բանաստեղծական վերամշակման։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]