Դանիելյան նշանագրեր
Դանիելյան նշանագրեր, IV դարի վերջին կամ V դարի սկզբին Հայաստանում օգտագործված գրերը՝ բերված Դանիել եպիսկոպոսի մոտից։ Ոմանց կարծիքով Դանիելյան նշանագրերը եղել են նախամաշտոցյան շրջանում գործածական հայկական գրերը։ Ուրիշների կարծիքով Դանիելյան նշանագրերը որևէ օտար լեզվի նշանագրեր են, որոնք հարմարեցվելով օգտագործվել են հայերենի համար։ Հետագայում պարզվել է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին։
4-րդ դարի վերջին կամ 5-րդ դարի սկզբներին ոմն Դանիել եպիսկոպոսի կողմից հայտնաբերված հին հայկական գրեր (ըստ առանձին գիտական մեկնաբանությունների` դրանք չեն եղել հայկական, այլ փոխառված որևէ այլ լեզվից). 404 թվականին Կոնստանդնուպոլսից աքսորված Հովհան Ոսկեբերան արքեպիսկոպոսի շուրջ ստեղծված անհանգստությունների պատճառով պարսից արքայի հրամանով Միջագետք մեկնած հայոց Վռամշապուհ արքան առաջին անգամ տեղեկանում է այդ գրերի առկայության մասին։ Վերջինիս Հայաստան վերադառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հորդորով այդ գրերը բերվում են Հայաստան՝ հավանաբար նույն 404 թվականին ընթացքում։ Կարճ ժամանակ անց դուրս են գալիս գործածությունից` հնչյունական տեսակետից անկատար լինելու պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։ |