Մոկաց Միրզա
«Մոկաց Միրզա», հայ ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական երգ, բալլադ (ըստ Կոմիտասի՝ դյուցազներգ)։ Տարածված է եղել Մոկսում։ Մեզ հասել է երգի չորս տարբերակ, բոլորն էլ՝ Մոկաց բարբառով։ Գրի են առել և հրատարակել Արիստակես վարդապետ Սեդրակյանը, Գարեգին սարկավագ Հովսեփյանը, Սարգիս Հայկունին և Հայկ Աճեմյանը։
Երգի բովանդակությունը հետևյալն է․ Կոլոտ փաշան (տարբերակներից մեկում քուրդ է, մյուսում՝ հայ) իշխան Մոկաց Միրզային հրավիրում է Զեզիրե քաղաքը և թունավորում՝ նրա հարսնացու Նազլուխանին տիրանալու համար։ Մոկաց Միրզային թաղում են Մալաքավա քաղաքում։ Հնարավոր է, որ երգի մեջ պահպանված է պատմական եղելություն, հանդիպում են մի շարք պատմական տեղավայրեր՝ Ջեգիրե, Մալաքավա, Ջիգրաշեն և այլն։ Եղանակը, որ գրառել են նախ Կոմիտասը, ապա Մ․ Մելիքյանը, ելևէջային տարրերով հարում է «Սասնա ծռեր» վիպերգի մեղեդիներին ու հին շարականներին, միաժամանակ ասերգային (պատմողական) և ծորերգային (քնարական) հատվածների հակադրումով, լադով ու մեղեդիական ընդհանուր կառուցվածքով իր մեջ խտացնում է գուսանական վիպա-քնարական ու պատմական երգերի բնորոշ հատկանիշները։ Երգիչն իր վերաբերմունքն է արտահայտում դեպքերի ու դեմքերի նկատմամբ, յուրաքանչյուր հատվածի վերջում հիշվում է․ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն», «Բեմուրադ կեներ Կոլոտ Ւաջեն»։ Պահպանվել է երգի ձայնապնակը՝ Կոմիտասի կատարմամր։ Հայ սովետական կոմպոզիտորների մի շարք երաժշտական թեմաների համար դարձել է նախակերպար։
Բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրն էր Ուրբաթ,
Լուս ի շաբաթ,
Գեաշտ էրիր ենք Մալաքյավեն,
Թըղթիկ մ՛եկավ Ջըզիրու քաղքեն,
Առին, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։
Առեց կարդաց,
Քաղցրիկ լեզվեն, էրավ մազդեն,
Շըլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ կարմիր գույն երեսեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։
Կանչեց, ասաց
Յուր մըշակին.
- Դուս քաշի՛ Բոզ-Բեղավին,
Վըրա դրե՛ք թամքը սադաֆին,
Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 694)։ |