Ոսկու կարասը
Ոսկու կարասը | |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1908 թվական |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1978 թվական |
Վիքիդարան | Ոսկու կարասը |
«Ոսկու կարասը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1], որը գրվել է 1908 թվականին։ Հեքիաթը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածում, որը լույս է տեսել 1978 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող։ Ձմռանը նրա եզները սատկում են։ Գարնանը նա իր հողը վարձով տալիս է հարևանին։ Վերջինս վարելու ժամանակ հողում մի կարաս ոսկի է գտնում, հողի տիրոջն ասում, որ ոսկի է գտել, գա ու տանի, բայց նա հրաժարվում է վերցնել՝ ասելով, թե նա հողի վարձը տվել է, ուրեմն գտածն էլ թող մնա նրան։ Իմանալով վեճի մա��ին՝ թագավորը իր մարդկանց հետ գնում է ոսկին հանելու, բայց կարասի բերանը բացում է ու տեսնում մեջը լիքը օձ։ Զայրացած վերադառնում ու հրամայում պատժել իրեն խաբած գյուղացիներին։ Վերջիններս համոզում են նորից ստուգել, թագավորի ուղարկած մարդիկ հավաստում են, որ կարասում իսկապես ոսկի է, բայց երբ թագավորը նորից է գնում, էլի կարասը լիքը օձեր է տեսնում։ Երկրի իմաստունները բացատրում են. «Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում»։
Իմաստունների խորհրդով գյուղացիներն ամուսնացնում են իրենց երեխաներին ու ոսկին էլ տալիս են նրանց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի այս հեքիաթի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։ Առաջին անգամ 1908 թվականին լույս է տեսել «Հասկեր» ամսագրի համար 3-ում (էջ 107-108)՝ «Հեքիաթ Հովհաննես Թումանյանի» ենթավերնագրով, այնուհետև՝ 1908 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (2-րդ տարի, (էջ 52-54), ինչպես նաև 1913 թվականին Կոստանդնուպոլսում՝ «Մեղրագետ» դասագրքում։ Ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 149-150)։ Այս հեքիաթը գրելիս՝ Թումանյանն օգտագործել է հայկական «Բախտ», «Տատ ու պետատ» «Աստոծ մարդի որ ուզենա հարստություն տա, կբվերի երդկով էլ վե կածի» հեքիաթներից։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» ամսագրից[1]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հողագործ
- Հարևան
- Թագավոր
- Ռանչպար
- Իմաստուններ