Դեպի անհունը
Դեպի անհունը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Դեպի անհունը |
Վիքիքաղվածք | Դեպի անհունը |
Դեպի անհունը, Հովհաննես Թումանյանի պոեմներից։ Գրել է 1890-ական թվականների առաջին կեսին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեպի անհունը» պոեմը Թումանյանը սկսել է գրել 1890-ական թվականների առաջին կեսին։ Պոեմի առաջին տարբերակը ավարտվել է 1894 թվականին, այդ իսկ պատճառով բոլոր հրատարակությունների մեջ նշվել է 1894 թվականը։ Ըստ պահպանված տվյալների՝ պոեմի գրության տարբեր փուլերում այն ունեցել է տարբեր վերնագրեր՝ «Կենդանի թաղվածը», «Ճերմակ աղավնի», «Սրհար», «Խավարի մեջ» «Դեպի մութը»[1]։
Թումանյանը սկզբնապես ծրագրել էր այս պոեմում ներկայացնել նահապետական աշխարհի հետամնաց բարքերի ու պատկերացումների դրսևորումներից մեկը՝ լեթարգիկ քնի մեջ ընկած մարդկանց մահացած համարելու և կենդանի թաղելու սոսկալի երևույթը։
Թումանյանը պոեմը կարդացել է շատերի մոտ` թողած տպավորությունների և կարծիքների համար։ Ավետիք Իսահակյանը անհանգիստ գիշեր է ունենում դրանից հետո, անհեթեթ երազներ տեսնում, ինչը, ըստ Թումանյանի, լավ նշան է. պոեմը ազդեցություն է թողնում։ Հայտնի է, որ պոեմը 1898 թվականին բաղկացած է եղել երկու մեծ մասերից, որի երկրորդ մասում նկարագրված է եղել կենդանի թաղված Հասմիկի տառապանքները. իրոք լեթարգիկ քնի մեջ է եղել, բայց հետո կաղամախու ցցով սպանվել է գերեզմանի մոտով անցնող և հողի տակից լսվող ձայներից սարսափահար մարդկանց կողմից (այստեղից էլ պոեմի նախնական վերնագրերից մեկը` «Սրհար»)։ Պոեմի երկրորդ մասը ոչնչացրել է Լևոն Շանթի խորհրդով, ինչի շնորհիվ երկը ստացավ ավելի լայն փիլիսոփայական բնույթ[2]։