Հովակիմյան-Մանուկյան վարժարան
Հովակիմյան-Մանուկյան վարժարան, տղաների երկրորդական կրթական հաստատություն։ Հիմնվել է 1947 թվականին, Բեյրութում, «Հ. Բ. Ը. միության մանչերու բարձրագույն վարժարան» անունով։ 1951 թվականին Մյոհրյուպե Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է շենք և նրա հորեղբոր՝ Սարգիս Հովակիմյանի՝ բարձրագույն վարժարան հիմնելու փափագն իրականանալու առթիվ դպրոցը վերանվանվել է «Հ. Բ. Ը. միության Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարան»։ Առաջնորդվում է լիբանանյան պետական դպրոցական ծրագրով՝ տեղ հատկացնելով նաև հայագիտական առարկաներին։ Ավանդվում են հայերեն (աշխարհաբար, գրաբար), մատենագրություն, արդի հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, արաբերեն, անգլերեն, բնական գիտություններ, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն, գրականություն, երաժշտություն, գծագրություն և այլն։ Ուսման տևողությունը 7 տարի է։ Դասարանները բաժանված են առևտրական և բակալորիայի ճյուղերի։ Հովակիմյան-Մանուկյան վարժարան ավարտողները կարող են ընդունվել տեղական և օտար բարձրագույն ուսումնական հաստատություններ կամ աշխատել վարչական ու առևտրական հաստատություններում։ Հիմնադրման օրից տնօրենն է Ա. Թոփչյանը (մեկ տարի ընդմիջումով)։ Դասավանդում են Վահե Վահյանը, Գ. Ահարոնյանը և ուրիշներ։
1953-1975 թվականին Բեյրութում լույս է ընծայել «Նվիրում» ազգային, կրթական, մշակութային պարբերաթերթ (1968 թվականից՝ տարեգիրք)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 550)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |