Ավո Թումայան
Ավո Թումայան արմտ. հայ.՝ Աւօ Թումայեան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Աւետիս Մարգարի Թումայեան |
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Չորք Մարզպան |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1989 |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Գրական անուն | Ավո |
Մասնագիտություն | գրող և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Նժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը։ Նշխարներ։ Վկայութիւններ |
Աշխատավայր | Ազդակ |
Ավետիս Մարգարի Թումայան (Աւետիս Մարգարի Թումայեան, 1920, Կիլիկիա - օգոստոսի 15, 1989, Բեյրութ, Լիբանան), հայ գծանկարիչ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիլիկիայի Չորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում՝ սասունցիների ընտանիքում։ 1922 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ Ավոն հետագայում հնգամյա կրթություն է ստացել Հայկական վարժարանում։ 16 տարեկանում արվեստանոց է բացել Հալեպի Սալիբե թաղամասում, որտեղ ձեռքով նկարում էր խանութների անուններ, լոգոներ, գովազդային պլակատներ, կինոցուցադրումների ազդագրեր։ Որոշ ժամանակ անց Ավոն իր աշխատանոցը տեղափոխել է Հալեպի մեկ այլ վայր։ Նկարչությունից բացի զբաղվել է պատմության ուսումնասիրմամբ, նրա հեղափոխական թեմաներով նյութերը տպագրվել են Հալեպի, այնուհետև՝ Բեյրութի հայկական թերթերում։ 1949 թվականից լույս ընծայել է «Հեղափոխական ալբոմ» շարքը, որը նվիրված է եղել հայ ազատագրական պայքարի երևելի դեմքերին։ Նա մեկնել է Իրաք և Իրան, որտեղից վերադարձել է նոր նյութերով, որոնց մի մասն առաջին անգամ հրատարակվել է իր շարքում։ Իր հետ բերել է նաև լուսանկարներ, որոնք հետագայում լույս են տեսել գրքերի վերածված ալբոմներում։
1962 թվականին Ավոն տեղափոխվել է Բեյրութ և հաստատվել հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում, որտեղ շարունակել է զբաղվել նույն գործով։ Աշխատել է ՀՅԴ Լիբանանի պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթում։ 1965 թվականից սկսած նա երեք անգամ այցելել է ԱՄՆ՝ նոր նյութեր հայթայթելու և պատմական փաստեր հավաքելու նպատակով։ ԱՄՆ-ում հանդիպել է քաղաքական, կուսակցական և հասարակական գործիչների հետ։ 1975 թ.՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին տարում դադարեցրել է «Հեղափոխական ալբոմի» հրատարակությունը, որի բոլոր շարքերը հետագայում առանձին գրքերով լույս են տեսել և շատ արագ տարածվել հայկական սփյուռքում ու Հայաստանում։
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսի 28-ին Բեյրութի «Համազգային» տպարանում լույս է տեսել Գարեգին Նժդեհի մասին առաջին հիմնարար գիրքը՝ Ավոյի «Նժդեհ. կեանքն ու գործունեությունը»[1][2], որը հիմք է հանդիսացել հետագա հետազոտությունների համար։ Վերատպվել է 1989 թ. Լոս Անջելեսում։
Ավետիս Թումայանը մահացել է 1989 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում[3]։
Ավո Թումայանի որդին ու թոռը՝ Մարգար և Ավետիս Թումայանները նրա արվեստանոցը վեր են ածել լուսանկարչական և տեսանկարահանման ստուդիայի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աւօ (1968). Նժդեհ: Կեանքն ու գործունէութիւնը։ Նշխարներ։ Վկայութիւններ. Պէյրութ: Համազգային տպ.(չաշխատող հղում)
- ↑ «Նժդեհ Գարեգին — Hayazg». am.hayazg.info. Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ազդակ» օրաթերթ, 1989 թ., 23 սեպտեմբեր, Արտաշես Տեր-Խաչատուրյանի հոդվածը՝ Ավոյի մահվան քառասունքի առթիվ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|