Jump to content

Նոր Կյանք (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր կյանք (Շիրակի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Նոր Կյանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Արթիկի շրջան
Մակերես12.7 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1953[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Նոր Կյանք (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Նոր Կյանք (Շիրակի մարզ) (Հայաստան)

Նոր Կյանք (նախկին անվանումը՝ Մաջըթլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին։ Վերանվանվել է Նոր կյանք 1940 թ. հունիսի 1-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Կյանքի մշտական բնակչությունը կազմել է 1701, առկա բնակչությունը՝ 1590 մարդ[3]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Խնուսից։

Նոր Կյանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 271 732[4] 1131 1136 1174 1138 1370 1246 1690 1464 1701[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Գրիգոր Լուսավորչի եկեղեցի ֊Նոր Կյանք համայնքում

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Կյանք գյուղ֊Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հատակագիծը

Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X-XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։

Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։ Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։

Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խարչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք » անունով բնակատեղի[6]։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիմագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հյուսիսայն պատին փորագրված Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի վիմագրերը լուռ էին մինչև 20-րդ դարի 80-ական թվականները։ Վերծանելուց հետո ավելի հարստացավ գյուղի պատմությունը։ Առաջին արձանագրությունը եկեղեցու հին մուտքի բարավորի վրայի կամարակապ քարին Է փորագրված, որը է հասել մեզ ամբողջովին խաթարված վիճակում։ Պահպանվել է միայն թվականը՝ Թ ՅԾԻ (909թ․)։ Երկրորդ արձանագրությունը որմի արևմտյան մասում է՝ երեք քարերի վրա։ Գրված է ելունդավոր տառերով և բաղկացած է հինգ տողից․

  1. ՆԺ (101) թվականութեան հայոց
  2. թագավորութեան Գագւկա ես
  3. Տր Սարգիս որ թողի Շոթայի շարյատ
  4. յեզն կաթ։ Ա։ թէ ոք հակառ կան
  5. զոհված է յայ։ Յ։ Ժ։ Ը իցն եի մէ (ն) ջ։

Երրորդ արձանագրությունը փորագրված է հյուսիսային որմի կենտրոնական մասում։ Այն ութ տողանոց է, որտեղ նաև վնասվածքներ կան։

  1. ՆԿ (1011) ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅ
  2. ՈՑ Ի ՀԱՅՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ
  3. ՏՐ ՍԱՐԳՍԻՀԱՅՈ (Ի)Ց ԿԱԹԱՂ
  4. ԻԿՈՍԻ ԿԱՄ ԵՂԵԻ ԻՆՁԳԱԳԿԱ ՇԱՀ
  5. (ՆՇ)ԱՀԻ ՈՐ ԵՏՈՒ ԶԾՄԲԱՔԱՐՆ Ի ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ ԱԹՈՌՆ Ի ՏՐ ՍԱՐԳԻՍ
  6. ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՏՈՒ Ի ՇԱԹ ԵԻ ԵԴԻ ՎՃԻՌ ՅԵՏ ՓՈԽՄԱՆ
  7. ԳԱԳԿԱՅՍ ՇԱՀ (ՆՇԱՀ) ԷՍ։Ե։ ԱԻՐ ԱՐՆԵԼ ԱՄՄԵՆ ԱՄՄԻ ԱՆԽԱՓԱՆ ՅԻ ԳԱԼՈՒՍՏՆ ՔԻ ՈՐ ՈՔ ԽԱՓԱՆ։ՅԺԸ։ ԻՑՆ
  8. ԵՎ ՅԱՄԷՆԱԿԱԼ ԲԱՆԷՆ ԱՅ ՆՔՈՎԱԾ Է։

Չորրորդ արձանագրությունը փորագրված է եկեղեցու հյուսիսային մուտքի վերև՝ կամարի չորս քարերի վրա, և բաղկացած է երեք տողից․

  1. ՆԾԹ (1010) Ի ԹՎԱԿԱ(Ն)ՈՒԹ(ԵԱՆ)Ն ՀԱՅՈՑ ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ԴԱՐՁՈՒՑԻ (Ց)
  2. ԶԳՈՒՐԳԵՆԱ ՈՐԴԵՅՆ ՀԱՅՐԷՆԻՔ Ի ՅԻՐԵՆՔ ԴԱՏԱՍ(Ա)ՐՈՎ ԵԻ ԱԾԱՆԻ--
  3. --ԹԷ ՈՔ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՆ ԵԻ ՅԱՅ ԵԻ ՅԱՄԵՆ ՍՐԲԵ

Հինգերորդ արձանագրությունը փորագրված է նույն 1010թ․ որմի արևելյան անկյունում և ունի 12 տող․

  1. ՆԹԾ (1010)Ի ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆՆ ՀԱՅՈՑ ԱՅՍ ԻՄ
  2. ԳՐԷԱՆ ՍԱՐԳՍԻ ՈՐ ԾԱԽԵՑԻ ԶՋԱՂԱՑՍ ԻՄ
  3. -----------ՈՐ ԴԻԱՑՆ ԻՎԱՆԻ ԿԱՆԻ ԺԱՌԱՆ
  4. ԳՈՒԹԱՆ Ի ԳԻՆ ԳԱՆՁԻ , ՉԿԱՐԷ ՈՔԽԱՓԱՆԷԻՆ ԵԻ
  5. ՈՐՆ Ի(Ս) ՄԻ ՅԱԹՈՌ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ Ե(Ի) ԹԵ ՈՔ ՀԱԿԱՌ
  6. ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ՄԵԶԱՆԵ ՅԺԸ ԻՑՆ
  7. ԵՎ Ի ՄԵՐ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԷՍ, ՀԱՍՏԱՏՈՒՆ Է ԳԻՐՍ ԱՅԼ ՎԱՍՆ
  8. ՏԱՐՍՆԱՎԱԳԱ ՈՐ ԱՎԱԳԱՅՆՍ ՅԱՂԱԳՍ ՋԱՀ
  9. ԱՍԻՐՈՒԹԵԱՆ Ի(Ի)Ր ԵԹԷ ՈՔ ՀԿԱՌ,
  10. ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ԵՐԿՆԱՎՈՐԱՅ ԵԻ ԻՑ
  11. ԷՐԿՐԱՎՈՐ ԱՅՍ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄ
  12. ԱՆԱՑ ԱԻՀՐՆԵՑԻՆ։

Վեցերորդ արձանագրությունը երկտող է և փորագրված է ելունդավոր տառերով որմի արևելյան անկյունում և ամբողջովին խաթարված է։ Գրչագրական առանձնահատկություններով այն նման է վերը նշված 1001 թ․ արձանագրությանը և ակնհայտորեն ժամանակակից է նրան․

  1. ՅՈ ---------Ս ԾԱՌԱՅ ՍՐ
  2. ԲՈՅՍ ԳՐԻԳՈՐՈՅՍ

Արձանագրության շատ քարեր կոտրված են կամ գրությունը՝ ջնջված, բայց պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Հուսիկ Մելքոնյանը կարողացել է ի մի բերել և վերծանել։ Իր ուսումնասիրությունների արդյունքները նա հրատարակել է «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականում (11-րդ դարի վիմագրեր Նոր Կյանք գյուղից․«Լրաբեր հասարակական գիտությունների » Երևան , 1983, էջ 57-67)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 7-ին.
  6. Մաէնլեստ Կնյազյան ֊ Նոր Կյանք գյուղի պատմությունը 2001
  7. Մաէնլեստ Կնյազյան «Նոր Կյանք» գյուղի պատմությունը, Երևան 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


[1]

  1. Մաէնլեստ Կնյազյան «Նոր Կյանք գյուղի պատմությունը», Երևան 2001