Սուրբ Առաքելոց վանք (Մուշ)
Սուրբ Առաքելոց վանք | |
---|---|
Մշո Սուրբ Առաքելոց վանքը 1900-ներին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և ավերակներ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Մուշի մարզ, 5 կմ հարավ-արևելք Մուշից, Թուրքիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ներկա վիճակ | ավերվել է 1915 թ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | VI-X դարեր |
Հիմնադրված | 11-րդ դար |
Arakelots Monastery Վիքիպահեստում |
Մշո Սուրբ Առաքելոց վանք, Սբ․ Ղազարի վանք, Տիրինկատարի վանք, Սբ․ Թադևոս, Թարգմանչաց վանք, միջնադարյան հայկական վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, առաքյալների՝ Հռոմից բերված մասունքների վրա։ Հայտնի է դարձել XI դարից, բարգավաճել՝ XII դարում։ Ըստ վանքի խաչքարերից մեկի արձանագրության, այն նորոգվել է 1125 թվականին։
XIV դարի վերջին խիստ ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ XV– XVI դարերում դարձել է գրչության նշանավոր և գործուն կենտրոն։
1614 թվականիին վանքը վերստին նորոգվել է, իսկ 1663 թվականին վերակառուցվել է գլխավոր եկեղեցու գմբեթը։ Համալիրի շենքերն ավերվել են 1895 թ.-ին և Մեծ Եղեռնի ժամանակ։
Վանքը Մեծ Եղեռնի արդյունքում լքվել է և աստիճանաբար ոչնչացվել։ Ներկայումս պահպանվել են միայն ավերակները։ Փայտի նրբաճաշակ փորագրման գլուխգործոց է Մշո Առաքելոց եկեղեցու դուռը, որը 1921-ին Թիֆլիսից Երևան է փոխադրել հնագետ Աշխարհբեկ Քալանթարը։
Առաքելոց վանքի կռիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր՝ Ս․ Առաքելոց եկեղեցին (XI դ․), ամբողջովին աղյուսաշեն է, ունի ներքուստ խաչաձև՝ չորս անկյուններում երկհարկ, թաղակապ ավանդատըներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Գմբեթն ունեցել է դրսից ութանիստ, ներսից բրգաձև թմբուկ։ Միակ՝ արևմտյան դուռը բացվում է դեպի կից, քարաշեն, չորս մույթերով, ուղղանկյուն հատակագծով գավիթը (1555), որն ըստ արձանագրության կառուցել է վանահայր Կարապետ Բաղիշեցին։
Գավթի արևմտյան մուտքի առջև Հովհաննես վարդապետը 1791 թվականին կառուցել է եռահարկ զանգակատուն՝ ութ սյուն ռոտոնդայով։ Մշո Առաքելոց եկեղեցուն հարավից կից է 1663 թ.-ին կառուցված (XIV դարի ավերված շենքի հիմքերի վրա) Ս․ Ստեփանոս միանավ, թաղածածկ, քարաշեն եկեղեցին, իսկ հյուսիսից կից Ս․ Գևորգ եկեղեցու միայն հետքերն են նշմարվում։
Համալիրի արևելյան կողմում կա XI դարի արձանագրություններով, նրբահյուս զարդաքանդակներով 9 խաչքար։ Վանքը շրջապատված է եղել պարսպով (1791)։ Հիմնական հուշարձանախմբից մոտ 300 մ արևելք կանգուն է համեմատաբար լավ պահպանված Ս․ Թադևոս (XI–XII դարեր) գմբեթավոր ոչ մեծ եկեղեցին։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ութանիստ թմբուկով գմբեթն իրականացված է տրոմպներով։ Եզակի է կառուցողական տեխնիկան՝ եկեղեցու պատերի արտաքին երեսները շարված են սրբատաշ տուֆի քարերից, իսկ ներսը՝ աղյուսից։
Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստի լավագույն նմուշներից է Մշո Առաքելոց վանքի փայտե դուռը (1134, քանդակազարդող վարպետ՝ Ղուկաս)։ Նրա փեղկերը ծածկված են երկրաչափական, շրջանակի կողերը՝ կենդանակերպ զարդանախշերով, իսկ բարավորը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։
Նշանավոր անձանց գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշո Առաքելով վանքի տարածքում են թաղված եղել.[1]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մշո Սբ. Առաքելոց վանքի ավերակները
-
Մշո Առաքելոց վանքի ընդհանուր տեսքը
-
Մշո Առաքելոց վանքի լուսանկար, 1900-ական թվականներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշո Սուրբ Առաքելոց հայկական վանքը և սուրբ Թադեի եկեղեցին(չաշխատող հղում)
- Թաթուլ Հակոբյան, Առաքելոց վանքը. Տարոնի հայկական անցյալի անխոս, խոնարհվող վկան Արխիվացված 2010-10-04 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thierry I․ М․, le couvent des Saints-Apotres de Mus, «ՀԱ*, 1976, № 1 – 12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 65
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Առաքելոց վանք (Մուշ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 660)։ |