Սուրբ Սարգիս վանք (Ուշի)
Սուրբ Սարգիս վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ուշի[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Մասն է | Ամրոց Ուշի |
Կազմված է | Եկեղեցի, Խաչքար, Հյուրատան շենք, Օժանդակ շինություններ և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Սուրբ Սարգիս |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Saint Sargis Monastery of Ushi Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Ուշիի Սուրբ Սարգիս վանք[2], հայկական խոշոր վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյու��ում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սարգսի վանական համալիրը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1 կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մովսես Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։
XIII դարում վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։
1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հարավ-արևելքից է։
1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։
Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203 թվականին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։
Հնագիտական նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղադրություն. Տեղադրված է ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան ամրոց-բնակավայրի հարավային եզրին, բարձրադիր բլրի թեք լանջին։
Շերտագրություն.Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից է։ Հուշարձանի վերաբերյալ առաջին վկայությունը պահպանվել է «Յայսմավուրք»-ում՝ Մ. Մաշտոցի կողմից Ս. Սարգսի մասունքներն այստեղ ամփոփելու և վանք հիմնելու կապակցությամբ։ Վանքի վիմագրերում ևս այն անվանվում է Ս. Սարգիս զորավար։ Վանքի ծաղկման երկրորդ փուլը վերաբերում է XIII-XIV դդ. և համընկնում Վաչուտյան իշխանական տան շինարարական գործունեության հետ։ Այդ ընթացքում կառուցվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը։ Երրորդ շինարարական փուլը վերաբերում է XVII դ., երբ վանքի վանահայր է նշանակվում Ոսկան Երևանցին։ 1654-1662 թթ. նրա ջանքերով կառուցվում են արտաքին սյունասրահը՝ եկեղեցու և գավթի արևմտյան կողմում, տարաբնույթ շենքեր (հյուրատուն, սեղանատուն, վանախցեր) և վանքը շրջապատվում է պարսպով։ XVIII դ. առաջին կեսին վանքը լքվում է և, վերջնականապես, ավերվում 1827 թ.:
Ճարտարապետություն.Վանական համալիրը բաղկացած է Ս. Սարգիս մատուռից, Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, զանգակատնից և XVII դ. կառուցված բնակելի, տնտեսական, քաղաքացիական ու արտադրական մի շարք կառույցներից, որոնք պարփակված են շրջապարսպով։
Ս. Սարգիսը V-VII դդ. բնորոշ փոքր միանավ, երկթեք տանիքով ուղղանկյուն կառույց է, որը շարված է հիմքում կոփածո բազալտե, վերևում սրբատաշ տուֆե քարերով։ Վերանորոգվել է XI-XII դդ., ապա 1203 թ.՝ համաձայն մուտքի վրա պահպանված արձանագրության։
Ս. Աստվածածինը հարավից կից է Ս. Սարգսին։ Կառուցվել է XIII դ. սկզբին, մեկ զույգ մույթերով գմբեթավոր սրահ է՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան կրկնահարկ ավանդատներով։ XIII դ. բնորոշ զարդամոտիվներով հարդարված երկու մուտքերը բացվում են արևմտյան և հարավային ճակատներում։ Ավագ խորանի բեմառէջքը հարդարված է վեցանիստ մեդալիոնների շարով, որոնց դաշտերը լցված են բուսական տարբեր զարդատարրերով։ Ըստ պահպանված վիմագրի՝ Ավագ խորանը պատված է եղել որմնանկարներով։
Գավիթը կից է Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից։ Կառուցվել է 1264 թ., երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում, որի մասին հաղորդում է պահպանված վիմագիրը, ինչպես նաև պատերի շարվածքում օգտագործվել են ավելի վաղ շինությունների ու խաչքարերի բեկորներ։ Գավիթը հանդիպակաց պատերի ութ որմնասյուներով և խաչվող կամարներով քառանկյուն շենք է, որի մուտքերը արևմտյան և արևելյան կողմերում են։ Հարավային ճակատում բացվում են սյունով բաժանված կրկնակի պատուհանները։
Ըստ հայտնաբերված վիմագրի՝ 1311 թ. կառուցվել է զանգակատուն, որի հիմնապատերը պեղումներով բացվեցին եկեղեցուն և գավթին կից՝ արևմտյան կողմից։
Վանքի շրջապարիսպը հիմնովին վերանորոգվել է XVII դարում։ Այն անկանոն քառանկյուն հատակագիծ ունի՝ ուժեղացված 2 ուղղանկյուն և 3 կիսակլոր կրկնահարկ աշտարակներով։ Պարսպի գլխավոր մուտքը հարավարևելյան անկյունում է, երկրորդը՝ արևմտյան կողմում։ Հյուսիսային, արևմտյան և հարավային պարսպապատերին կից կառուցվել են կրկնահարկ վանախցեր, օժանդակ շենքեր, թաղակապ հյուրատուն, սյունազարդ սրահ։ Ս. Սարգսի հյուսիսարևմտյան կողմում բացվել է երկու բաժանմունք ունեցող կամարակապ սրահ, որը հավանաբար ծառայել է իբրև սեղանատուն։
Գտածոներ. Խաչքարեր, վիմագիր քարեր, խեցեղեն, մետաղե և ապակե իրեր, դրամներ։
Նշանակությունը
Ս. Սարգիս անվամբ եկեղեցիների շարքում մեզ հայտնի ամենավաղ կառույցը Ուշիի Ս. Սարգիս մատուռ-վկայարանն է։
Ավանդազրույցներ
Պատմում են, որ Ս. Սարգսի տոնի օրը, Ս. Սարգսին նվիրված մատուռի վրա երևում է Լուսավորչի կանթեղը (Ֆ. Բաբայան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.108/1.3 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Սարգիս վանք (Ուշի) կատեգորիայում։ |