Խոր Վիրապ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոր Վիրապ (այլ կիրառումներ)
Խոր Վիրապ | |
---|---|
Խոր Վիրապը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արարատի մարզ, Լուսառատ |
Հասցե | 0,7 կմ հվ[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գևորգ, Բնակելի շինություններ, Տնտեսական շինություններ, Գերեզմանոց և Պարիսպ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետ | Ներսես Գ Տայեցի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 642 թ. (օրիգինալը), 1662 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Հիմնադրված | 7-րդ դար |
Khor Virap Վիքիպահեստում |
Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է։ Տրդատի քույրը երազ է տեսնում, որ նրան միայն Գրիգոր Լուսավոrichi կարող է բուժել։ Տրդատը հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։
13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։
16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։
1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։
1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խոր Վիրապի համայնապատկեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983։
- Կ. Մաթևոսյան, Խոր Վիրապի վանքը և նրա գրչական կենտրոնը, «Էջմիածին», 1997, 2-3։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
- Ալիշան Ղևոնդ, Այրարատ, Վնտ., 1890, էջ 435-440
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոր Վիրապ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 84)։ |