Պիեռ Գասենդի
Ծնվել է | հունվարի 22, 1592[1][2][3][…] Շանտերսե, Ֆրանսիայի թագավորություն[4][1] |
---|---|
Մահացել է | հոկտեմբերի 24, 1655[5][1][2][…] (63 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | Saint-Nicholas-des-Champs, Paris |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, պրոֆեսոր, աստղագուշակ, ֆիզիկոս, աստվածաբան, բնագետ, գրող և կաթոլիկ քահանա |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[6][1] և Էկս համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | Կանոնիկոս և provost? |
Ալմա մատեր | Էկս համալսարան (1612)[1] և Avignon University? (1614)[1] |
Գիտական աստիճան | աստվածության դոկտոր (1614) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5] և ֆրանսերեն |
Ազդվել է | Էպիկուրոս |
Ուսուցիչ | Ֆիլիբերտ Ֆեզայ |
Աշակերտներ | Ջան Պիկար և Ֆրանսուա Բերնիե |
Ներշնչվել է
| |
Pierre Gassendi Վիքիպահեստում |
Պիեռ[7] Գասենդի (ֆր.՝ Pierre Gassendi, հունվարի 22, 1592[1][2][3][…], Շանտերսե, Ֆրանսիայի թագավորություն[4][1] - հոկտեմբերի 24, 1655[5][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ, աստվածաբան (քահանա), մի շարք համալսարանների պրոֆեսոր, դասավանդել է մաթեմատիկա, ֆիզիկա, հռետորաբանություն, փիլիսոփայություն։
Գասենդին հանդես է եկել սխոլաստիկայի խիստ քննադատությամբ, Արիստոտելի ուսմունքի, բնածին գաղափարների վերաբերյալ Դեկարտի ուսմունքի քննադատությամբ, վերածնունդ է տվել Էպիկուրի մատերիալիզմին՝ դրա վրա հիմնելով իր ուսմունքը։
Գրել է աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ։ 17-րդ դարի պատմական պայմաններում Գասենդին առաջադիմական դերակատարում է ունեցել որպես փիլիսոփա և գիտնական։ Հայտնի է էպիկուրիզմի և ատոմիզմի քարոզչությամբ, նաև այդ տեսությունները քրիստոնեության հետ համաձայնեցնելու փորձերով։ Ըստ կոմունիստական գաղափարախոսության՝ նրա մատերիալիզմն անհետևողական էր, որ արտահայտվում էր կրոնի և եկեղեցու հետ հաշտվողականության մեջ[8]։ Ֆրանսիացի բնափիլիսոփան առաջինն է օգտագործել մոլեկուլի անվանումը։ Նա, օրինակ, Աստծուն համարում էր ատոմների ստեղծող, գտնում էր, որ մարդը բացի բնափիլիսոփայորեն ըմբռնվող «կենդանական հոգուց», ունի նաև «գերզգայական բանական հոգի»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Գասենդին ծնվել է 1592 թվականի հունվարի 22-ին Ֆրանսիայի Վերին Ալպերի Պրովանս գավառի Շանտերսե համայնքում Անտուան Գասենդ և Ֆրանսուա Ֆաբրիի ընտանիքում[9]։ Դեռ մանուկ հասակից աչքի է ընկել գիտությունների նկատմամբ հետաքրքրությամբ, հատկապես՝ մաթեմատիկայի և լեզուների։ Սովորել է Դին քաղաքի քոլեջում, հետո Էքս-ան-Պրովանսի համալսարանում։ 1612 թվականին Դինում դասավանդել է թեոլոգիա։ 1614 թվականին Ավինյոնում դարձել է թեոլոգիայի դոկտոր, նաև Դինի տաճարի ռեկտոր է եղել, իսկ 1617 թվականին Էքս-ան-Պրովանսի համալսարանում աշխատել է փիլիսոփայության պրոֆեսոր և ղեկավարել է փիլիսոփայության բաժինը[10][11]։
Ընդդեմ արիստոտելականների
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում փիլիսոփայություն դասավանդելու ընթացքում ոչ միայն ներկայացնրել է Արիստոտելի ուսմունքը, այլև հերքել է այն։ Ուսումնական ծրագիրն այնպես էր կազմում, որ սկզբում ներկայացնում էր Արիստոտելի տեսությունը, հետո ցույց էր տալիս նրա սխալականությունը։ Կոպեռնիկոսի հայտնագործությունը և Ջորդանո Բրունոյի, ինչպես նաև Պիեռ Ռամեի (ֆր.՝ Pierre de la Ramée), Լուիս Վիվեսի (իսպ.՝ Joan Lluís Vives) գործերը վերջնականապես Գասենդիին հանգեցրեցին արիստոտելյան ֆիզիկայի և աստղագիտության քննադատությանը։ Նրա աշխատանքի պտուղը եղան 1627 թվականին Գրենոբլում հրատարակած մի շարք էսսեներ Պարադոքսալ վարժություններ ընդդեմ արիստոտելականների (անգլ.՝ «Exercitationes paradoxicae adversus Aristoteleos») վերնագրով, որտեղ նա հայտարարում է, որ չնայած իր աշխատանքը պարտավորեցնում է դասավանդել արիստոտելյան փիլիսոփայությունը, այնուամենայնիվ նրա թերությունները միշտ հետաքրքրել են[12]։
Եկեղեցական շրջանակներում թշնամիներ չվաստակելու համար նա դադարեցրեց սխոլաստների հետ բանավիճել և անավարտ թողեց աշխատությունը։ Ժամանակներն էին այդպիսին. Արիստոտելին հերքելն ու Կոպեռնիկոսին պաշտպանելը անվտանգ չէր, որպես ապացույց՝ Էտյեն Դոլեն, Ջորդանո Բրունոն և մյուսները։ Դեռ մինչև գրքի հրատարակումը նա հեռացավ համալսարանից և որոշ ժամանակ Դինի, հետո Փարիզի տաճարում քահանա էր, հետագայում ուղևորվեց Բելգիա, Հոլանդիա։ Այդ ուղևորության ժամանակ ծանոթանում է Հոբսի հետ և 1631 թվականին հրատարակում է ռոզենկրեյցեր Ռոբերտ Ֆլուդի միստիկական ուսմունքի վերլուծությունը («Epistolica dissertatio in qua praecipua principia philosophiae R. Fluddi deteguntur»)[13]։ Հետագայում նա գրեց Դեկարտյան դատողությունների քննադատական վերլուծությունը («Disquisitio ad versus Cartesium»), որը ակտիվ բանավեճի առարկա դարձավ երկու փիլիսոփաների միջև և լայն ճանաչման արժանացավ[14]։
Աստղագիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասենդին ուսումնասիրում էր տեսական աստղագիտություն և խիստ վրդովվում էր, երբ իրեն աստղագուշակ էին անվանում[15]։ Գասենդին կատարել է բազմաթիվ կարևոր դիտարկումներ և հայտնագործություններ աստղագիտության բնագավառում (արեգակնային սկավառակի վրայով Մերկուրիի անցման դիտարկումը, արևի խավարումները, Յուպիտերի հինգ արբանյակների հայտնագործությունը՝ բացի ավելի վաղ հայտնագործված չորս արբանյակներից և այլն)։ 1632 թվականին Գասենդին հրատարակեց աշխատություն՝ ժամանակին Կեպլերի կողմից կանխագուշակված Մերկուրի մոլորակի անցման մասին։ 1641 թվականին փորձեց փորձարարական ճանապարհով ապացուցել Գալիլեյի մարմինների անկման տեսությունը։ Աստղագիտության և մեխանիկայի վերաբերյալ մի քանի աշխատություններ է գրել, որոնցից մեկն էլ («De proportione qua gravia decidentia accelerantur», 1646) նվիրված է ծանրության ուժի ազդեցությամբ մարմինների անկմանը։
Հետևելով Կոպեռնիկոսի տեսակետին, ես գտնում եմ, որ արեգակը գտնվում է տիեզերքի կենտրոնում, պտտվում է իր առանցքի շուրջը մոտավորապես 28 օր տևողությամբ[15]։ - Գասենդի, նամակ Պեյրեսին, 1632 թ. փետրվարի 26
|
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հասարակական-քաղաքական հայացքներով Գասենդին անսահմանափակ միապետության կողմնակից է, որ արտահայտում էր քաղաքական բուրժուազիայի փոխզիջումը բացարձակ միապետության հետ։ Բացարձակ միապետը նրա կարծիքով «պետության խելամիտ տիրակալ է»։
Էպիկուրի հայացքների ջատագով
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխոլաստների հետ բանավեճը դադարեցնելուց հետո նա անդրադարձավ Էպիկուրին։ 1626 թվականին միտք հղացավ Էպիկուրի ուսմունքի, նրա բարոյական արժեքների և կյանքի մասին աշխատություն գրել։ Նա համոզված էր, որ անտիկ փիլիսոփայի ուսմունքը հնարավոր է համապատասխանեցնել իր ժամանակների թեոլոգիային։ Այդ հետազոտությունները նրան հանգեցրին եզրակացության, որ լիովին տարբեր հայացքներով փիլիսոփաների տեսակետները հաճախ տարբերվում են միայն ձևով։ Էպիկուրի աշխատություններն ուսումնասիրելու շնորհիվ վերջնականապես ձևավորվեց Գասենդիի աշխարհայացքը, որը նա շարադրել է Փիլիսոփայության ամփոփում («Syntagma philosophicum») աշխատությունում։ Այն լույս տեսավ միայն նրա մահվանից հետո (1658 թ.)։ Էպիկուրի փիլիսոփայությունը նա անվանում էր «Էպիկուրի իմ փիլիսոփայություն»[16]։ Գասենդին իր կյանքի վերջին տարիներին Էպիկուրի մասին երկու աշխատություն հրատարակեց, որոնք փոխեցին Էպիկուրի տեսության մասին տարածված տեսակետը։ Դրանք էին՝
- 1647 թվականին՝ Էպիկուրի կյանքի և բարոյական հայացքների մասին («De vita, moribus et doctrina Epicuri libri octo»)
- 1649 թվականին՝ Էպիկուրի փիլիսոփայության ամփոփում («Syntagma philosophiae Epicuri»)։
Գասենդիի կողմից Էպիկուրյան ատոմիզմի տարածումը նրա ուսմունքը դարձրել է կենդանի և իմաստալից տրամաբանության պատմության համար։ Հենց սրանում է կայանում նրա ստեղծագործության առաջադիմական նշանակությունը։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասենդին գրել է Կոպեռնիկոսի և Տիխո Բռագեի կենսագրականները, Դին քաղաքի եկեղեցու պատմությունը։ 1645 թվականին աշխատանքի է անցել Ռոյալ դե Ֆրանս քոլեջում որպես մաթեմատիկայի և աստղագիտության պրոֆեսոր։ Այդ նույն թվականին նշանակվել է Թագավորական քոլեջի՝ Փարիզի Ռուայալ քոլեջի պրոֆեսոր։ Պաշտոնավարությանը անցնելու կապակցությամբ դասախոսության ժամանակ («Institutio astronomica», 1647) Գասենդին, ոչ բացահայտ, բայց արտահայտել է իր դրական վերաբերմունքը Գալիլեյի ուսմունքի վերաբերյալ[15]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1648 թվականին Գասենդին պալարախտով (տուբերկուլյոզ) հիվանդ մեկնում է Պրովանս։ Երկու տարի Տուլոնում մնալուց հետո, որտեղ միջերկրածովային կլիման բարենպաստ էր նրա առողջության համար, 1653 թվականին վերադառնում է Փարիզ և շարունակում է իր ընդհատված գրական գործունեությունը՝ գրելով Կոպեռնիկոսի և Տիխո Բրահեի կենսագրությունները։ Նրա առողջությունը վերջնականապես վատթարանում է։ Գասենդին մահացել է Փարիզում 1655 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1852 թվականին Դինում կանգնեցվել է նրա բրոնզե արձանը։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասենդին 17-րդ դարի սակավաթիվ գիտնականներից մեկն էր, որը հետաքրքրվում էր գիտության պատմությամբ։ Նա իր ժամանակի կրթված հասարակության մեջ լայն ճանաչում էր վայելում։ Բանավիճելու հատուկ տաղանդով էր օժտված, կարողանում էր արժանի հակահարված տալ՝ հստակ և ճշգրիտ ներկայացնելով հակառակորդի տեսությունը, նուրբ և հիմնավոր մեկնաբանություններ տալ։ Նա իր էությամբ համեստ մարդ էր, չէր սիրում աղմուկ հանել իր անվան շուրջ, խուսափում էր ամեն մի դոգմատիզմից։ Իր աշխատությունները գրել է լատիներենով, ոչ թե ֆրանսերենով։ Շատ ուսումնասիրողներ դրանով են բացատրում, որ նրա գաղափարները շրջանառվել են, բայց անունը՝ ոչ[15]։
«Փիլիսոփայության ամփոփում» աշխատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Գասենդիի աշխատությունների ամբողջական ժողովածուն լույս է տեսել նրա մահից հետո՝ 1658 թվականին Լիոնում։ Առաջին երկու հատորն իր մեջ ամփոփում է «Syntagma philosophicum»-ը՝ Գասենդիի փիլիսոփայական համակարգը[17]։ Այդ աշխատությունը նրա պատմական հետազոտությունների արդյունքն է։ Ճշմարտության հարցում դոգմատիկների և սկեպտիկների միջև միջանկյալ դիրք է գրավել։ Ըստ Գասենդիի գիտակցության միջոցով մարդը կարող է իմանալ իրերի ոչ միայն տեսանելին, այլ նաև՝ էությունը և այնուամենայնիվ, գոյություն ունեն մարդու մտքին անհասանելի գաղտնիքներ։
Իր «Փիլիսոփայության ամփոփում» (1658 թ.) հիմնական աշխատության մեջ Գասենդին փիլիսոփայությունը բաժանում է երեք մասի՝ նուրբ և հիմնավոր
- Տրամաբանության
- Ֆիզիկայի (ընդհանուր բնագիտական, տիեզերագիտական, ֆիզիոլոգիական և հոգեբանական տեսանկյունից)
- էթիկայի կամ բարոյագիտության)
Ֆիզիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասենդիի ֆիզիկայի ուսումնասիրման առարկան իրերի իրական նշանակությունն ուսումնասիրելն է։ Այն մոտ է դինամիկ ատոմիզմին։ Բնության բոլոր երևույթները տեղի են ունենում ժամանակի և տարածության մեջ։ Դա «այսպես ասած իրերի» էությունն է, որը բնորոշվում է դրական ատրիբուտների բացակայությամբ։ Այս բաժնում հիմնավորելով ատոմիստական տեսությունը, Գասենդին ապացուցում է տարածության ու ժամանակի օբյեկտիվությունը, անստեղծելիությունն ու անոչնչանալիությունը։ Ե՛վ տարածությունը, և՛ ժամանակը կարող են չափվել մարմինների հետ կապի մեջ։ Առաջինը չափվում է մարմնի ծավալով, երկրորդը՝ մարմնի շարժմամբ։ Ֆիզիկայի բաժնում նկարագրված է Աստծո կողմից ստեղծված ատոմներից և դատարկությունից կազմված աշխարհի էությունը։ Աստծո գոյության ապացույց է ծառայում աշխարհի ներդաշնակությունը։
Մատերիան, ըստ Գասենդիի, բաղկացած է բազում բացարձակ անբաժանելի (կոմպակտ) մանրագույն էլաստիկ մասնիկներից՝ ատոմներից, որոնք իրարից բաժանված են դատարկ տարածությամբ, բայց իրենցից դատարկություն չեն ներկայացնում. այդ իսկ պատճառով ֆիզիկապես բաժանելի չեն, բայց չափելի են։ Ատոմների թիվը և ձևը վերջավոր է և հաստատուն (այդ պատճառով մատերիայի քանակը հաստատուն է), բայց ձևերի թիվը փոքր է ատոմների թվից։ Գասենդին չի ընդունում, որ ատոմներն ունեն երկրորդային հատկանիշներ, ինչպես օրինակ, հոտը, համը և այլն։ Ատոմների տարբերությունը (բացի ձևից) կայանում է նրանց կարևոր հատկանիշների տարբերությամբ՝ կշիռ և ի ծնե շարժման ձգտում։ Խմբավորվելով նրանք ձևավորում են տիեզերքի բոլոր մարմինները և հետևաբար հանդիսանում են ոչ միայն մարմինների որակական հատկանիշների, այլև նրանց շարժման պատճառ։ Նրանցով են պայմանավորված բնության բոլոր ուժերը։ Քանի որ ատոմները ոչ ծնվում են, ոչ էլ անհետանում, ապա կենդանի բնության քանակությունը անփոփոխ է մնում։ Դադարի վիճակում մարմնի ուժը չի անհետանում, այլ միայն մնում է կապված, իսկ երբ սկսում է շարժվել, ուժը ոչ թե ծնվում է, այլ ազատվում կապանքներից։ Ազդեցություն տարածության վրա գոյություն չունի և եթե մի մարմինը ձգում է մեկ այլ մարմնին, չդիպչելով նրան, ապա դա բացատրվում է այսպես. առաջինից մղվում են ատոմների հոսք, որոնք դիպչում են երկրորդի ատոմներին։ Դա վերաբերվում է և՛ շնչավոր, և՛ անշունչ մարմիններին[18]։
Տրամաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ինդուկտիվ հետազոտության մեթոդ է։ Սակայն տրամաբանության մեջ Գասենդին ձգտում է հավասարակշռություն հաստատել փորձի և գիտակցության միջև։ Տրամաբանության մեջ դնում է ճանաչողության հավաստիության հիմնախնդիրը և քննադատում է սկեպտիցիզմն ու դոգմատիզմը։ Այն արվեստ է, թե ինչպես ճիշտ ներկայացնել՝ (իդեա կամ գաղափար), ճիշտ դատել (առաջարկ), ճիշտ մտահանգումներ անել (սիլոգիզմ) և հետևությունները ճիշտ բաշխել (մեթոդ)։
Բոլոր առարկաներն ունեն զգայող և գոնե ինչ-որ չափով տրամաբանող հոգի։ Ատոմները հավերժ են, քանի որ հավերժ է տիեզերքը։ Բայց նրանք, ինչպես և տիեզերքը ստեղծվել են Աստծո կողմից և նրա կամքով են խմբավորվել մարմնի մեջ։ Ինչպես տառերի պատահական խմբավորումից պոեմ չի առաջանա, այնպես էլ աշխարհի արարման ժամանակ ատոմների պատահական խմբավորմամբ չէին կարող մարմիններ ստեղծվել առանց Աստծո միջամտության։ Այս երկու դրույթներով էլ պայմանավորված է Գասենդիի և մատերիալիստների/նյութապաշտների տարբերությունը։ Գասենդին հերքում է կամայական ինքնածնությունը, նույնիսկ հանքային թագավորությունում։ Յուրաքանչյուր մարմին (չծնված իրեն նմանից) իր ծագմամբ պարտական է աշխարհի ստեղծումից նախագոյացած սերմին, այն սերմին, որում ամփոփված է եղել նրա պոտենցիալը, իսկ շրջապատող պայմանները նպաստել են նրա աշխարհ գալուն։
Մարմինը, զգայող հոգին և ողջամիտ հոգին կազմում են ամբողջություն ոչ թե ֆիզիկական ամբողջության հետևանքով, այլ որովհետև նրանք նախատեսված են փոխլրացման համար։ Զգայող հոգին, որի տիրույթն ամբողջ մարմինն է, այլ մարմինների կերպարները ընկալում և ճանաչում է (զգայարանների օգնությամբ) նրանց «հիշողության», «համեմատության կամ դատողականության» և «հետևությունների կամ դատողության» միջոցով։ Այս վերջին երեք գործողությունները Գասենդին համարում է երևակայության ֆունկցիաներ։
Խելամիտ/գիտակից հոգին կամ բանականությունը հատուկ է միայն մարդուն, ի տարբերություն զգայող հոգու, գտնվում է միայն ուղեղում։ Բանականության միջոցով մարդը ճանաչում է իրեր��, որոնք հասանելի չեն զգայական ընկալմանը և երևակայությանը, ինչպես Աստծո մասին հասկացումը, ինքնագիտակցությունը և այլն։ Բանական հոգին նյութական չէ և հետևաբար հավերժ է։ Դրանով նա տարբերվում է զգայող հոգուց, բայց միայն վերջինիս առկայության դեպքում կարող է արտահայտվել խելամիտ հոգին։ Սրանով էլ կապված է զգայող հոգուն։
Ի ծնե գաղափարներ չկան։ Ի ծնե թվացող գաղափարները (օրինակ, պատճառականության գաղափարը) միայն երևույթների կրկնությունից հետևություն է։ Բնազդը արդյունք է ժառանգականության սովորության։ Միակ բանը ինքդ քո նկատմամբ սերն է, որ ի ծնե տրված է։ Դրանից է առաջանում հաճելի բանի նկատմամբ ձգտումը և տհաճություններից խուսափելու ձգտումը կամ ցանկությունը (appetitus): Ցանկությունը առանց երևակայության և գիտակցության հետ համագործակցության չի առաջանում։ Եթե ցանկությունը միայն երևակայության արդյունք է, ապա այն ոչ բանական է, կամ կիրք է։ Գիտակցությունից բխող ցանկությունը կամքն է, որը միշտ ուղեկցվում է գործողությամբ։ Մեր գործողությունները ազատ են, բայց նրանց ազատությունը պետք է փնտրել ոչ թե կամքի մեջ, այլ գիտակցության։ Մեզ հատուկ է ուղղորդված բանական վարքը։ Ուղղորդվածությունը մեզ տալիս է գիտակցությունը։ Գիտակցությունը հակում ունի ճշմարտասիրության, բայց այն գտնելու համար գիտակցությունը պետք է կենտրոնացնի իր ուշադրությունը, տեղի չտալով ցանկությանը։ Ահա սրանում է ամփոփված ազատությունը։ Ինչպես համաձայնացնել այս ազատությունը աստվածային նախախնամության հետ։ Սա անլուծելի (Աստվածային) գաղտնիք է մեզ համար։
Էթիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց միշտ հետաքրքրել է երկու հարց.
- ինչ նպատակ ունի մեր կյանքը
- ինչպես հասնել այդ նպատակին։
Գասենդիի էթիկան նվիրված է այս հարցերին, որում նա Էպիկուրի հետևորդն է։ Էթիկան գիտություն է երջանիկ լինելու և առաքինի վարվեցողության մասին։ Կյանքի միակ նպատակը երջանկությունն է։ Իրական երջանկությունը ամփոփված է առողջ մարմնում և խաղաղ հոգում, իսկ խաղաղություն, անվրդովություն տալիս է միայն առաքինությունը, քանի որ այն չի ուղեկցվում ո՛չ զղջմամբ, ոչ էլ ափսոսանքով։ Այստեղ Գասենդին հանդես է գալիս ընդդեմ եկեղեցական ասկետական բարոյականության և, հետևելով Էպիկուրին պնդում է, որ ամեն մի հաճույք բարիք է ինքնին, իսկ ամեն մի առաքինություն բարիք է այնքանով, որքանով առաջ է բերում «անվրդովություն»։ Անվրդովությունը գերագույն հաճույք է, քանի որ այն ամեն շարժման նպատակն է։ Իրոք, մարդը հաճույքի հասնում է շարժմամբ, որովհետև բնությունը ներդրել է նրա մեջ այդ ձգտումը ինքնապաշտպանության և տեսակի շարունակության նպատակով։ Բայց այն հանգստից (դադարից) վեր դասելով, մարդը մոռանում է, որ շարժումը միայն մ��ջոց է հանգստին (դադարին) հասնելու համար։
Իր ուսումնասիրությունը Գասենդին ավարտում է Աստծո, Նրա հատկությունների և Նրա հեռատեսության գոյությունը ապացուցելով։ Աստծո գաղափարը ի ծնե գաղափար չէ, բայց միևնույն ժամանակ հատուկ է բոլոր մարդկանց։ Գասենդին դա բացատրում է տիեզերքի միասնության և ներդաշնակության մասին զգայարանների առաջին իսկ մատնացույցի դեպքում Աստծո գոյությունը թույլատրելու գիտակցության նախահակմամբ։ Այդ իսկ պատճառով գիտակցությունը Աստծուն ճանաչում է որպես տիեզերքի ամենակատարելագույն էակ, ստեղծող և ղեկավար։
Աստված գլխավոր պատճառն է, մյուս երկրորդային պատճառները հետևանք են շարժման, որը ներքուստ հատուկ է ատոմներին։ Կենդանիների հոգին կազմված է ամենաշարժուն ատոմներից, որոնք զգալու ընդունակություն և «զգայուն բանականություն» ունեն[10]։ Մարդու հոգին նյութական չէ և ընդունակ է զգայական տվյալների հիման վրա վերացական գաղափարներ ընկալել։ Մարդիկ ձգտում են երջանկության (հոգևոր հանգստի և մարմնական տառապանքի բացակայության), որը կարող է ձեռք բերվել (այս աշխարհում ոչ լիարժեք չափով) առաքինի ապրելակերպի և Աստծո նկատմամբ սիրո շնորհիվ։
Գասենդին հարգանքով էր վերաբերվում ուղղափառ եկեղեցու վարդապետությանը, սակայն աշխարհի մասին նրա պատկերացումները նկատի է առնվել 18-րդ դարի դեիզմի կողմից։ Նա եղել է Դեկարտի հիմնական մրցակիցը՝ որպես «նոր փիլիսոփայության» ներկայացուցիչ, ազդեցություն է ունեցել Ռ. Բոյլի և Դ. Լոկի հայացքների վրա։ Նրան բարձր էր գնահատել Իսահակ Նյուտոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերին Ալպերի Պրովանս
- Բարոյագիտություն
- Տիտուս Լուկրեցիուս Կարուս
- Ատոմային ֆիզիկա
- Սենսուալիզմ
- Մոլեկուլ
- Ատոմիստական տեսություն
- Էպիկուրոս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Popkin R. H. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гассенди Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ «Պիեռ Գասենդի» հոդվածով էջը ՀՍՀ-ում
- ↑ Կարլ Մարքս ПРЕДИСЛОВИЕ К ДИССЕРТАЦИИ: Различие между натурфилософией Демокрита и натурфилософией Эпикура"
- ↑ Hockey, Thomas (2009). The Biographical Encyclopedia of Astronomers.
- ↑ 10,0 10,1 ГАССЕНДИ, ПЬЕР Энциклопедия Кругосвет
- ↑ GASSENDI (GASSEND), PIERRE (b. Champtercier, France, 22 January 1592; d. Paris, France, 24 October 1655), philosophy, astronomy, scholarship.
- ↑ Pierre Gassendi Exercitationes paradoxicae adversus Aristoteleos[1]
- ↑ Epistolica dissertatio in qua praecipua principia philosophiae R. Fluddi deteguntur Die Philosophie des 17. Jahrhunderts: England (2 v.)
- ↑ Disquisitio ad versus Cartesium Oxford University Press. Amazon.com
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Пьер Гассенди возобновитель эпикуреизма
- ↑ "Пьер Гассенди", стр. 39
- ↑ Fisher, Saul (2009).Pierre Gassendi. Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Փիլիսոփայական բառարան, 1975 թ. Ե., էջ 50
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия Кругосвет [2]
- Փիլիսոփայական բառարան, 1975 թ. Ե., էջ 50
- Pierre Gassendi Stanford Encyclopedia of Philosophy. First published Tue May 31, 2005; substantive revision Mon Nov 18, 2013
- Жорж Коньо Пьер Гассенди - возобновитель эпикуреизма
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Գասենդի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։ |
- Հունվարի 22 ծնունդներ
- 1592 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 1655 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 17-րդ դարի փիլիսոփաներ
- 17-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Ատոմիստներ
- Հռոմի կաթոլիկ հոգևորականներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի աստղագետներ
- Ֆրանսիացի աստվածաբաններ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ