Jump to content

Հռետորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարտասանությունը կամ հռետորությունը (հունարեն՝ ῥητορική (τέχνη), rhētorikḗ (téchnē)) գիտություն է իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին։ Ըստ հայազգի նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի ճարտասանությունը համոզելու արվեստն է[1]։

Ծագել է Հին Հունաստանում՝ մ.թ.ա. V դարում, համակարգի վերածվել III- II դարերում։ Ճարտասանության առաջին ուսուցիչներ են համարվել ավագ սերնդի սոփեստները, Պրոտոգորասը, Գորգիասը, Անտիփոնը և ուրիշներ, որոնք ըստ էության սովորեցնում էին «խոսել, մտածել ու գործել»[1]։ Հին Հունաստանում դատական համակարգի հետ զուգահեռ զարգացավ նաև ճարտասանական խոսքարվեստը, քանի որ դատարանում մարդիկ հենց իրենք շարադրում էին իրենց մեղադրանքը անձամբ ու իրենք էլ հենց պաշտապանվում էին մեղադրանքներից (դատախազ ու դատապաշտպան, սովորական իմաստով գոյություն չունեին)։ Այստեղ առաջ եկավ մարդկանց մի խումբ որը զբաղվում էր հենց դատական նիստերի համար ճառեր գրելով, որոնք աչքի էին ընկնում իրենց հուզականությամբ, զգացմունքայնությամբ տպավորիչ արտասանությամբ և առհասարակ համոզելու մեծ ներուժով։ Ժամանակի գրեթե բոլոր մեծ ճարտասանները այսպես են սկսել իրենց ուղին այդ թվում նաև՝ Դեմոսթենեսը և Լիսիասը, մեզ է հասել Դեմոսթենեսի ճառերի բավականին ուսանելի հավաքածու[1]։ Հին Հռոմում ճարտասանությունը զարգացել, համակարգվել ու նաև լայն կիրառում է ստացել քաղաքական ասպարեզում մ.թ.ա. I դարում։ Ճարտասանության առաջին տեսաբանը Արիստոտելն է («Ճարտասանություն» (մ.թ.ա. 335 թ))։ Կիկերոնի անվան հետ է կապված մի ամբողջ գրական շրջան՝ մ.թ.ա. I դարում։ Կիկերոնի ժառանգությունը մեծ է՝ հիսունից ավելի ճառեր, քսան ծավալուն աշխատություն ինչպես նաև հարուստ նյութ պարունակող նամականի[1]։ Հատկապես կարևոր է ճարտասանության մասին նրա եռագրությունը՝ «Ճարտասանը», «Ճարտասանի մասին» և «Բրուտոս կամ նշանավոր ճարտասանների մասին»։

Հին աշխարհի նշանավոր ճարտասաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոսթենեսից առաջ հայտնի են եղել Արիստիդեսը (մ.թ.ա. 540-468), Էֆիալտեսը (մ.թ.ա. V դար), Պերիկլեսը, Պրոտագորասը, Գորգիասը, Թերամոնեսը, ավագ սերնդի սոփեստները՝ Սոկրատեսը և Պլատոնը որին ունկնդրել է ինքը Դեմոսթենեսը։ Արդեն Դեմոսթենեսի ժամանակակիցներ են հույն նշանավոր ճարտասաններ Հիպերիդեսը (մ.թ.ա. 390-322), Թեոպոմպոսը (մ.թ.ա. 377-320) և Էսքինեսը (մ.թ.ա. 389-314), ավելի ուշ Դեմետրիոս Փալերացին (մ.թ.ա. 354-283), Դիոնիսիոս Հալիկառնասցին (մ.թ.ա. 1-ին դարի երկրորդ կես), Հերմագորասը (մ.թ.ա. 1-ին դարի երկրորդ կես) ու նաև Միլոն Հռոդոսցին ու Անտիոքոս Ասկալոնացին, որոնց աշակերտել է Կիկերոնը։ Մարկոս Պորցիոս Կատոնը (մ.թ.ա. 234-149) համարվում է լատինական ճարտասանության հիմնադիրներից մեկը, հայտնի է Պունիկյան 3-րդ պատերազմի նախօրեին իր արտասանած կրակոտ ճառերով, որոնք ավարտում էր Կարթագենը կործանելու պահանջով՝ «Կարթագենը պիտի կործանվի» (լատին․՝  Carthaginem esse delendum)։ Իր ընդունակություններով փայլում էր նաև նրա թոռնորդին ժողովրդական տրիբուն Կատոն Կրտսերը (մ.թ.ա. 95-46) Կիկերոնի քաղաքական համախոհը[1]։ Կիկերոնի «Բրուտոս կամ նշանավոր ճարտասանների մասին» գրքում հիշատակվում է մոտ հին աշխարհի մոտ 150 ակնառու ճարտասանների մասին, համաձայն Կիկերոնի Մարկոս Անտոնիոսը (մ.թ.ա.143-87) այնպես խնամքով էր պատրաստում իր ելույթները, որ հնարավոր չէր կասկածել թե նա նախօրոք է պատրաստել իր խոսքը։ Հռոմեացի պատմաբան Սվետոնիոսը իր «Տասներկու կեսարների կյանքը» գրքում գրում է Օգոստոս Օկտավիանոսի 12 տարեկան հասակում արտասանած դամբանական ճառի մասին, ինչպես նաև նշում որ հետագայում էլ նա ջանասիրաբար զբաղվել է ճարտասանությամբ։ Այս գրքում հիշատակվում է նաև Կալիգուլան որպես ճարտասան, որի մասին հաստատում է մեկ այլ հռոմեացի պատմաբան, նաև իր ժամանակի տաղանդավոր ճարտասան Տակիտոսը. «անգամ խելքի մթագնումը չէր թուլացրել Կալիգուլայի պերճախոսության ուժը»[1]։ Նշանավոր ճարտասան ու ճարտասանության տեսաբան էր Մարկոս Քվինտիլիանոսը (մ.թ.35-96) «Ճարտասանական կրթության մասին» նրա աշխատությունը մինչև օրս էլ պիտանի է սկսնակների համար։ Հռետորությունը Հայաստան մուտք է գործել մ.թ.ա. I դարում (Տիգրան Մեծ, Արտավազդ Բ, Տրդատ Գ), նշանակալից է եղել V դարը։ Հռետորական արվեստի տեսությունը Հայաստանում սկզբնավորվել է թարգմանություններով, Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի գլխավորած թարգմանչաց շարժումը նպաստում է դրան։ Չնայած այն բանին որ ճարտասանական տեսաբանությունը Հայաստան է մուտք գործել գերազանցապես թարգմանությունների շնորհիվ, մեր երևելի պատմաբաններ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, գիտնականներ ու նաև ճարտասաններ Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Ղազար Փարպեցին, Դավիթ Անհաղթը և այլք ստեղծում են հայեցի մտածելակերպ, հայկական ոճ, հայերեն եզրաբանություն։ Կորյունի վկայությամբ՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հիմնական խնդիրներից էր սերունդներին «պարզախոս, հռետորաբան, կրթված» դարձնելը ու նույն նպատակով հենց ուսուցչապետ Մաշտոցը կազմում է «դյուրապատում,շնորհագիր,բազմադիմի» ճառերի ժողովածու[1]։ Նշանավոր թարգմանություններից են «Գիրք պիտոյից» ձեռնարկը, Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեան», Դիոնիսոս Թրակացու «Արուեստ քերականութեան» և շատ ուրիշ գրքեր։ Ուշագրավ է Հովհան Մայրավանեցու (VI դարի վերջ-VII դարի 1-ին կես) «Խրատ վարուց» ճառերի ժողովածուն։ Հռետորական ոճն զգացվում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մեջ։ Գլաձորի և Տաթևի համալսարաններում դասավանդվել է ճարտասանություն (Եսայի Նչեցի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի)։ Հայալեզու հռետորական գրականության զարգացմանը նպաստել են նաև Մխիթարյան միաբանները՝ թարգմանելով Կիկերոնի ճառերը։

Նոր ժամանակի ճարտասաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակի երևելի ճարտասաններ ի հայտ եկան հատկապես 16-րդ դարից սկսված բուրժուական հեղափոխությունների ժամանակ, այս նոր ճարտասանները ելույթ էին ունենում ոչ թե եկեղեցում կամ արքունիքում այլ ժողովրդի առաջ։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1789-94 թթ տվեց այնպիսի անուններ ինչպիսիք են՝ Ժան Պոլ Մարատ, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեր, Ժորժ Ժակ Դանտոն, Օնորե Միրաբո, Լուի Սեն-Ժյուստ և այլք։ Գերմանիայի քաղաքական պատմությունն անբաժան է Մարտին Լյութերի ու Թոմաս Մյունցերի հրապարախոսական գործունեությունից, նրանց ճառերի ազդեցությունից։ Լատինամերիկյան ժողովուրդների ազատության պայքարում իր ուրույն տեղն ունեն Սիմոն Բոլիվարի ելույթները։ Դատական ճարտասանությունը վերելք ապրեց 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում, այդ շրջանի ռուս նշանավոր ճարտասաններից են Անատոլի Կոնին, Պյոտր Պորոխովշչիկովը, Ֆյոդոր Պլեվակոն, Վլադիմիր Սպասովիչը և այլք, որոնց պատրաստած ճառերն ու աշխատությունները բավականին արժեքավոր են։ XIX դարի ճարտասանության հայ նշանավոր տեսաբաններից են Միքայել Սալլանթյանը, Էդուարդ Հյուրմյուզյանը, Սամվել Գանթարյանը, Եղիազար Մուրատյանը, Մանվել Գաբրիելյանը, Մադաթյա Գարագաշյանը և այլք։

Դասական ճարտասանության բաժինները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կիկերոնի սահմանման Ճարտասանական խոսքը մենախոսության տեսակ է ուղղված բազմամարդ լսարանին որևէ բան հաղորդելու, որևէ բանում համոզելու, նաև հաճույք պատճառելու նպատակով։ Ավելի հակիրճ Դավիթ Անհաղթը սահմանել է, թե. Ճարտասանությունը համոզեու արվեստն է։ Թե Կիկերոնի և թե Դավիթ Անհաղթի մեկնաբանմամբ ճարտասանի առջև դրված են որոշակի խնդիրներ, այդ խնդիրները բարեհաջող կատարման համար ճարտասանական խոսքը պետք է լինի առավելագույնս կազմակերպված, կարգավորված ու հղկված։ Ճարտասանական խոսքի կարգավորման ու առհասարակ ճարտասանության հիմնախնդիրներով է զբաղվում դասական ճարտասանություն՝ իր հինգ բաժիններով։ Առաջին բաժինը խոսքի բովանդակությունն է՝ գյուտը (լատին․՝  invento)։ Հայ ճարտասանական գրականության մեջ կոչվել է նաև գաղափար, ստեղծումն և այլն։ Երկրորդ բաժինն է խոսքի դասավորությունը (լատին․՝  dispositio)։ Երրորդ բաժինը բառային կազմի ընտրությունն է, կոչվում է ճոխաբանություն (լատին․՝  elocutio)։ Չորրորդը հիշողությունն (լատին․՝  memoria) է, իսկ վերջինը արտասանությունն (լատին․՝  dicto) է։

Ճարտասանական խոսքի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտասանի խոսքը ծավալման հաջորդականությունը հետևյալն է՝ առաջաբան, առաջարկություն, պատմություն, ցուցում կամ փաստարկ, հորդոր և վերջաբան։ Համոզիչ ու ազդեցիկ լինելու համար ճարտասանական խոսքի մեջ առանձնահատուկ դիրք է գրավում վերջաբանը։ Ճարտասանական խոսքին ներկայացվող պահանջներից է Մարկոս Քվինտիլիանոսի ձևակերպած կանոնը՝ հստակ, հակիրճ և հավաստի կամ մեկ այլ Արիստոտելի կողմից ով համարում է, թե ճարտասանական խոսքը պետք է լինի հստակ, այսինքն՝ դյուրըմբռնելի ու հաճելի։ Նույնն է պնդում չինացի մեծ մտածող Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479), թե. «Բառերից միայն մի բան է պահանջվում՝ լինել հասկանալի»[2]։ Հին Հունաստանում տարբերակվում էին ճարտասանական խոսքի երեք տեսակ՝ խորհրդակցական (քաղաքական ճառեր), դատարանական և երրորդը հանդիսային (մեծարման և հաղթահանդեսների ճառեր)։ Համ մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթը ճարտասանական խոսքը դասակարգելիս առաջնորդվում է նույն տրամաբանությամբ՝ դատական, հորդորական և ներբողական։ Հիմք ընդունելով նորագույն ժամանակի հայ ճարտասաններ Հյուրմյուզյանի և Գանթարյանի դասակարգումը հարկ է թվարկել ճարտասանական խոսքի երեք խումբ՝

  • բաղխոհական, խոսքի այն տեսակն է, երբ մարդիկ համատեղ որևէ հարց են քննարկում ընդհանուրի շահերից ելնելով (օրինակ՝ խորհրդարանում, քաղաքական կամ գիտական բանավ��ճ, ղեկավարը իր ենթակաների հետ և այլն)։
  • ատենական, սա այն դեպքում երբ անհատը դիմում է որևէ ատյանի իր դատողության, կարծիքի, տեսակետի վերաբերյալ վճիռ կայացնելու հայցով, և ատյանը ի վերջո ընդունում է որոշում (օր.՝ գիտական դիսերտացիաների պաշտպանություն, դատարանական ճառեր, նախընտրական ելույթներ, հաշվետու զեկույցներ և այլն)։
  • կացրդական բնույթի խոսք, որ հնչում է զանազան հանդիսությունների ժամանակ (օր՝ . ներբողական, դամբանական, շնորհավորանքի խոսքեր, քաջալերանիքի խոսքեր, քարոզ և այլն)։

Ճարտասանական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ճարտասանությունը տարբերակում է երեք ոճ՝ ատտիկական կամ պարզ (զուսպ, անպաճույճ խոսք), ասիական կամ հռոդոսյան (ճոխ, ընդարձակ, համեմատություններով ու հակադրություններով լի խոսք) և լակոնական կամ միջին (առավելագույնս հակիրճ)։ Ճարտասանական ոճի մասին Արիստոտելն ասում է, -«Ոճի արժանիքը հստակությունն է, դրա ապացույցն այն է, որ երբ խոսքը հստակ չէ՝ չի հասնում իր նպատակին»[3]։

Ճարտասանական հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ճարտասանության երրորդ բաժինը՝ ճոխաբանությունը բաղկացած է երեք ենթաբաժնից, այն է՝ բառընտրություն, բառակապակցություններ և ոճական միջոցներ (բանադարձումներ և դրաձույթներ)։ Ահա ոճական միջոցների թվին է պատկանում ճարտասանական հարցը կամ հռետորական հարցը։ Ճարտասանական հարցը խոսքի ոճական հնարք է, որը դրվում է հարցի տեսքով առանց որևէ պատասխանի ակնկալիքի։ Հարցը նախօրոք պարունակում է հնարավոր պատասխանի ուրվագիծը, հարց տվողի վերաբերմունքը տվյալ խնդրի վերաբերյալ։ Ճարտասանական հարցի միջոցով հնարավոր է հաղորդել ամենատարբեր հույզեր (տարակուսանք, դժգոհություն, վրդովմունք և այլն), արտահայտել իմաստային նրբերանգներ, ակնարկել, խաղարկել իրադրության զանազան պահերը։ Հանդիպում է համարյա ամեն տեսակի խոսքում, նաև առօրյա խոսակցական լեզվում։ Ճարտասանական հարցի օրինակ են Գևորգ Էմինի «Մենք» բանաստեղծության առաջին տողերը՝

Եվ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք,
բայց խոսենք շիտակ...

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ճարտասանություն», Երևան 2008, Հեղինակ Վ. Ա. Միրզոյան, ISBN 978-99941-78-29-2։
  2. «Կոնֆուցիոս,Զրույցներ», Երևան 1991, Երևանի Պետական համալսարանի հրատարակութուն։
  3. «Аристотель, Риторика», Москва 1978, Античные риторики,Перевод Н. Платоновой.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 596