Թեոդոր Մոմզեն
Թեոդոր Մոմզեն (գերմ.՝ Theodor Mommsen, նոյեմբերի 30, 1817[1][2][3][…], Գարդինգ, Շլեզվիգի Դքսություն, Unitary State[4][5] - նոյեմբերի 1, 1903[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6][4][5]), գերմանացի պատմաբան։ Հին Հռոմի պատմության և իրավունքի մասնագետ։ Լայպցիգի (1848 թվականից), Ցյուրիխի (1852 թվականից), Բրեսլաուի (Վրոցլավ, 1854 թվականից), Բեռլինի (1858-1903 թվականներին) համալսարանների պրոֆեսոր։
Մասնակցել է 1848-1849 թվականների հեղափոխությանը, հարել գերմանական ձախ թևին։ Ընտրվել է պրուսական անդտագի (1863-1866, 1873-1879), ապա՝ գերմանական ռայխստագի (1881-1884) դեպուտատ։
Հիմնական աշխատությունը՝ «Հռոմի պատմությունը» (հ․ 1-3,5, Բեռլին, 1854-1885), գրել է 1848-1849 թվականների հեղափոխության ազդեցությամբ։
I-III հատորներում իրադարձությունների ընթացքը շարադրել է մինչև մ․թ․ա․ 46-ը։ V հատորում (IV հատորը չի գրել) ներկայացված է հռոմեական պրովինցիաների պատմությունը մ․թ․ա․ I - մ․թ․ III դարերում։
Մոմզենը հիմնավորել և զարգացրել է «դեմոկրատական միապետության» գաղափարը՝ դրա մարմնավորումը տեսնելով Հուլիոս Կեսարի բռնապետության մեջ։ Բացառիկ դեր է հատկացրել նշանավոր գործիչներին (Ալեքսանդր Մակեդոնացի, Հաննիբալ, Գայոս Գրակքոս, Հուլիոս Կեսար և այլն)։
Մոմզենը Հռոմի արտաքին քաղաքականության կապակցությամբ բազմիցս անդրադարձել է Հայաստանի պատմությանը, հռոմեա-հայկական հարաբերություններին։ Հիմք ունենալով հունահռոմեական սկզբնաղբյուրների կանխակալ տեղեկությունները՝ հաճախ սխալ է գնահատել հայ գործիչների (Տիգրան Բ Մեծ և ուրիշներ) գործունեությունը և Հայաստանի պատմության շատ հարցեր։
Մոմզենը գրել է ավելի քան 1500 ուսումնասիրություն նվիրված Հին Հռոմի պատմության գրեթե բոլոր հարցերին, պետական իրավունք, գրականություն, լեզվաբանություն, դրամագիտություն, ժամանակագրություն, չափագիտություն։ Հրատարակել է սկզբնաղբյուրներ (մեկնաբանություններով), ղեկավարել լատիներեն արձանագրությունների ժողովածուի հրատարակումը (1863 թվականից)։
1902 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Մոմզենը ծնվել է 1817 թվականին Գերմանիայի Գարդինգ քաղաքում՝ Շլեզվիգում, լյութերական քահանա Իենս Մոմզենի (1783-1851) ընտանիքում։ Մեծացել է Բադ Օլդեսլոյում, որի ծխական համայնքում ծառայություն էր իրականացնում հայրը։
Նախնական կրթությունը ստացել է տանը, ապա չորս տարի սովորել Ալտոնայի գիմնազիայում։ Այնտեղ նա հունարեն և լատիներեն է ուսումնասիրել։ 1937 թվականին գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Կիլսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և 1843 թվականին ուսումն ավարտել հռոմեական օրենսդրության վերաբերյալ դոկտորական ատենախոսության փայլուն պաշտպանությամբ
Գիտական գործուղման իրավունք ստանալով՝ Մոմզենը 4 տարի ճանապարհորդում է Իտալիայում՝ ուսումնասիրելով և արտագրելով մ․թ․ա․ I հազարամյակին վերաբերող պատմական աղբյուրներ։ Հետազոտության արդյունքների հիման վրա նա տպագրում է հոդվածների շարք, որը նրա անունը հայտնի է դարձնում գիտական շրջանակում և հնարավորություն տալիս շարունակելու սկսած աշխատանքը։ Մի քանի ուղևորությունների արդյունքում Մոմզենը սկզբում միայնակ, ապա ընկերների և աշակերտների հետ հավաքում, մշակում և համակարգում է Հին Հռոմի պատմությանը վերաբերող ավելի քան 100 հազար փաստաթղթեր։ Դրանց հրատարակումը սկսվել է 1863 թվականին՝ զետեղվելով 20 հատորներում։
1848 թվականին վերադառնալով Կիլ՝ Մոմզենը մասնակցում է դանիական իշխանությունների դեմ ուղղված ապստամբությանը (Շլեզվիգ Հոլշտայնը այդ ժամանակ պատկանում էր Դանիային)։ Նա վիրավորվում է փողոցային բախումների ժամանակ։ Ապստամբության ճնշումից հետո Կիլում մնալը վտանգավոր է դառնում, և Մոմզենը որոշում է ընդունել Լայպցիգի համալսարանի հրավերը։ Սակայն 1851 թվականին կրկին քաղաքական ելույթներ ունենալու համար նրան զրկում են ամբիոնից և արգելում դասավանդել Սաքսոնիայում։ Երկու տարի Մոմզենը դասախոսություններ է կարդում Ցյուրիխի համալսարանում, ապա Բրեսլաուում։
1858 թվականին նա ընդմիշտ հասատվում է Բեռլինում և գլխավորում Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանի անտիկ պատմության ամբիոնը։ Երկար տարիներ եղել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի քարտուղարը և օտարերկրյա ակադեմիաների անդամ (այդ թվում՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[13])։
Գիտական գործունեությանը զուգընթաց Մոմզենը շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, ընտրվել է Պրուսիայի պատգամավորների պալատի (1863-1866 և 1873-1879 թթ․) և գերմանական ռայխստագի պատգամավոր (1881-1884 թթ․)՝ ներկայացնելով Գերմանական առաջադիմական, Նացիոնալ-լիբերալիստական և Լիբերալների միություն կուսակցությունները։ Կյանքի վերջում Մոմզենը հանդես եկավ որպես երկու՝ լիբերալիստական՝ «ազատամիտների» և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների մերձեցման համակիր։ 1902 թվականին «Nation»-ում հրապարակված՝ մաքսային հարկացուցակի շուրջ առաջացած պայքարի մասին իր հոդվածում նա ցույց է տվել սոցիալ-դեմոկրատիայի և լիբերալիզմի մշակութային խնդիրների ընդհանրությունները՝ դրանք հակադրելով պահպանողականներին և կղերականներին՝ որպես լճացման և հետադիմության համկիրների։
Իր քաղաքական հայացնքերով Մոմզենը լիբերալ նացինալիստ էր։ Նա սկզբունքորեն դեմ էր հակասեմականությանը[14], բայց, օրինակ, «հրեաների խնդիրների» լուծումը տեսնում էր նրանց՝ «գերմանական ազգին ձուլման» մեջ։ Սլավոնական ազգերին Մոմզենը բավականին թերահավատորեն էր վերաբերվում, չեխերին, օրինակ, անվանելով «բարբարոսներ»։ Այսպես, 1897 թվականին, ի պատասխան Ավստրո-Հունգարիայում չեխական հարցի սրմանը, վիեննական «Neue Freie Presse» թերթը տպագրեց չեխերի վերաբերյալ Մոմզենի շովինիստական նամակը։ Հայտնի են նաև նրա բավականին անտարբեր գնահատակնները Ռուսաստանի և XIX դարի երկրորդ կեսին ռուս-պրուսական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև քամահրական վերաբերմունքը ռուսական գիտության և կրության նկատմամբ, որոնց ձեռքբերումները նա բացատրում էր «գերմանացիների ազդեցությամբ»։
1800 թվականի հուլիսի 7-ին Մոմզենի տանը հրդեհ է բռնկվում, և այրվում է նրա գրադարանը։ Նրա «Հռոմեկան պատմություն» հիմնարար աշխատության չորրորդ հատորը զգալիորեն վնասվում է, բայց ամբողջովին չի այրվում։
Թեոդոր Մոմզենը կնոջ Մարիի հետ ունեցել է տասնվեց երեխա։ Նրանց թոռը՝ Թեոդոր Էռնստ Մոմզենը, հայտնի միջնադարի պատմաբան, պրոֆեսոր է եղել ԱՄՆ-ում, մյուս թոռը՝ Վիլհելմ Մոմզենը, նույնպես ընտրել է պատմաբանի ուղին՝ մնալով Գերմամիայում։ Վերջինի երկվորյակ տղաները՝ Հանս Մոմզենը և Վոլֆգանգ Մոմզենը, նույնպես հայտնի պատմաբաններ են եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Моммзен Теодор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/People/Theodor_Mommsen/Britannica_1911*.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1902/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Информация на сайте ИС АРАН
- ↑ «Թեոդոր Մոմզեն». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Մոմզեն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1903 մահեր
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի լրագրողներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանական կայսրության անձինք
- Անձինք նամականիշերի վրա
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Գերմանացի հնագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի իրավագետներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի ազգայնականներ