Էդվարդ Չուբարյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Էդվարդ Չուբարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1936[1] Սպիտակ, ՀԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 17, 2021 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | Հայաստան Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ֆիզիկա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, 1958 թ.-ից առ այսօր |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան, 1958 թ. |
Կոչում | պրոֆեսոր, ՀԳԱԱ անդամներ (ցանկ) և 1996 |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | ակադեմիկոս Գուրգեն Սահակյան |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Ծանոթագրություններ Հայաստան 0025, Երևան, Ալեք Մանուկյանի 1 Երևանի պետական համալսարան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, Տեսական ֆիզիկայի ամբիոն | |
Աշխատությունները Վիքիդարանում | |
Edvard Chubaryan Վիքիպահեստում |
Էդվարդ Վարդանի Չուբարյան (մայիսի 5, 1936[1], Համամլու, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2021), գիտության գործիչ, տեսաբան ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2], ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (1991-2006)։ Հայտնի է որպես երկնային գերխիտ մարմինների ֆիզիկայի հիմնադիրներից մեկի, Գրավիտացիայի տեսություն, Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսություն և այլընտրանքային տեսություններ, Սպիտակ թզուկներ և Նեյտրոնային աստղեր ոլորտների տեսաբան ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրական ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Վարդանի Չուբարյանը ծնվել է 1936 թ. Սպիտակ քաղաքում, ընտանիքի 3-րդ երեխան էր։ Ունի երեք քույր՝ Անահիտ (1928-2002), Ֆլորա (1931-2009) և Սիրվարդ (1937)։ Հայրը Վարդան Չուբարյան Ծառուկի, ծնված Ռոստովի մարզի Ղրիմ (Թոպտի) գյուղում։ Աշխատել է որպես Սևան-Հրազդան կասկադի ինժեներ։
Մայրը Սիրանույշ Չուբարյան Մովսեսի (օրիորդ Ղալումյան), ծնված Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ Կրթությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել և եղել է ընտանիքին նվիրված տնային տնտեսուհի, չորս երեխայի մայր։
Մորաքույր Արուսյակ Ղալումյանը, ծնված 1912 թ. Վրաստանի Թիֆլիս քաղաքում, 1941-1946 թ.թ. ապրել է քրոջ, Չուբարյանների ընտանիքում։ Նա էական դեր է ունեցել մանուկ Էդվարդի դաստիարակման, մարդկային կերպի ձևավորման և զարգացման գործում։
Ապրել են Իջևանում, 1939 թ. տեղափոխվել են Երևան քաղաք։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական պատերազմի տարիներին, աղքատության և սովի պայմաններում, Էդվարդի մանկական երազանքը 10 ռուբլի (~$1) փող ունենալն էր, որպեսզի կարողանա ձեռքում գեթ մի փուչիկ բռնել և կուշտ ուտել փռում բուրացող մի ամբողջական լավաշ։
Մանկությունից սկսած սիրում էր գրքեր գնել։ Հայրը, գնահատելով որդու ձգտումները, խստիվ պատվիրել էր մորը գրքերի գնումների համար մշտապես փող հայթայթել՝ թեկուզև հարևաններից պարտք վերցնելով։
Դպրոց սկսել է հաճախել երկու ամիս ուշացումով։ Սկզբում, հիվանդության պատճառով, ծնողները մտադրվել էին Էդվարդին մեկ տարի ավելի ուշ դպրոց ուղարկել։ Սակայն, քանի որ նա արդեն տառաճանաչ էր և կարդում էր սկսած հինգ տարեկանից, Արուսյակ մորաքույրը ստիպել է ծնողներին, թեկուզ և երկու ամիս ուշացումով, տղային անպայման դպրոց տանել։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածր դասարաններում սերը դեպի ընթերցանություն ներարկել է լեզվի ուսուցչուհին՝ Սոֆյա Իվանովնա Մարկարովան (նկարում), իսկ սերը դեպի մաթեմատիկան՝ 4-10 դասարաններում մաթեմատիկայի ուսուցիչ Իգնատիոս Արևշատյանը (նկարում)։
Պատանի Էդվարդի մեծ սերը դեպի ֆիզիկան սերմանել է 6-10 դասարաններում ֆիզիկայի ուսուցիչ Թորգոմ Պիվազյանը։
Ձերժինսկու անվան №20 ռուսական դպրոցն ավարտել է 1953 թ. ոսկե մեդալով։
Վերևում աջից՝ ապագա ֆիզիկոս Ստեփան Մնացականյան, ապագա հաշվիչ տեխնիկայի հայտնի մասնագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյան,
ներքևում՝ ապագա ֆիզիկոսներ ձախից Էրիկ Մամիջանյան և աջից Էդվարդ Չուբարյան
Հայտնի Չուբարյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Չուբարյան, 1888-1962, իրավաբան։ ԵՊՀ-ի հիմնադիրներից մեկը։ 1920 թ. ԵՊՀ-ում կարդացել է իրավաբանությանը նվիրված առաջին հանրային դասախոսությունը, ՀԽՍՀ առաջին սահմանադրության հեղինակներից մեկը։ Կիսանդրին տեղադրված է ԵՊՀ մուտքի ճեմասրահում։
- Պողոս Չուբարյան, 1878-1920, հոր, Վարդանի հորեղբայրն է, դաշնակ։ Եղել է Ադրբեջանի մուսավաթական կառավարության մեջլիսի պատգամավոր։ 1920 թ. ներկայացրել է Շուշվա ջարդերի զեկույցը և ենթարկվել հալածանքների։ 1920 թ. բոլշևիկները սպանել են Պողոս Չուբարյանին՝ խեղդամահ անելով Կասպից ծովում։
- Եղյա Չուբար, 1897-1938: Ստալինյան տեռորի զոհ, Խորհրդային Հայաստան թերթի և շատ այլ ՀԽՍՀ թերթերի ու ամսագրերի գլխավոր խմբագիր։
- Ղուկաս Չուբարյան, 1923-2009: ԽՍՀՄ և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ։ Մատենադարանի մուտքի մոտ տեղադրված Մեսրոպ Մաշտոցի քանդակի, Օպերայի և բալետի թատրոնի բակում տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի և շատ այլ քանդակների հեղինակ։
- Անահիտ Արտաշեսի Չուբարյան, ծնված 1946 թ., Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։
- Սիրվարդ Վարդանի Չուբարյան, ծնված 1937 թ., կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։
Կան այլ հայտնի Չուբարյաններ, որոնց մասին կարելի է տեղեկանալ Ով-Ով է և ՀՀ Հանրագիտարաններում։
Ուսանողական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊՀ 1953-1958, Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
1953 թ. Ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան։ Հանրակացարանում տեղ չտրամադրելու պատճառով, գործերը ետ է վերցրել։ Գործերն ուղարկել է Երևան, ծնողներին, որպեսզի տան կա՜մ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին, կա՜մ էլ Պոլիտեխնիկական ինստիտուտի որևէ ֆակուլտետ։ Մոր երազանքն էր, որ տղան ինժեներ դառնա, իսկ հոր երազանքն էլ այն, որ որդին ֆիզիկոս դառնա։ Ի վերջո գործերը ներկայացվել են ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժին։
Մաթեմատիկական անալիզի դասախոսություններ կարդում էր Սաղաթելյանը, որը շատ պարզ ձևով էր մատուցում և առաջին երկու կիսամյակների դասախոսությունները շատ հասկանալի և ընկալելի էին։ Սակայն նրա 3-րդ կիսամյակում նույն ոճի դասախոսություններն արդեն ձանձրալի էին։
Տպավորիչ էին մաթեմատիկայից Գոհար Համբարձումյանի հավանականությունների տեսության և բարձրագույն հանրանրահաշվի դասախոսությունները։ Հատկապես մաթեմատիկական մտածելակերպ և մակարդակ ապահովելու առումով հատկանշական էին Հրաչյա Մարտիրոսյանի կոպլեքս թվերի անալիզի դասախոսությունները։
Տեսական ֆիզիկայի դասընթացը գրավիչ, հետաքրքիր և բարձր մակարդակով էր կարդում այդ պահին դեռ ֆիզ¬մաթ գիտությունների թեկնածու, հետագայում ակադեմիկոս Գրիգոր Մարգարի Ղարիբյանը։
Առարկան մասնագիտական շատ մեծ խորությամբ էր մատուցում Գուրգեն Սերոբի Սահակյանը, սակայն հիմնական հասկացությունները ոչ մի կերպ չէր կարողանում մատչելի ներկայացնել և ասածը չէր ըմբռնվում։
Գուցե և դա էր պատճառը, որ Էդվարդ Չուբարյանն ու Բաբկեն Խաչատրյանը ժամանակակից շուտ հանձնեցին քվանտային մեխանիկայի քննությունը։ Հասկանալով, որ իր աշակերտները լիարժեք չեն յուրացրել առարկան, Գուրգեն Սահակյանն ասել է, «Տղանե՜ր, ես ձեզ գերազանց եմ նշանակում, բայց գնացե՜ք և քվանտային մեխանիկան սովորե՜ք»։
Ուսումնական գործընթացի հիմնական թերությունն այն էր, որ տեսական ֆիզիկայի խնդիրներ չէին լուծում, քիչ թվով հատուկ դասընթացներ էին անցկացվում. միջուկային ֆիզիկա՝ դասախոս Իոսիֆ Գոլդման, քվանտային էլեկտրադինամիկայի որոշ գլուխներ՝ դասախոս Գուրգեն Սահակյան, և այն։
1958 թ. համալսարանն ավարտելուց հետո հասկացվեց, որ իսկական տեսաբան ֆիզիկոս դառնալու համար անհրաժեշտ է էապես լրացնել գիտելիքները ինքնակրրթությամբ։ Հետագայում, 1958-1961 թ.թ. ասպիրանտուրայի ընթացքում, հիմնականում զբաղվել են տեսական խնդիրներ լուծելով և որոշակի ուղղվածության գիտական հոդվածներ կարդալով։
1960 թ. նոյեմբեր ամսին հայտնի դարձավ, որ հայրը ծանր հիվանդ է։ Էդվարդը ստիպված էր ընդհատել ասպիրանտուրան և ընտանիքի համար անհրաժեշտ գումար վասատակելու նպատակով աշխատել Երևանի հեռակա դպրոցներից մեկում։ Հոր մահից հետո, 1962 թ. հունվարին, ստիպված էր փոխել ատենախոսության թեման և խնդրել Գուրգեն Սահակյանին, որ հանձնարարի ատենախոսության նոր թեմա։
Գիտական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գիտական աշխատանքը, որը նաև դիպլոմային աշխատանքն էր, նվիրված էր 1950-ական թվականների վերջում խիստ արդիական β-տրոհման պրոցեսներում զույգության պահպանման հարցերին։ Համալսարանն ավարտելուց հետո Էդվարդ Չուբարյանը ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, այնուհետև 1961-1965 թթ. աշխատել է ՀԽՍՀ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ և 1975 թվականից, դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)` որպես ամբիոնի պրոֆեսոր։
Դահլիճում հնչած «Իսկ այդ ի՞ նչ է հագել Բաբկենը …» հարցին տեղից պատասխանեց անձամբ ինքը՝ պրոֆեսոր Բաբկեն Խաչատրյանը. - «Էդվարդ Չուբարյանի հիվանդանոցային շորը… Մենք նրան «բերման էինք ենթարկել» անմիջապես հիվանդանոցից հենց հիվանդի շորերով։ Եվ քանի որ նա այդ տեսքով ոչ մի կերպ չուզեց նկարվել, ստիպված նրան զիջեցի իմ վերնաշապիկը, իսկ ես նկարվեցի Էդվարդի հիվանդանոցային շորերով»։
1972 թ. դոկտորականի ընդդիմախոսներից Սերգեյ Հայկի Մատինյանի մի դիտողության հետ չի համաձայնվել և նա էլ իր վերջնական դիտողություններում այն նորից նշել էր։ Դա երևի թե էդվարդի երիտասարդական տաքարյունության և անփորձության պատճառով կոպիտ հնչած պատասխանի հետևանք էր։ Այդ առիթով Գրիգոր Ղարիբյանը, առանձնանալով խրատեց, որ «դիսերտանտը չպետք է օպոնենտին այդ չափ կոպիտ պատասխանի»։
2011 թ. Մայիսի 5-ին տեղի է ունեցել գիտաժողով նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի ծննդյան 75-ամյակին[3], որի ընթացքում նաև հանգամանալի ներկայացվեցին նրա անցած կյանքի ուղին և գիտական ձեռքբերումները[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր «Առանցքահամաչափ դաշտերը Այնշտայնի գրավիտացիայի տեսությունում» աշխատանքի համար
- Խաչատուր Աբովյանի մեդալ
- ԵՊՀ-ի ոսկե մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան մրցանակի մեդալ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թ. նշանվել է սրտաբան հետազոտող Մամյան Գայանեի հետ։ Մեկ ամսից ամուսնացել են։ 1964 թ. ծնվել է առաջնեկը, որին կոչել են Աստղիկ ի պատիվ հորաքույր Աստղիկ Չուբարյանի։ 1976 թ. ծնվեց Սիրանույշը՝ անունը ի պատիվ էդվարդ Չուբարյանի մոր։
Թոռնիկներ՝
- Աննա Գասպարյան, 5 տարեկան, ծնված 2006 թ.:
- Վարդան Անդրեասյան, ծնված 1988 թ., ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այժմ Ցյուրիխի շվեյցարական ասպիրանտուրայում է բիոինֆորմատիկա մասնագիտությամբ։
- Արամ Անդրեասյան, 1993, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող։
- Դավիթ Գասպարյան, 1998, Ամերիկայում դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ։
Ուղենիշներ և աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնշտայն, Հայզենբերգ, Զելդովիչ, Վիկտոր Համբարձումյան, Իոսիֆ Գոլդման, որն այդ ժամանակահատվածում ապրում և աշխատում էր ԵրՖԻ-ում, դասավանդում էր ԵՊՀ-ում (այժմ ԱՄՆ-ում է)։ Ընդհանուր գիտակրթական առումով գնահատում է Գուրգեն Սահակյանին՝ իր նվիրվածությամբ, Գրիգոր Ղարիբ��անին, Աֆրիկյանին, Վիլիկ Հարությունյանին, ՖԻԱՆ-ում Գինզբուրգի սեմինարները, Քեմբրիջի համալսարանում Աստղաֆիզիկայի ինստիտուտի սեմինարները։
Աշակերտներ՝
- Գոհար Հարությունյան, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, տեսական ֆիզիկայի ամբիոն։
- Արմեն Սարգսյան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ վարչապետ և բիզնեսմեն Անգլիայում։
- Հովիկ Գրիգորյան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, տեսական ֆիզիկայի ամբիոն։
- Վլադիմիր Պապոյան, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, տեսական ֆիզիկայի ամբիոն։
- Յան Հորսկիյ, Չեխիա, Բռնոյի համալսարանի պրոֆեսոր։
- Վլադիսլավ Բալեկ, Սլովակիա, Բրատիսլավայի համալսարանի պրոֆեսոր։
- Հարալդ Պաուլ, Գերմանիա, Պոտսդամի աստղաֆիզիկայի ինստիտուտ։
և շատ այլ աշակերտներ։
Գիտակրթական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Չուբարյանի գիտական գործունեությունը նվիրված է այլասերված նյութի ջերմադինամիկայի և գերխիտ աստղերի կոնֆիգուրացիաների տեսությանը, որի հիմքը 1960-ականների սկզբում դրել էին ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը և Գուրգեն Սահակյանը։ Նշված բնագավառում կատարած աշխատանքների համար Էդվարդ Չուբարյանը և Դավիթ Սեդրակյանը 1970 թ. արժանանում են Լենինյան Կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչման։
Հետագա տարիներին Էդվարդ Չուբարյանը և Տեսական ֆիզիկայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ համատեղ իրականացնում են աշխատանքների մի ամբողջական շարք՝ նվիրված բաբախող աստղերի (պուլսարների) մագնիսասֆերայի տեսությանը։
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կոսմոգոնիական սկզբունքը, որը հիմնված է ��իտողական տվյալների վրա, թույլ էր տալիս եզրակացնել, որ չափազանց ուժեղ գրավիտացիոն դաշտերի դեպքում Այնշտայնի ձգողականության տեսությունը վերանայման կարիք ունի։ Այդ հանգամանքը խթան հանդիսացավ, որ տեսական ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները գրավիտացիայի տեսության նոր տարբերակներ մշակեն։ Այդ առնչությամբ հատուկ ուշադրության է արժանի պրոֆեսոր Չուբարյանի ջանքերը երկմետրիկական ֆորմալիզմի շրջանակներում գրավիտացիայի ռելյատիվիստիկ տեսության զարգացման ուղղությամբ։ Նա կապ է գտնում կորացած մետրիկայի ու հարթ տարածության «հենքային մետրիկայի» միջև և առաջարկում նրանց միարժեք ընտրության չափանիշը։
Պրոֆեսոր Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջանակներում մշակում է կայուն սֆերիկ-սիմետրիայով գերխիտ կոնֆիգուրացիաների մոդելներ, հաշվում է նրանց զանգվածը, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տալիս, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մի կարգով մեծ լինել, քան Այնշտայնի տեսության մեջ։
Գրավիտացիայի տեսության այդ տարբերակի շրջանակներում մշակված է պտտվող գերխիտ աստղերի տեսությունը։ Նյութի առանցքասիմետրիկ բաշխման համար երկմետրիկական տեսության հավասարումների Էդվարդ Չուբարյանի գտած վակուումային լուծումը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության լուծումների մեջ։ Էդվարդ Չուբարյանը հեղինակ է շուրջ 140 գիտական աշխատանքների, որոնք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային կոնֆերասներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում։
Էդվարդ Չուբարյանի «Քվանտային մեխանիկա» դասագրքի հեղինակներից է (գիրքը գրվել է ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի հետ), այն հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ 2009 թ. հրատարակվեց այդ գրքի լրամշակված տարբերակը։ Այս տարի հայերեն լեզվով հրատարակվեց նաև «Քվանտային մեխանիկայի խնդիրներ» ձեռնարկը։ Նա կազմել է նաև «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու ԲՈՒՀ ընդունվողների համար», որը լույս է տեսել հայերեն։
Մեծ են Էդվարդ Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Նա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդում է «Քվանտային մեխանիկա» դասընթացը, ինչպես նաև «Տեսական ֆիզիկայի հատուկ դասընթացներ»։ Գիտնականի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություն։ Սկսած 1991 թվականից մինչև 2006 թ. պրոֆեսոր Չուբարյանը, լինելով Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտոր, մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, ակտիվ մասնակցում է համալսարանական ուսուցման ռեֆորմի իրականացման գործին։
Դպրոցական կրթության ասպարեզը նույնպես աչքաթող չի արվել Էդվարդ Չուբարյանի կողմից։ Նա եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության ֆիզիկայի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ, դպրոցականների ֆիզիկայի հանրապետական, իսկ 1984 թ.՝ համամիութենական օլիմպիդաների ժյուրիի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ հանրապետական դպրոցներում, հատկապես ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցում, մեծ աշխատանք է կատարվում շնորհալի աշակերտների հայտնաբերման և բարձր մակարդակով ֆիզիկայի դասավանդման գործում։
Պետք է ընդգծել նաև այն կարևոր ավանդը, որը ներդրել է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը, օժանդակելով Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական կապերի ստեղծման և խորացման գործում։ Դուբնայում աշխատել և շարունակում են աշխատել բազմաթիվ տաղանդավոր տեսաբաններ, որոնք ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտներ են։
Բեղուն գիտամանկավարժական գործունեության հետ մեկտեղ Էդվարդ Չուբարյանն ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Նա հանդիսանում ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի պրոբլեմային խորհրդի անդամ, դ��կտորական ատենախոսությունների պաշտպանության երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (տեսական ֆիզիկայի 046 մասնագիտական խորհրդի նախագահ), ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդների անդամ[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քվանտային մեխանիկա, Ե., 1972 (համահեղինակ)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=112&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Astrophysics, Gravitation and Quantum Physics
A Volume in Honour of Academician Edvard Chubaryan, YSU, 2012 - ↑ _75th_Birthday, _6_May_2011, _HiQuality_presentation.pdf Էդվարդ Չուբարյան` Մարդ, Ուսուցիչ, Գիտնական
Կենսագրական ակնարկ, ԵՊՀ, Մայիսի 6, 1911 թ. (բարձրորակ)
_75th_Birthday, _6_May_2011, _Presentation.pdf Էդվարդ Չուբարյան` Մարդ, Ուսուցիչ, Գիտնական
Կենսագրական ակնարկ, ԵՊՀ, Մայիսի 6, 1911 թ. (սովորական) - ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Էդվարդ Չուբարյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Չուբարյան» հոդվածին։ |
|
- Հետաքրքրությունների կոնֆլիկտով հոդվածներ
- Մայիսի 5 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 2021 մահեր
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Սպիտակ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Խորհրդային գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով