Վիլհելմ Վունդտ
Վիլհելմ Մաքսիմիլիան Վունդտ (անգլ.՝ Wilhelm Maximilian Wundt, օգոստոսի 16, 1832[1][2][3][…], Նեքարաու, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն, Գերմանիա[4] - օգոստոսի 31, 1920[5][1][2][…], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի հոգեբան, փիլիսոփա, ֆիզիոլոգ, լեզվաբան։ Ֆիզիոլոգիայի (Հայդելբերգ, 1864-1874 թվականներ) և փիլիսոփայության (Լայպցիգ, 1875 թվականից) պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՎունդտը ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում, ավարտել է դպրոցը 1851 թվականին և մինչև 1856 թվականը սովորել է Թյուբինգենի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ուսումնառության վերջին տարում Հայդելբերգում Վունդտը համարյա մահամերձ էր լուրջ հիվանդությունից։ Բժշկության դպլոմը ստանալուց հետո՝ Վունդտը կարճ ժամանակ սովորում է Յոհան Մյուլլերի մոտ և դառնում համալսարանի աշխատակից, հայտնի ֆիզիկ և ֆիզիոլոգ Հերման ֆոն Հեմհոլցի օգնականը 1858-1864 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա գրում է զգայական ընկալման վերաբերյալ աշխատանք (1858-1862 թվականներ)[15]։ Հայդելբերգում Վունդտը նաև ամուսնանում է Սոֆի Մաուի հետ[16]։
Այս շրջանում Վունդտը սկսում է կարդալ աշխարհում առաջին անգամ դասախոսությունների շարք գիտական հոգեբանությունից՝ ընդգծելով նրանում փորձարարական մեթոդների օգտագործումը՝ վերցրված բնական գիտություններից։ Դասավանդման ընթացքում նա ընդգծում էր գլխուղեղի և բանականության միջև ֆիզիոլոգիական կապի առկայությունը։ Ֆիզիոլոգիայի փորձը և գիտելիքները մեծ նշանակություն ունեցան նոր գիտության՝ հոգեբանության կայացման համար։ Նրա դասախոսությունները հրատարակվել են «Դասախոսություններմարդու և կենդանիների բանականության մասին» գրքում 1863 թվականին։ 1864 թվականին ստանում է դոցենտի աստիճան Հայդելբերգում։
1874 թվականին Վունդտը հրապարակում է հոգեբանության պատմության մեջ կարևոր աշխատություններից մեկը՝ «Ֆիզիոլոգիական հոգեբանության սկզբունքներ»։ Սկզբունքները կառուցում են հոգեբանությունը՝ որպես գիտակցական փորձի անմիջական հետազոտություն՝ ներառյալ զգացմունքները, հույզերը, կամային ակտերը և գաղափարները՝ ներհայեցողական մեթոդի (ինտրոսպեկցիա) կամ ինքնադիտման միջոցով։
Լայպցիգյան տարիներ
խմբագրել1875 թվականին Վունդտը դառնում է փիլիսոփայության պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում, իսկ 4 տարի անց հիմնում է աշխարհում առաջին հոգեբանական լաբորատորիան՝ կարճ ժամանակահատվածում հիմնադրելով փորձարարական հոգեբանության ինստիտուտը[17]։ Ավելի ուշ, Վունդտի ուսանողները հիմնադրել են հոգեբանական լաբորատորիաներ այլ համալսարաններում։
Վունդտն ապրել է Լայցպիգում մինչև կյանքի վերջ՝ լինելով 186 ուսանողների գիտական ղեկավար, ովքեր դոկտորական աշխատանքներ են պաշտպանել տարբեր գիտակարգերից։ Նրա աշակերտներից է եղել Իվան Պավլովը։
Կյանքի վերջին տարիներին Վունդտն իր ուշադրությունը կենտրոնացրել է սոցիալական և մշակութային հոգեբանության վրա՝ մինչև կյանքի վերջ գրելով 10 հատորից բաղկացած ֆունդամենտալ աշխատանք[18]՝ «Ժողովուրդների հոգեբանություն»[19]։
Վունդտի գրական ժառանգությունը հսկայական է և կազմում է 54000 էջ[20]՝ գրքերի և հոդվածների տեսքով։ Նրա առավել հայտնի աշխատություններից են՝ «Դասախոսություններ մարդու և կենդանիների բանականության մասին», «Էթիկա», «Հիպնոտիզմ և ներշնչում» (1892) և «Հոգեբանության ներածություն»։
Գիտական գործունեություն
խմբագրելՓիլիսոփայության ոլորտ
խմբագրելՓիլիսոփայության մեջ Վունդտը հանդես է եկել որպես իդեալիզմի և վոլյունտարիզմի ներկայացուցիչ։ Աշխարհը նրա համար ոգու՝ տիեզերական աստվածային կամքի նպատակահարմար զարգացումն է։ «Տրամաբանություն» (հատորներ 1-3, 1880-1883 թվականներ) աշխատության մեջ Վունդտը ոչ միայն վերլուծել է մտածողության ձևերը, այլև ջանացել է շարադրել տարբեր գիտությունների մեթոդներ՝ լեզվաբանության, մաթեմատիկական տրամաբանության հիմունքները և այլն։ Լեզվաբանական ուսումնասիրություններում Վունդտը լեզվաբանական հիմնական գիտակարգերը մեծ մասամբ որոշում է անհատական հոգեբանության տեսանկյունից, թեև ընդունում է լեզվի մեջ սոցիալական հիմնադրույթի առաջնությունը անհատականի նկատմամբ։ Լեզուն Վունդտի համար «կոլեկտիվ կամքի» կամ «ժողովրդական ոգու» դրսևորման ձևերից մեկն է։ Լեզուն որպես հարաշարժ պրոցես ըմբռնելը, լեզվական գործունեությունը և ոչ թե լեզվական համակարգը որպես լեզվաբանության գլխավոր առարկա առանձնացնելը Վունդտին մերձեցնում են Հ․ Շտայնթալի ու նրա դպրոցի հետ՝ միաժամանակ կազմելով երիտքերականների հետ Վունդտի տարակարծության հիմնական կետը։
Հոգեբանության ոլորտ
խմբագրելԶբաղվելով ֆիզիոլոգիայով՝ Վունդտը հանգել է հոգեբանության՝ որպես ինքնուրույն գիտության մշակման ծրագրին՝ անկախ ֆիզոլոգիայից և փիլիսոփայությունից։ Իր առաջին գրքում՝ «Զգայական ընկալման տեսության նյութեր», հիմնվելով զգայական և շարժման օրգանների գործունեության վրա՝ Վունդտը առաջ է քաշել փորձարարական հոգեբանության ստեղծման գաղափար, որի նախագիծը դրվել է նաև «Մարդու և կենդանիների բանականության մասին դասախոսություններում»։ Այն ընդգրկել է հետազոտության երկու ուղղություններ.
- Անհատական գիտակցության վերլուծություն՝ սուբյեկտի կողմից իր սեփական զգայությունների նկատմամբ փորձարական ղեկավարվող դիտման միջոցով։
- «Ժողովուրդների հոգեբանության» ուսումնասիրում, այսինքն ՝ լեզվի, առասպելների, բարքերի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում[21]։
Այս մտահղացմանը հետևելով՝ Վունդտը սկզբում կենտրոնացել էր սուբյեկտի գիտակցության վրա՝ հոգեբանությունը սահմանելով որպես «անմիջական փորձի մասին» գիտություն։ Նա վերջինս անվանել է ֆիզիոլոգիական հոգեբանություն, քանի որ սուբյեկտի կողմից ապրվող վիճակները ուսումնասիրվել են հատուկ փորձարարական ընթացակարգերի արդյունքում, որոնց մեծ մասը մշակվել է ֆիզիոլոգիայի՝ հատկապես օրգանների ֆիզիոլոգիայի միջոցով։ Քանի որ այս օրգանների գործունեության արդյունքը սուբյեկտի կողմից գիտակցվող հոգեկան պատկերներն են, ապա հենց նրանք, ի տարբերություն մարմնական կազմակերպվածության, դիտարկվել են արդեն որպես հոգեբանության ուսումնասիրման հատուկ օբյեկտ։ Խնդիրը նրանում էր, որպեսզի այս պատկերները մանրամասն դիտարկել, վերլուծել՝ դուրս բերելով սկզբնական պարզագույն տարրերը, որոնցից նրանք կազմված են[22]։ Վունդտն օգտագործել է նաև երկու այլ բնագավառների ձեռքբերումները. հոգեֆիզիկայի, որն ուսումնասիրում է ֆիզիկական գրգռիչների և նրանց առաջացրած զգայությունների միջև օրինաչափ կապերը գիտափորձի և քանակական մեթոդների հիման վրա, և մյուս ուղղությունը, որը փորձնականորեն չափում է ներկայացրած ազդակի նկատմամբ սուբյեկտի ռեակցիայի ժամանակը։
Վունդի հայեցակարգի կայացման վրա մեծ ազդեցություն են ունեցել անգլիացի գիտնական Ֆրենսիս Հալտոնի հետազոտությունները։ Վերջինս փորձնականորեն ուսումնասիրել է, թե ինչ զուգորդություններ կարող է մարդու մոտ առաջացնել բառը՝ որպես հատուկ գրգռիչ։ Պարզվում է, որ միևնույն բառին մարդը պատասխանում է ամենատարբեր՝ բառային կամ պատկերային ռեակցիաներով։ Դա դրդել է Հալտոնին դասակարգել ռեակցիաները՝ հաշվի առնելով նրանց քանակը, ժամանակը։ Այս դեպքում ևս կիրառվել են քանակական մեթոդներ[21]։
Միավորելով այս բոլոր ուղղությունները՝ Վունդտը ցույց է տվել, որ գիտափորձի հիման վրա, որի օբյեկտը մարդն է, հոգեբանությունը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն գիտություն։ Իր կողմից ստացված արդյունքները ներկայացվել են «Ֆիզիոլոգիական հոգեբանության հիմունքները» (1873-1874 թվականներ) գրքում[23]։
Հոգեբանության, ինչպես և այլ գիտությունների խնդիրն, ըստ Վունդտի՝ կայանում է նրանում, որպեսզի.
- վերլուծության միջոցով առանձնացնել հետազոտության օբյեկտի սկզբնական տարրերը,
- Հաստատել նրանց կապի բնույթը,
- Գտնել այդ կապի կանոնները։
Վերլուծությունը նշանակում էր սուբյեկտի անմիջական փորձի տարաբաժանումՙ, որն իրականացվում է ներհայեցման (ինտրոսպեկցիա) միջոցով, որը չպետք է շփոթել ինքնադիտման հետ։ Ներհայեցումը հատուկ ընբթացակարգ է, պահանջում է հատուկ նախապատրաստություն։ Սովորական ինքնադիտման դեպքում մարդը դժվարանում է ընկալումը՝ որպես ներքին հոգեկան գործընթաց, առանձնացնել ընկալվող առարկայից, որը հոգեկան չէ, բայց տրված է արտաքին փորձով։ Փորձարկվողը պետք է կարողանա շեղվել արտաքինից, որպեսզի հասնի գիտակցության սկզբնական «մատերիային»։ Վերջինս բաղկացած է տարրական անբաժանելի բաղկացուցիչներից։ Նրանց բնորոշ է են այնպիսի որակներ, ինչպիսիք են մոդալությունն ու ինտենսիվությունը։ Գիտակցության տարրերին են դասվում հույզերը. հուզական վիճակները։ Ըստ Վունդտի՝ յուրաքանչյուր հույզ ունի 3 չափում. հաճելի-տհաճ, լարվածություն-թուլություն, գրգռում-հանդարտացում։ Պարզագույն հույզերը՝ որպես հոգեկան տարրեր, տարբերվում իրենց որակով և ինտենսիվությամբ։ Այս վարկածը ծնել է շատ փորձարարական աշխատանքներ, որոնցում ներհայեցման տվյալների հետ օգտագործվել են նաև հույզերի ընթացքում մարդու ֆիզիոլոգիական վիճակների փոփոխությունների ցուցանիշներ[22]։
Ձգտելով ամրապնդել հոգեբանական գիտության ինքնրուրույնությունը՝ Վունդտը ապացուցել է, որ այս գիտությունն ունի իր ինքնուրույն կանոնները, իսկ հոգեկան երևույթները ենթարկված են հոգեկան պատճառականության։ Այս եզրակացության օգտին առաջ է քաշել էներգիայի պահպանման կանոնը։ Նյութական շարժումը կարող է պատճառ լինել միայն նյութականի համար։ Հոգեկան երևույթների համար գոյություն ունի այլ աղբյուր, որոնք պահանջում են այլ կանոններ։ Այդ կանոններին Վունդտը դասել է ստեղծագործական սինթեզի սկզբուքները, հոգեկան հարաբերությունների կանոնը, կոնտրաստի՝ հակադրության կանոնը և հետերոգեն նպատակների կանոնը[24]։
Վունդտի տեսական հայացքները քննադատվել են շատ հոգեբանների կողմից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գիտակցությունը՝ որպես հոգեբանության առարկա, մեկնաբանվել է այն տեսանկյունից, որ միայն սուբյեկտն է ունակ հաղորդելու ինֆորմացիա իր ներաշխարհի մասին՝ ներհայեցողության միջոցով։ Դրանով իսկ հաստատվել է սուբ սուբյեկտիվ մեթոդի գերակայությունը։
Վունդտը գտնում էր, որ հոգեբանությունը չէր կարող հավակնել ինքնուրույն գիտության կարգավիճակի, եթե չուսումնասիրեր և չբացահայտեր իր գործընթացների պատճառական գործոնները։ Բայց նրա հայացքներում հոգեկան պատճառականությունը հանգեցվել է միայն այն տարբերակին, որ հոգեկան գործընթացների կանոնավոր ընթացքը պատճառավորված է հենց իրենցով։ Գիտակցության օբյեկտների կախվածությունն արտաքին օբյեկտներից, հոգեկանի պայմանավորվածությունը գլխուղեղի գործունեությամբ, հոգեկանի ներառվածությունը սոցիալական կապերում բաց էր թողնվել գիտական վերլուծությունից[21]։
Հետագայում թողնելով փորձարարական հետազոտությունը՝ Վունդտը զբաղվել է փիլիսոփայությամբ և իր կողմից դեռ երիտասարդության տարիքում մտածված հոգեբանության երկրորդ ճյուղի մշակմամբ, որը նվիրված էր տարբեր ժողովուրդների մշակույթի ստեղծման հոգեբանական առանձնահատկություններին։ Նա գրել է 10 հատորից բաղկացած «Ժողովուրդների հոգեբանություն» աշխատությունը, որն առանձնանում է ժողովրդագրական, լեզվի, պատմության և մարդաբանական նյութերով։
Վունդտի կարծիքով փորձարարական ուսումնասիրման ենթարկվում են միայն տարրական հոգեկան գործընթացները (զգայություն, պարզ հույզեր) Վունդտի աշակերտներն արդեն ապացուցել են, որ մտածողությունը, կամքը բաց են փորձարարական վերլուծության համար[23]։
Վունդտից ընդունված է հոգեբանությունը համարել որպես ինքնուրույն գիտություն։ Նա ստեղծել է աշխարհում խոշոր այդ գիտության դպրոցը։ Նա մեծ դեր է խաղացել հոգեբան-մասնագետների հասարակության ձևավորման համար։ Սակայն, եթե Վունդտի գիտակազմակերպչական գործունեությունը դրական դեր է խաղացել հոգեբանության՝ որպես առանձին գիտության ձևավորման համար, ապա նրա տեսական-ծրագրային հայեցակարգը չդիմացավ ժամանակի փորձություններին[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Вундт Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 9,2 https://pure.mpg.de/rest/items/item_2398971_3/component/file_2398970/content
- ↑ Ferrand L. Wundt's laboratory at Leipzig in 1891 // Hist. Psychol. — American Psychological Association, 1999. — Vol. 2, Iss. 3. — P. 194. — ISSN 1093-4510; 1939-0610 — doi:10.1037/1093-4510.2.3.194 — PMID:11623921
- ↑ 11,0 11,1 Wijsen L. D. An Academic Genealogy of Psychometric Society Presidents // Psychometrika — Springer Science+Business Media, 2019. — Vol. 84, Iss. 2. — P. 562—588. — ISSN 0033-3123; 1860-0980 — doi:10.1007/S11336-018-09651-4 — PMID:30656499
- ↑ Meischner-Metge A. (unspecified title) // (untranslated) — Frankfurt: Peter Lang, 2003. — P. 156–166.
- ↑ https://www.e-torredebabel.com/Psicologia/Contemporanea/Wundt-II-4.htm
- ↑ https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/unsere-stadt/auszeichnungen-und-ehrungen/leipziger-ehrenbuerger
- ↑ Wilhelm Maximilian Wundt" in Stanford Encyclopedia of Philosophy, section on "Life and Times". [1]
- ↑ Lamberti, Georg (1995) Wilhelm Maximilian Wundt 1832–1920. Leben, Werk und Persönlichkeit in Bildern und Texten. Deutscher Psychologen Verlag, Berlin.
- ↑ Борисова И. В. ВУНДТ // Новая философская энциклопедия. Том первый. М., 2000.
- ↑ Зборовский Г. Е. История социологии: Учебник. — М.: Гардарики, 2004. — с. 101
- ↑ Вундт В. Проблемы психологии народов. — М.: Академический проект, 2010. — 136 с. — (Психологические технологии).
- ↑ Bringmann & Balk, 1992
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985
- ↑ 22,0 22,1 Вундт В. Очерки психологии.— М., 1912.
- ↑ 23,0 23,1 Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.
- ↑ Вундт В. Введение в психологию.— М., 1912.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վունդտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վունդտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |