Ջորջ Հերբերտ Միդ (անգլ.՝ George Herbert Mead) (փետրվարի 27, 1863(1863-02-27)[2][5][6][…], South Hadley, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 30, 1931(1931-04-30)[1][2][5][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, Չիկագոյի սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչ, սիմվոլիկ ինտերակցիոնիզմի ներկայացուցիչներից մեկը։

Ջորջ Հերբերտ Միդ
George Herbert Mead
Ծնվել էփետրվարի 27, 1863(1863-02-27) (161 տարեկան)
South Hadley, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 26, 1931(1931-04-26)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ, հոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան և Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Օբերլինի քոլեջ և Օբերլին ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Եղել է գիտական ղեկավարHerbert Blumer?
Ինչով է հայտնիսիմվոլիկ ինտերակցիոնիզմ, սոցիալականացման տեսություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Միդը ծնվել է 1863 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆՄասաչուսեթս նահանգում։ Մեծացել է միջին դասի ներկայացուցիչ բողոքականների ընտանիքում, որի անդամներ էին հայրը՝ Հիրեմա Միդը, մայրը՝ Էլիզաբեթ Սթորս Միդը, և քույրը՝ Էլիսը։ Հայրը Ժողովական եկեղեցու քահանա էր, որը սերում էր ֆերմերների և վանականների ընտանիքից։ Մայրը երկու տարի դասավանդել է Օբերլինյան քոլեջում, իսկ 1890-1900 թվականներին եղել է Մասաչուսեթսի Մաունթ Հոլիոկի քոլեջի նախագահը[7]։ 1879 թվականին Ջորջ Հերբերտ Միդն ընդունվել է Օբերլինյան քոլեջ, որտեղ բակալավրի կոչում է ստացել 1883 թվականին[8]։ Դրանից հետո մի քանի ամիս դասավանդել է գյուղական նախակրթական դպրոցում, որին հաջորդող 3 տարիներին աշխատել է Վիսկոնսինի կենտրոնական երկաթուղային կազմակերպությունում։

1887 թվականի աշնանը Միդն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ նրա հիմնական հետաքրքրություններն էին փիլիսոփայությունը և հոգեբանությունը։ Հարվարդում նա սովորել է Ջոսայ Ռոյսի (ով մեծ ազդեցություն ուներ Միդի վրա) և Ուիլյամ Ջեյմսի մոտ, ում ընտանիքում աշխատել է որպես ընտանեկան ուսուցիչ։ 1888 թվականին Միդը, ընդամենը բակալավրի աստիճան ստանալով, լքել է Հարվարդը և մեկնել Գերմանիա՝ Լայպցիգի համալսարանում հոգեբան Վիլհելմ Վունդտի մոտ ուսանելու։ Միդը պլանավորել էր նաև Վիլհելմ Դիլտեյի ղեկավարությամբ Բեռլինի համալսարանում պաշտպանել իր ատենախոսությունը։

1891 թվականին Միդն ամուսնացել է իր օբերլինյան ընկերներից մեկի քրոջ՝ Հելեն Կինգսբերգի Կասլի (1860-1929) հետ[9]։ Չնայած Միդն այդպես էլ չի պաշտպանել ատենախոսությունը, 1891 թվականին նրան հաջողվել է պաշտոն ստանալ Միչիգանի համալսարանում։ Այնտեղ նա հանդիպել է Չարլզ Կուլիին և Ջոն Դյուիին, որոնք լուրջ ազդեցություն են թողել նրա վրա[10]։ 1894 թվականին Միդը, ինչպես նաև Դյուին, տեղափոխվել են Չիկագոյի համալսարան, որտեղ Միդը դասավանդել է մինչև մահ։ Դյուի հայացքները Միդին հասցրել են ուսուցման տեսությանը, բայց շուտով նրա միտքը ավելի առաջ է ընթացել և հասցրել նրա հայտնի հոգեբանական տեսությանը։ Հենց Չիկագոյի համալսարանում էլ Ռոբերտ Պարկի, Գեորգ Զիմելի միջոցով նա ծանոթացել է Զիմելի հայացքներին, ինչը հսկայական ազդեցություն է ունեցել նրա տեսական մտածողության վրա։ Պաշտոնական կարգավիճակ չունենալու պատճառով Միդը ոչ մի գիրք չի հրատարակել։ Չնայած դրան՝ նա հսկայական ազդեցություն ուներ, և նրա մահից հետո դասախոսությունները հավաքվել և հրատարակվել են «Mind, Self and Society» («Միտք, անձ և հասարակություն») գրքում[11]։

Չլինելով անկողմնակալ փիլիսոփա՝ Միդն ակտիվորեն մասնակցում էր Չիկագոյի սոցիալական և քաղաքական կյանքին։ Նա հավատում էր, որ գիտությունը կարող է ազդել սոցիալական խնդիրների վրա[11][12]։ Ամերիկան և մասնավորապես Չիկագոն արագ զարգացման ժամանակաշրջան էին ապրում, որը պայմանավորված էր Եվրոպայից մեծ թվով միգրանտների մուտքով։ Վերջինս բեկեց ձևավորված սոցիալական հարաբերությունների ընթացքը և նոր սոցիալական խնդիրներ առաջ քաշեց։ Գիտական կյանքում իշխում էին դարվինիզմը և էվոլուցիայի տեսությունը, որն ազդում էր սոցիոլոգիայի վրա, որտեղ Հերբերտ Սպենսերի և Ուիլյամ Սամների գաղափարներից ձևավորվել էր պրագմատիզմի շարժումը (վերջինիս հայրենիք է համարվում Ամերիկան)։ Պրագմատիզմի համաձայն՝ մարդու էությունը նրա գործունեությունն է։ Այդ ուղղության կենտրոնը Չիկագոն էր, որն այդ ժամանակաշրջանում համարվում էր ամերիկյան սոցիոլոգիայի կենտրոն։ Միդը նաև պարտադիր կուրսեր էր դասավանդում սոցիալական հոգեբանությունից։

Ջորջ Հերբերտ Միդը մահացել է 1931 թվականի ապրիլի 26-ին սրտային անբավարարությունից։

Գիտական գործունեություն

խմբագրել

Պրագմատիզմ և սիմվոլիկ ինտերակցիոնիզմ

խմբագրել

Միդի պրագմատիկ փիլիսոփայությունը կենտրոնանում է «Ես»-ը սոցիալական իրականության ներսում ձևավորելու վրա։ «Անհատական գիտակցությունը կարող է գոյություն ունենալ միայն այլ գիտակցությունների հետ համատեղ՝ նրանց հետ նշանակալիով կիսվելու պարագայում»[13]։ Պրագմատիզմի տեսանկյուն��ց իրականությունն ինքնին գոյություն չունի, այլ ստեղծվում է մեր կողմից՝ որպես այս կամ այն գործունեության արդյունք։ Այսինքն՝ անհատին հասկանալու համար հարկավոր է հասկանալ, թե ինչ է նա անում, նրա գործունեությունը։ Պրագմատիզմը գիտակցությունը չի առանձնացնում գործողությունից և փոխներգործությունից, այլ ուսումնասիրում է դրանք որպես մեկ գործընթացի առանձին մասեր։ Սիմվոլիկ ինտերակցիոնիզմի արմատները թաքնված են Միդի պրագմատիզմի և սոցիալական վարքաբանության մեջ, իսկ ավելի խորը գնալու դեպքում պրագմատիզմը հիմնված է հեգելյան դիալեկտիկայի վրա[14][15]։

Միդի գլխավոր գաղափարն այն է, որ անհատը և սոցիալական գործողությունը ձևավորվում են սիմվոլների միջոցով, որոնք ստացվում են սոցիալականացման գործընթացում, իսկ հետո պահպանվում կամ փոխվում են փոխգործողությունների ընթացքում։ Մարդը յուրացնում է աշխարհը սիմվոլիկ նշանակությունների և իր գործունեության միջոցով։ Միդը տարանջատում է իրականացրել նշանների, ժեստերի և նշանակալի սիմվոլների միջև։ «Ժեստ» հասկացությունը Միդի մոտ փոխառնված է Վունդի հոգեբանական տեսությունից։ Ժեստերը բաց են թողնում լիարժեքորեն հստակ պատասխան ռեակցիաներ, և նրանց գործառույթը «ուրիշների մոտ այնպիսի ռեակցիայի առաջացում ձևավորելն է, որն իր հերթին ազդակ է հանդիսանում իրավիճակին հետագա հարմարման համար մինչև այն պահը, երբ կավարտվի սոցիալական փոխգործողությունը»։ Այսինքն՝ ժեստերն ապահովում են սոցիալական հաղորդակցությունը։ Միայն թե մարդը, ի տարբերություն կենդանիների, ժեստերը կարող է մեկնաբանել՝ կախված սոցիալական համատեքստից, որում դրանք օգտագործվում են։ Իրավիճակի ընդհանրացումը մինչև իր մեջ իմաստ ներառելը Միդը անվանում է սիմվոլիզացիա։ Սիմվոլների մեկնաբանումը որոշակի ժամանակ է պահանջում, ընդ որում, հնարավոր է նաև սխալ մեկնաբանում։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է հնարավոր սոցիալական հաղորդակցությունը, Միդը պատասխանում է՝ մարդկանց կողմից համընդհանուր նշանակություն և ճանաչում ունեցող սիմվոլների ստեղծմամբ։

Միդի կարծիքով լեզուն առաջանում է ձայնային ժեստերի միջոցով։ Երբ այդ ժեստերը տարբեր մարդկանց կողմից մեկնաբանվում են նույն կերպ, դրանք վերածվում են նշանակություն ունեցող սիմվոլների։ Լեզուն առաջանում է նշանակություն պարունակող սիմվոլների համընդահնուր օգտագործումից և համարվում է մարդուն կենդանուց տարբերակող նշանակալի հատկանիշ։ Մտածողությունը ևս առաջանում է նշանակալի սիմվոլների շնորհիվ։ Այն համարվում է լեզվական ժեստերի միջոցով մարդու զրույց ինքն իր հետ։ Լեզվում կուտակվում է հասարակության փորձը։ Այն համարվում է ինտերսուբյեկտիվության կրողը։ Մեզ հարկավոր չէ հստակ փորձ, քանի որ մենք կարող ենք այն պատկերացնել մեր գիտակցության մեջ։ Լեզուն որպես սիմվոլիկ միջնորդ համարվում է էվոլյուցիայի ընթացքում մարդու գլխավոր ստեղծագործությունը։ Սոցիալական հաղորդակցության ժամանակ սիմվոլները հանդես են գալիս որպես նշաններ, որոնք ծառայում են իրավիճակի մեկնաբանմանը և գործող անձի մտադրությունների հասկացմանը։ Եթե դրանք առկա են հաղորդակցության մասնակիցների սոցիալական փորձում և կարող են մեկնաբանվել միանման, ապա դրանք Էգոյի և Ալտերի մոտ առաջացնում են ոչ թե պատահական, այլ լիովին հստակ ռեակցիաներ։ Հետևաբար Էգոն կարող է կանխատեսել Ալտերի ռեակցիան որոշակի իրավիճակում։ Համապատասխանաբար, Ալտերը ևս կարող է կանխատեսել Էգոյի արձագանքը։ Իրավիճակն ուրիշի տեսանկյունից մեկնաբանելու կարողությունը Միդը անվանում է «ուրիշի դերի ընդունում»։ Սոցիալական փոխազդեցության ընթացքում ուրիշի դերի մեջ մտնելու մասին գաղափարը քննարկվել է դեռևս Մաքս Վեբերի կողմից։ Հետագայում այդ տեսությունը զարգացրել է Էրվինգ Հոֆմանը, որն ավելի հեռուն է գնացել և ստեղծել ռազմավարական ինտերակցիոնիզմի տեսությունը։ Բայց Միդը ուրիշի դերի ընդունման հայեցակարգի միջոցով փորձում էր ցույց տալ, որ սոցիալական փոխազդեցության մասնակիցները փոխադարձորեն սահմանափակում են իրենց, կոնկրետացնում իրենց մտադրությունները՝ կախված ուրիշի ռեակցիաներից կամ մեկնաբանություններից։ Մտածողությունը, որն առաջանում է որպես երկխոսություն սեփական եսի հետ, մարմնավորում է մարդկային ինքնաճանաչումը կամ նույնականացումը։ Միդը ընդգծում է, որ ուրիշի միջոցով սեփական եսն ընկալելը Ես-ի (Self) առաջացման անհրաժեշտ նախադրյալ է։ Փոխազդեցության մասնակիցների դերի շարունակական փոխադարձ ընդունումը ստեղծում է մարդկային հաղորդակցությունը։

Սոցիալականացման տեսություն

խմբագրել

Նույնականացման զարգացման մեջ Միդը տարբերակում է երկու սոցիալական փուլ, որոնց ընթացքում երեխան սովորում է ընդհանուր սոցիալական համակարգի կողմնորոշումները և գիտակցում սեփական նույնականացումը։ Այդ գործընթացը Միդը պարզաբանում է խաղալու օրինակով։ Միդը տարբերակում է խաղալը (play), որում երեխան որպես մեծահասակ է խաղում՝ յուրացնելով նշանակալի դերային դիրքեր։ Խաղալու ընթացքում երեխան կարող է փոխել դերերը՝ դրանց միջև ինտերակցիաներ անցկացնելով։ Այդ պահին նա տեսնում է իրեն կողքից, նրա մեջ ձևավորվում են նույնականացման հասկացությունները, քանի որ ինտերակցիաների ընթացքում նա տեսնում է լիովին հստակ ռեակցիաներ, որոնք փորձում է իր վրա։ Դերային խաղերի ընթացքում երեխան բավականին մեծ դաշտ ունի փոխազդեցության և կամքի ազատության համար, ընդ որում, այն դերերը, որոնք նա ընտրում է, որպես կանոն առնչվում են երեխայի մտերիմ սոցիալական շրջապատին։ Խմբային խաղի ընթացքում, որը Միդը անվանում է «game», երեխան տրամադրված է առավել կոշտ կանոնների համակարգի։ Նա ուսումնասիրում է այնպիսի խաղերի օրինակներ, ինչպիսիք ֆուտբոլն ու բասկետբոլն են։ Այդպիսի խաղերում երեխան սովորում է խաղալ թիմում և տեսնել ինչպես թիմին, այնպես էլ յուրաքանչյուր անդամին առաջադրված խնդիրը (օրինակ՝ գոլ խփելը կամ համապատասխան քանակի միավորներ հավաքելը)։ Այսինքն՝ իր առջև թիմային նպատակը տեսնելով և խաղալով սահմանված կանոններով խաղը՝ երեխան հասկանում է սոցիալական փոխգործության սկզբունքները։ Այս դեպքում խաղի մասնակիցները հանդես են գալիս որպես ընդհանրացված ուրիշներ։ Այսինքն՝ ընդհանրացված ուրիշի վերահսկողության միջոցով առաջանում է անհատական նույնականացումը։

Միդի կարծիքով սոցիալականը անհատականից առաջ է ընթանում։ Միայն թե մարդիկ նկատելիորեն տարբերվում են իրարից։ Միդը համարում է, որ դա պայմանավորված է յուրաքանչյուր առանձին մարդու անհատական փորձից, նրա սոցիալական ակտիվությունից։ Այդ ակտիվությունը կազմված է երկու մասից՝ «I» և «me»։ «I»-ը՝ «Ես»-ը, այն է, ինչ ես մտածում եմ իմ մասին, ուրիշների մասին, այն իմ ներքին աշխարհն է։ «Me»-ն՝ «ինձը», այն է, ինչ իմ կարծիքով իմ մասին մտածում են ուրիշները, այն իմ արտաքին սոցիալական թաղանթն է։ Այս հասկացությունների թարգմանությունը անգլերենից բարդ է, ուստի դրանք օգտագործվում են հենց անգլերենով։ Երբեմն հոգեբանության մեջ օգտագործվում են «իմպուլսիվ Ես» և «ռեֆլեքսիվ Ես» հասկացությունները։ Այստեղ Միդը խաչվում է Զիգմունդ Ֆրոյդի հետ, քանի որ «I»-ը կարող է համեմատվել ֆրոյդյան «Id»-ի հետ, իսկ «Me»-ն՝ «Superego»-ի (Գեր-Ես)։ Միայն թե, Միդի մոտ «I»-ը բնավ էլ անգիտակցական չէ, այն տիրապետում է կառուցողական սկզբի։ «Me»-ն որպես ռեֆլեկտիվ Ես արտացոլում է անհատի սոցիալական կողմերը, այսինքն՝ ներքնայնացված սոցիալական իրականությունը կամ գիտելիքի և հասկացությունների համերաշխությունը, որոնք մարդը ձեռք է բերել համընդհանուր ուրիշից։ «Me»-ն կայուն չէ, այն փոխվում է կյանքի բազմազան իրավիճակների ազդեցության ներքո։ Այդ վիճակների ամբողջությունն էլ հենց «Self»-ն է։

Քննադատություն

խմբագրել

Ջորջ Հերբերտ Միդի տեսությունը 1960-ական թվականներին դարձել է ամերիկացի սոցիոլոգ Թոլկոթ Պարսոնսի քննադատության հիմնական առարկան։ Առաջին հայացքից դա տարօրինակ է թվում, սակայն խնդիրն այն է, որ Միդի կենդանության օրոք հրատարակվել են նրա շատ քիչ աշխատանքներ։ Հիմնական տարբերությունը դարձել է սոցիալական կարգուկանոնի մասին նախադրյալը։ Քանի որ Միդի մոտ գործող սուբյեկտը տիրապետում է կամքի ազատության, իրականությունը կառուցվում է՝ ելնելով նրա հետ փոխգործողություններից, իսկ Պարսոնսի մոտ այն պարզապես տեղավորվում է գոյություն ունեցող սոցիալական կարգուկանոնի մեջ։ Փոփոխական ռեֆլեկտիվ Եսը Պարսոնսի կարծիքով դևիանտության՝ շեղվածության նշան է, իսկ Միդի կարծիքով՝ սոցիալական փոփոխությունների աղբյուր։ Պարսոնսը բացառում է սոցիալական կարգուկանոնից ազատ գործողությունների միտքը, իսկ Միդը, ընդհակառակը, հանգում է այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, երկու տեսությունների ընդհանուր թերությունը կապված սոցիալական գործողության հետ դրանցում չքննարկված պատմական կողմն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мид Джордж Герберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. https://www.apaonline.org/page/carus
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Internet Philosophy Ontology project
  7. Baldwin, John (2009). George Herbert Mead. Sage. էջ 7. ISBN 978-0-8039-2320-1.
  8. «George herbert mead». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. Cook, Gary A. (1993). George Herbert Mead: the making of a social pragmatist. University of Illinois Press. էջ 4. ISBN 978-0-252-06272-8.
  10. Miller, David (2009). George Herbert Mead: Self, Language, and the World. University of Texas Press. էջեր xii–xix. ISBN 978-0-292-72700-7.
  11. 11,0 11,1 Ritzer, George (2008). Sociological Theory. McGraw-Hill. ISBN 978-0-07-352818-2.
  12. George H. Mead (1907). «The Social Settlement: Its basis and function». University of Chicago Record: 108–110.
  13. Mead, George Herbert. 1982. The Individual and the Social Self: Unpublished Essays by G. H. Mead, edited by D. L. Miller. Chicago: University of Chicago Press. 978-0-608-09479-3
  14. Joas H. Pragmatism and Social Theory. The University of Chicago Press. 1993
  15. McDermid, Douglas. "Pragmatism." Internet Encyclopedia of Philosophy.