Լեզվաբանություն, գիտություն[1], որի ուսումնասիրության առարկան լեզուն է[2], լեզվի կառուցվածքը, բովանդակությունը և լեզուն՝ համատեքստի մեջ[3]։ Լեզվի ուսումնասիրության ոլորտում կատարված առաջին քայլերն իրականացվել են դեռևս մ. թ. ա. 4-րդ դարում, երբ հնդիկ քերականագետ Պանինին իր «Ատադհյայի» («Astādhyāyl» – «Ութնամատյան») աշխատանքում նկարագրեց սանսկրիտ լեզուն[4][5][6]։

Լեզվաբանները սովորաբար վերլուծում են մարդկային լեզուն՝ ուսումնասիրելով արտասանության և նշանակության միջև կապը[7]։ Հնչյունաբանությունը ուսումնասիրում է խոսքի և լեզվի հնչյունները և նրանց ձայնային և արտասանական հատկությունները։ Լեզվի բովանդակության ուսումնասիրությունը մյուս կողմից զբաղվում է այն հարցով, թե ինչպես են լեզուները կոդավորում առարկաների, հատկությունների և աշխարհի այլ երևույթների միջև եղած հարաբերությունները՝ իմաստ հաղորդելու, վերլուծելու և տալու, ինչպես նաև երկիմաստությունը գտնելու և վերացնելու համար[8]։ Մինչդեռ իմաստաբանության ուսումնասիրությունը զբաղվում է ճշմարիտ հետևություններով, գործաբանությունը զբաղվում է այն հարցով, թե ինչպես է իրավիճակային համատեքստը ազդում իմաստի վրա[9]։

Քերականությունը կանոնների համակարգ է, որը կառավարում է տվյալ լեզվում արտահայտությունների գործածությունը։ Այս կաննոները վերաբերում են ինչպես արտասանությանը[10], այնպես էլ նշանակությանը և ընդգրկում բաղադրիչ կազմող կանոնների ենթահամակարգեր, որոնք վերաբերում են հնչույթաբանությանը (հնչյունային համակարգերի կազմակերպումը), ձևաբանությանը (բառերի կազմությունը և կառուցվածքը) և շարահյուսությանը (բառակապակցությունների և նախադասությունների կազմությունը)[11]։ Ժամանակակից տեսությունները, որոնք զբաղվում են քերականության սկզբունքներով, գործում են Նոամ Չոմսկու սերող լեզվաբանության շրջանակներում[12]։

20-րդ դարի սկզբում Ֆերդինանդ դը Սոսյուրը իր՝ կառուցվածքային լեզվաբանության ձևակերպման մեջ տարբերություն դրեց լեզվի և խոսքի միջև։ Ըստ նրա՝ խոսքը հենց մարդկանց կողմից լեզվի արտաբերումն է, իսկ լեզուն վերացական երևույթ է, որը սահմանում է կանոնների համակարգ, որը կառավարում է լեզվի գործածությունը[13]։ Այս տարբերակումը նման է Նոամ Չոմսկու՝ փոխակերպական կամ սերող քերականության տեսության մեջ լեզվական ունակության և գործածման միջև տարբերակմանը։ Ըստ Չոմսկու՝ ունակությունը անհատի՝ լեզուն օգտագործելու բնածին կարողությունը և պոտենցիալն է (լեզու), այնինչ գործածումը այն եղանակն է, որով անհատները, խմբերը և համայնքները գործածում լեզուն (խոսք)[14]։

Խոսքի ուսումնասիրությունով (որը դրսևորվում է մշակութային դիսկուրսներում և բարբառներում) զբաղվում է հանրալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է որևէ լեզվական համայնքի ներսում լեզվաբանական հայեցակետերի բարդ համակարգերը։ Այն նաև ուսումնասիրում է տեքստերի և զրույցների կառուցվածքը։ Սա արվում է լեզվաբանական տվյալների հավաքագրման կամ էլ կորպուսային լեզվաբանության միջոցով, որը վերցնում է բնական միջավայրում ծագող խոսքը և ուսումնասիրում է քերականական և այլ հատկությունների տարբերակները[15]։

Ոճաբանությունը նաև զբաղվում է լեզվական տարբեր համայնքների գրավոր կամ բանավոր դիսկուրսի ուսումնասիրությամբ, տարբեր ժանրերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների խմբագրական կամ պատմողական ձևաչափերի ուսումնասիրությամբ[16]։ 1960-ականներին Ժակ Դերիդան ևս տարբերակում դրեց բանավոր և գրավոր խոսքի միջև՝ առաջարկելով, որ գրավոր խոսքն ինքնին ուսումնասիրվի որպես հաղորդակցության լեզվաբանական միջոց[17]։ Հնագրությունը հետևաբար գիտաճյուղ է, որը ուսումնասիրում է գրերի (որպես նշաններ) զարգացումը լեզվում[18]։ Լեզվի ձևական ուսումնասիրությունը նաև հանգեցրել է այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ հոգելեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի գործառույթներն ու արտահայտումը մտքում, նյարդալեզվաբանությունը, որը ուսումնասիրում է ուղեղում կատարվող լեզվական գործընթացները, կենսալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական զարգացումը և լեզվի ձեռքբերումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են երեխաները և մեծահասակները ձեռք բերում լեզվական գիտելիքներ։

Լեզվաբանությունը նաև զբաղվում է լեզվի վրա ազդող հասարակական, պատմական և քաղաքական այն գործոնների ուսումնասիրությամբ, որոնք սահմանում են լեզվաբանական և լեզվական համատեքստը[19]։ Պատմական և զարգացումային լեզվաբանության ենթաճյուղերը շեշտը դնում են նաև այն բանի վրա, թե ինչպես են լեզուները զարգանում և փոփոխվում ժամանակի ընթացքում։

Փաստագրական լեզվաբանությունը միավորում է մարդաբանական հետազոտությունը լեզվաբանականի հետ՝ նկարագրելու համար լեզուներն ու դրանց քերականությունը։ Բառարանագրությունը զբաղվում է այն բառերի գրանցմամբ, որոնք կազմում են լեզվի բառապաշարը։ Լեզվի բառապաշարը կազմող բառերը գրանցվում են բառարաններում։ Համակարգչային լեզվաբանությունը զբաղվում է բնական լեզվի մոդելավորմամբ։ Թարգմանության ընթացքում օգտագործվում են լեզվակիրների ունեցած հատուկ գիտելիքները, ինչպես նաև լեզվական կրթությունը՝ օտար լեզվի ուսուցումը։ Մասնագետներն աշխատում են կառավարության հետ՝ կրթության ոլորտում իրականացնելու համար նոր նախագծեր, որոնք հիմնված են լեզվաբանական հետազոտությունների վրա։

Լեզվաբանության հետ են առնչվում նաև նշանագիտությունը, գրաքննադատությունը, թարգմանությունը և լոգոպեդիան։

Եզրույթ

խմբագրել

Մինչև 20-րդ դարը բանասիրություն տերմինը, որը ստեղծվել էր 1716 թվականին[20], հիմնականում վերաբերում էր լեզվի գիտությանը, որը այն ժամանակ դեռևս միայն պատմական բնույթ էր կրում[21][22][23]։ Երբ Ֆերդինանդ դը Սոսյուրը սկսեց պնդել, որ լեզուն պետք է լինի նաև լեզվի համաժամանակյա ուսումնասիրություն, բանասիրություն տերմինը սկսեց վերաբերել միայն լեզվի քերականության, պատմության և ոճական հնարքների ուսումնասիրությանը[24][25]։

Չնայած «լեզվաբան» տերմինը որպես «լեզուն ուսումնասիրող անձ» ստեղծվել է 1641 թվականին, «լեզվաբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1847 թվականին։ Այդ ժամանակվանից լեզվաբանություն տերմինն օգտագործվում է «լեզվի գիտություն» նշանակությամբ[26][27]։

Շեղումներ և ընդհանրություններ

խմբագրել

Չնայած լեզվաբանական որոշ տեսություններ կենտրոնանում են լեզվում առկա տարբեր շեղումների վրա, որոնք առաջանում են հասարակության տարբեր խմբերում, մյուս տեսությունները շեշտը դնում են մարդկային բոլոր լեզուներին բնորոշ ընդհանուր հատկանիշների վրա։ Շեղումների տեսությունը հետևաբար մշակում է հայտնի լեզուների, օրինակ անգլերենի և ֆրանսերենի, տարբեր գործածությունները ամբողջ աշխարհում, ինչպես նաև փոքր բարբառները և տարածաշրջանային վերափոխումները։ Շեղումների տեսությունը ուշադրություն է դարձնում մշակութային փուլերին, որոնց ենթարկվել է որևէ լեզու։ Ներքևում նշված են այդ փուլերից մի քանիսը։

Որևէ լեզվի փիջին փուլը այն փուլն է, որի ընթացքում հաղորդակցումն իրականացվում է քերականական պարզեցված կաղապարների միջոցով։ Այդպիսի հաղորդակցում իրականանումէ երկու կամ ավելի խմբերի միջև, որոնք չունեն ոչ մի ընդհանուր լեզու։ Այս պարագայում խոսողներն օգտագործում են տարբեր լեզուների տարրեր։

Կրեոլը լեզվի այն փուլն է, որի ժամանակ տարբեր լեզուների միախառնումից զարգանում է մեկ այլ բնական լեզու։ Այն տեղի է ունենում լեզվի փիջին փուլից հետո։ Կրեոլ փուլում առաջացած լեզուն ամբողջական է և կարող է օգտագործվել որևէ համայնքում և դառնալ դրա մայրենի լեզուն։

Բարբառ

խմբագրել

Բարբառը լեզվի տարբերակ է, որը բնորոշ է լեզվակիրների որոշակի խմբի[28]։ Այն մարդիկ, ովքեր խոսում են տվյալ լեզվի որևէ բարբառով, սովորաբար կաված են միմյանց հետ հասարակական ինքնությամբ։ Սա հենց այն է, ինչը տարբերակում է բարբառը լեզվի մակարդակից կամ դիսկուրսից, որոնց դեպքում մշակութային ինքնությունը ոչ մի դեր չի խաղում։ Բարբառները լեզվի տարբերակներ են, որոնք ունեն իրենց քերականական և հնչյունաբանական օրենքները, լեզվաբանական և ոճական առանձնահատկությունները, սակայն չունեն լեզվի պաշտոնական կարգավիճակ։ Բարբառները լեզվի կարգավիճակ են ստանում միայն հասարակական և քաղաքական դրդապատճառներով։ Բարբառների (ինչպես նաև լեզուների) միջև տարբերակումը հիմնված է քերականական, շարահյուսական կանոնների և ոճական առանձնահատկությունների վրա։

Համընդհանուր քերականությունը հաշվի է առնում բոլոր լեզուների և բարբառների միջև եղած կառուցվածքային նմանությունները, ինչպես նաև նորածինների գիտակցության մեջ եղած բնածին լեզվական կարողությունները։ Այս միտքը հիմնված է սերող քերականության տեսության և լեզվաբանության ձևական դպրոցների վրա, որոնց հետևորդներն են Նոամ Չոմսկին և այլք[29]։

Տրամասություն

խմբագրել

Դիսկուրսը կամ տրամասությունը լեզուն է հասարակական գործադրման մեջ, և այն բազմաշերտ գաղափար է։ Որպես հասարակական երևույթ՝ դիսկուրսը արտահայտում է տարբեր գաղափարախոսություններ գրավոր և բանավոր խոսքի միջոցով։ Դիսկուրսի վերլուծությամբ կարելի է ուսումնասիրել կամ բացահայտել այս գաղափարախոսությունները։ Այն ազդում է ժանրի վրա, որը ընտրվում է տարբեր իրավիճակներին համապատասխան։ Դիսկուրսը նաև ազդում է լեզվի տեքստի վրա հնչյունաբանական կամ էլ բառաքերականական մակարդակով։ Որևէ դիսկուրս դառնում է լեզվի տարբերակ, երբ այն օգտագործվում է այս կերպ որևէ հատուկ նպատակով, և անվանվում է լեզվի ոճ կամ մակարդակ[30]։ Կարող են լինել նորաբանություններ, որոնք ի հայտ է գալիս որևէ ոլորտում մասնագիտացում ունեցող համայնքի փորձառության արդյունքում։ Լեզվի մակարդակները և տրամասությունները, հետևաբար, միմյանցից տարբերվում են բառապաշարով և երբեմն նաև ոճով։ Օրինակ՝ բժիշկները իրենց հաղորդակցության ընթացքում օգտագործում են բժշկության ոլորտին պատկանող բառապաշար և տերմիններ (բժշկական դիսկուրս)։

Ստանդարտ լեզու

խմբագրել

Երբ որևէ բարբառ փաստագրվում է իր քերականության լեզվաբանական հատկանիշների հիման վրա, որոնք առաջացել են տվյալ համայնքում, այն ձեռք է բերում քաղաքական և ազգային ճանաչում։ Սա այն փուլն է, երբ լեզուն համարվում է ստանդարտ տարբերակ, որի քերականական օրենքները զարգացել, ուղղվել և կայունացել են։ Անգլերենը և ֆրանսերենը, օրինակ, հասել են այն փուլին, որ համարվում են ստանդարտ լեզուներ։

Որևէ լեզվի ընդհանուր հատկանիշների ուսումնասիրությունն ընդգրկում է հետևյալ գաղափարները.

Բառապաշար

խմբագրել

Բառապաշարը բառերի և տերմինների հավաքածու է, որը պահվում է խոսողի մտքում։ Բառապաշարը կազմված է բառերից և կախյալ ձևույթներից, որոնք բառերի մաս են կազմում և չեն կարող առանձին հանդես գալ, ինչպես օրինակ՝ ածանցները։ Որոշ դեպքերում բարդ բառերը և որոշ ասացվածքներ և բառակապակցություններ նույնպես բառապաշարի մաս են համարվում։ Բառարաններում այբբենական կարգով փորձում են ընդգրկել որևէ լեզվի բառապաշարը, սակայն կախյալ ձևույթները սովորաբար չեն ընդգրկվում։ Բառարանագրությունը, որ սերտ կապված է իմաստաբանության ոլորտի հետ, գիտություն է, որը դասակարգում է տվյալ լեզվի բառապաշարը բառարաններում և հանրագիտարաններում։ Բառապաշարում ավելացած նոր բառերը կոչվում են նորաբանություններ։

Համարվում է, որ խոսողի լեզվական ունակությունները կախված են նրա բառապաշարից, այսինքն բառերի քանակությունից, որ նա գիտի։ Սակայն լեզվաբանները սա առասպել են համարում։ Շտ լեզվաբաններ կարծում են, որ մարդու լեզվական ունակությունները կախված են քերականության իմացությունից։ Նույնիսկ շատ փոքր բառապաշարով քերականությանը տիրապետելու դեպքում հնարավոր է կազմել անսահման թվով նախադասություններ։

Հարաբերականություն

խմբագրել

Ըստ Սեպիր-Ուորֆի վարկածի (լեզվաբանական հարաբերականություն) լեզվի կառուցվածքը ազդում է մարդու աշխարհայացքի վրա։ Ունիվերսալիստները հավատում են, որ ընդհանրություններ կան ինչպես մարդկանց ընկալման մեջ, այնպես էլ լեզվում, այնինչ հարաբերականության տեսության կողմնակիցներն այն կարծիքին են, որ մարդիկ և լեզուները տարբեր են։ Չնայած լեզվաբանական հարաբերականության տեսությունը մշակել են ամերիկացի լեզվաբաններ Էդուարդ Սեպիրը և Բենջամին Լի Ուորֆը, Սեպիր-Ուորֆի վարկած տերմինը առաջադրել է Սեպիրի աշակերտը՝ Հարի Հոիջերը։ 20-րդ դարի գերմանացի լեզվաբան Լեո Վայսգերբերը նույպես շատ աշխատություններ ունի լեզվաբանական հարաբերականության վերաբերյալ։ Այս տեսության կողմնակիցները տարբերությունը տեսնում են ճանաչողության մակարդակի և իմաստային ոլորտի մեջ։ 1980-ականներին ճանաչողական լեզվաբանության ի հայտ գալուն պես մեծացավ լեզվաբանական հարաբերականության նկատմամբ հետաքրքրությունը։ Տարբեր մտածողներ, ինչպիսին է օրինակ Ջորջ Լակոֆֆը, պնդում են, որ լեզուն արտացոլում է մշակութային տարբեր այլաբանություններ, այնինչ Ժակ Դերիդայի աշխատությունները սերտ կապված են լեզվաբանության եջ հարաբերականության շարժման հետ։

Կառույցներ

խմբագրել

Լեզվական կառույցը նշանակության և ձևի զուգադրումն է։ Նշանակության և ձևի ցանկացած զուգադրում Սոսյուրական նշան է։ Օրինակ՝ «կատու» նշանակությունը ամբողջ աշխարհում արտահայտվում է հնչյունային տարբեր կաղապարներով (բանավոր խոսք), ձեռքերի և դեմքի տարբեր արտահայտություններով (նշանային լեզու) և գրավոր նշաններով (գրավոր լեզու)։

Լեզվաբանները, ովքեր կենտրոնանում են կառույցների վրա, փորձում են հասկանալ որևէ լեզվի կանոնները, որոնք կիրառում են տվյալ լեզվի լեզվակիրները (հաճախ անգիտակցաբար)։ Լեզվական բոլոր կառույցները կարելի է բաժանել մասերի, որոնք միավորվում են՝ համաձայն կանոնների, վերլուծության տարբեր մակարդակների միջոցով։ Օրինակ՝ «տասներորդ» բառը կարելի է վերլուծել երկու տարբեր մակարդակներով։ Բառի ներքին կառուցվածքի մակարդակով (ձևաբանություն)՝ «տասներորդ» բառը կազմված է թիվ և կարգ ցույց տվող լեզվական բառաձևերից։ Հնչյունական կառուցվածքի տեսանկյունից (հնչյունաբանություն)՝ կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ «տասը» բառի «ը» ձայնավորը «տասներորդ» բառը կազմելիս զեղչվում է։ Չնայած որ լեզվակիրները ճիշտ են օգտագործում այս կանոնները, նրանք ոչ միշտ են հասկանում դրանց էությունը։

Լեզվաբանությունը կազմված է բազմաթիվ ճյուղերից, որոնք զբաղվում են լեզվի կառուցվածքի առանձին մասերի ուսումնասիրությամբ։ Այն տեսությունը, որը լուսաբանում է այս ամենը, առաջադրել է Նոամ Չոմսկին,և այն կոչվում է սերող տեսություն կամ էլ համընդհանուր քերականություն։ Լեզվաբանության ճյուղերից որոշները շեշտը դնում են ձևի վրա, իսկ մյուսները՝ նշանակության։ Դրանք տարբերվում են մինյանցից նաև ուսումնասիրության տիրույթներով՝ հնչյուն, բառ, բառակապակցություն, դիսկուրս։

Քերականություն

խմբագրել

Ենթաճյուղերը, որոնք շեշտը դնում են լեզվի քերականական ուսումնասիրության վրա, ներառում են հետևյալը.

  • Հնչյունաբանություն, խոսքի հնչյունների արտաբերման և ընկալման ֆիզիկական հատկանիշների ուսումնասիրությունը;
  • Հնչույթաբանություն, հնչյունների ուսումնասիրությունը՝ որպես խոսողի մտքում առաջացող վերացական երևույթներ, որոնք օգնում են տարբերակել իմաստներ (հնչույթներ);
  • Ձևաբանություն, ձևույթների կամ բառերի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունը;
  • Շարահյուսություն, ուսումնասիրում է, թե ինչպես են բառերը միավորվում՝ կազմելու համար քերականական բառակապակցություններ և նախադասություններ;
  • Իմաստաբանություն, բառերի իմաստների և կայուն բառակապակցությունների ուսումնասիրությունը;
  • Գործաբանություն, ուսումնասիրում է, թե ինչպես են ասույթները գործածվում հաղորդակցման ընթացքում, ինչպես նաև համատեքստի և արտալեզվական գործոնների ազդեցությունը իմաստի վրա;
  • Դիսկուրս-վերլուծություն, ուսումնասիրում է լեզվի գործածումը տեքստերում (բանավոր, գրավոր, նշանային խոսք)
  • Ոճաբանություն, ուսումնասիրում է լեզվական գործոնները (ճարտասանություն, առոգանություն, շեշտ), որոնք դիսկուրսը դնում են համատեքստում;
  • Նշանագիտություն, նշանների և իմաստավորման գործընթացի՝ ցուցման, նշանակության, նմանության, համաբանության, սիմվոլիզմի, փոխաբերության ևն, ուսումնասիրությունը։

Ոճաբանությունը ուսումնասիրում է տեքստերի մեկնաբանությունը լեզվական և հնչերանգային ոճերի տեսակետից։ Ոճաբանական վերլուծությունը հանգեցնում է բարբառների և լեզվի մակարդակների նկարագրության ուսումնասիրությանը։ Ոճական առանձնահատկությունների շարքին են պատկանում ճարտասանությունը[31], առոգանությունը, շեշտը, երգիծանքը, հեգնանքը, երկխոսությունը և այլն։ Ոճաբանական վերլուծությունը կարող է ներառել նաև լեզվի ուսումնասիրությունը գրականության կանոնական աշխատություններում, ժանրային գրականության մեջ, լուրերում, գովազդներում և հաղորդակցման այլ ձևերում։ Այսպիսով, ոճաբանությունը տեքստի մեկնաբանումն է։

Մոտեցումներ

խմբագրել

Տեսական

խմբագրել

Լեզվաբանության ոլորտում քննարկման կարևոր թեմա է այն, թե ինչպես է պետք լեզուն սահմանել և հասկանալ։ Որոշ լեզվաբաններ կիրառում են «լեզու» տերմինը որպես մարդու ուղեղում բնածին մի կաղապար, որը թույլ է տալիս մարդկանց ձեռնարկել լեզվական վարքագիծ։ Համարվում է, որ «համընդհանուր քերականությունն» է օգնում երեխաներին լեզուներ սովորել և տարբերել ցանկացած լեզվում քերականորեն ճիշտ ձևակերպված նախադասությունները։ Այս տեսակետի հետևորդները, ովքեր պատկանում են լեզվաբանության այն դպրոցին, որը հիմնված է Նոամ Չոմսկու սերող տեսության վրա, առանձնապես չեն դիտարկում լեզուն որպես մի բան, որն առաջացել և զարգացել է հաղորդակցման նպատակով։ Նրանք լեզուն ավելի շատ դիտարկում են որպես մարդու մտքերը ձևավորող գործընթաց։

Գործնական

խմբագրել

Լեզվաբանների մեկ այլ խումբ «լեզու» տերմինը դիտարկում է որպես հաղորդակցային համակարգ, որը զարգացել է աջակցելու համար համատեղ գործունեությանը։ Քերականության այսպիսի տեսությունները, որոնք կոչվում են «գործնական», լեզուն դիտարկում են որպես մի գործիք, որը զարգացել և հարմարեցվել է այն կիրառողների հաղորդակցային պահանջներին[32]։

Մեթոդաբանություն

խմբագրել

Լեզվաբանությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի։ Լեզվաբանները նկարագրում և բացատրում են լեզվի հատկությունները՝ առանց սուբյեկտիվ դատողություններ անելու այն մասին, թե հատկություններից և գործածություններից որն է լավ, և որը՝ վատ։ Սա այսպես է բոլոր գիտությունների դեպքում. կենդանաբանն ուսումնասիրում է կենդանական աշխարհը՝ առանց իր սեփական կարծիքը հայտնելու կենդանական տեսակների առավելությունների և թերությունների վերաբերյալ։

Լեզվաբանական կանոնակարգումը, մյուս կողմից, ընտրություն է կատարում լեզվական գործածությունների միջև՝ հաճախ օժանդակելով լեզվի որևէ բարբառի կամ էլ ակրոլեկտի։ Սրա նպատակը լեզվական ստանդարտ կամ նորմ հաստատելն է, որի արդյունքում հաղորդակցումը ավելի հեշտ կդառնա։ Սակայն, մյուս կողմից, լեզվական կանոնակարգումը կարող է լինել լեզվի որևէ բարբառի կրողների՝ այլ բարբառների վրա ազդեցություն գործելու արդյունք (լեզվաբանական իմպերիալիզմ)։ Լեզվաբանական կանոնակարգման ծայրահեղ օրինակ կարող է լինել գրաքննիչների վարքը, ովքեր փորձում են ոչնչացնել որոշ բառեր և կառույցներ՝ համարելով դրանք վնասաբեր հասարակության համար։ Սակայն, լեզվաբանական կանոնակարգումը կարելի է ճիշտ օգտագործել լեզվի ուսուցման դեպքում, որը թույլ կտա լեզուն սովորողներին տարբերել ճիշտ և սխալ կառույցները։

Մարդաբանություն

խմբագրել

Որևէ լեզու նկարագրելու նպատակը կարող է լինել տվյալ համայնքի մասին մշակութային գիտելիքներ ստանալը։ Լեզուներն ուսումնասիրելու ընթացքում մարդաբանության մեթոդների կիրառումը օգնում է լեզվաբանական հատկանիշների միջոցով բացահայտել որևէ համայնքի մշակութային հատկանիշները։ Սա նաև կարևոր գործիք է վտանգված լեզուների փաստագրման համար։ Սակայն այժմ լեզվաբանական հետազոտությունների մեջ մարդաբանության մեթոդներն օգտագործվում են հասկանալու համար ճանաչողական, պատմական և հանրալեզվաբանական գործընթացները, որոնց միջով անցնում են լեզուները զարգանալիս և փոփոխվելիս։ Ընդհանուր մարդաբանական հետազոտության մեջ օգտագործվում են լեզվաբանական մեթոդները՝ ավելի լավ հասկանալու համար որևէ մշակույթ։ Մարդաբանական հետազոտությունների միջոցով հնարավոր է լինում բացահայտել լեզվի գործածության հիմքում ընկած շեղումներն ու հարաբերականությունները։

Աղբյուրներ

խմբագրել

Ժամանակակից լեզվաբանների մեծ մասն աշխատում են այն ենթադրությամբ, որ բանավոր խոսքն ու նշանների լեզուն ավելի էական են, քան գրավորը։ Սա այն պատճառով է, որ

  • Խոսքը հատուկ է բոլոր մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն ընկալել և արտաբերել այն, մինչդեռ շատ մշակույթներ և համայնքներ չունեն գրավոր հաղորդակցության միջոց;
  • Կան բանավոր խոսքին բնորոշ հատկանիշներ, որոնք բնորոշ չեն գրավորին, այդ թվում՝ հնչյունաբանական կանոնները, հնչյունային փոփոխությունները և խոսի մեջ պատահող սխալները;
  • Բոլոր բնական գրային համակարգերը արտացոլում են բանավոր խոսքը (կամ է նշանների լեզուն);
  • Խոսքը զարգացել է շատ ավելի վաղ, քան մարդիկ հայտնագործել են գիրը;
  • Մարդիկ ավելի շուտ և հեշտ են սովորել խոսել և կիրառել բանավոր լեզուն, քան գրավորը։

Այնուհանդերձ, լեզվաբանները համաձայն են, որ գրավոր խոսքի ուսումնասիրությունը ևս կարևոր է։ Գրավոր խոսքն ավելի հարմար է կորպուսային լեզվաբանության և մաթեմատիկական լեզվաբանության ոլորտներում հետազոտություն կատարելու համար։ Դժվար է ստեղծել և գտնել բանավոր խոսքի մեծ զանգվածներ, այդ պատճառով դրանք հիմնականում գրի են առնվում։ Ավելին, լեզվաբանները որպես լեզվաբանական հետազոտության արդյունավետ աղբյուր են սկսել օգտագործել տեքստի վրա հիմնված դիսկուրսը, որը հանդիպում է համակարգչի միջնորդությամբ իրականացվող հաղորդակցության մեջ։

Գրային համակարգերի, գրաֆեմաների ուսումնասիրությունը ինքնին լեզվաբանության առանձին ճյուղ է։

Վերլուծություն

խմբագրել

Մինչև 20-րդ դարը լեզվաբանները վերլուծում էին լեզուն տարաժամանակյա ուսումնասիրության միջոցով, որը շեշտը դնում էր պատմության վրա։ Սա նշանակում է, որ լեզվաբանները լեզվաբանական հատկանիշներն ուսումնասիրում էին այն տեսանկյունից, թե դրանք ինչպես են փոփոխվել և զարգացել ժամանակի ընթացքում։ Սակայն 20-րդ դարում՝ Սոսյուրական լեզվաբանության զարգացման հետ մեկտեղ, շեշտը սկսեց դրվել լեզուների միաժամանակյա մոտեցման վրա, որտեղ ուսումնասիրվում և համեմատվում են տարբեր լեզուների տարբերակները, որոնք գոյություն ունեն տվյալ ժամանակահատվածում։

Լեզվաբական վերլուծության շարահարական մակարդակը ենթադրում է նախադասության շարահյուսական կառուցվածքում բառերի դիրքի ուսումնասիրությունը։ Շարահարական մակարդակը կենտրոնանում է այն վերլուծությունների վրա, որոնք հիմված են տվյալ տեքսում առկա հարացույցերի և գաղափարների վրա։

Պատմություն

խմբագրել
 
Թամիլերեն փորագրություն

Վաղ շրջանի քերականագետներ

խմբագրել

Լեզուները կանոնավոր կերպով սկսել են ուսումնասիրվել մ.թ.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ հայտնի քերականագետ Պանինին ձևակերպեց Սանսկրիտ լեզվի ձևաբանության 3959 կանոնները։ Պանինիի՝ Սանսկրիտի հնչյունների համակարգված դասակարգումը ձայնավորների և բաղաձայնների, ինչպես նաև բառերի դասակարգումը գոյականների, ածականների, բայերի և այլն, լեզվի ուսումնասիրության առաջին փորձերն էին պատմության ընթացքում։ Միջին Ասիայում 760 թվականին Սիբաուեյհին իր աշխատության մեջ մանրամասն նկարագրել է արաբերեն լեզուն։ Նա առաջինն էր, ով տարբերակել է հնչյունը և հնչույթը (լեզվական համակարգի միավորներ)։ Արևմուտքում լեզուների ուսումնասիրության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է ավելի ուշ քան արևելքում, սակայն դասական լեզուների քերականագետները լեզուների ուսումնասիրության համար չէին օգտագործում այն նույն մեթոդները, որոնք օգտագործում էին հնդիկ լեզվաբանները, և, հետևաբար, նրանք չէին հանգում նույն եզրակացություններին, ինչ վերջիններս։ Արևմուտքում լեզուների հանդեպ հետքարքրությունը փիլիսոփայության մաս էր կազմում, այլ ոչ քերականական նկարագրի։ Իմաստաբանության տեսության մեջ առաջին բացահայտումներն արել է Պլատոնը՝ իր Կրատիլոս աշխատության մեջ, որտեղ նա պնդում է, որ բառերը նշանակում են հասկացություններ, որոնք հավիտենական են և գոյություն ունեն գաղափարների աշխարհում։ Այս աշխատությունն առաջինն է, որտեղ բառերի ծագումնաբանությունն օգտագործվում է բառի նշանակության պատմությունը ցույց տալու համար։ Մոտ մ. թ. ա. 280 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդները Ալեքսանդրիայում հիմնադրեցին կրթական հաստատություն՝ Ալեքսանդրիայի Մուսեյոնը, որտեղ բանասերները ուսումնասիրում էին հին տեքստեր և հունարեն էին սովորեցնում այլ լեզուներով խոսող մարդկանց։ Չնայած այս դպրոցն առաջինն էր, որտեղ «քերականություն» բառն օգտագործվում էր ներկայիս իմաստով, այդ բառն առաջին անգամ օգտագործել է Պլատոնը «գրի արվեստ» նշանակությամբ, որը նաև Ալեքսանդրյան դպրոցի ամենակարևոր աշխատություններից մեկի՝ Դիոնիսիոս Թրակացու աշխատության վերնագիրն է[33]։ Միջնադարում լեզուների ուսումնասիրությունը ընդգրկվում էր բանասիրության մեջ (հին լեզուների և տեքստերի ուսումնասիրություն)[34]։

Համեմատական բանասիրություն

խմբագրել

18-րդ դարում Ուիլիամ Ջոնսը առաջին անգամ կիրառեց համեմատական մեթոդը, որով զարկ տրվեց համեմատական լեզվաբանության զարգացմանը[35]։ Լեոնարդ Բլումֆիլդը վերագրել է «աշխարհի առաջին գիտական լեզվաբանական աշխատությունը» Յակոբ Գրիմին, ով գրել է «Գերմաներենի Քերականություն» (Deutsche Grammatik) աշխատությունը[36]։ Նրանից հետո նմանատիպ աշխատություններ են գրել նաև այլ հեղինակներ։ Լեզուների գիտական ուսումնասիրությունը էլ ավելի է զարգացել Վիլհելմ Հումբոլդտի շնորհիվ։

Կառուցվածքաբանություն

խմբագրել

20-րդ դասակզբին Սոսյուրը առաջ բերեց մի գաղափար, ըստ որի՝ լեզուն փոխկապակցված միավորների կայուն համակարգ է, որը սահմանվում է այդ մի��վորների միջև հակադրության միջոցով։ Լեզվի միաժամանակյա և տարժամանակյա ուսումնասիրության միջև տարբերություն դնելով՝ Սոսյուրը սկիզբ դրեց ժամանակակից լեզվաբանությանը։ Նա ներմուծեց նաև լեզվի վերլուծության այլ տեսանկյուններ, որոնք մինչ օրս էլ կարևոր դեր են խաղում լեզվաբանական տեսություններում։ Օրինակ՝ հարացույցի և շարակարգի, խոսքի և լեզվի միջև տարբերակումները[37]։ Սոսյուրը լեզուն սահմանեց որպես վերացական մի երևույթ, որից ձևավորվում է խոսքը։ Սոսյուրի՝ լեզվի կառուցվածքային մոտեցման սահմանումից հետո էական ներդրումներ են կատարել նաև Լեոնարդ Բումֆիլդը, Չարլզ Հոքեթը, Լուի Ելմսլևը, Էմիլ Բենվենիստը և Ռոման Յակոբսոնը[38][39]։

Սերող լեզվաբանություն

խմբագրել

20-րդ դարի երկրորդ կեսին Նոամ Չոմսկու աշխատանքից հետո լեզվաբանության մեջ իշխող էր սերողական ուսմունքը։ Չնայած այս ուսմունքը ձևավորել է Չոմսկին՝ բացատրելու համար, թե ինչպես են մարդիկ ձեռք բերում լեզու, և որոնք են այդ ձեռքբերման կենսաբանական սահմանափակումները, գործնականում սերողական ուսմունքը հիմնականում օգտագործվել է բնական լեզուներում հատուկ երևույթները մեկնաբանելու համար։ Այս տեսությունը ըստ բնույթի մոդուլային և ֆորմալիստական է։ Չոմսկին զարգացրել է լեզվի սերողական ուսմունքը՝ հիմնվելով Հարիս Զելլիգի աշխատանքի վրա։ Համաձայն այս տեսության՝ լեզվի ամենահասարակ ձևը շարահյուսական կանոնների համակարգ է, որը համընդհանուր է բոլոր մարդկանց համար և ընկած է մարդկային բոլոր լեզուների քերականությունների հիմքում։ Կանոնների այս համակարգը կոչվում է համընդհանուր քերականություն։ Այն նկարագրելը Նոամ Չոմսկու համար լեզվաբանության հիմնական նպատակն է։ Այդ պատճառով առանձին լեզուների քերականությունները կարևոր են լեզվաբանների համար միայն այն դեպքում, եթե դրանք թույլ են տալիս տարբերակել դրանց հիմքում ընկած համընդհանուր քերականության կանոնները[40][41]։

Գործառական քերականություն

խմբագրել

Լեզվի գործառական տեսությունները ենթադրում են, որ եթե լեզուն հաղորդակցման համար գործիք է, ուրեմն խելամիտ կլինի դրա կառուցվածքներն ուսումնասիրել՝ հիմնվելով դրանց գործառույթների վրա։ Քերականության գործառական տեսությունները տարբերվում են ձևական տեսություններից նրանով, որ վերջիններս փնտրում են եղանակներ՝ սահմանելու և նկարագրելու համար լեզվի տարբեր միավորները, և թե դրանք, որպես ձևական կանոնների համակարգեր, ինչպես են կապված միմյանց հետ, այնինչ քերականության գործառական տեսությունները սահմանում են լեզվի գործառույթները, այնուհետև կապում են դրանք լեզվական այն միավորների հետ, որոնք կատարում են այդ գործառույթները։ Այլ կերպ ասած՝ քերականության գործառական տեսությունները շեշտը դնում են նրա վրա, թե ինչպես են լեզուները գործածվում, այլ ոչ թե լեզվական մաիվորների միջև ձևական հարաբերությունների վրա[42]։ Գործառական տեսությունները լեզուն նկարագրում են՝ հիմվելով լեզվի տարբեր մակարդակներում գոյություն ունեցող գործառույթների վրա.

  • Հնչույթաբանական գործառույթ. հնչույթի գործառույթն է բառերը տարբերակելն է;
  • Իմաստաբանական գործառույթ. (գործողությունը կատարող, հասցեատեր ևն) նկարագրում է գործողությունը կատարողների դերը;
  • Շարահյուսական գործառույթներ. (օրինակ՝ ենթակա, ստորոգյալ), սահմանում է լեզվական արտահայտության ներկայացման տարբեր տեսանկյունները;
  • Գործաբանական գործառույթներ (թեմա և ռեմա, ստորոգյալ), սահմանում է բաղադրիչների տեղեկատվական կարգավիճակը, որը որոշվում է բառային փոխազդեցության գործաբանական կոնտեքստով։

Ճանաչողական լեզվաբանություն

խմբագրել

1970–1980-ական թվականներին առաջացավ ճանաչողական լեզվաբանությունը՝ ի հակադրություն սերող քերականության։ Դրա հիմնադիրները տեսաբաններ Ռոնալդ Լանգակերը և Ջորջ Լակոֆֆն են։ Ճանաչողական լեզվաբանությունը ենթադրում է, որ լեզուն հասարակ նպատակային ճանաչողական գործընթացներից բխող հատկանիշ է։ Հակառակ լեզվաբանության սերողական ուսմունքի՝ ճանաչողական լեզվաբանությունը ոչ-մոդուլային է և գործառական։ Ճանաչողական լեզվաբանության մեջ կարևոր զարգացումներ են ճանաչողական քերականությունը, կառուցվածքային իմաստաբանությունը և կոնցեպտուալ փոխաբերությունը, որոնք բոլորը հիմնված են այն գաղափարի վրա, որ մարմնավորված իմացությանյունից ստացված արտահայտությունների վրա հիմնված ձև-գործառույթ համապատասխանությունները փոխարինում են լեզվի հիմնական տարրերին։

Ճանաչողական լեզվաբանությունը լեզուն մեկնաբանում է գաղափարների միջոցով (երբեմն համընդհանուր և երբեմն առանձին լեզվին հատուկ), որոնք ընկած են դրա ձևի հիմքում։ Այսպիսով, այն սերտ կապված է իմաստաբանության հետ, սակայն տարբերվում է հոգելեզվաբանությունից, որը գործածում է ճանաչողական լեզվաբանության էմպիրիկ բացահայտումները՝ բացատրելու համար բանավոր և գրավոր խոսքի ընկալման, ձեռքբերման, պահպանման և արտաբերման հիմքում ընկած գործառույթները։ Ի տարբերություն սերողական տեսության՝ ճանաչողական լեզվաբանությունը հերքում է այն փաստը, որ մտքում առկա է ինչ-որ անկախ լեզվական ընդունակություն։ Այն ըմբռնում է քերականությունը գաղափարակազմության տեսանկյունից և պնդում է, որ լեզվական գիտելիքներն առաջանում են լեզվի գործածության շնորհիվ[43]։ Այս համոզման արդյունքում ճանաչողական լեզվաբանությունը երբեմն համարվում է գործառական մոտեցում, սակայն այն տարբերվում է գործառական այլ մոտեցումներից նրանով, որ այն զբաղվում է այն հարցով, թե ինչպես է միտքը լեզվի միջոցով ստեղծում իմաստ, այլ ոչ թե լեզվի գործածությամբ՝ որպես հաղորդակցման միջոց։

Հետազոտության ոլորտ

խմբագրել

Պատմական լեզվաբանություն

խմբագրել

Պատմական լեզվաբանությունն ուսումնասիրում է առանձին լեզուների պատմությունը, ինչպես նաև լեզվի փոփոխության ընդհանուր հատկանիշները։ Լեզվի փոփոխության և զարգացման ուսումնասիրությունը նաև կոչվում է «տարժամանակյա լեզվաբանություն» (որևէ առանձին լեզվի զարգացման և փոփոխման ուսումնասիրությունը), որը տարբերվում է «համաժամանակյա լեզվաբանությունից» (երկու և ավելի լեզուների համեմատական ուսումնասիրությունը տվյալ ժամանակահատվածում)։ 19-րդ դարում պատմական լեզվաբանությունը լեզվաբանության առաջին և ամեզարգացած ենթաճյուղերից էր։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին պատմական լեզվաբանությունից անցում կատարվեց համաժամանակյա լեզվաբանությանը։ Այդ ժամանակ հայտնի են Սոսյուրի և Նոամ Չոմսկու աշխատությունները։

Էկոլեզվաբանություն

խմբագրել

Էկոլեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի դերը մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի կյանքի պահպանման գործընթացներում։ Հիմնական նպատակն է զարգացնել լեզվաբանական տեսություններ, որոնք դիտարկում են մարդկանց ոչ միայն որպես հասարակության, այլ նաև ավելի մեծ էկոհամակարգերի մաս, որոնց վրա հիմնված է կյանքը։ Էկոլեզվաբանության երկրորդ նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող է լեզվաբանությունն ազդել էկոլոգիական խնդիրների, ինչպես օրինակ կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության նվազման վրա[44]։

Հանրալեզվաբանություն

խմբագրել

Հանրալեզվաբանությունը ուսումնասիրում է լեզուն ձևավարող հասարակական երևույթները։ Լեզվաբանության այս ճյուղը կենտրոնանում է լեզվաբանության միաժամանակյա մոտեցման վրա, և ուսումնասիրում է լեզվի կամ լեզուների տարբերակների դրսևորումը տվյալ ժամանակահատվածում։ Լեզվի շեղումների և տարբերակների՝ բարբառների, լեզվական մակարդակների և հատկալեզուների ուսումնասիրությունը կատարվում է ոճի ուսումնասիրության և դիսկուրսի վերլուծության միջոցով։ Հանրալեզվաբանները հետազոտում են լեզվի ոճերը և դիսկուրսը, ինչպես նաև տեսական գործոնները, որոնք կան լեզվի և հասարակության միջև։

Զարգացումային լեզվաբանություն

խմբագրել

Զարգացումային լեզվաբանությունը ուսումնասիրում է անհատների լեզվական կարողությունների զարգացումը, մասնավորապես մանկության տարիներին լեզվի ձեռքբերման գործընթացը։ Զարգացումային լեզվաբանության հիմնախնդիրներից են, թե երեխաները ինչպես են սովորում տարբեր լեզուներ, թե ինչպես են մեծահասակները սովորում օտար լեզու, և թե ինչ է լեզվի ձեռքբերման գործընթացը իրենից ներկայացնում։

Նյարդալեզվաբանություն

խմբագրել

Նյարդալեզվաբանությունը ուսումնասիրում է մարդու ուղեղի այն կառուցվածքները, որոնք ընկած են լեզուների քերականության և, առհասարակ, հաղորդակցության հիմքում։ Նյարդալեզվաբանության մեջ ներգրավված են տարբեր ոլորտների մասնագետներ։ Այստեղ ինֆորմացիայի մեծ մասը ստացվում է հոգելեզվաբանության և տեսական լեզվաբանության ոլորտներում կատարված աշխատանքներից։ Նյարդալեզվաբանությունն ուսումնասիրում է, թե ինչպես է ուղեղը իրականացնում գործընթացներ, որոնք անհրաժեշտ են լեզուն արտաբերելու և հասկանալու համար։ Նյարդալեզվաբանները ուսումնասիրում են ֆիզիոլոգիական մեխանիզմները, որոնց միջոցով ուղեղը մշակում է լեզվական ինֆորմացիան, և գնահատում են լեզվաբանական և հոգելեզվաբանական տեսությունները՝ կիրառելով աֆազիոլոգիա, նեյրովիզուալիզացիա, Էլեկտրոֆիզիոլոգիա և համակարգչային մոդելավորում։ Նյարդալեզվաբանության ուսումնասիրած ուղեղի կառուցվածքներից լեզվի արտաբերման գործընթացում կարևոր դեր ունի ուղեղիկը[45]։

Կիրառական լեզվաբանություն

խմբագրել

Լեզվաբաններին ընդհանուր առմամբ հետաքրքրում են ընդհանրությունները և շեղումները ինչպես առանձին լեզուների ներսում, այնպես էլ տարբեր լեզուների միջև։ Կիրառական լեզվաբանությունը վերցնում է այս հետազոտությունների արդյունքները և «կիրառում է դրանք այլ ոլորտներում»։ Լեզվաբանական հետազոտությունները կիրառվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լեզվական կրթությունը, բառարանագրությունը, թարգմանությունը, լեզվի պլանավորումը։ «Կիրառական լեզվաբանություն» տերմինը երբեմն սխալ է համարվում[46]։ Կիրառական լեզվաբանները իրականում փորձում են հասկանալի դարձնել և նախագծել լուծումներ լեզվաբանական խնդիրների համար։ Ավելին, նրանք հիմնականում կիրառում են տարբեր ոլորտներից, օրինակ հասարակագիտությունից և մարդաբանությունից ստացված գիտելիքները։

Ներկայումս, կիրառական լեզվաբանության շատ ոլորտներում օգտագործվում են համակարգիչներ։ Խոսքի սինթեզի և խոսքի ճանաչման գործընթացում գործածվում են հնչյունային և հնչույթային գիտելիքները՝ համակարգիչներին ձայնային միջերեսով ապահովելու համար։ Կիրառական լեզվաբանության առաջատար ոլորտներից են մաթեմատիկական լեզվաբանությունը՝ մեքենայական և համակարգչային թարգմանության և բնական լեզվի մշակման մեջ։ Այս ոլորտները ազդեցություն են ունեցել շարահյուսության և իմաստաբանության տեսությունների վրա։

Լեզվական վերլուծությունը կիրառական լեզվաբանության ենթաճյուղ է, որը օգտագործվում է պարզելու համար ապաստարան փնտրող մարդկանց ազգությունը, եթե վերջիններս չունեն համապատասխան փաստաթղթեր[47]։ Սա հիմնականում իրականացվում է ներգաղթի նախարարությունում որևէ լինգվա ֆրանկայի կամ էլ թարգմանիչի միջոցով հարցազրույցի տեսքով։ Հարցազրույցի ձայնագրությունները այնուհետև ենթարկվում են լեզվական վերլուծության, որի արդյունքում խոսողի լեզվական հատկանիշների միջոցով պարզվում է նրա ազգությունը։

Միջճյուղային ոլորտներ

խմբագրել

Լեզվաբանության լայն գիտաճյուղի մեջ առկա են բազմաթիվ փոխկապակցված ենթաճյուղեր, որոնք կենտրոնանում են լեզվի ավելի մանրակրկիտ նկարագրության վրա։

Նշանագիտություն

խմբագրել

Նշանագիտությունը ուսումնասիրում է նշանային գործընթացները, առանձին նշանները և նշանային համակարգերը՝ ներառյալ նշանակության ձևավորման և ըմբռնման գործընթացները։ Լեզվաբանության հետ առնչություն ունեցող նշանագիտական ենթաճյուղեր են գրաքննադատությունը, դիսկուրս-անալիզը, տեքստի լեզվաբանությունը և լեզվի փիլիսոփայությունը։ Նշանագիտությունը, լեզվաբանական հարացույցի մեջ, լեզվի և մշակույթի միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունն է։ Պատմականորեն, մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը նշանների ուսումնասիրության վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդուարդ Սապիրի և Ֆերդինանդ դը Սոսյուրի կառուցվածքային տեսությունները, սակայն հետագայում այս ոլորտի վրա ազդեցություն են ունեցել նաև Ժակ Դերիդայի, Միխայիլ Բախտինի, Միշել Ֆուկոյի և այլոց հետ-մոդեռն և հետ-կառուցվածքային աշխատանքները[48]։ Այս տեսությունները շեշտում են լեզվական շեղումների դերը և դրանց սուբյեկտիվ գործածումը՝ կախված հասարակական և մշակութային գործոններից։

Փաստագրական լեզվաբանություն

խմբագրել

Լեզվաբանության սկզբնավորումից ի վեր լեզվաբանները շահագրգռված են եղել այն լեզուների նկարագրությամբ և վերլուծությամբ, որոնք նախկինում չեն փաստագրվել։ 1900–ականների սկզբին սրանով սկսեցին զբաղվել բազմաթիվ լեզվաբաններ, այդ թվում Ֆրանց Բոասը։ Լեզվաբանության այս ճյուղի կտրուկ զարգացումը որոշ չափով կարելի է բացատրել այդ ժամանակաշրջանում շատ լեզուների և ժողովուրդների անհետացումով։ Լեզվի նկարագրության այս մոտեցուման շնորհիվ զարգացան հանրալեզվաբանությունը, մարդաբանական լեզվաբանությունը և լեզվաբանական մարդաբանությունը, որոնք ուսումնասիրում են լեզվի, մշակույթի և հասարակության միջև կապերը։

Փաստագրական լեզվաբանությունը շեշտը դնում է արագ անհետացող լեզուների փաստագրման վրա։ Լեզվի նկարագրությունը շատ ջանքեր է պահանջում և ժամանակատար է։ Լեզուն փաստագրելու համար անհրաժեշտ է հավաքագրել տվյալ լեզվի մասին բավականաչափ տվյալներ, այդ լեզվով տեքստեր և ձայնագրություններ, որոնք հետագայում օգտագործվում են հետազոտություններ կատարելու նպատակով[49]։

Թարգմանություն

խմբագրել

Թարգմանության ենթաճյուղն ընդգրկում է գրավոր և բանավոր տեքստերի թվային, տպագրած և բանավոր թարգմանությունները։ Բառացիորեն թարգմանել նշանակում է իմաստը մի լեզվից մյուսը փոխարկել։ Թարգմանիչները կարող են աշխատանքի անցնել տարբեր կազմակերպություններում՝ տուր-գործակալություններում, դեսպանատներում և այլն։ Նրանք ապահովում են հաղորդակցում երկու և ավելի կողմերի միջև, ովքեր չեն տիրապետում միմյանց լեզուներին։ Թարգմանիչները աշխատում են նաև համակարգչային լեզվաբանության ոլորտում։ Թարգմանություն կատարվում է նաև հրատարակչություններում, որտեղ թարգմանվում են գրականության տարբեր գործեր՝ դրանք ավելի մեծ լսարանի հասանելի դարձնելու համար։ Ակադեմիական թարգմանիչներն այն մարդիկ են, ովքեր թարգմանության հետ մեկտեղ մասնագիտանում են նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են օրինակ՝ իրավաբանություն, տնտեսագիտություն, տեխնիկական գիտություններ են։

Կենսալեզվաբանություն

խմբագրել

Կենսալեզվաբանությունն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական հատկանիշները և դրա զարգացումը։ Այն միջճյուղային ոլորտ է և ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ լեզվաբանություն, կենսաբանություն, նյարդաբանություն, հոգեբանություն, մաթեմատիկա և այլն։

Կլինիկական լեզվաբանություն

խմբագրել

Կլինիկական լեզվաբանությունը լեզվաբանական տեսությունների կիրառումն է լոգոպեդիայի ոլորտում։ Ախտաբաններն աշխատում են շտկել հաղորդակցային և լեզվական խանգարումները[50]։

Զարգացումային լեզվաբանություն

խմբագրել

Զարգացումային լեզվաբանությունը ուսումնասրում է մարդու զարգացման պատմության մեջ լեզվական ունակության առաջացումը, ինչպես նաև տարբեր լեզուների մեջ մշակութային զարգացումը։ Այն նաև ուսումնասիրում է հնագույն համայնքների տեղաշարժման հետևանքով ամբողջ աշխարհում լեզուների տարածումը[51]։

Դատա-փորձագիտական լեզվաբանություն

խմբագրել

Դատա-փորձագիտական լեզվաբանությունը լեզվաբանական վերլուծության կիրառումն է դատական փորձագիտության ոլորտում։ Դատական վերլուծությունը հետազոտում է իրավական համատեքստում կիրառվող ոճը, լեզուն, բառապաշարը և լեզվաբանական և քերականական այլ ��ատկանիշներ՝ դատարանում վկայություն տալու համար։

Լեզվաբանության նպատակ

խմբագրել

Լեզվաբանության նպատակն է լուսաբանել մարդկային լեզվի ծագման գործընթացը, գտնել լեզվի զարգացման ներքին օրենքները, ցույց տալ նրա տեղն ու դերը հասարակական կյանքում և տալ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր լեզվի ու լեզվական երեևույթի հետազոտության բնագավառում[52]։

Լեզվաբանությունը՝ որպես հասարակական գիտություն

խմբագրել

Լեզուն հասարակական երևույթ է, ուստի լեզվաբանությունը հասարակական գիտություն է։ Լեզվաբանությունը, ըստ այս տեսակետի դառնում է էմպիրիկ, փաստագրական գիտություն. նրա ուսումնասիրման առարկան այսպիսով դառնում է լեզուների ձևը, մինչդեռ այդ ձևերն առանց բովանդակության ոչինչ չեն ասում մեզ։ Միայն լեզվի ձևի ու բովանդակության միասնական ուսումնասիրությունը կարող է լինել իսկական գիտություն։ Սրան հետևում է, որ լեզվաբանությունը չի կարող առանց լեզվի փիլիսոփայության։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է կատարվի և՛ կոնկրետ նյութի քննությամբ ու հետազոտությամբ, և՛ դրա փիլիսոփայական մեկնաբանությամբ։

Լեզվաբանությունը՝ որպես պատմական գիտություն

խմբագրել

Եթե լեզվաբանությունը ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է։ Լեզուն քարացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է։ Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրամասներով ու բազմազնությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Է. Բ. Աղայան, Լեզվաբանության ներածություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Crystal, David (1990). Linguistics. Penguin Books. ISBN 9780140135312.
  2. Halliday, Michael A.K.; Jonathan Webster (2006). On Language and Linguistics. Continuum International Publishing Group. էջ vii. ISBN 0-8264-8824-2.
  3. Martinet, André (1960). Elements of General Linguistics. Studies in General Linguistics, vol. i. Translated by Elisabeth Palmer Rubbert. London: Faber. էջ 15.
  4. Rens Bod (2014). A New History of the Humanities: The Search for Principles and Patterns from Antiquity to the Present. Oxford University Press. ISBN 0199665214.
  5. Sanskrit Literature The Imperial Gazetteer of India, v. 2 (1909), p. 263.
  6. S.C. Vasu (Tr.) (1996). The Ashtadhyayi of Panini (2 Vols.). Vedic Books. ISBN 9788120804098.
  7. Jakobson, Roman (1937). Six Lectures on Sound and Meaning. MIT Press, Cambridge, Massachusetts. ISBN 0262600102.
  8. Sharada Narayanan (2010). Vakyapadiya: Sphota, Jati, and Dravya.
  9. Chierchia, Gennaro; Sally McConnell-Ginet (2000). Meaning and Grammar: An Introduction to Semantics. MIT Press, Cambridge, Massachusetts. ISBN 9780262531641. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  10. All references in this article to the study of sound should be taken to include the manual and non-manual signs used in sign languages.
  11. Adrian Akmajian; Richard A. Demers; Ann K. Farmer; Robert M. Harnish (2010). Linguistics (6th ed.). The MIT Press. ISBN 0-262-51370-6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  12. Syntax: A Generative Introduction (Second Edition), 2013. Andrew Carnie. Blackwell Publishing.
  13. de Saussure, F. (1986). Course in general linguistics (3rd ed.). (R. Harris, Trans.). Chicago: Open Court Publishing Company. (Original work published 1972). p. 9-10, 15.
  14. Chomsky, Noam. (1965). Aspects of the Theory of Syntax. Cambridge, MA: MIT Press.
  15. Raymond Mougeon; Terry Nadasdi (1998). Sociolinguistic Discontinuity in Minority Language Communities. Linguistic Society of America. էջեր 40–55. JSTOR 417564. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  16. «"Stylistics" by Joybrato Mukherjee. Chapter 49. Encyclopedia of Linguistics» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  17. Writing and Difference by Jacques Derrida, 1967, and Of Grammatology
  18. Chapter 1, section 1.1 in Elmer H. Antonsen (2002). Trends in Linguistics: Runes and Germanic Linguistics (6th ed.). Mouton de Gruyter. ISBN 3-11-017462-6.
  19. «Mobile Menu». benjamins.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  20. Online Etymological Dictionary Definition of Philology
  21. Nichols, Stephen G. (1990). «Introduction: Philology in a Manuscript Culture». Speculum. 65 (1): 1–10. doi:10.2307/2864468. ISSN 0038-7134. JSTOR 2864468.
  22. McMahon, A. M. S. (1994). Understanding Language Change. Cambridge University Press. էջ 19. ISBN 0-521-44665-1.
  23. McMahon, A. M. S. (1994). Understanding Language Change. Cambridge University Press. էջ 9. ISBN 0-521-44665-1.
  24. A. Morpurgo Davies Hist. Linguistics (1998) 4 I. 22.
  25. Online Etymological Dictionary of Philology
  26. Online Etymological Dictionary Definition of Linguist
  27. «Linguist». The American Heritage Dictionary of the English Language. Houghton Mifflin Harcourt. 2000. ISBN 978-0-395-82517-4.
  28. Oxford English dictionary.
  29. Trudgill, P. (1994). Dialects. Ebooks Online Routledge. Florence, KY.
  30. Helen Leckie-Tarry, Language and Context: a Functional Linguistic Theory of Register, Continuum International Publishing Group, 1995, p. 6. 1-85567-272-3
  31. IA Richards (1965). The Philosophy of Rhetoric. Oxford University Press (New York).
  32. Isac, Daniela; Charles Reiss (2013). I-language: An Introduction to Linguistics as Cognitive Science, 2nd edition. Oxford University Press. ISBN 978-0199660179. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  33. Seuren, Pieter A. M. (1998). Western linguistics: An historical introduction. Wiley-blackwell. էջեր 2–24. ISBN 0-631-20891-7.
  34. Bloomfield 1983, էջ. 308.
  35. Bloomfield 1983, էջ. 310.
  36. Bloomfield 1983, էջ. 311.
  37. Clarke, David S. (1990). Sources of Semiotic: Readings with Commentary from Antiquity to the Present. Carbondale: Southern Illinois University Press. էջեր 143–144. ISBN 9780809316144.
  38. Holquist 1981, էջեր. xvii–xviii.Կաղապար:Citation not found
  39. de Saussure, Ferdinand (1966). Course in General Linguistics. New York: McGraw Hill. ISBN 0-8022-1493-2.
  40. Chomsky, Noam (1956). «Three Models for the Description of Language». IRE Transactions on Information Theory. 2 (2): 113 123. doi:10.1109/TIT.1956.1056813.
  41. Chomsky, Noam (1957). Syntactic Structures. The Hague: Mouton.
  42. Nichols, Johanna (1984). «Functional Theories of Grammar». Annual Review of Anthropology. 13: 97–117. doi:10.1146/annurev.an.13.100184.000525. «[Functional grammar] analyzes grammatical structure, as do formal and structural grammar; but it also analyses the entire communicative situation: the purpose of the speech event, its participants, its discourse context. Functionalists maintain that the communicative situation motivates, constrains, explains, or otherwise determines grammatical structure, and that a structural or formal approach is not merely limited to an artificially restricted data base, but is inadequate as a structural account. Functional grammar, then, differs from formulae and structural grammar in that it purports not to model but to explain; and the explanation is grounded in the communicative situation.»
  43. Croft, William; D. Alan Cruse (2004). Cognitive Linguistics. Cambridge: Cambridge University Press. էջ 1. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  44. «Ecolinguistics Association».
  45. Mariën, Peter; Manto, Mario (2017 թ․ հոկտեմբերի 25). «Cerebellum as a Master-Piece for Linguistic Predictability». Cerebellum (London, England). doi:10.1007/s12311-017-0894-1. ISSN 1473-4230. PMID 29071518.
  46. Barbara Seidlhofer (2003). Controversies in Applied Linguistics (pp. 288). Oxford University Press. ISBN 0194374440.
  47. Eades, Diana (2005). «Applied Linguistics and Language Analysis in Asylum Seeker Cases» (PDF). Applied Linguistics. 26 (4): 503–526. doi:10.1093/applin/ami021. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  48. Miller, Paul Allen (1998). «The Classical Roots of Post-Structuralism: Lacan, Derrida and Foucault». International Journal of the Classical Tradition. Springer. 5 (2): 204–225. doi:10.1007/bf02688423. JSTOR 30222818.
  49. Himmelman, Nikolaus "Language documentation: What is it and what is it good for?" in P. Gippert, Jost, Nikolaus P Himmelmann & Ulrike Mosel. (2006) Essentials of Language documentation. Mouton de Gruyter, Berlin & New York.
  50. Chaika, Elaine Ostrach. 1990. Understanding Psychotic Speech: Between Freud and Chomsky. Chas. Thomas Publishers.
  51. Croft, William (2008 թ․ հոկտեմբեր). «Evolutionary Linguistics». Annual Review of Anthropology. Annual Reviews. 37: 219–234. doi:10.1146/annurev.anthro.37.081407.085156.
  52. Է.Բ.Աղայան, Լեզվաբանության ներածություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 514