Վան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Վան | ||
թուրքերեն՝ Van | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Վանի էյալեթ, Վանի վիլայեթ և Վանի մարզ | |
Քաղաքապետ | Բեկիր Կայա | |
Հիմնադրված է | Մ․թ․ա․ 5000 թ. | |
Այլ անվանումներ | Օսմանյան թուրք։ فان | |
Մակերես | 3.385 կմ² | |
ԲԾՄ | 1.727 մ | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 1.070.113 մարդ (2013) | |
Խտություն | 240 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Թուրքեր, Քրդեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 432 | |
Փոստային դասիչ | 65000 | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
Վան | ||
Պաշտոնական կայք | van.gov.tr (թուրքերեն) | |
| ||
Վան (թուրքերեն՝ Van, քրդ.՝ Wan), նախկին հայկական քաղաք, ներկայում քրդաբնակ քաղաք Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում՝ Վանա լճի արևելյան ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թվականը։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։
Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիսարևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղաձիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ։ Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը։
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես։ Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը։ Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես՝ ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել)։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան անվանումը սեպագիր արձանագրություններում հիշատակված Բիաինիլի երկրանվան հնչյունափոխված ձևն է։ Քաղաքը հիշատակվում է նաև՝ Վանատոսպ կամ Վան Տոսպա, Քաղաքն Շամիրամա, Շամիրամաշեն կամ Շամիրամակերտ, Երվանդավան, Քաղաքն ամարատանի կամ Ամուրն ավան անվանումներով։
Հոգևոր կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը։ XX դարի սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս. Տիրամայր, Ս. Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները։ Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր։ Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը։ Այստեղ 19-20-րդ դարերում լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թվականից), «Հայացք», «Հորձանք», «Ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը։ Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր։
Վանի 1915 թվականի հերոսամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնապաշտպանական կռիվները Վանում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին։ Թուրքերի 10-12 հազարանոց բանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վանում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր։ Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված։ Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, քաղաքում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլ��մեզյանը (հետագայում հայտնի նկարիչ)։ Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր։ Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը։ Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը։ Դժվարությունն այն էր, որ Վանում էին ապաստանել նաև շրջակա գյուղերի հազարավոր փախստականներ։ Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը։ Վանը այսպիսով դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության։ Տեղին էին Ա. Եկարյանի Վանի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը.
Եվ Վանի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ։ Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Հերոսական կռիվներում աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով։ Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վանը և քաղաքի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը։ Սակայն ռուսների հետ, նահանջեցին նաև վանեցիները։
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի նահանգի հայության համար։ 1915-1918 թվականներին սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով։ 1915-1918 թվականներին տասնյակ հազարավոր հայեր, ստիպված թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ ավերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը։ Վանը վերածվեց համատարած գերեզմանի։ Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում։ Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թվականներ), 1916 թվականին այցելելով Վան, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վանը նմանեցնում է մի մեծ գերեզմանի։ Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վանը այսօր ունի շուրջ 50 000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի 1915 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված Հայաստանում Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ քաղաքից հյուսիս-արևմուտք) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի հեղինակն է Ջիմ Թորոսյանը։ Թեև Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դառնան։ Հուշարձանի Ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից։ 1827-1829 թվականներին Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա։ Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թվական), Օ. Ռասսամը (1877 թվական) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ։ Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում։ Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են մթա) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը։ Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Ն. Մառի և Հ. Օրբելու 1916 թվականին քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով։ 1916 թվականից հետո մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը։
Հայտնի վանեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝
- Գևորգ Արծրունի (1771-1830), մշակութային գործիչ
- Երեմիա Արծրունի (1804-1877), ռուսական բանակի գնդապետ
- Հովհան Միրզայան Վանանդեցի (1772-1840), բանաստեղծ
- Մկրտիչ Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), Հայոց կաթողիկոս
- Տիգրան Ամիրխանյան (1835-1897), թատերագետ, մանկավարժ
- Գարեգին Սրվանձտյան (1840-1892), ազգագրագետ
- Արսեն Թոխմախյան (1843-1892), հեղափոխական, հասարակական գործիչ և գրող
- Խաչատուր Սուրենյան (1848-1896), մանկավարժ, բանաստեղծ
- Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան, 1864-1896), ազատագրական շարժման գործիչ
- Փանոս Թերլեմեզյան (1865-1941), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
- Վրթանես Փափազյան (1866-1920), գրող
- Արմենակ Եկարյան (1870-1925), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ
- Վրթանես Ախիկյան (1872-1936), նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Ավետիս Թերզիբաշյան (1873–1950), կուսակցական գործիչ, գրող
- Հովհաննես Հակոբյան (1876-1937), պատմաբան, պրոֆեսոր
- Հայկ Բադիկյան (1876–1950), հայազգի ամերիկյան քանդակագործ
- Վ. Նալբանդյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
- Արտակ Դարբինյան (1878-1950), հրապարակախոս, հասարակական գործիչ
- Տիգրան Նալբանդյան (1878– 1954), երգիչ
- Հովհաննես Ալխազյան (1881-1958), Փարիզի գեղարվեստների ազգային ընկերության, նկարչության և քանդակագործության միջազգային ընկերությունների անդամ
- Ե. Մովսիսյանը (1876-1950), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Արամ Թորոսյան (1884–1941), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ
- Լեռ Կամսար (Արամ Թովմասյան, 1888-1965), գրող, երգիծաբան
- Հրանտ Գալիկյան (1889-1938), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆեսոր
- Տիգրան Ջրբաշյան (1889–1937), մանկավարժ, երկրաբան, պրոֆեսոր
- Ղևոնդ Փիրղալեմյան (1830-1891), գրող, բանասեր
- Ազատ Վշտունին (1894-1958), բանաստեղծ,
- Կարո Զաքարյան (1895-1967), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Ծերուն Թորգոմյան (Դեղտրիկյան, 1896–1986), գրող
- Սյուզան Գարազաշը (1897-1944), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Վահրամ Թերզիբաշյան (1898-1964), գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր
- Մանվել Մարության (1901), իրանահայ գրող, դերասան
- Աղասի Խանջյան (1901-1936), կուսակցական, պետական գործիչ
- Վարազդատ Հարությունյան (1909-2008), ճարտարապետ, պրոֆեսոր
- Լևոն Արիսյան (1903-1938), ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար
- Գուրգեն Մահարի (1903-1969), գրող
- Վահրամ Ալազան (Գաբուզյան, 1903–1966), գրող
- Նորայր Դաբաղյան (1904-1955), գրականագետ, պրոֆեսոր
- Լեմվել Մարության (1904-1968), թարգմանիչ
- Վարդան Աճեմյան (1905-1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատերագետ, ռեժիսոր
- Նեմրութը Բաղդասարյան (1905-1988), անվանի լուսանկարիչ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ
- Մինաս Հյուսյան (1904-1994), գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր
- Լյուսի Թարգյուլ (Թարգյուլյան, 1905-1955), գրող
- Գարեգին Ասլանյան (1906-1985), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր
- Աղասի Դարբինյան (1906-1987), ֆրանսահայ հասարակական գործիչ
- Մանվել Մանվելյան (1913-1985) ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
- Մկրտիչ Ատյան (1907-1983), ՀՀ ԳԱ թղթակից անդամ, գրականագետ
- Վարդան Ավետիսյան (1911-1975), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
- Վալենտինա Աճեմյան (1913-1991), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
- Պավլինե Բուռնազյան, ՀԽՍՀ վաստակավոր դերասան, պարարվեստի վաստակավոր ուսուցիչ
Վանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանեցիների մեջ տարածված էր հետևյալ ասացվածքը.
Վանը այս աշխարհում է, դրախտը՝ այն։ |
իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է.
Դժբախտություն պիտի լիներ առանց Վանը տեսնելու մեռնելս։ |
Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի խոսքերը.
Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան» հոդվածին։ |
|
|
|