Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան[5].
Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը
Երևանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ
1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչև նրա անդրանիկ կառավարության ձևավորումն ընկած ժամանակահատվածը
Վանի հայկական նահանգապետության 72-օրյա գոյության ընթացքը ինչպես նաև Ռուսական կայսրության նախկին Երևանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վարչական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ և բնույթ էր կրում[5]։
Առաջին փուլ. Գործունեությունն Արևմտյան Հայաստանում
1910 թվականին Արամ Մանուկյանը կրկին վերադարձել է Վան` դառնալով Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Վասպուրականում նա ամեն ինչ էր՝ և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն։ Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականիի[6]Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է որպես Վանի նահանգապետ (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո)։ Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ՝ թե հակառակորդների, թե կողմնակիցների։ Հայ ժողովուրդը բուռն ոգևորություն էր ապրում, քանի որ անկախ պետականության կորստից դարեր անց (թեկուզ ռուսական զինվորական իշխանության ենթակայության ներքո), թեկուզ փոքր տարածքում, հայ ժողովուրդը որոշակի ինքնուրույնություն էր ստացել։
Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ «նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը ի դեմս Վանի կայազորի պետի, և որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրությունները»[7]։ Մանուկյանը` ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հեռագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո[8]։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաև նահանգապետի պաշտոնում նրա անդրանիկ ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձևավորվելիք «կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի և ամբողջ շրջանի մէջ»[9]։
Նորաստեղծ նահանգը շատ ծանր վիճակում էր. շրջափակում, ավերված տնտեսություն, ցեղասպանությունից մազապուրծ 10.000 գաղթականներ, պարենամթերքի սուր պակաս, համաճարակային հիվանդություններ և այլն։ Արամ Մանուկյանից մեծ ջանքեր էին պահանջվում հայկական շահերից բխող քաղաքականություն վարելու համար։ Նա ձեռնամուխ եղավ նահանգի իշխանության մարմինների ձևավորման, նահանգի հայության անվտանգության ապահովման, տնտեսության վերականգնման, սովի կանխման, օրինականության ապահովման և այլն անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ։ Նահանգի կառավարության ձևավորման ժամանակ նրա դրսևորած ապակուսակցական, անաչառ մոտեցման շնորհիվ կառավարության մեջ ընդգրկվեցին բոլոր կուսակցությունների նեկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ` հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը[10]։
Նահանգի հայության անվտանգությունը, նախ և առաջ քրդերից ապահովելը, առաջնային նշանակություն ուներ։ Այդ նպատակով շուրջ հազար մարդ ընդգրկվեց ինքնապաշտպանական խմբերում։ Քրդական վտանգի չեզոքացմանը մասնակցում էին նաև գավառների ոստիկանության ուժերը։ Ռուսական կառավարությունն ընդդիմանում էր դրան. ոչ միայն թույլ էր տալիս, որ քրդերը նահանգի տարածք վերադառնան, այլև հայությունից պահանջում էր չխոչնդոտել դրան, դեռ ավելին, նահանգապետից էլ պահանջում էր ապահովել նրանց անվտանգությունը[11]։ Հայության շահերից ելնելով` Արամ Մանուկյանը Ռուսական բանակի հրամանատարությանն ուղղած գրություններով հիմնավորում էր հայերի գործողությունների դրդապատճառները` մատնանշելով 1914 թվականի աշնանը և ձմռանը հայերի նկատմամբ քրդերի ոճրագործությունները և թուրքերի հետ համատեղ գործողությունները ռուսական զորքերի դեմ։ Նա գրում էր, որ քրդերին պետք է վերաբերել որպես ռազմագերիների, քանի որ նրանք սովորական հանցագործներ են և նրանց վերադարձով կխախտվի Վանի անդորրը. ջարդված և կողոպտված հազարավոր հայերի հարազատները չէին կարող անտարբեր մնալ իրենց թշնամիների հանդեպ։ Արամ Մանուկյանը հայ ժողովրդի շահերից ելնելով հանդգնել է ցարական միապետությանը զգուշացնելով մատնանշելով, որ քրդերի վերադարձի դեպքում ինքը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել Վանի շրջանում հանդարտության և օրինակարգի համար[12]։ Արամ Մանուկյանն այդ շրջանում նաև զենքի արտոնագրեր է տրամադրել այն հայերին, ովքեր քրդերից (նաև ռուս զինվորների ապօրինություններից) պաշտպանության կարիք էին զգում[5][13]։
Սովը կանխելու նպատակով Արամ Մանուկյանը ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքները վերսկսելու միջոցներ ձեռնարկեց, այլև հեռատեսություն ցուցաբերելով` օգնության խնդրանքներով դիմեց նահանգի ժողովրդին, Կովկասի և գաղութների հայությանը, ինչպես նաև առանձին գրությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե.-ի աջակցությունը խնդրեց[14]։
Ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից 1915 թվականին հուլիսի 11-ից ռուսական զորքերի սկսած նահանջի մասին տեղեկանալով Արամ Մանուկյանը հայրենիքն աղետից փրկելու նպատակով կազմակերպեց ժողովրդի ինքնապաշտպանության ծանր և պատասխանատու գործը։ Ապրիլյան հերոսամարտի ավելի քան 1000 մասնակիցների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց 17-45 տարեկան տղամարդկանց հավաքագրում, փորձեց զենք-զինամթերք ստանալ ռուսական հրամանատարությունից` թուրքերին դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Արամ Մանուկյանը Վանում հայ կամավորական ջոկատները կենտրոնացնելու համար ցանկանում էր Կովկասից խնդրել նաև, որ կամավորական նոր ջոկատների ուղարկելն արագանցնեն։ Սակայն հնարավոր չեղավ գաղթի կասեցումից խուսափել և նա կազմակերպեց Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան[15]։
Նահանգապետության շրջանում ձեռք բերած փորձը Արամ Մանուկյանը կիրառեց հետագայում` Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և ամրապնդման գործում։ 1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչև 1917 թվականի դեկտեմբեր ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին[5]։
Երկրորդ փուլ։ Գործունեությունն Արևելյան Հայաստանում
1916-1917 թվականներին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը։ Երևանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձևավորելու, 100 հազարավոր արևմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ա. Մանուկյանը որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանեց Երևան։
Այդպիսով սկսվեց Արամ Մանուկյանի` որպես պետական գործիչ լինելու երկրորդ փուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշակի հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրու��յունը կայունացնելու համար։ Նրա առաջարկությամբ ստեղծվեց Հատուկ կոմիտե` Երևանի նահանգի իշխանության նոր մարմին, որն օժտել է նրան լայն լիազորություններով։ Ապակուսակցական ոգու շնորհիվ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում նա ընտրվեց դիկտատոր[16]։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետևողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր Հայկական կորպուսի երկրորդ դիվիզիան։
Կարգուկանոնի հաստատման տեսակետից անչափ կարևոր էր թաթարական (ներկայումս` ադրբեջանցիներ) հակապետական խռովությունների ճնշումը։ 1918 թվականի սկզբին Արամի և Դրոյի գլխավորած վճռական և անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Արամն իր հեռատեսությամբ և պետական մտածողությամբ շարունակեց խռովարար տարրից, նաև այսպես կոչված մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականություն։ Այդպիսով լուծելով նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերը[5][17]։
Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գևորգի մահապատիժը։ Այդ որոշումը Ա. Մանուկյանը կայացրեց ավազակային հարձակումները դադարացնելու մասին բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու, և ապա իշխանության դեմ ըմբոստանալու համար[18][19]։
Հայրենիքի փրկության ճանապարհին գաղափարական-քաղաքական խոչընդոտների առաջ կանգ չէր առնում։ Թուրքերին դիմակայելու համար գնաց Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցելուն, չնայած իշխող բոլշևիկյան կուսակցությունը ՀՅԴ գաղափարական-քաղաքական հակառակորդն էր։ Արամի ջանքերով ընդունվեց հայ-բոլշևիկյան համագործակցության ծրագիր, ըստ որի Արևմտյան Հայաստանը լինելու էր անկախ, իսկ Արևելյան Հայաստանը ամբողջ Կովկասի հետ միասին հայ-բոլշևիկյան ուժերով խորհրդայնացվելու էր։
Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուրքական բանակը գրավեց Արևմտյան Հայաստանը ու մոտեցավ Արևելյան Հայաստանին։ Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք[20]
- Հայ ժողովրդին ուղղված Արամ Մանուկյանի կոչից
Թուրքական զորքերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երևանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, և ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երևանից նահանջելու մտքեր։ Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպեց Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը[21][22]։
Երրորդ փուլ։ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում
1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին ԹիֆլիսիՀայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձևավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երևան[23]։
Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երևանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)[24]։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր և զինվորական բաժնի վարիչը։
Արամն էր, որ փաստօրէն կառավարում էր երկիրը։ Իբրեւ լիազօր Ազգային Խորհրդի, նա կազմակերպել էր վարչութիւնները եւ սպասում էր նորընտիր կառավարութեան եւ Ազգային Խորհրդի Երեւան տեղափոխուելուն
- Ա. Բաբալէան, «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից», Գահիրէ, 1959, էջ 8։
Երևանի Վարչության բաժինների ղեկավարների ընտրության հարցում Մանուկյանը կրկին ապակուսակցական մոտեցում ցուցաբերեց։ Նրա գլխավորությամբ գործող Երևանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ռազմական, վարչական, ընկերային-տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Պետականաշինության գործում լրատվության կարևորությունը գիտակցելով` հունիսի 23-ին, այդ բարդ ժամանակաշրջանում որոշվեց հիմնել պետական թերթ` «Երևանի Ազգային խորհրդի լրատու»։
Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երևան։ Հուլիսի 20-ին Երևանի և Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին և պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրան «երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում»։ Սակայն «փաստօրէն կառավարութիւնը մնում էր Արամը...»[25]։
Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։
Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արամը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկրում և պետական» շինարարություն սկսել[26]։ Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ՀՑԴ-ն խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է ի վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։
1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արամի ներկայացրած «Մասնաւոր սեփականութիւն կազմող զէնքերի և զինամթերքների պետականացման մասին» օրենքը[27]։ Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանությունները, մաուզերիզմը։ Գյուղերում բնակիչների մի մասը խուսափում էր հարկերը վճարել[28]։ Արամ Մանուկյանն մասնավոր զենք-զինամթերք պետականացնելը հիմնավորում էր նրանով, որ եթե ժամանակին ժողովրդին զինելն անհրաժեշտություն էր և ինքնապաշտպանական նպատակ էր հետապնդում, ապա այժմ անձի անձեռնմխելիությունը, ունեցվածքի և այլ իրավունքների պաշտպանությունը պետական իշխանության պարտականությունն էր[5]։ Արամն ամեն կերպ ձգտում էր իր ենթակայության ներքո գտնվողներին զգաստացնել, գործի նկատմամբ պետական մոտեցում սերմանել նրանցում։
Արամ Մանուկյանը կարևորում էր երկրում գրագրությունը հայացնելը։ Նրա առաջարկությամբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշում ընդունեց, որ նոյեմբերի 1-ից հեռագրերը ռուսերենից բացի հայերեն լեզվով պետք է հաղորդվեն[29]։ Որբերին հատուկ ուշադրությամբ և հոգածությամբ էր վերաբերվում` ժողովրդին կոչ անելով օգնել որբերին և փոխադարձ ջանքերով փրկել նրանց։
Կան դէպքեր...երբ օրէնքն ու իրաւունքը գործադրելով` մենք յանցաւորներ կը դառնանք, մանաւանդ այնպիսի ծանր ու անբնական ժամանակներում, երբ դէպքերը տեղի են ունենում գահավէժ արագութեամբ եւ ստեղծում դրութիւններ, որոնք օրէնքը չէր կարող նախատեսել[30]
- Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդրություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում և մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական
հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի[5]։
Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչ էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով և 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համաժողովրդական սուգի վերածվեց։ Ներկա էր ամբողջ Երևանը. մարդիկ եկել էին մի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանին` իրատես ու շրջահայաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախնդիր վարք, համեստ կենցաղ և իր ժողովրդի
ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչին[5]։
Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։
...Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը...
Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։
Ասրյան Արմեն, Արամ Մանուկյան. կյանքը և գործը (ազատագրական շարժման և անկախ պետականության վերականգման ուղիներում), Երևան, 2005, 268 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2008, 3-րդ հրտ., Երևան, 2009, 267 էջ։
Արամ Մանուկյան (հոդվածների ժողովածու), Երևան, 2010։
Դրօշակ, օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 254)։
Ներքին գործերի նախարարներ:Կառլոս Ղազարյան (1990 թ. օգոստոս - 1991 թ. մարտ) • Աշոտ Մանուչարյան (1991 թ. մարտ - 1991 թ. դեկտեմբեր) • Վալերի Պողոսյան (1991 թ. դեկտեմբեր - 1992 թ. փետրվար) • Վանո Սիրադեղյան (1992 թ. փետրվար - 1996 թ. նոյեմբեր) Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:Սերժ Սարգսյան (1996 թ. նոյեմբեր - 1999 թ. հունիս) Ներքին գործերի նախարարներ:Սուրեն Աբրահամյան (1999 թ. հունիս - նոյեմբեր) • Հայկ Հարությունյան (1999 թ. նոյեմբեր - 2003 թ. հունվար) ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետեր:Հայկ Հարությունյան (2003 թ. հունվար - 2008 թ. հունիս) • Ալիկ Սարգսյան (2008 թ. հունիս - 2011 թ. նոյեմբեր) • Վլադիմիր Գասպարյան (2011 թ. նոյեմբեր - 2018 թ. մայիս) • Վալերիյ Օսիպյան (2018 թ. մայիս -)