Մանուկը (վեպ, Ժյուլ Վեռն)
Մանուկը ֆր.՝ P’tit-Bonhomme | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Թեմա | որբ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Իռլանդիա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կլադիուս Բոմբառնակ |
Հաջորդ | Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1893 |
OCLC | 12820930 |
Foundling Mick Վիքիպահեստում |
Մանուկը (ֆր.՝ P'tit-Bonhomme), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1891 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում, 1893 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1893 թվականին՝ երկու հատորով։ Առաջին հատորը լույս է տեսել հոկտեմբերի 20-ին, իսկ երկրորդ հատորը՝ նոյեմբերի 20-ին։ Հրատարակության նկարազարդումները կատարվել են Լեոն Բենետտի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսվում է 1875 թվականին Իռլանդիայում, Կոնախտ նահանգի Ուեստպորտ քաղաքում։ Թափառական տիկնիկագործ Տորնպայլը ներկայացումներ էր տալիս և այդպիսով գումար աշխատում։ Նրա տիկնիկները ղեկավարվում էին մի փոքրիկ արկղիկի միջից։ Ներկայացումներից մեկի ժամանակ հետաքրքրասերների ամբոխը ցանկանում է պարզել, թե ինչ կա արկղում և, այնտեղից տնքոց լսելով, բացում են արկղը և նրա մեջ գտնում փոքրիկ տղայի։ Դա Մանուկն էր։ Տորնպայլը վտարվում է քաղաքից։
Մանուկը մոտ երեք տարեկան փոքրիկ տղա է, որը չգիտի, նույնիսկ, իր սեփական անունը։ Նրա մայրը թողել էր նրան Դոնեգալի գիշերօթիկ դպրոցում։ Այնտեղ նա ծանոթանում է Սիսիի հետ, որից ստանում է ընտանեկան ջերմություն։ Սիսին մի քանի տարով մեծ է նրանից։ Սակայն Սիսին և Մանուկը՝ միջոցների խնայողության պատճառով, գիշերօթիկ դպրոցի կողմից, ուղարկվում են խնամակալուհու մոտ, որտեղից նա փախչում է։ Այսպես նա հայտնվում է Տորնպայլի մոտ։
Տորնպայլի բացահայտումից հետո Մանուկը հայտնվում է Գալուեյի «Ցնցոտիների դպրոցում»։ Սակայն այստեղ, ևս, կյանքը հեշտ չէր։ Նրանք ստիպված են լինում զբաղվել մուրացկանությամբ և դիմանալ տնօրեն Օ՛Բոդկինին։ Այստեղ Մանուկը հանդիպում է տասնվեցամյա Գրիպին, որի հետ մտերմանում է։ Սակայն, շուտով, դպրոցում հրդեհ է բռնկվում և երեխաները նորից հայտնվում են փողոցում։
Հրդեհից նրան փրկում է հայտնի դերասանուհի Աննա Վեստոնը։ Մանուկը դառնում է դերասանուհու «տիկնիկը»։ Նա չունի ապրուստի նկատմամբ պահանջներ, սակայն կորցրել է կապը իր ընկերոջ՝ Գրիպի, հետ։ Նա խաղում է Վեստոնի ներկայացումներում՝ աղքատ երեխայի դերում։
Շուտով Մանուկը լքում է Աննա Վեստոնին ու թատրոնը և հայտնվում է փողոցում՝ գտնելու իր կորցրած ազատությունը։ Փողոցում նրան գտնում է ագարակատեր Մարտին Մակարտին, որը իր կնոջ՝ Մարտինայի, հետ գնումների էր եկել։ Նրանք Մանուկին իրենց հետ տանում են Կերվեն ագարակը։ Ագարակում բնակվում էին Մարտինը, Մարտինան, նրանց ավագ որդի Մերդոկը, Պատրիկը, որը նավաստի է և կրտսեր որդի Սիմեոնը ու նրանց տատիկը։ Սա Մանուկի նոր ընտանիքն է։
Նա սկսում է ապրել ագարակում և օգնել նրանց թեթև աշխատանքներում։ Իր աշխատանքի դիմաց նա ամեն օր վարձատրություն էր ստանում՝ օրական մեկ գետային խճաքար, որը Մարտինը տալիս էր նրան՝ խոստանալով հետագայում ամեն մի խճաքարը փոխարինել շիլինգով։ Խճաքարերը նա հավաքում էր կավե կճուճի մեջ։ Նրան կնքում են և տալիս Էդիտ անունը։ Միաժամանակ նա դառնում է փոքրիկ Ջեննիի կնքահայրը, որը Պատրիկի և Կիտտիի դուստրն է։
Անցնում է ավելի քան երեք տարի, որոնք Մանուկի համար կյանքի լավագույն տարիներն էին։ Մակայն անբերքատվությունը և բնական աղետները ոչնչացնում են Մաքարտնիների ամբողջ բերքը և նրանք չեն կարողանում վճարել ագարակի վարձավճարը։ Ի լրացումն այդ ամենի, տատիկը հիվանդանում է և Մանուկը՝ վերցնելով Աննա Վեստոնի տված մեկ գինեյը, ուղևորվում է Տրալ՝ դեղ գնելու համար։ Վերադառնալով, նա ագարակը գտնում է խարխլված և ավերված, իսկ Մաքարտնիների ընտանիքը անհայտացել էր։ Նա ուղևորվում է Մաքարտնիներին փնտրելու, սակայն բռնում է սխալ ճանապարհ։
Չորս ամիս թափառելուց հետո նա հայտնվում է Տրելինգեր ամրոցում, լորդ Պայբորնի մոտ, որը նրան աշխատանքի է ընդունում իր մոտ, քանի որ Մանուկը գտել և նրան էր վերադարձրել կարևոր փաստաթղթեր և գումար, որոնք Պայբորնը կորցրել էր ճանապարհին։ Այստեղ նա ընկերություն է անում լվացարարուհի և սպասուհի Կետտիի հետ, որը ժամանակը դարձնում է տանելի։ Սակայն կոմս Էշտոնի հետ նրա հակամարտությունը ստիպում է նրան լքել, նաև, Տրելինգեր ամրոցը։
Կորկ ուղևորվելու ճանապարհին նա գետում խեղդվելուց փրկում է փոքրիկ Բոբին։ Կորկում Բոբը և Մանուկը, որի մոտ մի քիչ գումար էր մնացել, որոշում են զբաղվել առևտրով։ Նավահանգստում նրանք, պատահաբար, հանդիպում են Գրիպին, որը հնոցապան է աշխատում «Հրաբուխ» նավի վրա։ Գրիպը նրան առաջարկում է իր խնայողություններից որոշակի գումար և խորհուրդ է տալիս իր առևտուրը կատարել Դուբլինում։ Մանուկը հրաժարվում է գումարից, բայց ընդունում է Դուբլին ուղևորվելու նրա առաջարկը և ճանապարհ է ընկնում։ Ճանապարհին նա շարունակում է առևտուր անել և գումար կուտակել։
Դուբլին հասնելով նրանք վարձում են մի խանութ՝ առևտրական Օ՛ Բրայենի մոտ և նրա վրա ամրացնում «Little Boy & Co» առևտրական տուն ցուցանակը։ Նրանք առևտուր են կազմակերպում «Հաստ դրամապանակների համար» խանութում, վարում են հաշվապահությունը և շուտով «Հաստ դրամապանակների համար» խանութը մեծ ճանաչում և վստահություն է ձեռք բերում հաճախորդների մոտ։ Մանուկը նամակ է գրում Պայբորների ամրոց և իր մոտ է հրավիրում Կետիին։ «Little Boy & Co» պիտակը դառնում է նրբաճաշակության չափանիշ։
Դուբլինյան թերթերում Մանուկը հայտարարություն է տալիս, որում հայտնում է, որ փնտրում է Կերվեն ագարակը նախկին վարձակալներին՝ Մակկարտնի ընտանիքին։ Օ՛ Բրայենը տեղեկություններ է հավաքում և պարզում է, որ Մակկարտնիների ընտանիքը երկու տարի առաջ լքել է Իռլանդիան և ուղևորվել է Մելբուռն՝ Ավստրալիա։ Մանուկը՝ Օ՛ Բրայենի խորհուրդով, նամակ է ուղարկում Մելբուռն, սակայն նրան պատասխանում են, որ Մակկարտնիների հետքը կորցվել է։
Տասնչորս տարեկանին մոտ նրա եկամուտը կազմում էր տարեկան հազար ֆունտ, նա ներդրումներ ուներ Իռլանդական բանկում։ Սակայն մի օր նամակ է ստացվում Բելֆաստից, որում մատակարարներից մեկը նրան հայտնում է, որ ինչ-որ խնդիրներ կան հաշիվների հետ։ Մանուկը ուղևորվում է Բելֆաստ։ Այնտեղ նա հանդիպում է ամբոխի, որը բողոքում էր աշխատանքի և վարձատրության պայմաններից։ Պահակախումբը ուժ է գործադրում և ցրում բանվորներին։ Մանուկը օգնության է հասնում մի տասնութամյա երիտասարդ աղջկա և գիտակցությունը կորցրած աղջկա մեջ ճանաչում է Սիսին։ Նա Սիսիին իր հետ տանում է Դուբլին։ Սիսսին սկսում է օգնել Մանուկին խանութի աշխատանքներում։
Օ՛ Բրայենի Ավստրալիա ուղարկած վերջին հարցումին պատասխան է գալիս, որ Մաքարտնիների ընտանիքը՝ նույնպիսի աղքատ, ինչպես լքել էին հայրենիքը, նավ են նստել և վերադառնում են Իռլանդիա, ուր կժամանեն երեք ամսից ոչ շուտ։ Մանուկը Գրիպին ստիպում է լքել հնոցապանի աշխատանքը և, ներդնելով իր ողջ խնայողությունը, դառնալ «Little Boy & Co» առևտրական տան համասեփականատեր։ Գրիպը համաձայնվում է և զբաղվում է հաշվապահական գործերով։ Շուտով Գրիպը ամուսնանում է Սիսիի հետ։
Մանուկը և Օ՛ Բրայենը թերթում հայտարարություն են կարդում, որ «Դորիս» առագաստանավը՝ իր ամբողջ բեռով, աճուրդի է հանվում։ Նրանք գնում են այդ նավը՝ ներդնելով Մանուկի համարյա ամբողջ խնայողությունները և «Դորիսով» նավարկում են դեպի Դուբլին։ Ճանապարհին նավը ընկնում է փոթորկի մեջ և անձնակազմը այն լքում է։ Նավի վրա մնում է միայն Մանուկը։ Ձկնորսական նավը քարշակի է ենթարկում «Դորիսին» և հասցնում Դուբլին։ Նավը և բեռը փրկված են։
1886 թվականի ապրիլի 5-ին Մանուկը հեռագիր է ստանում և իմանում, որ Մաքարտնիները ժամանել են Իռլանդիա։ Նա ընկերների հետ ուղևորվում է Կերրի դքսություն, որտեղ գտնվում էր Կերվեն ագարակը։ Նրանք ժամանում են ագարակ։ Ագար��կի դարպասներին են մոտենում չորս տղամարդուց, երկու կնոջից և փոքրիկ աղջնակից բաղկացած մի խումբ։ Նրանցից ավագը մոտենում է Գրիպին և հայտնում, որ Կինգսթաունում՝ նավից իջնելուց հետո, նրանց հանձնել են հարյուր ֆունտ և հանձնարարել են ուղևորվել Տրալ։ Մաքարտնիների շուն Բյոկը, որը այս տարիների ընթացքում միշտ Մանուկի հետ էր, ցատկում է կանանցից ավագի գիրկը։ Դրանք Մաքարտնիներն էին, իսկ փոքրիկ աղջնակը Ջեննին էր։
Մանուկը եղևնու մոտի հողի միջից փորում և հանում է կավե կճուճը, որը խճաքարերով հանդերձ նա թաղել էր այնտեղ՝ ագարակից հեռանալու ժամանակ։ Նա հայտնում է, որ խճաքարերից յուրաքանչյուրի համար նա ոսկե դրամ է տալիս Մաքարտնիին, որը այդ գումարով կարող է գնել Կերվեն ագարակը և ապրել այնտեղ։ Այդ գումարը կազմում էր հազար հինգ հարյուր քառասուն ֆունտ, որը բավարար էր այդ ամենն իրագործելու համար։
1887 թվականին «Little Boy & Co» առևտրական տան կապիտալը կազմում էր քսան հազար ֆունտ, որի մի մասը պատկանում էր Բոբին և Գրիպի ընտանիքին։ Մակկարտնիները վերանորոգում են ագարակը և զբաղվում գյուղատնտեսությամբ։ Իսկ Մանուկը երբեք չէր մոռանում Մաքարտնիներին և գուցե, երբևէ, նրանց հետ կապվեր ավելի սերտ կապով։ Չէ՞ որ Ջեննին արդեն տասը տարեկան է և խոստանում է դառնալ լիովին հմայիչ աղջիկ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաժանված է երկու մասերից և երեսունմեկ գլուխներից[1]։
Մաս առաջին. Առաջին քայլերը։
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ առաջին. Աղքատության կղզի
- Գլուխ երկրորդ. Թագավորական տիկնիկները
- Գլուխ երրորդ. «Ցնցոտիների դպրոցի» բնակիչները
- Գլուխ չորրորդ. Ճայի թաղումը
- Գլուխ հինգերորդ. Եվս մի քանի խոսք «Ցնցոտիների դպրոցի» մասին
- Գլուխ վեցերորդ. Լիմերիկ
- Գլուխ յոթերորդ. Լիակատար ձախողում
- Գլուխ ութերորդ. Կերվեն ագարակը
- Գլուխ իններորդ. Կերվեն ագարակը (շարունակություն)
- Գլուխ տասներորդ. Ինչ էր կատարվում Դոնեհանում
- Գլուխ տասնմեկերորդ. Աշխատավարձ
- Գլուխ տասներկուերորդ. Վերադարձ
- Գլուխ տասներեքերորդ. Կրկնակի կնունք
- Գլուխ տասնչորսերորդ. Նա դեռ ինը չկար
- Գլուխ տասնհինգերորդ. Շարունակական հարձակում
- Գլուխ տասնվեցերորդ. Վտարում
Մաս երկրորդ. Վերջին արկածախնդրությունները։
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ առաջին. Պարոնայք
- Գլուխ երկրորդ. Ինչպես անցան չորս ամիսները
- Գլուխ երրորդ. Տրելինգեր ամրոցում
- Գլուխ չորրորդ. Կիլլարնիական լճերը
- Գլուխ հինգերորդ. Թափառական շունը և ազնվարյուն պոյնտերները
- Գլուխ վեցերորդ. Տասնութ տարի երկուսով միասին
- Գլուխ յոթերորդ. Յոթ ամիս Կորկում
- Գլուխ ութերորդ. Հաջողակ ուղևորություն
- Գլուխ իններորդ. Բոբի առևտրական գաղափարը
- Գլուխ տասներորդ. Դուբլինում
- Գլուխ տասնմեկերորդ. «Հաստ դրամապանակների համար» խանութը
- Գլուխ տասներկուերորդ. Հանդիպում
- Գլուխ տասներեքերորդ. Գրիպը հրաժարվում է սև գույնից և ամուրիության երդումից
- Գլուխ տասնչորսերորդ. Երեք կողմերի ալիքները
- Գլուխ տասնհինգերորդ. Ի՞նչու և ոչ․․․
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուկ – գլխավոր հերոսը
- Տորնպայլ – տիկնիկագործ
- Պարոն Օ՛ Բոդկինս – «Ցնցոտիների դպրոցի» տնօրեն
- Կարկեր – դպրոցի սան
- Գրիպ – Մանուկի հավատարիմ ընկերը, հետագայում գործընկերը
- Միսս Աննա Վեստո' – դերասանուհի, որը Մանուկին փրկում է հրդեհից
- Էլիսա Կորբետ – Աննա Վեստոնի սպասուհին
- Մարտին Մաքարտնի – Կերվենի ագարակատեր
- Մարտինա Մաքարտնի – Մարտինի կինը
- Մերդոկ – Մաքարտնիի ավագ որդին
- Կիտտի – Մերդոկի կինը
- Ջեննի – Մերդոկի և Կիտտիի դուստրը
- Պատրիկ և Սիմեոն – Մակկարտնի ընտանիքի մյուս երկու որդիները
- Տիկին Հարդ – Մակկարտնիների տատիկը
- Պարոն Պայբորն – ազնվական, Տրելինգեր ամրոցի տերը
- Կոմս Էշտոն – Պայբորնի որդին
- Պարոն Սկարլետտ – համհարզ
- Կետի – Մանուկի հավատարիմը
- Բոբ – երեխա, որին Մանուկը փրկեց խեղդվելուց, նրա գործընկերը
- Պարոն Օ՛ Բրայեն – խանութի տերը, որից նրանք վարձակալեցին խանութը
- Սիսսի – Մանուկի ամենահարազատ մարդը
- Բյոկ – Մաքարտնիների, այնուհետև Մանուկի հավատարիմ շունը
Նկարազարդումներ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine Վեպի էլեկտրոնային տարբերակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine
- "Մանուկը" E-Book և HTML auf zeno.org կայքում
- «Մանուկը» Անդրեաս Ֆերմանի «Ժյուլ Վեռնի հավաքածու»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկը (վեպ, Ժյուլ Վեռն)» հոդվածին։ |
|