Ձմեռումը սառույցներում
Ձմեռումը սառույցներում ֆր.՝ Un hivernage dans les glaces | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1855 |
Նկարազարդող | Adrien Marie? |
Երկիր | Ֆրանսիա |
Dr. Ox's Experiment Վիքիպահեստում |
Ձմեռումը սառույցներում (ֆր.՝ Un hivernage dans les glaces), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Պատմվածքը գրվել է 1855 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի « Musée des familles» ամսագրում՝ 1855 թվականի ապրիլ-մայիս ամիսներին[1]։ 1874 թվականին այն նորից հրատարակվում է որպես «Դոկտոր Օքսի փորձը» պատմվածքների հավաքածուի մաս։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]18.. թվականի մայիսի 12-ին Լուի Կորնբուտի նավը նավարկությունից վերադառնում է հայրենի Դյունկերկ քաղաք։ Ըստ նախապես որոշված ծրագրի, նույն օրը պետք է կայանա նրա և Մարիի ամուսնությունը։ Սակայն, նավի նավահանգիստ ժամանելուն պես, պարզվում է, որ Լուին նավի վրա չէ։
Նավի մատյանում արված գրանցումից պարզվում է, որ ապրիլի 26-ին, Լուին նկատելով նավաբեկության ենթարկվող նավ, որոշում է օգնության հասնել նրանց։ Սակայն նա նավակով անհետանում է անծայրածիր խավարում։
Նավի ժամանելուց մեկ շաբաթ անց Ժան Կորնբուտը նավը նորից նավարկության է նախապատրաստում։ Նա որոշում է ուղևորվել որդուն փնտրելու։ Նրա հետ համաձայնվում են լողալ նավի մյուս բոլոր անդամները։ Որոշակի երկմտանքից հետո նրանց է միանում նաև նավապետի օգնական Անդրե Վասլինգը։ Նավարկութան հաջորդ օրը Ժանը նավի վրա հայտնաբերում է Մարիին։ Բոդոեում նրան են հանձնում ջրից գտած գրություն, որում հայտնվում է, որ նավաբեկյալներին քամին քշել է դեպի հյուսիս՝ սառույցների ուղղությամբ։ Նավը ուղղություն է վերցնում դեպի Գրենլանդիա։
Հուլիսի 23-ին նրանք նկատում են սառույցի առաջին սառցաբեկորները։ Նրանք հրաշքով փրկվում են մեծ սառցաբեկորի հետ ընդհարվելուց։ Նավարկության ընթացքում նավապետի օգնական Անդրե Վասլինգը ցանկանում է զրուցել Մարիի հետ և գրա��ել նրա սիրտը, սակայն Պենելան, որը խնամակալում է Մարիին, խանգարում է։ Լիվերպուլ կղզում նրանք տեղեկություն են իմանում, որ կղզիաբնակները երեք ամիս առաջ տեսել են ծովում լողացող նավ և այն նավարկել է դեպի հյուսիս։ Սառցաբեկորների հետ պայքարելով նրանք շարունակում են իրենց նավարկությունը։
Սեպտեմբերի 19-ին նրանք նախապատրաստվում են ձմեռման՝ սառցե կղզիներից մեկում։ Նախապատրաստությունները ավարտելուց հետո Ժանը որոշում է ուղևորվել նավաբեկյալներին փնտրելու։ Դրա համար նրանք օգտագործում են նորվեգական ափին ձեռք բերած շնասահնակները։ Հոկտեմբերի 23-ին արշավախումբը ճանապարհ է ընկնում։ Երկարատև փնտրտուքից հետո արշավախումբը ուժասպառ է լինում և նոյեմբերի 4-ին որոշում է ընդունում ետ վերադառնալ։ Սակայն, պարզվում է, որ սարսափելի փոթորիկ է բարձրացել և նրանց հյուղակը ամբողջովին ծածկվել է ձյունով։ Նրանք բանտարկված են ձյան տակ։ Նրանք սառույցի մեջ թունել են բացում և ազատվում ձյան բանտարկությունից, սակայն հայտնաբերում են, որ շնասահնակները անհետացել են։
Շուտով նրանք հորիզոնում ծուխ են նկատում և ուղղություն են վերցնում դեպի ծուխը։ Ճանապարհին հայտնաբերում են նավի նախկին նավաստի Կորտրուայի դին։ Որոշ ժամանակ առաջ շարժվելուց հետո ճանապարհորդները նկատում են փայտե հյուղակ, որի մեջ էլ գտնում են Լուիին և ևս չորս նավաբեկյալների։ Բախտի բերումով նրանք գտնում են նաև շնասահնակները։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում և դեկտեմբերի 7-ին հասնում են նավին։
Դժբախտաբար ճամբարում երկպառակություն է սկսվում։ Նորվեգացիները և նրանց միացած Վասլինգը և Օպիկը հրաժարվում են ենթակվել Լուիին։ Լուին, Ժանը, Մարին և նրանց ընկերները հիվանդանում են և ուժասպառ են լինում։ Իսկ Վասլինգը և նրա ընկերները՝ գողացված լիմոնների հաշվին, կարողանում են պահպանել իրենց տոկունությունը։
Եղանակի տաքանալուն պես, Լուին որոշում է դուրս գալ որսորդության և նավից բավականին հեռանում է։ Ետ վերադառնալով նա նկատում է, որ Սպիտակ արջերը հարձակվել են նավի վրա և ջարդում են այն։
Միևնույն ժամանակ նավում պայքար էր գնում երկու «բանակների» միջև։ Բայց պայքարի թեժ պահին նրանց վրա են հարձակվում արջերը։ Արջերը սպանում են նորվեգացիներին և Օպիկին։ Սակայն Լուիին հաջողվում է սպանել արջերից մեկին, իսկ մյուսին սպանում են Վասլինգը և Հերմինգը։ Երրորդ արջը հարձակվում է Լուիի վրա, բայց սայթաքում է և վայր ընկնում։ Լուին և Վասլինգը հայտնվում են միմյանց դեմ։ Նրանց վրա է հարձակվում արջը և սեղմում իր գրկում։ Պենելոնը հասցնում է կրակել և ազատել վիրավոր Լուիին, իսկ Վասլինգը մնում է արջի դիակի տակ։ Ճանապարհորդները փրկված են։ Սակայն Ժան Կորնբուտին նրանք գտնում են մահացած։
Մարտին սառույցը սկսվում է հալվել, իսկ ապրիլին ջերմաստիճանը բարձրանում է մինչև տասը աստիճանի։ Մայիսի 21-ին նավը ճանապարհ է ընկնում և օգոստոսի 16-ին հասնում է Դյունկերկ, որտեղ էլ, երկու օր անց, տեղի է ունենում նրանց ամուսնության արարողությունը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը բաժանված է տասնվեց գլուխների։
- Գլուխ առաջին. Սև դրոշ
- Գլուխ երկրորդ. Ժան Կորնբուտի նախագիծը
- Գլուխ երրորդ. Հույսի շող
- Գլուխ չորրորդ. Սառույցների մեջ
- Գլուխ հինգերորդ. Լիվերպուլ կղզին
- Գլուխ վեցերորդ. Սառույցների տատանում
- Գլուխ յոթերորդ. Նախապատրաստություն ձմեռման
- Գլուխ ութերորդ. Որոնողական նախագիծ
- Գլուխ իններորդ. Ձնե հյուղակ
- Գլուխ տասներորդ. Կենդանի թաղվածները
- Գլուխ տասնմեկերորդ. Ծուխ
- Գլուխ տասներկուերորդ. Վերադարձ նավ
- Գլուխ տասներեքերորդ. Հակառակորդները
- Գլուխ տասնչորսերորդ. Աղետալի վիճակ
- Գլուխ տասնհինգերորդ. Սպիտակ արջերը
- Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպիկ
- Կլերբոտ
- Ժան Կորնբուտ
- Լուի Կորնբուտ
- Կորտրուա
- Ժերվիգ
- Գրադլին
- Հերմինգ
- Ջոկ
- Մարի
- Ֆիդել Միզոն
- Պիեռ Նուկե
- Պենելան
- Ալեն Թուրկետ
- Անդրե Վասլինգ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliographie analytique de toutes les œuvres de Jules Verne, par Piero Gondolo della Riva. Tome I. Société Jules Verne. 1977.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]՚
- "Eine Überwinterung im Eise" als E-Book in HTML auf zeno.org
- Eine Überwinterung im Eis in Andreas Fehrmann's Collection Jules Verne
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռումը սառույցներում» հոդվածին։ |