Լևոն Տեր-Պետրոսյան
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Տեր-Պետրոսյան | |
Հայաստանի առաջին նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հոկտեմբերի 16, 1991 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | փետրվարի 3, 1998 |
Փոխնախագահ՝ | Գագիկ Հարությունյան (1991-1996) |
Կուսակցություն՝ | ՀՀՇ (1989-2013) ՀԱԿ (2013-այժմ) |
Նախորդող՝ | պաշտոնը հիմնադրվել է |
Հաջորդող՝ | Ռոբերտ Քոչարյան |
Ծննդյան օր՝ | հունվարի 9, 1945[1][2] (79 տարեկան) կամ 1945[3] |
Ծննդավայր՝ | Հալեպ, Սիրիա |
Ամուսին ՝ | Լյուդմիլա Տեր-Պետրոսյան |
Պարգևներ՝ | |
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան (հունվարի 9, 1945[1][2] կամ 1945[3], Հալեպ, Սիրիա), Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998)։ Մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։
Կրթության և գիտական աշխատանքի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953-1960 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում։
- 1960-1963 թվականներին սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում։
- 1963-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։
- 1969-1972 թվականներին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ՝ աշխարհահռչակ արևելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլևսկայայի և Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դասընկերներն են եղել Ի. Մ. Ստեբլին-Կամենսկին (1995 - 2005 թթ․ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), Մ. Բ. Պիոտրովսկին (ներկայումս Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) և Ե. Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։
- 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմամատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ՝ լեզվաբան-իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թթղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ ասուրագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյան և եբրայագետ-արամեագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մ. Գլուսկինա։
- 1972-1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
- 1978-1985 թթ. վարել է Մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատասխանատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։
- 1982-1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները և այլք։
- 1987 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտխորհրդի նախագահ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Բոլդիրև, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ. Բ. Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կ. Ն. Յուզբաշյան։
Լևոն Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991), պատվավոր դոկտոր (լատին․՝ doctor honoris causa) Լա Վեռնի (1990), Ստրասբուրգի (1992), Սոֆիայի (1994) և Սորբոնի (1996) համալսարանների։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և այլն)։
Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլևսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լևոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին և Պողոս Խաչատրյանին։
Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլախոհական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։
- 1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևանի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ։ Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից։ Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ։ Ցույցերին մասնակցել է Հայ մշակույթի ակումբի հետ համատեղ, որը ստեղծել էր Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների ջանքերով՝ ՀՀ ապագա վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Մասնակցության համար անդամները կալանավորվել են 10-15 օրով[5]։
- 1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում։
- 1967 թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։
- 1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին՝ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արևելագետներ Նիկոլայ Գևորգյանը, Երջանիկ Աբգարյանը և Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի և Հայաստանի ապագայի խնդիրները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։
- 1987 թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։
Ղարաբաղ կոմիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը։
- 1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, և մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին։
- 1988 թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են՝ Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գևորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթևոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը և այլք։
- 1988 թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու՝ Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշևայի հետ՝ նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին և սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման և տարածման գործում։
- 1988 թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։ Ելույթներով և ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների և հասարակական պահանջագրերի։
- 1988 թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան)։
- 1988 թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է գեներալ Մակաշովի կողմից՝ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան ժամանած Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղարաբաղի Կռունկ կոմիտեի նախագահ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989 թվականի հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում։ Երևանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաև Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից՝ Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը https://www.facebook.com/petrossianshahen/, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը և Սմբատ Հակոբյանը։
- 1989 թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։
- 1989 թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապաքինվել Փարիզում։
- 1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
- 1989 թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թվականի օգոստոսի կեսը։
- 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Այս ընթացքում նա իր համաձայնությունը՝ վիզան է տվել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանագրի նախագծին՝ ճանաչելու Արցախը որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Հունվարի 18-ի առավոտյան Գորբաչովը զանգահարել է Տեր-Պետրոսյանին, որ գա վերցնի հրամանագիրը, սակայն Տեր-Պետրոսյանը գրասենյակում սպասելուց հետո իմացել է, որ Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը դեմ է արտահայտվել, ու հրամանագիրը չի ստորագրվելու[6]։ Ենթադրվում է, որ խոսքը գնում է Արցախին Ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու մասին է։
- 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։
- 1990 թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։ Փաստացի պետության ղեկավար լինելով ծանր տնտեսական վիճակից դուրս գալու նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է աշխատել ամիսներ առաջ Ղարաբաղ կոմիտեի ու ժողովրդի պահանջով փակված Նաիրիտ գործարանի որոշ արտադրություններ վերաբացելու ուղղությամբ՝ բացառելով սակայն կաուչուկի ու լատեքսի արտադրության վերաբացումը[7]։
- 1990 թվականին Հայաստանում տարածում են ստանում զինված խմբերը, որոնց մեջ հայտնվում են մարդիկ, ովքեր Ադրբեջանի հետ թեժացող պայքարին զուգահեռ նաև ահ ու սարսափի մեջ են պահում Հայաստանի բնակչությունը։ Գրանցվում են հարյուրավոր դեպքեր կողոպուտի, մեքենաների առևանգումների, հանրային վայրերում կրակահերթերի և այլն։ Զինյալները հիմնականում կապվում էին Հայոց ազգային բանակ միավորման հետ։ Շրջանառվում է, որ միավորումը ունի մոտ 150 հազար անդամ, սակայն իրականում դրանց թիվը մոտ 1,500 էր, որոնց մեծ մասը անզեն։ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը նախապատրաստում է օրենքի նախագաիծ՝ արգելելու որևէ զինված խմբավորում, որը կհակասի ԽՍՀՄ օրենսդրությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ Գորբաչովին դիմում է՝ հետաձգլու ստորագրումը երկու ամսով՝ խոստանալով ինքնուրույն լուծեն ներքին խնդիրը։ 1990 թվականի օգոստոսի 28-ին Հայոց ազգային բանակի գրասենյակի դիմաց սպանվում են ՀՀՇ անդամներ Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյան, ովքեր եկել էին պարզելու նախորդ օրը միավորման անդամների կողմից գիշեր տեղի ունեցած մանրամասները, որի ընթացքում հրազենից մարդիկ էին վիրավորվել։ Հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է արտակարգ դրություն մտցնել․ վերնագիր է հայտարարվում զիննյալներից մինչև օգոստոսի 29-ի 22։00 հանձնել զենքերը ու գողացված մեքենաները։ Արդյունքում շուրջ 20 զինված խումբ է լուծարվում՝ ներառյալ հենց Հայոց ազգային բանակը։ Հետ է վերադարձվում է մոտ 500 մեքենա[7]։
- 1991 թվականի մայիսի վերջին Լևոն Տեր-Պետրոսյանը հինգօրյա պաշտոնական այցով՝ առաջինը իր պաշտոնավարման ընթացքում, մեկնում է Ֆրանսիա, որտեղ մայիսի 22-ին հանդիպում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի հետ։ Հանդիպումներ են տեղի ունենում նաև Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախագահ Պիեր Մորուայի, Ազգային ասամբլեայի նախագահ Լորան Ֆաբիուսի, Խորհրդարանի Միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Միշել Վոզելի հետ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Հրանտ Բագրատյանն էլ Եվրոպական հարցերով նախարար Էլիզաբեթ Գիգուի հետ ստորագրում է տնտեսական համագործակցության մասին փաստաթուղթ, որը ներառում էր 11 ուղղություններով ու 45 կոնկրետ նախագծերում համագործակցություն[8]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ նախագահի ընտրություններ 1991
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալ-տնտեսական վիճակ (1991-1996)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ռազմաքաղաքական ոլորտ 1991-1996
[խմբագրել | խմբագրել կոդը]Լ. Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ։ Ընտրություններից առաջ նա գրեթե հրաժարվել է նախընտրական քարոզչություն վարել՝ իրականացնելով միայն մեկ մեկ ու կես ժամանով հեռուստահարցազրույց ընտրությունների նախօրեին[9]։
1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
1992 թ. հունվարի 28-ին ստորագրել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման մասին հրամանագիրը։
1992 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ կայացած համաձայնությամբ՝ Հայաստան են հրավիրվել սովետական բանակի 600 միջին և բարձր դասի սպայակազմի հայազգի ներկայացուցիչներ։
1992 թ. մարտի 3-ին որոշում է կայացրել ստեղծել Հայաստան համահայկական հիմնադրամը։
1993 թ. նոյեմբերի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով շրջանառության մեջ է դրվել ՀՀ ազգային դրամը։
1991-94 թթ. հաստատել է ՀՀ տնտեսական բարեփոխումների քաղաքականությունը, որը ներառում էր հողի, պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների սեփականաշնորհումը, ֆինանսական, էներգետիկ համակարգի բարեփոխո��մները։
1994 թ. Լևոն-Տեր Պետրոսյանի դիվանագիտության ջանքերով ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության լիիրավ կողմ։
1994 թ. ստորագրել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական պայմանագիրը։
1995 թ. նախաձեռնել է Ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը և Ցեղասպանության թանգարանի կառուցումը։
ՀՀ նախագահի ընտրություններ 1996
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 22-ին, որի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքում է ձայների 51 տոկոսը հենց առաջին փուլում՝ վերընտրվելով նախագահ։ Երկրորդ տեղն է գրավում ընդդիմության միասնական թեկնածու ու ՀՀՇ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 41 տոկոս ձայներով։ Ընտրությունների արդյունքում կազմակերպած բողոքի ցույցի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է ընտրությունները կեղծելու մեջ։ Սեպտեմբերի 25-ին մարդկանց բազմությունը շարժվում է դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը գտնվում էր Ազգային ժողովի շենքում։ Վազգեն Մանուկյանը մուտք է գործում շենք, սակայն որոշ ժամանակ անց մարդկանց բազմությունը, կոտրելով ցանկապատը, մուտք է գործում Ազգային ժողովի տարածք, դաժան ծեծի ենթարկում փոխխոսնակներ Բաբկեն Արարքցյանին, Արա Սահակյանին ու այլոց։ Երևան են մտցվում Պաշտպանության նախարարության ու Ներքին զորքերը ծառայողները, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության անդամներ։ Արգելափակվում են քաղաքի գլխավոր հանգույցները։ Ձերբակալվում ու խոշտանգվում են ընդդիմության հետ կապ ունեցող բազմաթիվ գործիչներ՝ ներառյալ Վազգեն Մանուկյանը[10]։ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվում է պաշտոնապես շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ պաշտոնական հայտարարության մեջ միայն հղում անելով, որ Տեր-Պետրոսյանը վերընտրվել է՝ համաձայն Հայաստանի պաշտոնական աղբյուրների։ Նշվել է, որ ԵԱՀԿ զեկույցի համաձայն լրջագույն բացթողումները խաթարել են ընտրությունները։ Կոչ է արվում հարգելու միջազգային մարդու իրավունքները ու թույլատրելու Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելելու բախումների արդյունքում ձերբակալվածներին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ ընտրակեղծիքներ հանդիսանում են լուրջ մտահոգության պատճառ[11]։
ՀՀ ներքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձևի վրա։
1997 թ. ստորագրել է հայ-ռուսական Բարեկամության և համագործակցության մեծ պայմանագիրը։
Հրաժարական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թ. փետրվարի 3-ին, Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է Հայաստանի նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը։
Վերադարձը ակտիվ քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու։
ՀՀ նախագահի ընտրություններ 2008
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ [1]:
Մարտի 1-ի զանգվածային անկարգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրահանգով ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում խաղաղ քնած ցուցարարների վրա, ներկայացնելով դա իբր գործողություն՝ անկարգությունները զսպելու նպատակով (Աշխարհի պատմության միակ ենթադրյալ անկարգությունները, որոնք ենթադրաբար տեղի էին ունենում առավոտյան ժամը 6-ին՝ քնած ցուցարարների կողմից)։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ)[12][13] և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[12]։ "Անկարգությունները կանխելու", իսկ իրականում՝ Քոչարյանի և Սարգսյանի կողմից իշխանությունը պահելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[14]։
ՀՀ ԱԺ ընտրություններ 2012
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից:[2]
- 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ:[3]
ՀՀ ԱԺ ընտրություններ 2021
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021 թ․ մարտի 25-ին հանդիպել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, առաջարկել է գալիք ընտրություններին մասնակցել դաշինքով՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը կանխելու համար։ Առաջարկը մերժվել է Սարգսյանի և Քոչարյանի կողմից[15]։
- 2021 թ․ հունիսի 20-ի Ազգային Ժողովի կայանալիք ընտրություններում գլխավորելու է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակը[16]։ Հայտարարել է, որ ԱԺ-ում մեծամասնություն չկազմելու դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից[17]։
Այլ զբաղմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկության տարիներին խաղացել է Հայաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գևորգյանի, Արշավիր Ղազարյանի և վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղվել է սուսերամարտով և շախմատով։ Երկու սպորտաձևից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդգրկվել է Երևանի պետական համալսարանի սուսերամարտի հավաքականի կազմում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվականին Սիսից Մուսա լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետնորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի՝ բուն Տեր-Պետրոսյաններ, Աբաջյաններ և Բոյաջյաններ։ Հորից որդի փոխանցվող քահանաների շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ[18]։
Հորական պապը՝ Պետրոս Տեր-Պետրոսյան (1870-1937 թթ.), իր հաղթանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազդեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակցել է Զեյթունի 1896 թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա լեռ և այլն) ծագած ազատագրական շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքական բանտերում։
Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951 թ. Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր։
Հորեղբայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ։
Կինը և երեխաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1909-1994 թթ.), Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղբոր՝ Կարապետի հետ, ուտելիք և ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագայում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիրներից և քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրանսերեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել և աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնացիոնալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից և աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սանջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ՝ Ջորջ Կարապետյանի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել և Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արևելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտվինսկուն և նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ 1940-1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռեժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրական շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երևանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում՝ սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետև՝ Արհկոմի նախագահ և Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստանալով հանրապետական կարգի անհատական թոշակ։
Մայրը՝ Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան (1914-2002 թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա լեռան հերոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։
Եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյան (1936-1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի՝ «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985-1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-1997 թթ.)։
Եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյան (1938-2013 թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ամբիոնի վարիչ։
Եղբայրը՝ Կամո Տեր-Պետրոսյան (1948-2023 թթ.), բժիշկ, սրտաբան, «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական համակարգի կազմակերպիչ։
Քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյան – Սեմիրջյան (ծնվ. 1953 թ. - 2015 թ․), թուրքագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։
Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա (ծնվ. 1947 թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայրը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1914–1978), Սովետական բանակի կադրային սպա, Ֆիննական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից[փա՞ստ]։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ. 1941 թ.), մահացել է բլոկադայի ժամանակ[փա՞ստ]։
Որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975 թ.), տնտեսագետ, գործարար։
Թոռները՝ Լևոն (ծնվ. 1997 թ.), Հակոբ (ծնվ. 2003 թ.), Լուսիա (ծնվ. 2004 թ.) և Արեգ (ծնվ․ 2018 թ․) Տեր-Պետրոսյաններ։
Նախորդող Սամսոն Տոնոյան |
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1990 թ. մայիսի 20-1990 թ. օգոստոսի 23 |
Հաջորդող պաշտոնը լուծարվել է, նույն ինքը որպես ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ |
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1990 թ. օգոստոսի 23-1991 թ. հոկտեմբերի 26 |
Հաջորդող Բաբկեն Արարքցյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1991 թ. հոկտեմբերի 26-1998 թ. փետրվարի 3 |
Հաջորդող Ռոբերտ Քոչարյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Валерий Айдинян, Виген Саркисян (1990). «Левон Тер-Петросян: я верю в мудрость народа». Еженедельник Союз, #37.
- ↑ «Интервью Л.А. Тер-Петросяна корреспонденту газеты «Час Пик» И. Сидорову и И. С. Чеснокову». Час Пик. 1991 թ․ մայիսի 21.
- ↑ 7,0 7,1 Мартиросян, Геворг (1990-12). «Лидер, которого ждали». Журнал «Огенек», #49.
- ↑ «Интервью Л.А. Тер-Петросяна корреспонденту «Независимой газеты» Александру Бангерскому». Независимая газета. 1991 թ․ մայիսի 21.
- ↑ Виген, Саркисян (1991-11). «О ком сегодня говорят». «Союз», #44 (96) - еженедельное приложение «Известий».
- ↑ «1996 թվականին սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ փաստեր կան․ իսկ ո՞ւր է քրգործը». yerevan.today. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Report on Armenia's Presidential election of September 22, 1996». Staff of the Commission on Security and Cooperation in Europe. 1996-12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 12,0 12,1 Հայաստանի Ազգային ժողովի որոշում, Պ-433-24.01.2014-ՊԻ-011/0
- ↑ «Մարտի 1-ի 10-ը զոհերը | Epress.am». Epress.am. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Հայաստանի նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն սահմանելու մասին, 2008 թվականի մարտ 1, ՆՀ-35-Ն
- ↑ Նաիրա, Նալբանդյան (2021 թ․ մայիսի 5). «Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին առաջարկել է՝ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով». Ազատություն Ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Սարիբեկյան, Գայանե (2020 թ․ մայիսի 16). «Փաշինյանի ու Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին, հայտարարում է Տեր-Պետրոսյանը». Ազատություն Ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.։
- ↑ Հովսեփյան, Գայանե (2021 թ․ հունիսի 10). «ԱԺ-ում մեծամասնություն չկազմելու դեպքում Տեր-Պետրոսյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.:
- ↑ Սերոբ Շերպեթճյան, Պատմություն Սուետահայերու, Համազգայինի «Վահե Սեթյան» տպարան, Բեյրութ, 2010, էջ 197-198։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]* Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը
- Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1 հեռուստաալիքին Արցախյան հարցի, հողային զիջումների մասին։ (տեսանյութ)
- Լևոն Տեր-Պետրոսյան
- Ինքնակենսագրական ֆիլմ:
- Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը Հայ Ազգային Կոնգրեսի կայքում
|
|
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Տեր-Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Տեր-Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Տեր-Պետրոսյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի նախագահներ
- «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ
- Անկախության ակտիվիստներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Լևոն Տեր-Պետրոսյան
- ՀԱԿ անդամներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀՇ անդամներ
- Հայ առաքելական քրիստոնյաներ
- Հայ պատմաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սիրիայից Հայաստան արտագաղթածներ