Ատոմիզմ
Ատոմիստական տեսություն, ատոմիզմ կամ ատոմիստիկա (հունարեն՝ ἄτομον, ատոմ - «անբաժանելի»[1][2]), իրերի, բնական երևույթների և ողջ տիեզերքի առաջին կառուցվածքային բացատրություն, ուսմունք մատերիայի դիսկրետ (ընդհատ), ընդհանուր կառուցվածքի մասին` ատոմներից և այլ տարրական մասնիկներից կազմված լինելու մասին։
Ատոմիզմը բնափիլիսոփայության և ֆիզիկայի ուսմունք է, ըստ որի զգայությամբ ընկալվող նյութական մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Ծագել է Հնդկաստանում, Հին Հունաստանում, հետագայում զարգացում է ապրել Միջին դարերում, Նոր դարաշրջանում[3]։
Տարր | Բազմանկյուն | Նիստերի քանակ | Եռանկյունիների քանակ | |
---|---|---|---|---|
Կրակ | Տետրաէդր (Անիմացիա) |
4 | 24 | |
Օդ | Ութանիստ (Անիմացիա) |
8 | 48 | |
Ջուր | Իկոսաէդր (Անիմացիա) |
20 | 120 | |
Հող | Խորանարդ (Անիմացիա) |
6 | 24 | |
Ըստ Պլատոնի՝ մարմինները կազմված են պարզ երկրաչափական մարմիններից |
Ատոմիստների դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ատոմների մասին ցանկացած ուսմունք անվանում են ատոմիզմ։ Մասնավորապես, ատոմիստական է կոչվում մ.թ.ա. 5-4 -րդ դարերում հին հունական փիլիսոփայական դպրոցը, որի ուսմունքը համարվում է ատոմիզմի ամենավաղ շրջանի պատմական ձևը։
Ատոմները անբաժանելի, անսահմանորեն փոքր մասնիկներ են։ Նրանք տարբերվում են կշռով, շարժման արագությամբ և մարմինների մեջ փոխադարձ դասավորությամբ, որոնց շնորհիվ առաջանում են տարբեր հատկություններ։ Ըստ էության գոյություն ունեն միայն ատոմներ և դատարկություն։ Ըստ այդ ուսմունքի ատոմները մանրագույն, չբաժանվող մասնիկներ են, ոչ մի տեղից չեն ծնվում և ոչ մի տեղ չեն անհետանում, որակապես միատարր են, իրենց մեջ դատարկություն չպարունակող և որոշակի ձևով օժտված մասնիկներ են։ Ատոմներն անթիվ են, քանի որ դատարկությունը անսահման է։ Ատոմի ձևերը անսահման բազմազան են։ Ատոմներն ամեն գոյի նախասկիզբն են, բոլոր զգայություն ունեցող մարմինների, որոնց հատկությունները պայմանավորված են բաղկացուցիչ մաս կազմող ատոմների հատկություններով։
Հին Հնդկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հնդկաստանի փիլիսոփայության մեջ ատոմիզմը ձևավորվել է եվրոպական փիլիսոփայությունից անկախ։ Սկզբնական ձևավորումը տրված է հին հնդկական նյայա, վայշեշիկա փիլիսոփայական ուսմունքներում։
Նյայա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի մատերիական տիեզերք, իսկ ֆիզիկական աշխարհը կառուցված է չորս տիպի ատոմներից՝ հող, ջուր, կրակ և օդ։ Ֆիզիկական աշխարհն առաջացել է այդ ատոմների, նրանց հատկությունների և նրանց զուգակցումների համախմբից, ներառյալ օրգանական մարմինները, զգացմունքները և իրերի զգայության հատկությունները։ Նրան են վերաբերվում նաև ֆիզիկական սուբստանցիան՝ ակաշան, ոչ ֆիզիկական՝ ժամանակը և տարածությունը, ներառյալ նրանց տարբեր հարաբերություններն ու ձևափոխությունները։ Խելքը (մանաս) անսահման փոքր մեծություն է, ատոմների չափի։ «Ես»-ը (ատման) ամեն տեղ թափանցող (վիբխու) հավերժ և անբաժանելի ինչ-որ բան է[4]։
Տիեզերքում գոյություն ունեն անթիվ քանակությամբ հոգիներ, որոնք կարող են լինել ինչպես ազատ վիճակում, այնպես էլ մատերիական ատոմների հետ կապված։ Իշվարա աստվածը, լինելով բարձրագույն կարգավորող հոգևոր նախասկիզբ, հոգիների ու ատոմների ստեղծողը չէ, բայց նա ստեղծում է ատոմների զուգակցումներ և առաջ է բերում հոգիների կապ ատոմների հետ կամ հոգիների ազատում ատոմներից[5]։
Վայշեշիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայշեշիկա փիլիսոփայական դպրոցի հիմնադիր Կանադան ատոմների մասին ուսմունքի առաջին հեղինակներից մեկն է։ Kanada (կամ Kanabhuj կան Kanabbaksha) նրա մականունն է, որը նշանակում է ատոմներ խժռող և բնորոշում է նրա համակարգը[6]։
Իրական աշխարհը կազմված է 9 սուբստանցիաներից. հող, ջուր, կրակ, օդ, եթեր (դիկ), ժամանակ (կալա), տարածություն (ակաշա), հոգի (ատման), ինտելեկտ կամ միտք (մանաս)։ Առաջին չորսը ատոմների կատեգորիան է։ Ամեն օբյեկտ կազմված է ատոմներից (parmanu), որոնք իրար միանալով կազմում են մոլեկուլներ (անու), ապա՝ նյութական մարմիններ։ Ատոմները հավերժ են, անբաժան, անտեսանելի, դրանք չեն տարածվում, բայց դրանցից կազմված էմպիրիկ նյութական աշխարհի մարմինները տարածվում են։ Անհատական հոգիները հավերժ են և ժամանակի ընթացքում ներթափանցում են նյութական առարկաների մեջ։ Ատոմների անվերջ շարժման հետևանքով աշխարհը, որ գոյություն ունի ժամանակի, տարածության և օդի մեջ, պարբերաբար առաջանում և մասնատվում է։ Որակական տեսակետից ատոմները բաժանվում են չորս հիմնական տեսակների, կախված իրենց ծագումից, և առաջացնում են 4 զգացողություններ՝ շոշափելիք, համ, տեսողություն, հոտառություն։ Վայշեշիկայի գնեոսոլոգիան մոտ է նյայայի կոգնիտիվ տեսությանը. մատնանշում է 4 ճշմարիտ և 4 կեղծ կոգնետիվ տեսակներ։ Ճշմարիտը օգնում է ուսումնասիրել ընկալումը, եզրակացությունը, հիշողությունը և ինտուիցիան[7]։
Ատոմիզմը հին Հունաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական ատոմիզմն առավել հետևողականորեն սկիզբ է առել մ.թ.ա. 5-րդ դարում Հին Հունաստանում նախասոկրատյան ժամանակներից Լևկիպոսի, Դեմոկրիտեսի, Էպիկուրի և Լուկրեցիոսի փիլիսոփայական համակարգում։
Ըստ Լևկիպոսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևկիպոսը (մ.թ.ա. 500 - մ.թ.ա. 440) ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկն է։ Գիտության մեջ ներդրել է երեք նոր հասկացություն՝ բացարձակ դատարկություն, այդ դատարկության մեջ շարժվող ատոմների և ատոմների մեխանիկական անհրաժեշտության հասկացությունները։ Նա առաջինն է սահմանել պատճառականության օրենքը և բավարար հիմունքի օրենքը. «Ոչ մի իր չի ծագում առանց պատճառի, այլ ամեն ինչ ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար»։
Ըստ Դեմոկրիտեսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմոկրիտեսը (մ.թ.ա. 460 - մ.թ.ա. 370) ևս ատոմիստիկայի հիմնադիրներից է։ Դեմոկրիտեսի մատերիալիզմը առաջադիմական քայլ էր հասարակության փիլիսոփայական մտքի զարգացման գործընթացում։ Նա առաջինն է իրերի առաջնային և երկրորդային հատկությունների ուսմունքի սաղմերը տվել։
- Ատոմների անբաժանելիությունը, հավերժական, անփոփոխ լինելը, մշտական շարժման մեջ գտնվելը և իրարից ձևով, մեծությամբ, դիրքով և կարգով տարբերվելը ատոմների կարևոր հատկանիշներից են։
- Ձայնը, գույնը, համը և այլն հատուկ չեն ատոմներին, այլ գոյություն ունեն սոսկ պայմանականորեն, «ոչ բուն իրերի բնույթի բերումով»։
Ըստ Դեմոկրիտեսի ատոմիստական մոդելի, ատոմների ձևով, կշիռով և այլ բնութագրիչ հատկություններով է պայմանավորված այս կամ այն նյութի հատկությունները։ Այսպես օրինակ,
- կրակի ատոմները սուր ծայրեր ունեն, այդ պատճառով կրակը կարողանում է այրել
- պինդ մարմինների ատոմներն խորդուբորդ, անհարթ մակերևույթ ունեն, ամուր կպնում են իրար, դրանով է պայմանավորված պինդ մարմինների կարծրությունը
- ջրի ատոմները հարթ մակերևույթ ունեն, այստեղից էլ ջրի հոսունության հատկանիշը
- նույնիսկ հոգին կազմված է ատոմներից
- ատոմները ենթակա չեն ոչ մի ներգործության, անփոփոխ են և կարծր[8]։
Մարմիններն առաջանում են ատոմների միացությունից։ Ատոմների իրարից տրոհումը հասցնում է մարմինների կործանմանը։ Անվերջ քանակով ատոմներ հավերժաբար շարժվում են անվերջ դատարկության մեջ։ Տեղափոխվելով տարբեր ուղղություններով՝ երբեմն բախվում են իրար, առաջացնելով ատոմների մրրիկներ։ Այդպես լինում են «ծնվող և մահացող» անթիվ աշխարհները, որոնք չեն ստեղծվում Աստծու կողմից, այլ ծագում ու ոչնչանում են բնական ճանապարհով, անհրաժեշտաբար[9]։
Նա առաջարկել է աշխարհը բացատրել նյութականությամբ, որը բացառում է գերբնական ուժերի գոյությունը և երևույթների բացատրման նրա համակողմանիությունը։ Այդ համակարգով մեկնաբանվում էր ոչ միայն նյութական, այլև հոգևոր աշխարհը, քանի որ ոգին նույնպես պատկերվում էր որպես ատոմներից կազմված։ Այսպես, ամբողջը մասերի գումար է և ատոմների պատահական շարժման հետևանքով նրանց պատահական բախումը ողջ գոյի պատճառն է։ Ատոմիզմը հերքում է կեցության անշարժությունը, քանի որ հնարավոր չէ բացատրել զգայող աշխարհում կատարվող շարժումներն ու փոփոխությունները։ Դեմոկրիտը, ձգտելով բացատրել շարժման գոյության պատճառը, Պարմենիդեսի միասնականության տեսությունը բաղդատում է բազմաթիվ առանձին ատոմների կեցության՝ համարելով նրանց նյութական, մարմնական մասնիկներ[10]։
Ըստ Պլատոնի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատոնն (մ.թ.ա. 428/427 - մ.թ.ա. 348/347) իր Տիմեոս[11][12] կամ Բնության մասին տրակտատում (մ.թ.ա. 360 թվական) ներկայացրել է իր ատոմիզմը։ Նա չորս տարրերը (հող, օդ, ջուր և կրակ) համադրել է որոշակի հավասարակողմ բազմանկյունների հետ։ Նման ասոցիացիաներն առաջացել են հետևյալ պատճառներով.
- հողի մանրագույն մասնիկը խորանարդն է. նրա հարթ, կայուն հիմքերով է պայմանավորված, որ հողն այնքան փխրուն է, որ փշրվում է ձեռքերում
- օդի մանրագույն մասնիկը օկտաեդրն է, քանի որ նրա մակերևույթն այնքան հարթ է, որ հնարավոր չէ զգալ
- ջրի մանրագույն մասնիկը իկոսաէդրն է, որի հետևանքով ջուրը սահուն հոսում է ձեռքից, հնարավոր չէ բռնել, ասես կազմված է անթիվ մանրագույն գնդիկներից
- կրակի մանրագույն մասնիկը տետրաէդրն է. նրա սուր ծայրերը շարժուն են դարձնում կրակը, և այն այրում է իր սուր և հստակ եզրերի շնորհիվ։
5-րդ տարրն ավելացրել է Արիստոտելը։ Դա եթերն է, որը կազմված է դոդեկաեդրերից, «աստված այն ստեղծել է Տիեզերքի համար որպես նմուշ այլ տարրերի համար», սակայն նա չի համադրել պլատոնյան հինգերորդ տարրի հետ։
Ըստ Էպիկուրոսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիկուրոսը (մ.թ.ա. 342/341 - մ.թ.ա. 271/270) ժխտում էր աշխարհի գործերին աստվածների միջամտությունը և ելնում էր այն բանի ընդունումից, որ մատերիան հավերժական է և օժտված է շարժման ներքին աղբյուրով։ Աստվածներն էլ բաղկացած են ատոմներից, ինչպես տիեզերքի բոլոր իրերը, նաև մարդկային հոգին։ Ճանաչողությունը կատարվում է «իրերի տեսքերի, կերպարների՝ էյդոլների» միջոցով, որոնք, դուրս թռչելով իրերից, թափանցում են մարդկանց զգայարանների մեջ, առաջացնում զգայական ընկալումներ և պատկերներ։ Էյդոլները նյութական են, կազմված են նուրբ ատոմներից։ Վերածնելով Լևկիպոս-Դեմոկրիտեսի ատոմիզմը՝ Էպիկուրոսը նրա մեջ մտցնում է որոշ ինքնատիպ փոփոխություններ։ Օրնակ, ատոմներն իրարից տարբերվում են նաև կշռով, անվերջ է տվյալ ձևի ատոմների թիվը, իսկ բուն ձևերը վերջավոր են։ Դատարկ տարածության մեջ նույն արագությամբ շարժվող ատոմների բախման հնարավորությունը բացատրելու համար նա մտցնում է ուղիղ գծից ատոմի սպոնտան (ներքին մղումով, ինքնաբուխ) «շեղման» հասկացությունը։ Դա անհրաժեշտության և պատահականության հարաբերակցության վերաբերյալ ավելի խոր հայացքի հիմք էր, Դեմոկրիտեսի մեխանիստական դետերմինիզմի համեմատությամբ մի քայլ առաջ էր։
Ըստ Լուկրեցիուսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկրեցիուսը (լատին․՝ Titus Lucretius Carus, մ.թ.ա. մոտ 98 - մ.թ.ա. 55) Էպիկուրի ինքնատիպ շարունակողն է։ Մարդու կյանքի նպատակը պետք է լինի ատարաքսիան։ Հոգին մատերիայի տարատեսակ է, ակտիվ է, գործուն, ընդունակ է իրեն ենթարկել մարմինը։ Հոգին մահկանացու է, քանի որ այն հատուկ մասնիկների միայն ժամանակավոր միացություն է և, մարմնի կործանումից հետո, քայքայվում, բաժանվում է առանձին ատոմների։ Մատերիան անմահ է և անսահման, մահից հետո մարդու մարմինը գոյի այլ ձևեր է ընդունում։ Ատոմների միջև կապը պայմանավորված է ատոմների արտաքին առանձնահատուկ ձևերի շնորհիվ (կեռիկներ և այլն)։
Հակառակորդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատոմիզմն ի սկզբանե ունեցել է իր հակառակորդները, որոնք մերժում էին ատոմի՝ որպես բացարձակ անբաժանելի մասնիկի գաղափարը։ Այսպես օրինակ, Անաքսագորասը և Էմպեդոկլեսը ընդունում էին մատերիայի անսահման բաժանելիությունը և անընդհատությունը։ Էմպեդոկլեսի կարծիքով, նյութական աշխարհը կազմված է չորս բաղկացուցիչ տարրերից՝ հողից, ջրից, կրակից և օդից, որոնցից և ոչ մեկը չունի բաժանելիության վերջնական սահման։ Ինչպես հայտնի է, Լուկրեցիոսն Էմպեդոկլեսին քննադատում էր բաժանելիության մեջ սահման չճանաչելու համար[13]։
Ատոմիստական տեսության «վերածնունդը»
[խմբագրել | խմբագրել կոդը]17-19-րդ դդ. գիտություն այսօրվա իմաստով չկար, քանի որ ամեն մի գիտելիք մտնում էր փիլիսոփայական համակարգի մեջ կամ դուրս էր մնում այդ համակարգից և հետևաբար ատոմիզմի գաղափարը միայն աշխարհայացքային բնույթ էր կրում։
Արիստոտելը (մ.թ.ա. 384 - մ.թ.ա. 322), որի փիլիսոփայական համակարգը՝ մեկնաբանված քրիստոնեության ոգով, իշխում էր մինչև ուշ վերածննդի ժամանակաշրջանը, նույնպես հակադրվում էր ատոմիստներին։ Եվ թերևս սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ատոմիստական տեսությունը մոռացության է տրվել մինչև 17-րդ դար, երբ Զեներթ Դանելը, Պիեռ Գասենդին և մյուսները նորից վերականգնեցին այն, և երբ ազատվելով միջնադարյան կապանքներից, սկսեց ազատ զարգանալ փորձնական բնագիտությունը։ Ատոմիզմի կողմնակիցներից նշանավոր դեմքեր են՝ Ջորդանո Բրունոն, Գալիլեո Գալիլեյը, Իսահակ Բեկմանը, Զեներթ Դանիելը, Սեբաստիան Բասոն, Պիեռ Գասենդին, Ռոբերտ Բոյլը, Իսահակ Նյուտոնը, Միխայիլ Լոմոնոսովը, Ջոն Դալթոնը, Ամեդեո Ավոգադրոն, Ալեքսանդր Բուտլերով��, Դմիտրի Մենդելեևը և ուրիշներն իրենց աշխատություններում ատոմիզմը ներկայացրել են որպես մատերիայի կառուցվածքի ֆիզիկա-քիմիական տեսություն։
Ըստ Դեկարտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկարտը (1596-1650)՝ իր ժամանակաշրջանի խոշորագույն մտածողներից մեկը, բանավիճելով Գասենդիի հետ, անհնար էր համարում ոչ միայն ատոմների, այլ նաև դատարկության գոյությունը՝ ընդունելով, որ տարածությունը ևս նյութական է։ Նյութի անսահման բաժանելիությունը, ըստ Դեկարտի, բխում է նյութի և տարածության միասնությունից, քանի որ վերջինս ենթադրվում է անսահմանորեն բաժանելի[14]։ Այդ կապակցությամբ Պիեռ Գասենդին գրել է Դեկարտյան դատողությունների քննադատական վերլուծությունը («Disquisitio ad v ersus Cartesium»)։
Ըստ Հերցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերցը (1857-1894), ժխտելով ատոմիզմի գաղափարը, գրել է. «Ամենաընդհանուր փորձն ապացուցում է, որ բնությունը անսահման փոքրի մեջ միշտ և բոլոր իմաստներով ցուցաբերում է անընդհատություն»[15]։
Ըստ Ջորդանո Բրունոյի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորդանո Բրունոյի (1548-1600) գլխավոր երկերն են «Պատճառի, նախասկզբի և միասնականի մասին», «Անվերջության, տիեզերքի և աշխարհների մասին» փիլիսոփայական դիալոգները։ Հետևողականորեն նույնացնելով անսահման Աստծուն բնության հետ՝ Բրունոն հավաստում էր բուն բնության անսահմանությունը։ Աշխարհներն անթիվ են և բնակեցված են։ Երկնային և երկրային աշխարհը ֆիզիկապես միատարր է և կազմված է հողից, ջրից, օդից, կրակից ու եթերից։ Գոյություն ունի համաշխարհային հոգի, ընդ որում այդ հոգին նա ըմբռնում էր իբրև կյանքի սկզբունք և իբրև հոգևոր սուբստանցիա, որը գտնվելով առանց բացառության բոլոր իրերի մեջ, կազմում է նրանց շարժիչ սկզբնապատճառը։ Այստեղ, անտիկ մատերիալստների մեծամասնության նման, Բրունոն հանգում է հիլոզոիզմին։
Ըստ Գալիլեո Գալիլեյի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալիլեո Գալիլեյը (1564-1642) քննադատում էր Արիստոտելի հեղինակությանը կուրորեն խոնարհվելը։ Գալիլեյի աստղագիտական հայտնագործությունները եղան Կոպեռնիկոսի հելիոցենտրիկ համակարգի ճշմարտության ապացույցը։ Գալիլիեյը գտնում էր, որ աշխարհն անվերջ է, մատերիան հավերժական է, բնությունը միասնական է։ Բնության հիմքում ընկած է մեխանիկայի օրենքներին ենթարկվող բացարձակապես անփոփոխ ատոմների խիստ մեխանիկական պատճառականությունը։ Բնության ճանաչողությունը սկսվում է դիտարկումից, փորձից։
Ըստ Զեներթ Դանիելի
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեներթ Դանիելը (գերմ. Daniel Sennert, 1572-1637) 16-17-րդ դարերի մտածողներից առաջինն էր, որ փորձեց վերականգնել հին ատոմիստական տեսությունը։ Նա առաջիններից էր, որ քիմիական երևույթները փորձեց բացատրել ատոմիստական տեսությամբ։ Ինչպես օրինակ, ոսկու ատոմները որևէ թթվային միջավայրում քաքայելուց հետո, սուբլիմացիայի ժամանակ պահպանում են իրենց հատկությունները, և այդ պատճառով էլ հնարավոր է ոսկին անջատել միացություններից։ Նա խոսում է պարզ ատոմների՝ էլեմենտների մասին և երկրորդ կարգի էլեմենտների մասին (մոլեկուլի նախատիպը)։ Դա կարևոր նորամուծություն էր կորպուսկուլյար տեսության մեջ՝ հին ատոմիստական տեսության մեջ չկար մոլեկուլ հասկացությունը։ Բոլոր մարմինները, ներառյալ կրակը, օդը, ջուրը, հողը (Արիստոտել), կազմված են մոլեկուլներից (Դեմոկրիտես)։ Պարզ ատոմներից առանձնացնում է կորպուսկուլյար ատոմը (atoma corpuscula)՝ այն սահմանային մասնիկը մինչև ինչքան բնությունը թույլ է տալիս բաժանել, սրանցից առաջանում են բարդ մարմինները։ Բոլոր ատոմներն ունեն նախնական որոշակի ձև և միայն ատոմների և մարմինների շարժմամբ է պայմանավորված ամեն փոփոխություն։ Ատոմները իրար միանում են Աստծո կողմից ստեղծված ձևից ելնելով։ Կտրականապես հերքում է ատոմների միմյանց հանդիպելու և մարմիններ ձևավորելու կույր պատահականությունը[16]։
Ըստ Սեբաստիան Բասոյի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստիան Բասոյի (ֆր. Sébastien Basson, 16-17-րդ դարեր) մատերիան կազմված է չորս տեսակ ատոմներից (հող, ջուր, օդ, կրակ)։ Ատոմներն իրար միանալով կազմում են մոլեկուլ։ Ի տարբերություն Դեմոկրիտի և Էպիկուրի, համարում էր, որ ատոմների միջև տարածությունը դատարկ չէ, այլ լցված է նուրբ մատերիայով՝ կրակի նման հատուկ սուբստանցիայով։ Այն նույնացնում էր ստոիկների պնևմայի (հունարեն՝ Λνεύςα-շունչ, օդ) հետ։ Կարելի է ասել, որ Բասոն միավորել է անտիկ շրջանի երկու հակառակ փիլիսոփայական ուղղությունները՝ Էպիկուրիզմն ու ստոիցիզմը։ Նաև համարում էր, որ մատերիայի բոլոր փոփոխությունները ատոմների շարժման և վերադասավորման արդյունք է։
Ըստ Իսահակ Բեկմանի
[խմբագրել | խմբագրե�� կոդը]Իսահակ Բեկմանը (1588-1637) հերքելով Արիստոտելի կրոնական մեկնաբանությունները, Սեբաստիան Բասոյից անկախ եկել է այն եզրահանգման, որ մատերիան կազմված է ատոմներից։ Ժամանակակից ատոմիզմի հիմնադիրներից մեկն էր նա։ Չնայած իր գաղափարները չի հրատարակել, սակայն էականորեն ազդել է իր ժամանակակիցների մտքի վրա։ Նրան անվանել են ժամանակակից Կոպեռնիկոս։ Մահից հետո, 1644 թվականին նրա եղբայրը հրատարակել է որոշ դիտարկումներ[17]։
Ըստ Պիեռ Գասենդիի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Գասենդին (1592-1655) Էպիկուրի տեսությանն ավելացնում է, որ ատոմները Աստծո ստեղծածն են։ Ատոմիստիկայի տեսությունը հարստացնում է մոլեկուլ հասկացությամբ (concreticulae- ատոմների սերտաճուկներ)։ Ըստ Պիեռ Գասենդիի ատոմների քանակը և ձևը վերջավոր և հաստատուն մեծություն է։ Ատոմները ոչ ծնվում են, ոչ էլ անհետանում, հետևաբար կենդանի բնության քանակը անփոփոխ է մնում։ Ատոմները իրարից տարբերվում են կշիռով և բնածին շարժման ընդունակությամբ։ Ամեն ինչի շարժումը պայմանավորված է Աստծո կողմից ստեղծված ատոմների բնածին շարժմամբ։ Կենդանիների հոգին ամենաշարժուն ատոմներից է կազմված, որոնք ունեն զգայող բանականություն[18]։
Ըստ Բոյլի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Բոյլը (1627-1691) կատարեց բնագիտական որևէ հետազոտության հետ կապ ստեղծելու առաջին փորձը։ Այդպիսով քիմիայի բնագավառ ներմուծեց ատոմի գաղափարը։ Ըստ Բnյլի, ատոմները տարբերվում են միմյանցից ոչ թե որակապես, այլ միայն քանակապես՝ մեծությամբ և ձևով, իսկ մարմինների որակական տարբերությունը բացատրվում է ատոմների թվով, նրանց դասավորությամբ և մեխանիկական շարժումով։
Ըստ Նյուտոնի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոյլից հետո ատոմիզմի գաղափարը ընդունեց նաև Նյուտոնը (1642-1726), որը ատոմական կառուցվածք էր վերագրում ոչ միայն մատերիային, այլև լույսին, չհերքելով ատոմի Աստծո կողմից ստեղծված լինելը։ Նյուտոնի միջոցով ատոմները մտան դասական մեխանիկայի բնագավառ։
Ըստ Բոշկովիչի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուջեր Իոսիպ Բոշկովիչը (1711-1787) ստեղծեց յուրահատուկ տեսություն (ատոմը որպես ուժի կենտրոն), որը մեծ ազդեցություն ունեցավ Ֆարադեյի ֆիզիկական դաշտի կոնցեպցիայի ձևավորմոն վրա։ Նա առաջին էր Եվրոպայում, որ ընդունեց Նյուտոնի դասական ձգողության տեսությունը և առաջարկեց Նյուտոնի տեսության և Լայբնիցի հայացքների սինթեզը։
Ըստ Բոշկովիչի, մատերիան կազմված է ձգողություն չունեցող ատոմ-կետերից, որոնք հանդիսանում են ունիվերսալ օրենքին ենթարկվող ուժի կենտրոն։ Փոքր տարածություններում ատոմների միջև այդ ուժերը գործում են որպես վանող, թույլ չտալով ատոմներին ընկնել (այդ է պատճառը, որ նյութական մարմինները ձգողությամբ են օժտված)։ Մեծ տարածություններում այդ ուժերը նկարագրվում են Նյուտոնի երկրի ձգողության օրենքներով։ Միջանկյան տիրույթներում ուժերը կարող են լինել և՛ վանողական, և՛ ձգողական, մի քանի անգամ փոխելով իրենց ուղղությունը՝ ատոմների միջև տարածության փոփոխությանը համապատասխան։ Տարածությունից կախված ուժի փոփոխության բնույթին համապատասխան Բոշկովիչը կարող էր քանակապես և որակապես բացատրել մատերիայի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ամրությունը, խտությունը, հոսունությունը, ծանրությունը, կպչողականությունը, քիմիական փոխազդեցությունները, օպտիկական հատկությունները։ Բոշկովիչի տեսությունը իր ժամանակակիցների կողմից չի հասկացվել և չի ընդունվել։ Հարյուր տարի անց այն նշանակություն ստացավ Ֆարադեյի ֆիզիկական դաշտի տեսությունում։
Ըստ Ջոն Դալթոնի
[խմբագրել | խմբագրել կոդը]1808 թվականին Ջոն Դալթոնը (1766-1844) կենդանություն տվեց ատոմիզմին։ Անբաժան մասնիկ ասելով նա հասկանում էր քիմիական տարրեր։ Նա գրել է.
Ատոմը քիմիական տարր է, որը հնարավոր չէ ստեղծել, բաժանել ավելի մանր մասերի, որևէ քիմիական ձևափոխությամբ ոչնչացնել։ Ցանկացած քիմիական ռեակցիա պարզապես փոխում է ատոմների խմբավորման կարգը։ |
Դալթոնն ատոմի գաղափարը հետագայում լայնորեն կիրառեց բնագիտության մեջ, որի հիման վրա էլ նա հայտնագործեց բազմապատիկ հարաբերությունների օրենքը։ Ամբողջովին ընդունելով Դեմոկրիտեսի ատոմիզմը, նա նշում է, որ բաժանելիության սահման պատկերող օբյեկտը ատոմն է, որովհետև բառացի նշանակում է անբաժանելի։ Դալթոնը կիրառում է ատոմական կշիռ հասկացությունը և ստանում թվային արժեքներ, համոզված լինելով, որ դրանք բնորոշում են հին ատոմիզմի (Դեմոկրիտեսի) բացարձակ անբաժանելի ատոմները[20]։ Այդ թվային արժեքները պատմական նշանակություն ունեցան։ Ատոմիստական ուսմունքը լայն ճանաչում ստացավ և սկսեց անհանգստացնել որոշ ճանաչված գիտնականների (սակայն հետագայում հիմնավորվեց, որ իրոք այդ թվային արժեքները հիմնականում չեն համապատասխանում քիմիական տարրերի ատոմներին)։ Այսպես, Ֆարադեյը գտնում էր, որ չնայած լայն տարածմանը, ատոմիստական ուսմունքը միայն հիպոթետիկ բնույթի է և պետք է խիստ սահմանազատել փաստերից[21]։
Մայերը (1814-1878) նույնպես ուշադրություն է դարձրել ատոմի վերացական, մտային բնույթին, համեմատել է դիֆերենցիալի հետ՝ նկատելով, որ դրանք չեն կարող դառնալ մեր ուսումնասիրության առարկան։ Սակայն, եթե անհրաժեշտ է ատոմի հասկացությունը գործածել գիտության մեջ, ապա միայն հարաբերականորեն անբաժանելի, հարաբերական ատոմի իմաստով[22]։ Այդ կոչերը և դիտողությունները, սակայն, այն ժամանակի լայն գիտական շրջաններում համապատասխան ուշադրության չեն արժանացել։
Ատոմիստական տեսությունը համարյա միշտ հանդես է եկել իբրև մատերիալիստական աշխարհըմբռնման հիմք։ Բայց հին ատոմիստական տեսությունը համարյա միշտ մետաֆիզիկական էր, քանի որ բացարձակացնում էր դիսկրետության գաղափարը և ենթադրում էր մատերիայի վերջին, անփոփոխ էության աշխարհի «առաջնային աղյուսների» առկայությունը։
Գիտական հիմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատոմի բաժանելիություն, փոխակերպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացարձակ անբաժանելի ատոմի գաղափարը ֆիզիկայում ընդունվում էր մինչև 20-րդ դ. սկիզբը, երբ ռադիոակտիվության տեսությունը ապացուցեց ոչ միայն ատոմների բաժանելիությունը, բարդ լինելը, այլև փոխադարձ փոխակերպումը։ Չնայած Ջոզեֆ Ջոն Թոմսոնը 1897 թվականին փորձնականորեն հայտնաբերել էր էլեկտրոնը, բայց դեռ մինչև 1901 թվականին դժվար էր հավատալ, որ կան ատոմից փոքր մասնիկներ։ Այդ կապակցությամբ Թոմսոնը գրեց «Ատոմից փոքր մասնիկներ» հոդվածը։ Սակայն դրանից հետո ատոմի փոխարեն էլեկտրոնը համարվեց անբաժան մասնիկ։ 1919 թվականին Ռեզերֆորդը հայտնաբերեց նոր մանրագույն մասնիկ՝ պրոտոնը։ 1930-ական թվականներին «հատիկների» թիվը մեծացավ և նրանք ստացան ընդհանուր անվանում՝ «տարրական մասնիկներ» և ստանձնեցին նույն բացարձակ անբաժանելի ատոմների դերը։ Ներկայումս հայտնի են մոտ 200 տարրական մասնիկներ։ Ռոբերտ Հոֆշտադտերը 1960 թ. հայտնաբերեց (1961 թվականին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացավ), որ պրոտոնը կորիզ ունի և այն անվանեց քեռն։ Եվ այսպես շարունակվում են ուսումնասիրությունները մյուս տարրական մասնիկների վերաբերյալ։
Ալիքային հատկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնիկ-ալիքային երկվություն կոնցեպցիայի համաձայն մասնիկները միկրոաշխարհում օժտված են ոչ միայն կորպուսկուլյար (մասնիկային), այլև ալիքային հատկություններով։ 1927 թվականին Քլինտոն Դևիսոնը (1881-1958) Ջերմերի (1896-1971) հետ հայտնաբերեցին էլեկտրոնների դիֆրակցիան նիկելի միաբյուրեղի վրա՝ հաստատելով 1924 թ.-ին միկրոմասնիկների կորպուսկուլյար-ալիքային բնույթի մասին դը Բրոյլի թեկնածուական աշխատանքում առաջ քաշած հիպոթեզը[23]։ Գիտափորձը ստացել է Դեյվիսոն-Ջերմերի փորձ անունը։
1937 թվականին «Բյուրեղներում էլեկտրոնների դիֆրակցիայի փորձարարական հայտնագործության համար» Դևիսոնը և Թոմսոնը (1892-1975) արժանացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի (1906 թվականին Թոմսոնի հայրը )։
Ժամանակակից ատոմիզմը ընդունում է մոլեկուլների ատոմների, «տարրական մասնիկների» և մյուս միկրոօբյեկտների բազմազանությունը մատերիայի կառուցվածքի մեջ, նրանց անսպառ բարդությունը, մի ձևից մյուսին փոխարկվելու ընդունակությունը։ Տարբեր դիսկրետ/ընդհատ միկրոօբյեկտների գոյության մեջ նա տեսնում է քանակական փոփոխությունների՝ որակականների անցման օրենքի դրսևորումը։ Տարածական մասշտաբների փոքրացումը կապված է մատերիայի որակապես նոր գոյացումներին անցնելու հետ։ Բայց ժամանակակից ատոմիստական տեսությունը մատերիան համարում է ոչ միայն դիսկրետ, այլև անընդհատ։ Միկրոմասնիկների միջև եղած փոխազդեցության ուժերը փոխազդում են անընդհատ դաշտերի՝ էլեկտրամագնիսական, միջուկային և այլ դաշտերի միջով, որոնք անխզելիորեն կապված են «տարրական» մասնիկների հետ։ Ժամանակակից ատոմիզմը ժխտում է մատերիայի վերջին, անփոփոխ էության առկայությունը և ելնում է մատերիայի քանակական ու որակական անվերջությունից։
Հին ատոմիզմը վերջնականապես չի հերքվել ճիշտ այնպես, ինչպես չի ապացուցվել բացարձակ բաժանելիության գաղափարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեմոկրիտես
- Վերածնունդ
- Տարածության ընկալում
- Թոմսոնի ատոմի մոդել/Ատոմի պուդինգային մոդել
- Բորի մոդել
- Քվանտային մեխանիկա
- Մասնիկ-ալիքային երկվություն
- Դեյվիսոն-Ջերմերի փորձ
- Էլեկտրոնների դիֆրակցիա
- Ֆիզիկայի պատմություն
- Դը Բրոյլի ալիք
- Ապեյրոն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Feynman Lectures on Physics: Atoms in Motion
- V. Bani Deshpande Fondements théoriques dans l'Inde ancienne de la Physique du 20ème siècle Արխիվացված 2008-10-13 Wayback Machine
- Democritus of Abdera
- Democritus in The Internet Encyclopedia of Philosophy
- Democritus. Stanford Encyclopedia of Philosophy
- Փիլիսոփյական բառարան, Երևան, 1975
- Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
- Ա. Թ. Գևորգյան, Ատոմիզմի երկու ասպեկտների մասին
- Սեյրան Զաքարյան, «Փիլիսոփայության պատմություն»
- Diskin Clay: Lucretius and Epicurus. Cornell University Press, Ithaca/New York 1983, ISBN 0-8014-1559-4.
- Էպիկուրիզմ
- И. Я. Миттова, А. М. Самойлов. История химии с древнейших времен до конца XX века. հատոր 1, էջ 343, ISBN 978-5-91559-130-0:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Liddell, Henry George, Scott Robert ἄτομον. A Greek–English Lexicon at the Perseus Project
- ↑ «atom» Online Etymology Dictionary
- ↑ Ancient Atomism. Սթենֆորդի փիլիսոփայական հանրագիտարան (Fall 2008 Edition) First published Tue Aug 23, 2005; substantive revision Tue Oct 18, 2005
- ↑ Открытая реальность, Философия Ньяйи
- ↑ [ՀՍՀ, Նյայա]
- ↑ The Vaisheshika sutras of Kanada, 2-րդ հրատ, թարգմանիչ՝ Nandalal Sinha (1923), խմբագիր՝ BD Basu: (Ձեռագրի թարգմանություն առանց քննադատության)
- ↑ Eric Gerlach Asian Philosophy 3: The Orthodox & Unorthodox Schools of Indian Thought. Vedanta: The End of the Vedas. Արխիվացված 2016-08-15 Wayback Machine
- ↑ «Материалисты Древней Греции», М., 1955, էջ 60
- ↑ Dēmokrits no Abdērām (Դեմոկրիտես Աբդերացի)
- ↑ В.Ф. Асмус. Античная философияАТОМИСТИЧЕСКИЙ МАТЕРИАЛИЗМ ЛЕВКИППА И ДЕМОКРИТА
- ↑ Թարգմանիչ՝ Ս. Ս. Ավերինցևա, ПЛАТОН. ТИМЕЙ
- ↑ Лосев А. Ф.ТИМЕЙ. МИФОЛОГИЧЕСКАЯ ДИАЛЕКТИКА КОСМОСА Արխիվացված 2016-11-02 Wayback Machine
- ↑ Լուկրեցիոս, Իրերի բնության մասին, Երևան, 1960, էջ 23
- ↑ Декарт, Избранные произведения. Д.. 1950. էջ 475
- ↑ «Новые идеи в философии», 1914, էջ 116
- ↑ Большая Энциклопедия Нефти Газаhttp://www.ngpedia.ru/id36708p1.html
- ↑ Beeckman. From the Lowlands Low On the Science, Art and Culture of the Dutch Golden Age.
- ↑ ГАССЕНДИ, ПЬЕР энциклопедия «Кругосвет»
- ↑ A New System of Chemical Philosophy
- ↑ Дж . Дальтон, Сборник работ по атомистике, Л., 1940 թ., էջ 93
- ↑ Фарадей, Экспериментальные исследования по электричеству, т. 2, М., 1951 թ., էջ 392
- ↑ Майер, Закон сохранения и превращения энергии, М.—Л., 1933 թ., էջ 270
- ↑ L. de Broglie, Recherches sur la théorie des quanta («Քվանտային տեսության ուսումնասիրություններ»), Thesis (Paris), 1924; L. de Broglie, Ann. Phys. (Paris) 3, 22 (1925)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ֆիզիկայի պատմություն
- Հին հունական փիլիսոփաներ
- Ատոմիստներ
- Մատերիալիզմ
- Փիլիսոփայության պատմություն
- Իմացաբանական տեսություններ
- Փիլիսոփայական տեսություններ
- Նախասոկրատեսյան փիլիսոփաներ
- Հին Հունաստանի փիլիսոփայություն
- Քիմիայի պատմություն
- Մետաֆիզիկական տեսություններ
- Բնության փիլիսոփայություն
- Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ
- Գիտության փիլիսոփայություն
- Մտքերի պատմություն
- Փիլիսոփայական շարժումներ
- Հնդկական փիլիսոփայություն
- Անտիկ փիլիսոփայություն
- Արևելյան փիլիսոփայություն
- Փիլիսոփայական տերմինաբանություն
- Բուդդայականության հասկացություններ
- Գիտական տեսություններ
- Մետաֆիզիկայի հասկացություններ