Jump to content

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն, ծովային արշավանք, որի արդյունքում վերջնականորեն ապացուցվեց Երկրի գնդաձևության գաղափարը։ Այն սկսել է պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը 1519 թվականի սեպտեմբերի 20-ին, և ավարտվել է 3 տարի անց՝ 1521 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ամերիկայի հայտնագործման և Վասկո դա Գամայի ճամփորդության հետ դասվում է աշխարհագրական մեծ հայտնագործությունների շարքին։

Աշխարհի շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին նավը՝ «Վիկտորիան»

Արշավանքին մասնակցում էր նավաստիների մեծաքանակ անձնակազմ (265-280 մարդ), ովքեր ծառայում էին հինգ նավերում՝ Սան Անտոնիո, Տրինիդադ, Կոնսեպսիոն, Վիկտորիա և Սանտ Յագո։ Ատլանտյան օվկիանոսը նավարկելուց և Ամերիկա աշխարհամասը շրջանցելուց հետո Մագելանի արշավախումբը հայտնվում է ջրային ընդարձակ տարածությունում, որտեղ նավարկում է 100 օր և ոչ մի փոթորկի չի հանդիպում։ Այդ իսկ պատճառով այն ստանում է «Խաղաղ օվկիանոս» անվանումը։

Ֆիլիպինների կղզեխմբին ու «Համեմունքների» (Մոլուքյան) կղզիներն անցնելուց հետո Հնդկական օվկիանոս է հասնում միայն մեկ նավ՝ «Վիկտորիան»։ Ֆեռնան Մագելանը սպանվում է Ֆիլիպիններում ծագած կռիվների ժամանակ՝ տեղացիների հետ ընդհարվելիս։ Իսպանիա են հասնում նախկին անձնակազմի ընդամենը 18 նավաստիներ, ևս 18-ը, ովքեր գերի էին ընկել պորտուգալացիներին, ավելի ուշ են հասնում Եվրոպա։

Շուրջերկրյա ճանապարհորդությունն ունենում է ոչ միայն գիտական, այլև տնտեսական մեծ կարևորություն։ Այն զգալիորեն հեշտացնում է ծովային նոր ճանապարհորդություններն ու արշավանքները, ինչպես նաև բացում առևտրական նոր ճանապարհներ՝ մի կողմից նոր զարգացող Եվրոպայի, մյուս կողմից՝ վաճառաշահ հարուստ երկրների՝ Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ու Ինդոնեզիայի միջև։ Նորաստեղծ համաշխարհային կայսրություններ Իսպանիան ու Պորտուգալիան դառնում են գաղութային տերություններ։

Գնդաձևության գաղափար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր մոլորակը էլիպսաձև (գնդաձև) երկնային մարմին է, որը պտտվում է Արեգակի շուրջ։ Այն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը։ Արեգակնային համակարգի, իր մոլորակների ու արբանյակների մասին գիտությամբ մարդիկ զբաղվել են դեռևս բրոնզի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ) և երկաթի (մ.թ.ա. 2-1 հազարամյակներ) դարաշրջաններում։ Աստղագիտությունը օգնում էր մայր բնությանը առավել լավ ծանոթ լինելուն, որը ուներ ոչ միայն գիտական, այլև կիրառական նշանակություն։ Աստղագիտության ուսումնասիրմամբ զարգանում են ծովագնացությունը և ծովային առևտուրը։

Պյութագորաս (Πυθαγόρας)
(մ.թ.ա. 569 - 475)

Աստղագիտության ու աշխարհագրության մասին լավ պատկերացում ունեին Միջերկրական ծովի ավազանի երկրների բնակիչները։ Դեռևս հնադարում եգիպտացիները, փյունիկեցիները, հույները և այլ ժողովուրդներ մեծ ուշադրություն էին դարձնում շրջակա միջավայրի ուսումնասիրությանը։ Աստղագիտությունը հին Հունաստանում զարգանում է փիլիսոփաների շնորհիվ։ Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ.թ.ա. 4-րդ դար)։ Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը՝ երբ նավն ավելի է մոտենում ափին[1]։

Մ.թ.ա. 3-րդ դարում Արիստարքոս Սամոսացին առաջ է քաշում արևակենտրոն համակարգի վարկածը, որի համաձայն Արեգակը Երկրից մեծ է 300 անգամ, հետևաբար՝ ավելի շուտ փոքր Երկիրը պետք է պտտվի մեծ Արեգակի շուրջը, քան՝ հակառակը։ Երկիրը միաժամանակ երկու պտույտ է կատարում, մեկ տարի պարբերությամբ՝ Արեգակի շուրջը, մեկօրյա պարբերությամբ՝ իր առանցքի շուրջը։ Մ.թ.ա. 2-րդ դարում Էրատոսթենեսը ոչ միայն ընդունել է Երկրի գնդաձևությո��նը, այլև առաջին անգամ չափել միջօրեականի երկարությունը և ստացել ժամանակակից տվյալներին բավական մոտ արդյունք։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների շնորհիվ Մերձավոր Արևելքում ստեղծվում է նոր աշխարհակալ կայսրություն։ Սկսվում է հելլենիզմի դարաշրջանը, որը տևում է յոթ հարյուրամյակ՝ մ.թ.ա. 3 - մ.թ. 4-րդ դարեր։ Այդ ընթացքում գիտության ու մշակույթի բնագավառներում հույների ունեցած նվաճումները հարստանում են արևելքի ժողովուրդների ձեռքբերումներով։ Այն բանից հետո, երբ վաղ միջնադարում անկում է ապրում Հռոմեական կայսրությունը (476), և Եվրոպայում ստեղծվում են տասնյակ պետական կազմավորումներ, որոնք գտնվում էին զարգացման տարբեր մակարդակների վրա։ Նրանք մոռացության են մատնում անտիկ ժամանակաշրջանում ունեցած ձեռքբերումները։ Այս իրավիճակը տևում է մոտ մեկ հազարամյակ և Եվրոպայի պատմության մեջ հայտնի է որպես «սև, մութ միջնադար»։

Վերածնունդ և Ռեֆորմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարոսական տարբեր ցեղեր, հիմնելով իրենց պետությունները նախկին Հռոմեական կայսրության տարածքում և դրանից դուրս, ժամանակ առ ժամանակ պատերազմում էին միմյանց դեմ՝ ձգտելով նվաճել առավել բարեբեր հողեր ու ձեռք բերել մեծ հարստություններ։ Ցամաքային Եվրոպայում հաստատվելուց հետո նրանց անհրաժեշտ էին կենսական նոր տարածքներ։ Այդպես, Հռոմի Պապ Ուրբանոս II-ի (1088-1099) կոչով, սկսում են խաչակրաց արշավանքները։

Վերածննդի հիմնադիր Դանթե Ալիգիերի (1265-1321)

Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվում են քրիստոնեադավան պետություններ՝ Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի կոմսությունը և Երուսաղեմի թագավորությունը։ Արևելքում շարունակվող գիտական ու մշակութային նվաճումները, որոնք հանդիսանում էին հելլենիզմի քաղաքակրթության ձեռքբերումների շարունակությունը, հասանելի են դառնում եվրոպացիներին[2]։ 13-րդ դարում մուսուլմանները կարողանում են գրավել խաչակրաց բոլոր պետությունները, 14-րդ դարում՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը, 15-րդ դարում մասնատվում է Վրաց թագավորությունը։ Փոքր Ասիա թերակղզում հաստատված թյուրքական օղուզ ցեղերը 1453 թվականին նվաճում են Կոստանդնուպոլիսը և Բյուզանդական կայսրության անկմամբ փակում քրիստոնյա Արևելքի վերջին էջը։ Եվրոպա վերադարձած հազարավոր մարդիկ, ոգեշնչված արևելքի հարստություններով, մշակութային ու գիտական նվաճումներով՝ նոր շունչ են տալիս միջնադարյան պետություններին։ Այդպես՝ սկսվում է «Վերածննդի ժամանակաշրջանը»։

Մյուս կողմից, մուսուլմանների իշխանությունը խիստ թուլացել էր Պիրենեյան թերակղզու տարածքում։ Կորդովայի խալիֆայության (929-1031) մնացորդները՝ տաիֆա-իշխանապետությունները, մեկը մյուսի հետևից նվաճվում էին քրիստոնյա արքաների կողմից։ Նրանցից առավել զորեղ էին Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները, որոնց միացյալ բանակը 1492 թվականին գրավում է արաբների վերջին հենակետն Իսպանիայում՝ Գրանադայի ամիրայությունը[3]։ Նախկինում արաբական լծի տակ գտնվող Իսպանիան ու Պորտուգալիան դառնում են համաշխարհային առաջին կայսրությունները, որոնք ծովային արշավանքներով կարողանում են գրավել տասնյակ երկրներ ու կատարում են աշխարհագրական մեծ հայտնագործություններ։

Լեոնարդո դա Վինչի
(1452-1519)

Վերածննդի դարաշրջանի սկիզբն ազդարարվում է ժամանակակից Իտալիայի տարածքում։ Տոսկանայի դքսությունը, ինչպես նաև՝ վաճառաշահ Պիզայի, Ջենովայի և Վենետիկի հանրապետությունները լիակատար ինքնիշխանություն են ձեռք բերում ու տնօրինում Միջերկրական ծովի առևտուրը։ Ունենալով ֆինանսական մեծ միջոցներ՝ նրանք կարողանում են պետության մակարդակով նպաստել գիտության, մշակույթի ու արվեստների զարգացմանը։ Ֆլորենցիայում, Ջենովայում, Վենետիկում, Միլանում և այլուր կառուցվում են նախկին հելլենիստական ոճի հասարակական կառույցներ ու շինություններ, հրապարակներ ու փողոցներ։ Ավելի ուշ նման տեղաշարժեր սկսում են Ֆրանսիայում, Գերմանիայում ու Անգլիայում, որը ստանում է «Հյուսիսային վերածնունդ» անվանումը։

Ավատատիրական հարաբերությունների քայքայման, շրջանում առավել աշխուժացավ քաղաքային կյանքը։ Այն ենթադրում էր արհեստների ու արվեստների զարգացում, առևտրի ու վաճառականության առաջընթաց[4]։ Եվրոպացիներին անհրաժեշտ էր գտնել նոր ճանապարհներ՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ կապվելու համար։ Նավագնացությունը ձեռք է բերում ոչ միայն գիտական, այլև կիրառական նշանակություն։ Տնտեսության բնագավառում մեծ եկամուտներով առաջնորդվելով՝ ժամանակի պետությունների ղեկավարները ֆինանսավորում են գիտության առաջընթացը՝ մասնավորապես աշխարհագրության և նրան ուղեկցող քարտեզագրության, աստղագիտության և այլ բնագավառներում։

Հռոմի կաթոլիկ եկեղեցին չէր խրախուսում գիտության զարգացումը։ Մասնավորապես՝ հոգևորականները դեմ էին երկրի գնդաձևության գաղափարին, և հակառակը ապացուցողներին համարում էին հերետիկոսներ։ Վերջիններս կարող էին եկեղեցու կողմից կրել զանազան պատիժներ՝ ընդհում մինչև հրկիզում խարույկի վրա կամ կախաղան։ Կրոնի ու գիտության անհամատեղելիության և իրարամերժության արդյունքն է դառնում ռեֆորմացիան։ Եվրոպայի տարբեր երկրներում բացվում են բողոքական եկեղեցիներ (ավետարանական, լյութերական, կալվինական, անգլիկան և այլն), որոնք հակասում էին Հռոմի պապի գերիշխանությանը։ Վերջնականապես ձևավորվում է աթեիզմը։

Շուրջերկրյա ճանապարհորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստափոր Կոլումբոս
(1451-1506)

Շուրջերկրյա ճանապարհորդության գաղափարը, ըստ երևույթին, պատկանում է Քրիստափոր Կոլումբոսին։ Նա ցանկանում էր նավարկել արևմուտք այնքան, մինչև կհասներ Հնդկաստան։ Իրականում Կոլումբոսը հայտնագործում է Ամերիկան (1492)։ Հնդկաստան նավարկության մեկ այլ ճանապարհ հայտնագործել էր Վասկո դա Գաման (1498)։ Նրա շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը «Համեմունքների» (Մոլուքյան) կղզիներ տանող ամենակարճ ճանապարհն էր, որը սկզբնական շրջանում ավելի մեծ եկամուտներ բերեց Պորտուգալիայի թագավորությանը, քան նոր աշխարհամասը՝ Իսպանիային։ Միաժամանակ պարզ դարձավ, որ նոր երկրները չեն մտնում Ասիա աշխարհամասի մեջ, և այն բավականաչափ հեռու է նոր աշխարհից[5]։

1499 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Կոլումբոսը զրկվել էր նոր հողերի հանդեպ ունեցած իր իրավունքներից, «Արևմտյան Հնդկաստան» են ուղևորվում նոր արշավախմբեր՝ Պեդրո Ալոնսո Նինյո (մայիս, 1499-1500), Ալոնսո Օխենդա (20 մայիսի 1499 - փետրվար 1500, 1502), Վիսենտե Յանյես Պինսոն (դեկտեմբեր 1499-1500), Ռոդրիգո դե Բաստիդաս (հոկտեմբեր 1500-1502)։ Պեդրո Ալոնսոն, օրինակ, 1499-1500 թվականներին հասնելով Կարիբյան ծովի «մարգարտյա ափը»՝ հայրենիք է տանում 38 կգ մարգարիտ։ Ալոնսո Օխենդայի հետ 1499 թվականին նոր հողեր է ուղևորվում Ամերիգո Վեսպուչին։ Նա 1200 կմ երկայնքով նավարկում է Գայանայի ափով, հասնում Վենեսուելա և մարգարտի ափ։ Ավելի ուշ նա հայտնաբերում է Ամազոն և Պարա գետերը։ Հոսանքն ի վեր բարձրանալով 100 կմ՝ նա չի կարողանում ափ իջնել, քանի որ անտառները չափազանց խիտ էին։ Նա հայտնաբերում է նաև Գվիանական հոսանքը։ Այդպիսով՝ նա բացահայտում է Հարավային Ամերիկա մայրցամաքը և վերադառնում Օխենդայի նավատորմ[6]։ 1499 թվականի դեկտեմբերին օվկիանոս է մեկնում Կոլումբոսի առաջին արշավանքի մասնակից Վիսենտ Յանյես Պինսոնը։ Նա առաջին իսպանացիներից էր, ով անցավ հասարակածը, իսկ 1500 թվականի հունվարի 26-ին հասավ Հարավային Ամերիկայի ամենաարևելյան ծայրակետին՝ Սան Ռոկի հրվանդան։

Վասկո դա Գամա
(1469-1524)

1513 թվականին Վասկո Նունյես դե Բալբոան, հայտնաբերելով Պանամայի պարանոցը, միաժամանակ տեսնում է Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները[7]։ Վերջինս այն անվանում է «Հարավային ծով»։ Այդ ժամանակներից երկու ջրային տարածքների միջև գտնվող նեղուցի որոնման համար արվել են բազմաթիվ արշավանքներ։ Պորտուգալացի ծովագնացներ Ժուան դե Լիշբոան և Իշտեբան Ֆրոյիշը հասնում են հարավային լայնության 35°-ին և հայտնագործում են Լա Պլատան։ Նրանք չեն կարողանում լավ ուսումնասիրել նրա գետաբերանը, ուստի կարծում են, որ դա նեղուցն է։

Կոլումբոսի մահից տասը տարի անց՝ 1515 թվականին, Իսպանիան Խուան Դիաս դե Սոլիսի գլխավորությամբ երեք նավից բաղկացած տորմիղ է ուղարկում՝ նեղուցի որոնման համար։ Նավարկելով Հարավային Ամերիկայի ափերով՝ նա հասնում է Լա Պլատային, ուսումնասիրում է ցամաքը, սակայն տեղաբնիկները ուտում են նրան, և երկու մնացած նավերը վերադառնում են Եվրոպա։ Պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը, տեղյակ լինելով աշխարհագրական նոր նվաճումներից ու բացահայտումներից, նույնպես կարծում էր, որ Լա Պլատան Հարավային ծովի ու Ատլանտյան օվկիանոսի միջև ջրային նեղուցն է։ Նա պատրաստ էր նույնիսկ այս գաղափարի անհաջող լինելու պարագայում փնտրել Հնդկաստան տանող նոր ճանապարհներ։

16-րդ դարում սկսվեց գաղութատիրական պայքարը երկու ծովային կայսրությունների՝ Իսպանիայի ու Պորտուգալիայի միջև։ Դեռ 15-րդ դարի վերջում Հռոմի պապի կոնդակով ու Տորդեսիլիասի պայմանագրով արևմուտքը և արևելքը բաժանվեցին «լավագույն հոգեզավակներին»։ Դրանց բաժանման գիծն անցնում էր Ատլանտյան օվկիանոսով՝ Աֆրիկան ու Հնդկաստանը թողնելով Պորտուգալիայի, իսկ Ամերիկան՝ Իսպանիայի ազդեցության գոտում։ Ավելի ուշ սահմանը տեղափոխվեց արևմուտք, և Պորտուգալիայի ազդեցության տակ հայտնվեց Բրազիլիան։ Պորտուգալիայում Մագելանի արշավախմբի կազմակերպման համար մեծ դեր էր կատարել աստղագետ Ռույ Ֆալեյրոն։ Նա ստեղծում է աշխարհագրական լայնությունների ու երկայնությունների հաշվարկման համակարգ։ Դրա համաձայն՝ Մոլուքյան կղզիներին հեշտ է հասնել եթե անընդհատ նավարկել դեպի արևմուտք, և ուստի, գտնվելով արևմտյան կիսագնդում, դրանք պատկանում են Իսպանիային, այլ ոչ՝ Պորտուգալիային։ Այդ պատճառով աշխարհագրության բնագավառում պորտուգալացիների հայտնագործությունները գաղտնի են պահվում իսպանացիներից[8]։

Ֆեռնան Մագելան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնան Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Երիտասարդ տարիքում եղել է Խուան II-ի կնոջ՝ Լեոնորա թագուհու շքախմբի անդամ։ 1505 թվականին փոխարքա Ֆրանսիշկու դի Ալմեյդայի նավատորմի կազմում Մագելանը մեկնում է Հնդկաստան։

Ֆեռնան Մագելան
(1480-1521)

Բարեհուսո հրվանդանին հասնելուց հետո արշավախումբը սկսում է ռազմական գործողություններ՝ Կիլվա և Մոմբասա բնակավայրերի համար։ 1506 թվականին Մագելանը մասնակցում է ապստամբությունների ճնշմանը, Մոզամբիկում կատարվող շինարարությանը, ապա շարունակում է ճանապարհը դեպի Հնդկաստան, որտեղ նրան երկու անգամ վիրավորում են։

1509-11 թվականներին պորտուգալացիները գրավում են Մալակկա թերակղզին, որով համեմունքների առևտուրը ամբողջությամբ անցնում է նրանց ձեռքը։ 1512 թվականին Մագելանը վերադառնում է Եվրոպա։ Նա պորտուգալական բանակի կազմում մասնակցում է մարոկկացիների դեմ արշավանքներին։ Տիրապետելով նավաստու ու ծովագնացի աշխատանքին՝ նա սկսում է ուսումնասիրել նաև քարտեզագրություն։ Արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ դեպի Համեմունքների կղզիներ շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը չափազանց երկար է, և այն զգալիորեն կկարճանա, եթե նավարկեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ամերիկան։

Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ը (1495-1521) ոչ միայն հրաժարվում է ընդառաջել Մագելանի ծրագրին, այլև չի համաձայնում ընդունել նրան ծառայության։ Ծովագնացը մեկնում է Իսպանիա ու հաստատվում Սևիլյա քաղաքում։ Այնտեղ նա հաստատվում է, ամուսնանում և որդի ունենում։

1518 թվականի մարտի 22-ին Մագելանը և Ֆալերուն պայմանագիր են կնքում Իսպանիայի թագավոր Կառլոս I-ի (1500-1558) հետ, որի համաձայն նրանք իրավունք ունեին ստանալու ծովագնացության եկամուտների 1/5-ը, ինչպես նաև՝ ավատատիրական իրավունքներ նորահայտ տարածքներում ու հայտնաբերվելիք տարածքների եկամուտների 1/20 մասը։ Նրանք իրավունք ունեին նաև սեփականաշնորհել երկու կղզի, եթե հայտնաբերվեին վեցը։

Պատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջերկրյա ճամփորդության իրականացման համար մեծ դեր են խաղացել եվրոպացի վաճառականները, քանի որ առաջին հերթին այն նպաստելու էր միջազգային առևտրի զարգացմանը։ Նրանք հնարավորություն չունեին մասնակցելու «Օստ Ինդիայի» (արևելյան՝ ասիական Հնդկաստանը, և Ինդոնեզիան) հետ կատարվող առևտրին՝ պորտուգալացիների մենաշնորհի պատճառով։

Աշխարհի շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին նավի՝ «Վիկտորիայի» կրկնօրինակը

Պորտուգալացիները ձգտում էին դիմակայել Մագելանի արշավանքին։ Նրանք փորձում էին վարկաբեկել Մագելանին իսպանացիների աչքերում՝ հերթական ապացույց բերելով այն հանգամանքը, որ իսպանական ազնվականությանը պետք է հրամանատար նշանակվեր ոմն պորտուգալացի։ 1518 թվականի հոկտեմբերին արշավախմբի մասնակիցների ու սևիլյացիների միջև տեղի է ունենում ընդհարում։ Արդյունքում Մագելանը համաձայնում է քչացնել անձնակազմում առկա պորտուգալացիների թվաքանակը՝ հօգուտ իսպանացիների։

Մագելանին տրամադրվում են հինգ նավեր տարբեր տարողունակությամբ՝ «Սան Անտոնիո» (120 տոննա), «Տրինիդադ» (110 տոննա), «Կոնսեպսիոն» (90 տոննա), «Վիկտորիա» (85 տոննա) և «Սանտ Յագո» (75 տոննա)։ Դրանք հին, օգտագործված նավեր էին, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ էին երկար ամիսներ ու հսկայական ֆինանսական միջոցներ։

Նավեր են բեռնվում մեծ քանակությամբ պաքսիմատ, գինի, ձիթապտղի յուղ, քացախ, աղ դրված ձուկ, խոզապուխտ, ընդավորներ, կաթնամթերք, ալյուր, շաքար, բրինձ ու չորապտուղներ։ Հարձակումներից պաշտպանվելու համար նավ են տեղափոխում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք՝ 70 թնդանոթ, 50 հրացան, 60 աղեղնազեն, զրահների 100 լրակազմ և այլն։ Առևտրի համար վերցրել էին հումք, մետաղագործական արտադրանք, կանացի զարդեր, հայելիներ, սնդիկ (այն կիրառում էին դեղերի պատրաստման համար)։

Նավերին թույլատրվում էր ունենալ ավելի քան 230 հոգանոց անձնակազմ, բայց նրանցից բացի արշավախմբում կային նաև գրագիրներ, քարտեզագիրներ ու աստղագետներ։ Սպասարկող անձնակազմի մեջ մտնում էին սևամորթեր ու ասիացիներ։ Նրանցից Էնրիկեն ծնվել էր Սումատրա կղզում, ում Մագելանը վերցրել էր որպես թարգմանիչ։ Երբ Մագելանի արշավախումբը հասավ Ֆիլիպիններին, նա դարձավ առաջին մարդը, ով պտույտ գործեց աշխարհի շուրջ։ Արշավախմբում գտնվում էին նաև հնդկուհի ստրուկներ։ Արշավախմբի մասնակիցների ընդհանուր թիվը տատանվում էր 265-280 սահմաններում։

Մագելլանն անձամբ ղեկավարում էր մեծությամբ երկրորդ նավը՝ «Տրինիդադը»։ «Սանտ Յագոն» ղեկավարում էր Ժուան Սերրանը, ով Մալակկա թերակղզում Մագելլանի շնորհիվ փրկված Ֆրանսիշկ Սերրանի եղբայրն էր։ Մյուս երեք նավերը ղեկավարում էին իսպանացի ազնվականների ներկայացուցիչներ, ովքեր սկզբից ևեթ վեճեր են ունենում պորտուգալացի ծովագնացի հետ։ Դրա առիթ էր նաև այն, որ Մագելանը թաքցնում էր ճամփորդության հետագիծը։ Կանարյան կղզիներում Մագելանն իմանում է, որ իսպանացի նավապետերը պայմանավորվել էին հեռացնել իրեն, եթե խանգարի իրենց ծրագրերում։

Ատլանտյան օվկիանոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական նավատորմը Ֆեռնան Մագելանի գլխավորությամբ դուրս է գալիս Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից (Գվադալկիվիր գետի գետաբերան)։ Այն սկզբում նավարկում է Աֆրիկայի եզերքով։ «Սան Անտոնիոյի» նավապետ Խուան դե Կարտախենան, ով թագավորի ներկայացուցիչն էր արշավախմբում, հաճախ ըմբոստանում էր Մագելանի դեմ, ինչի համար ձերբակալվում է ծովակալի կողմից։ Խոշորագույն նավի պետն է դառնում Մագելանի բարեկամ Ալվարու Միշկիտան։

«Մագելանյան պինգվինները» Պատագոնիա մարզում

Նոյեմբերի 29-ին նավատորմը հասնում է Բրազիլիայի ծովեզերքին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ Լա Պլատա գետին։ Այստեղ արշավախումբը սկսում է նեղուցի որոնման աշխատանքները, քանի որ գետաբերանի լայնության ու մեծ հոսքի պատճառով Լա Պլատան ոչ թե գետ էին համարում, այլ միջանցիկ ջրային տարածք՝ Ատլանտյան օվկիանոսի ու «Հարավային ծովի» միջև։ Ամենափոքր նավին՝ «Սանտ Յագոյին», ուղարկում են արևմուտք՝ հետախուզական աշխատանքի։ Կարճ ժամանակ անց նավը վերադառնում է ձեռնունայն. դա ոչ թե նեղուց էր, այլ աստիճանաբար նեղացող ու ծանծաղող հոսանք, այսինքն՝ գետ։ Նավատորմը շարունակում է ճամփորդությունը դեպի հարավ՝ Հարավային Ամերիկայի ափով։ Պատագոնիայի սարահարթում (ժամանակակից Արգենտինայի հարավ) եվրոպացիները հանդիպում են պինգվինների, որոնք Անտարկտիդա մայրցամաքից հեռացել էին՝ այդտեղ ձմեռելու։ Սկզբում եվրոպացիները նրանց հեռվից նկատելով՝ կարճահասակ մարդկանց տեղ են դնում, ապա նկատում, որ դրանք թռչուններ են և նրանց անվանակոչում են Մագելանի անունով։ Ավելի ուշ նրանք հանդիպում են որորների մի ցեղատեսակի, որոնց նույնպես կոչում են «մագելանյան»։

Դեպի հարավ ճանապարհն արագ չէր ընթանում, խանգարում էին փոթորիկները և վերահաս ձմեռը։ 1520 թվականի մարտի 31-ին նավատորմը հասնում է հարավային լայնության 49°-ին։ Մագելանի նավատորմը կանգ է առնում ձմեռելու[Ն 1]։

Ապրիլի 1-ին՝ Ծաղկազարդի օրը, Մագելանը հրավիրում է նավապետններին՝ եկեղեցական ծիսակատարության ու տոնական ճաշի, սակայն «Վիկտորիա» նավի ղեկավար Մենդոսան և «Կոնսեպսիոնի» նավապետ Կեսադոն չեն ժամանում։ Ապրիլի 2-ին նրանք խռովություն են սկսում, ազատում բանտարկված Կարտախենային ու որոշում գրավել «Սան Անտոնիոն»։ Նրանք նավապետ Ալվարու Միշկիտային քնած ժամանակ ձերբակալում են, և նավապետ նշանակում Սեբաստյան Էլկանոյին։

Մագելանի որոր՝ Հարավային Ամերիկայում

Մագելանը խռովության մասին իմանում է առավոտյան։ Նրա ղեկավարության տակ գտնվող երկու նավերը բավարար չափով զինամթերք չունեին։ Չցանկանալով շարունակել արյունահեղությունը՝ խռովարարները մակույկ են ուղարկում դեպի Մագելանի նավ՝ ասելով, որ իրենց միակ ցանկությունն այն է, որ Մագելանը կատարի Իսպանիայի թագավորի հրամանները։ Նրանք համաձայն են ճանաչել Մագելանին որպես նավապետ, բայց վերջինս պետք է խորհրդակցի իրենց հետ բոլոր հարցերում։ Մագելանը բանակցությունների համար նրանց հրավիրում է «Տրինիդադ», սակայն ապստամբները մերժում են։ Նրանք ամրացնում են «Սան Անտոնիոն»՝ ամենամեծ նավը, որպեսզի Մագելանը չհարձակվի նրա վրա։ Սակայն վերջինս թիրախ է ընտրում «Վիկտորիան», որտեղ բազմաթիվ պորտուգալացիներ կային։ Նրա նավապետը սպանվում է, ու նավը գրավվում է Մագելանի կողմից։

Երեք նավերը փակում են ծովախորշի ելքը՝ «Սան Անտոնիոյի» ու «Կոնսեպսիոնի» առջև։ Շրջափակման մեջ գտնվող նավերը փորձում են գիշերը դուրս գալ դեպի բաց օվկիանոս, սակայն հաջողություն չեն ունենում։ «Սան Անտոնիոն» հարձակման է ենթարկվում, իսկ անձնակազմը հանձնվում է։ Հաջորդը լինում է «Կոնսեպսիոնը»։

Խռովարարների համար դատ է սահմանվում. 40 մասնակիցներ դատապարտվում են մահվան, սակայն իսկույն ևեթ արդարացվում են՝ նավաստիների քանակի պակասի համար։ Գլխատվում է միայն Կեսադոն։ Կարտախենային ու նրան աջակցող հոգևորականությանն ու ազնվականությանը ուղղակի թողնում են Պատագոնիայի ափին ու հեռանում։

Մի քանի տասնամյակ անց, երբ այս ծովախորշն է մտնում մեկ այլ շուրջերկրյա ճանապարհորդության նավապետ՝ Ֆրենսիս Դրեյքը, նմանատիպ խռովարարություն է լինում։ Երբ Դրեյքը ապստամբներին առաջարկում է ընտրել մահապատժի ու աքսորի միջև, նրանք ընտրում են առաջինը։

Մագելանի նեղուց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագելանի նեղուց

1520 թվականի մայիսին Մագելանը Ժուան Սեռանի ղեկավարությամբ ուղարկում է «Սանտ Յագո» նավը դեպի հարավ՝ տեղանքն ուսումնասիրելու համար։ 60 կմ հարավ գտնվում է ևս մեկ ծովախորշ՝ Սանտա Կրուսը։ Մի քանի օր անց նավն ընկնում է փոթորկի մեջ ու խորտակվում։ Նավաստիները փրկվում են, զոհվում է միայն մեկը։ Նրանք ափ են նետվում, սակայն չեն ունենում սնունդ ու պաշար։ Լինելով հոգնատանջ՝ նրանք ի վիճակի չեն լինում մոտենալ ձմեռման վայրին։ Մի քանի շաբաթ անց նրանք միանում են Մագելանին։ Վերջինս Ժուանին նշանակում է «Կոնսեպսիոնի» նավապետ։ Վերջին՝ «Վիկտորիայի» նավապետն է դառնում Մագելանի ծանոթ Բարբոզան։

Ձմեռման ընթացքում նավաստիները կապ են հաստատում տեղացիների հետ։ Նրանք բարձրահասակ էին, և ձմռան ցրտից ոտքերը պաշտպանում էին ծղոտե ոտնամաններով, որի պատճառով եվրոպացիները նրանց անվանում են «պատագոնցիներ» (մեծ ոտք ունեցողներ)։ Երկիրը կոչվում է Պատագոնիա։ Իսպանիայի թագավորը հրամայել էր երկիր բերել հայտնաբերված վայրերի բնակիչներին։ Ձգտելով չբախվել հնդկացիների հետ՝ նավաստիները նրանց նվերներ են մատուցում։ Դրանցից էին նաև ոտքի շղթաները, որոնց նշանակությունը տեղացիները չգիտեին։ Այդպիսով՝ խաբեությամբ նավ են բերվում երկու հնդկացի։ Դա առիթ է հանդիսանում ռազմական բախման, և բացի այդ, շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտելուց հետո գերված հնդկացիներից ոչ ոք կենդանի չի հասնում Եվրոպա։

1520 թվականի օգոստոսի 24-ին նավատորմը հասնում է Սան Խուան ծովախորշին։ Ձմռան ամիսներին մահացել էին երեք տասնյակ նավաստիներ։ Երկու օր անց Մագելանի արշավախումբը հասնում է Սանտա Կրուս ծովախորշին, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով ծով է դուրս գալիս երկար ժամանակ անց՝ հոկտեմբերի 18-ին։ Նավարկությունից առաջ Մագելանը հայտարարեց, որ կշարունակի փնտրել նեղուցը՝ նույնիսկ հարավային լայնության 75°-ում, և եթե ոչինչ չգտնվի, ապա նրանք կգնան դեպի Մոլուքյան կղզիներ Բարեհուսո հրվանդանի մոտով։

Մագելանի արձանը Պունտո Արենասում

Հոկտեմբերի 21-ին հարավային լայնության 52°-ի վրա նավերը հայտնվում են ջրային նեղ տարածքում։ «Սան Անտոնիո» և «Կոնսեպսիոն» նավերը անցնում են հետախուզության։ Վրա է հասնում երկօրյա փոթորիկ։ Նավերը հայտնվում են նորանոր խորշերի ու ավազանների մեջ, իսկ ջուրը շարունակում էր աղի մնալ։ Այդպես նրանք հայտնաբերում են երկար սպասված նեղուցը։

Նավատորմը մտնում է նեղուց և երկար ժամանակ գնում ժայռերի ու նեղ միջանցքների արանքով։ Հարավում գտնվող կղզիները, որտեղ նրանք գիշերները տեսնում էին կրակներ, ստանում է «Հրո երկիր» անվանումը։ Նոր հայտնաբերված նեղուցը կոչվում է Մագելանի անունով։ Տեղի է ունենում խորհրդակցություն, որի ընթացքում նավաապետներից մեկը առաջարկում է վերադառնալ Եվրոպա, քանի որ նոր ճանապարհն անհայտ էր, իսկ նրանք անհրաժեշտ քանակության պաշարներ չունեին։ Ոչ ոք չպաշտպանեց նրա առաջարկությունը, Մագելանը հրամայեց շարժվել առաջ։

Դոուսոն կղզու մոտ նեղուցը բաժանվում է երկու հոսանքի, և Մագելանը կրկին բաժանում է նավատորմը։ «Սան Անտոնիոն» և «Կոնսեպսիոնը» գնում են հարավարևելյան ուղղությամբ, իսկ մյուս երկուսը մնում են տեղում։ Հարավարևմտյան ուղղության ուղարկվում է մի մակույկ։ Երեք օր անց այն վերադառնում է, և նավաստիները հայտարարում են, որ բաց ծով են տեսել։ Վերադառնում է նաև «Կոնսեպսիոնը», սակայն «Սան Անտոնիոյից» նորություններ չեն լինում։ Կորած նավը մի քանի օր փորձում են գտնել, բայց ապարդյուն։

Ավելի ուշ պարզվում է, որ տեղի էր ունեցել խռովություն և նավը վերադարձել էր Իսպանիա։ Մարտին այն ժամանում է Սևիլյա, որտեղ նավապետը Մագելանին մեղադրում է դավաճանության մեջ։ Նախկին նավապետ Միշկիտան բանտարկվում է, և ազատ արձակվում միայն երկար ամիսներ անց, երբ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած արշավախումբը ետ է վերադառնում։

1520 թվականի նոյեմբերի 28-ին Մագելանի երեք նավերը դուրս են գալիս օվկիանոս։ Նեղուցով նավարկությունը տևում է 38 օր։ Երկար տարիներ շարունակ Մագելանը մնում է միակ նավապետը, ով անցնում է նեղուցը ու ոչ մի նավ չի կորցնում։

Խաղաղ օվկիանոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրս գալով նեղուցից՝ Ֆեռնան Մագելանի գլխավորած երեք նավերը՝ «Տրինիդադը», «Կոնսեպսիոնը» և «Վիկտորիան», մտնում են ջրային նոր տարածք, որը նախորդ ծովակալները կոչում էին «Հարավային ծով»։ 15 օր շարունակ նավարկելով դեպի հյուսիս՝ նրանք հասնում են հարավային լայնության 38°-ին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևմուտք։ 1520 թվականի դեկտեմբերի 21-ին, հասնելով հարավային լայնության 30°-ին, կրկին թեքվում են հյուսիս-արևմուտք։

Խաղաղ օվկիանոս

Նավատորմը նոր օվկիանոսով նավարկում է մոտ 17 հազար կմ[9]։ Նման հեռավորություն հաղթահարելը անսպասելի էր իսպանացի նավաստիների համար։ Նավարկությունից առաջ նախատեսվում էր, որ Ասիա աշխարհամասը բավական մոտ է Ամերիկային։ Բացի դրանից, աշխարհագրագետների համոզմամբ՝ Երկրի հիմնական մասը կազմում է ցամաքը։ Անծայրածիր թվացող օվկիանոսի հարավային մասում կային հարյուրավոր փոքր կղզիներ, որտեղ կարելի էր թարմ սնունդ ձեռք բերել ու շարունակել ճանապարհը, սակայն նավատորմը շրջանցում է դրանք։ Արշավախումբը կրում է մեծ կորուստներ։

Երեք ամիս ու քսան օր շարունակ մենք զուրկ էինք թարմ սննդից։ Մենք սնվում էինք պաքսիմատով, որը արդեն ոչ թե հաց, այլ հացի փոշի էր հիշեցնում, որը խառնված էր որդերի հետ։ Նրանից առնետի մեզի հոտ էր գալիս։ Մենք խմում էինք դեղին ջուր, որը երկար ժամանակ է, ինչ նեխել էր։ Մենք ուտում էինք նաև տավարի կաշի, որը անձրևներից հետո պնդացել էր։ Այն թրջում էինք ծովի ջրում 4-5 օր, ապա դնում էինք տաք ածուխի վրա և ուտում այն։ Սնվում էինք նաև փայտի թեփով ու միմյանցից գնում առնետներ. դրանց գինը կես դուկատ էր, և մեզանից բոլորը չէ, որ այդքան գումար ունեին։
- Նավարկության տարեգիր Անտոնիո Պիգաֆետա[10]

Նավարկության ընթացքում զոհվել էր 11-29 մարդ։ Բարեբախտաբար, նավաստիների միակ թշնամին սովն էր, և փոթորիկներ այդ ընթացքում տեղի չեն ունեցել։ Հանգիստ կլիմայի պատճառով ջրային այս տարածքը Մագելանն անվանում է «Խաղաղ օվկիանոս»։

Գուամ՝ առաջին մարդաբնակ կղզին Խաղաղ օվկիանոսում

Արշավախումբը հասնում է հյուսիսային լայնության 10°-ին՝ «Համեմունքների կղզիներից» բավական հեռու։ Հավանական է, որ Մագելանը ուզում էր համոզվել, որ Վասկո Բալբոայի հայտնագործած Հարավային ծովը այս օվկիանոսի մասն է։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նա խուսափում էր պորտուգալացիների հետ հանդիպումից, ինչպես և Ատլանտյան օվկիանոսում։

1521 թվականի հունվարի 24-ին նավաստիները ցամաք են տեսնում։ Դա Տուամոտու կղզեխմբի չբնակեցված մի կղզի էր։ Տասը օր անց նրանք հանդիպում են Լայն կղզեխմբի ևս մեկ կղզի։ Թեև այս երկու կղզիներում նրանք չեն կարողանում ափ իջնել, սակայն նավաստիներին հաջողվում է սննդի համար շնաձուկ որսալ։

Մարտի 6-ին նավատորմը հայտնաբերում է Մարիանյան կղզեխմբի առաջին կղզին՝ Գուամը։ Տեղի բնակիչների հետ եվրոպացիները առևտուր են անում։ Ավելի ուշ պարզվեց, որ տեղացիները նավից գողանում են ամեն տեսակի իր։ Երբ նրանք մակույկ գողացան, նավաստիների համբերությունը հատեց։ Նրանք ափ իջան կղզի ու վառեցին կղզեբնակների տները՝ սպանելով 7 մարդու։ Դրանից հետո նրանք գտան մակույկը և ձեռք բերեցին թարմ սննդամթերք։ Կղզիները կոչվեցին «Լանդրոնես» (գողերի)։ Երբ Մագելանը հեռանում էր, տեղաբնակները մակույկներով հետևում են նրան ու քարեր նետում նրա նավերի վրա, բայց հաջողության չեն հասնում։

Մի քանի օր անց իսպանացիները դառնում են առաջին եվրոպացիները, ովքեր հասնում են Ֆիլիպիններին։ Մագելանը դրանք անվանում է սուրբ Ղազարի կղզեխումբ։ Նոր հարձակումներից զգուշանալով՝ Մագելանը անմարդաբնակ կղզի է փնտրում։ Մարտի 17-ին նրանք ափ են իջնում Խոմոնխոմ կղզում, որով և ավարտվում է խաղաղօվկիանոսյան ճանապարհորդությունը։

Մագելանի սպանությունը

Խոմոնխոմ կղզու վրա հիմվում է ռազմածովային բուժկետ, որտեղ բերում են հիվանդներին։ Թարմ սնունդը արագորեն ապաքինում է նավաստիներին, և նավատորմը շարունակում է դեպի կղզիներ ճանապարհորդությունը։ Դրանցից մեկում Մագելանի ստրուկ Էնրիկեն, ով ծնվել էր Սումատրա կղզում, հանդիպում է իր լեզվով խոսող մարդկանց։ Այդպիսով՝ մարդն առաջին անգամ պտույտ գործեց երկրի շուրջ։

1521 թվականի ապրիլի 7-ին արշավախումբը հասնում է Սեբու կղզի համանուն նավահանգստին։ Այստեղ քաղաքակիրթ վայր էր, որտեղ գիտեին վաճառականության գինը։ Տեղացիները նավաստիներից առևտրային հարկ են պահանջում, սակայն մերժում ստանում։ Կղզում գտնվող իսլամադավան մի վաճառական տեղի ռաջային խորհուրդ է տալիս կռվի չբռնվել եվրոպացիների հետ։

Աստիճանաբար սկսում է աշխույժ առևտուրը։ Երկաթե իրերի համար կղզեբնակները հեշտորեն համաձայնվում էին հանձնել ոչ միայն մթերքներ, այլև ոսկեղեն։ Իսպանացիների ուժով ու զենքով ոգևորված՝ կղզու տիրակալ Խումաբոն ռաջան համաձայնվում է ընդունել Իսպանիայի գերիշխանությունը։ Նա կնքվում է «Կառլոս» անունով։ Աստիճանաբար քրիստոնեություն են ընդունում կղզու ազնվականները ու հասարակ բնակիչները։ Մագելանը օգնում է նրան գերագահություն հաստատել հարևան կղզիների հանդեպ։

Ֆիլիպինյան կղզեխմբի կղզիներից մեկի՝ Մակտանի առաջնորդ Լապու-Լապուն (Սիլապուլապու) ընդդիմանում է նոր կարգերին ու չի պատրաստվում ընդունել քրիստոնյա ռաջայի գերիշխանությունը։ Մագելանը, ով մինչ այդ քրիստոնեությունը տարածում էր բացառապես խաղաղ ճանապարհով, նրա դեմ ռազմական արշավանք է սկսում։ Նա տեղացիներին ցանկանում է ցույց տալ Իսպանիայի հզորությունը։ Մինչդեռ տեղացիներն արդեն հասցրել էին տիրապետել եվրոպական զենքին ու նրա իմանալ նրա թույլ կողմերը։ Արշավանքը հաջող ընթացք չի ունենում. իսպանացիները նահանջում են, իսկ Մագելանը սպանվում է։

Ռազմական բախման արդյունքում զոհվում են ինը եվրոպացիներ։ Փորձառու ղեկավարին կորցնելով՝ նավաստիները թևաթափ են լինում։ Նավապետներ Ժուան Սեռանը և Դուարտե Բարբոզան բանակցություններ են վարում Լապու-Լապուի հետ, ով նրանց չի հանձնում Մագելանի դին։ Իսպանացիները կորցնում են իրենց վարկանիշը նոր քրիստոնյաների աչքերում, ովքեր հարձակվում են նրանց նավերի վրա։ Լքելով Ֆիլիպինները՝ մի քանի ամիս անց նրանք հասնում են Մոլուքյան կղզիներին։

Արշավանքի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլուքյան կղզիներից գնելով համեմունքներ՝ արշավախումբը որոշում են շարունակել ճանապարհը դեպի Եվրոպա։ Այստեղ իսպանացիներն իմանում են, որ Պորտուգալիայի արքան դասալքության է ենթարկել Մագելանին, իսկ նրա նավերը հրահանգել է բռնագրավել։ Միևնույն ժամանակ նավերը սկսում են շարքից դուրս գալ։ «Կոնսեպսիոն» նավը դեռ սկզբում լքվում է անձնակազմի կողմից և այրվում։ «Տրինիդադը» վերանորոգվում է և ուղարկվում արևելք՝ Պանամա, իսկ «Վիկտորիան»` արևմուտք` շուրջաֆրիկյա ճանապարհորդության համար։ Սակայն «Տրինիդադը», հանդիպակաց քամիների բախվելով, վերադառնում է Մոլուքյան կղզիներ ու բռնագրավվում պորտուգալացիների կողմից։ Երբ նավը տեղափոխում էին Եվրոպա, իսպանացի նավաստիների մեծ մասը Հնդկաստանում զոհվում է։

Խաղաղ օվկիանոսի հայտնագործումը, 1589 թվականի քարտեզ

Մագելանի հնգանդամ նավատորմից միայն «Վիկտորիան», որը ղեկավարում է Խուան Սեբաստիան Էլկանոն, շարունակում է շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Անձնակազմը բաղկացած էր նաև կղզեբնակ մալայացիներից, որոնց մեծ մասը զոհվում է ճանապարհին։ Հնդկական օվկիանոսով նավարկելիս ավարտվում են սննդի պաշարները, և բազմաթիվ նավաստիներ պահանջում են ափ իջնել Մոզամբիկում ու հանձնվել պորտուգալացիներին։ Դժվարությամբ հասնելով Բարեհուսո հրվանդանին` իսպանացիները երկու ամիս առանց կանգառի շարժվում են աֆրիկյան ափն ի հյուսիս։

1522 թվականի հուլիսի 9-ին նավատորմը հասնում է Պորտուգալիային պատկանող Կանաչ Հրվանդանի կղզիներին։ Այստեղ նրանք կանգ են առնում ջրի պաշարներ վերցնելու, քանի որ այլևս անհնար էր դիմանալ։ Նավապետին արագընթաց մակույկով տեղափոխում են Իսպանիա, իսկ նավաստիները վաճառում են համեմունքների մի մասը` երկու մակույկ բրնձի դիմաց։ Պորտուգալացիները գերի վերցրին նրանցից մի քանիսին, ովքեր ավելի ուշ փրկագնվեցին Իսպանիայի կողմից։

Իրականում Մագելանը չէր ցանկանում կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն, այլ միայն նավարկել դեպի Մոլուքյան կղզիներ ու վերադառնալ, սակայն «Վիկտորիան» հաղթահարեց այդ փորձությունը։

1522 թվականի սեպտեմբերի 6 «Վիկտորիան» հասնում է Իսպանիային։ Կենդանի էին մնացել 18 նավաստի։ Ավելի ուշ՝ 1525 թվականին, «Տրինիդադի» գերի վերցված 55 անդամներից 4-ը բերվում են Իսպանիա։ Փրկագին է վճարվում նաև Կանաչ Հրվանդանի կղզիներում գերվածների համար։ Սևիլյա են հասել հետևյալ նավաստիները՝

Շուրջերկրյա ճաապարհորդություն կատարած առաջին մարդը՝ Էնրիկեն
  1. Խուան Սեբաստիան Էլկանո (Գետարիա), նավապետ
  2. Ֆրանսիսկո Ալբո, (Քիոս), լոցման
  3. Միգել (Հռոդոս), լոցման
  4. Խուան դե Ակուրիո Բերմեո, լոցման
  5. Անտոնիո Լոմբարդո «Պիգաֆետտա» (Վիչենցա), վարձկան
  6. Մարտին դե Խուդիսիբիս (Ջենովա), բեռնափոխադրման պատասխանատու
  7. Էռնանդո դե Բուստամանտե (Մերիդա), նավաստի
  8. Նիկոլաս Գրիեգո (Նաֆպլիոն), նավաստի
  9. Միգել Սանչես (Հռոդոս), նավաստի
  10. Անտոնիո Էռնանդես Կոլմեներո (Ուելվա), նավաստի
  11. Ֆրանսիսկո Ռոդրիգես (Սևիլյա), նավաստի
  12. Խուան Ռոդրիգես (Ուելվա), նավաստի
  13. Դիեգո Կարմենա, նավաստի
  14. Հանս (Աախեն), թնդանոթավար
  15. Խուան դե Առատիա (Բիլբաո), նավաստի
  16. Վասկո Գոմես Գալեգո (Բայոնա), նավաստի
  17. Խուան դե Սանտանդեր (Կուետո), յունգա
  18. Խուան դե Սուբիլետա (Բարակալդո), յունգայի օգնական

«Վիկտորիա» նավի անձնակազմը, ովքեր գերի էին վերցվել Կանաչ Հրվանդանի կղզիներում և ազատվել էին 5 ամիս անց՝

  1. Մայեստրե Պեդրո
  2. Ռիշար դը Ֆոդիս
  3. Սիմոն դե Բուրգոս
  4. Խուան Մարտին
  5. Մարտին Մենդես
  6. Ռոլդան դե Ալգոտե
  7. Գոմես Էռնանդես
  8. Օկասիո Ալոնսո
  9. Պեդրո դե Տոլոսա
  10. Ֆելիպե դե Ռոդաս
  11. Պեդրո դե Չինդարս
  12. Բասկիտո Գալյեգո
  13. Մանուել՝ ինդոնեզացի

«Տրինիդադ» նավի անձնակազմից Եվրոպա կարողացան հասնել 5 հոգի՝ Գոնսալո Գոմես դե Էսպինոսա, Խինես դե Մաֆրա, Լեոն Պանկալդո, Հանս Ալեման, Խուան Ռոդրիգես։

Նոր հայտնագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտորիա» նավով բերված համեմունքների վաճառքից ստացված գումարը ոչ միայն կարողացավ փակել արշավանքի համար արված բոլոր ծախսերը, այլև, ունենալով հինգ նավերից երեքի կորուստը, տալիս է զգալի եկամուտ։ Ինչ վերաբերում է Մոլուքյան կղզիների պատկանելությանը, ապա Պորտուգալիայի թագավորը այն ճանաչեց Իսպանիայի սեփականություն և գնեց նրանից 350 հազար ոսկե դուկատով, որն այդ ժամանակ ահռելի թիվ էր։

Այսպիսով, իսպանացիները Ասիա ու համեմունքների կղզիներ տանող նոր ճանապարհ հայտնագործեցին։ Դա աշխարհի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր, որը ապացուցեց երկրի գնդաձևության գաղափարը ու համաշխարհային օվկիանոսի գոյությունը։

Ֆեռնան Մագելանի ճանապարհորդության շնորհիվ վերջնականապես կոտրվեց Երկրի՝ տափարակ լինելու գաղափարը ու կարծրատիպը։ Մինչ այդ անցկացված սահմանաբաժանը, որից արևելք ընկած երկրները (Աֆրիկա և Հարավարևելյան Ասիա) հայտարարվել էին Պորտուգալիայի սեփականություն, իսկ արևմուտքը (Ամերիկա)՝ Իսպանիայի, տեղաշարժվեց դեպի Հարավային Ամերիկա։ Դրա շնորհիվ Բրազիլիան անցավ Պորտուգալիայի գերիշխանության տակ, իսկ իսպանացիներին հասան Ֆիլիպինները, որոնք դարձան Հեռավոր Արևելքի միակ քրիստոնեաբնակ կղզիները։

Մագելանի արձանը Ալեքսանդրիայում

Դրանից հետո արվեցին ևս մի քանի շուրջերկրյա ճանապարհորդություններ, որոնցից առավել հայտնի էին՝

  • 1525-1528 - Անդրես Ուրդանետա. 450 հոգանոց անձնակազմից վերադարձան 8-ը
  • 1577-1580 - Ֆրենսիս Դրեյք. երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդություն
  • 1580-1584 և 1585-1589 - Մարտին Իգնատիո Լայոլա (ճամփորդել է երկու անգամ)
  • 1586-1588 - Թոմաս Քևենդիշ. երրորդ շուրջերկրյա ճանապարհորդություն
  • 1598-1601 - Օլիվյե վան Նոորթ - առաջին հոլանդացին
  • 1708-1711 - Ուիլյամ Դամպիր (ճամփորդել է երեք անգամ)
  • 1766-1768 - Սեմուել Օրտրես և Ֆիլիպ Կարտերետ
  • 1766-1769 - Ժաննա Բարրե
  • 1768-1771 - Ջեյմս Կուկ. Ավստրալիայի երկրորդ հայտնագործումը
  • 1787-1790 - Ռոբերտ Գրեյ
  • 1803-1806 - Իվան Կրուզենշտեռն
  • 1819-1821 - Ֆադեյ Բելինգսհաուզեն. Անտարկտիդայի հայտնագործումը
  • 1831-1836 - Չարլզ Դարվին
  • 1853 - «Արգո» - առաջին շոգենավը

20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին՝ կապված տնտեսական զարգացման ու գիտության առաջընթացի հետ, անցկացվում են տասնյակ նմանատիպ ճանապարհորդություններ։ Մագելանի ճամփորդության բուն նպատակը՝ իսպանացիների համար առևտրական ճանապարհ բացել դեպի Ասիա, չօգտագործվեց։ Ֆրենսիս Դրեյքի կողմից հայտնաբերված Դրեյքի նեղուցը, ավելի հարմարավետ լինելու շնորհիվ, կիրառությունից դուրս մղեց նեղ ու վտանգավոր Մագելանի նեղուցին։

Մագելանի ճամփորդության գլխավոր հայտնագործություններից էր նաև «Կորուսյալ օրը»։ Երկրի շուրջ պտտվելուց, նավատորմը կատարել էր մոլորակին հակառակ պտույտ՝ արևելքից արևմուտք, որի պատճառով մեկ օր «կորցրել էր»։ Հակառակ պարագայում նավաստիները մեկ օր «կշահեին»։ Առեղծվածի իմաստն այն է, որ Երկրի վրա պետք էր գծել օրվա փոփոխման գիծ, որը կազդարարեր նոր օրվա ու հին օրվա տարբերությունը։ Այն որոշվեց անցկացնել առավել քիչ բնակեցված հատվածում՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնով։



  1. Երկիր մոլորակի հարավային կիսագնդում՝ մասնավորապես Աֆրիկայի հարավում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում և Անտարկտիդայում ձմեռը սկսում է հունիսի 1-ին և ավարտվում օգոստոսի 31-ին, այն ժամանակ, երբ հյուսիսային կիսագնդում՝ Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքներում ու Աֆրիկայի հյուսիսում ամառ է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  2. Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը,հ. Ա, Ուսումնասիրություն և թարգմանություններ, Երևան, 2005, 552 էջ։
  3. Prescott, William H.; Edited and annotated by Albert D. McJoynt (1995). The Art of War in Spain։ The Conquest of Granada, 1481–1492. London: Greenhill Books. ISBN 1-8536-7193-2. {{cite book}}: |author2= has generic name (օգնություն)
  4. Возрождение, эпоха // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  5. Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание (Ланге П. В.)
  6. Encyclopædia Britannica Online, Amerigo Vespucci; and Room, Adrian. 2004. Placenames of the world։ origins and meanings of the names for over 5000 natural features, countries, capitals, territories, cities and historic sights։ America believed to have derived their name from the feminized Latin version of his first name.
  7. «Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  8. Подобно солнцу… Жизнь Фернана Магеллана и первое кругосветное плавание (Ланге П. В.)
  9. Մագելան, Ֆեռնան - Հայկական Սովետական հանրագիտարան
  10. Антонио Пигафетта. Путешествие Магеллана = Il primo viaggio intorno al globo di Antonio Pigafetta / Перевод։ Узин В. С. — в антологии «Антонио Пигафетта. Путешествие Магеллана; Мэйрин Митчелл. Эль-Кано - первый европейский кругосветный мореплаватель.». — М.։ Мысль, 2000. — С. 124. — 304 с. — ISBN 978-5-244-00473-5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Магидович И. П., Магидович В. И. Очерки по истории географических открытий. В 5 томах. — Издание третье, переработанное и дополненное. — М.։ Просвещение, 1983. — Т. 2. — 200 000 экз.
  • Субботин В. А. Великие открытия. Колумб. Васка да Гама. Магеллан. — М.։ УРАО, 1998. — 272 с. — 3000 экз. — ISBN 5-204-00140-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։