Հենրի Դեյվիդ Թորո
Հենրի Դեյվիդ Թորո Henry David Thoreau | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ David Henry Thoreau |
Ծնվել է | հուլիսի 12, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | , Կոնկորդ, ԱՄՆ կամ Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մայիսի 6, 1862[1][2][3][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Կոնկորդ, ԱՄՆ[4] |
Գերեզման | Sleepy Hollow Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, ակնարկագիր, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, թարգմանիչ, գրող, աբոլիցիոնիստ, բնագետ, բնապահպանագետ և բնապահպան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի քոլեջ և Հարվարդի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1836—1860 |
Ժանրեր | տրանսցեդենտալիզմ |
Գրական ուղղություններ | Արևմտյան փիլիսոփայություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ուոլդեն կամ կյանքն անտառում և Քաղաքացիական անհնազանդություն |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
Հենրի Դեյվիդ Թորո Վիքիքաղվածքում | |
Henry David Thoreau Վիքիպահեստում |
Հենրի Դեյվիդ Թորո (անգլ.՝ Henry David Thoreau, հուլիսի 12, 1817[1][2][3][…], , Կոնկորդ, ԱՄՆ և Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մայիսի 6, 1862[1][2][3][…], Կոնկորդ, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, նատուրալիստ։ 19-րդ դարի տրանսցենդենտալ իդեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից է։ Հատկապես նշանակալի են նրա «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է առանձնության մեջ, բնության գրկում անցկացրած տարիների իր փորձառությունը և «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն, որում նա իր անհամաձայնությունն է հայտնում իշխանությունների որդեգրած կառավարման սկզբունքներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Դեյվիդ Թորոն ծնվել է Կոնկորդի ֆերմերային տնտեսություններից մեկում՝ մատիտագործ Ջոն Թորոյի և Սինդիա Դանբերի ընտանիքում (Թորոների առանձնատունն այժմ վերականգնված է և բաց այցելուների առջև)։ Հասակ առնելով իր ավագ եղբոր՝ Ջոնի և քույրեր Հելենի ու Սոֆիայի հետ, պատանի Թորոն 16 տարեկան հասակում ընդունվում է Հարվարդի համալսարան, որտեղ ուսանում է փիլիսոփայություն, հռետորություն, մաթեմատիկա և այլ գիտություններ։ Հրաժարվելով դիպլոմի ստացման համար դրամական տուրք վճարելուց Թորոն չի շարունակում ուսումը մագիստրատուրայում՝ նախընտրելով հասարակ ուսուցչությունը։
Թորոն 1837 թ.-ին սկսում է դասավանդել Կոնկորդի հանրային դպրոցում, սակայն մի քանի շաբաթ անց հեռացվում է աշխատանքից՝ աշակերտների նկատմամբ մարմնական պատժի կիրառումից հրաժարվելու պատճառով։ Եղբոր՝ Ջոնի հետ համատեղ ջանքերով բացված քերականական դպրոցը նույնպես երկար չի գոյատևում վերջինիս մահվան պատճառով, ուստի գրողը վերադառնում է իր ծննդավայր, ուր շարունակում է հոր աշխատանքը մատիտագործական արհեստանոցում և զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ։
Կոնկորդի խաղաղ միջավայրը պարարտ հող ստեղծեց Թորոյի գրական գործունեության համար։ 1845-1847 թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում է Ուոլդենյան անտառում իր իսկ ձեռքերով կառուցված խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն բան։ Այս տարիների ընթացքում ձեռք բերված փորձառության մասին Թորոն գրել է 1854 թ.-ին՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքում։ Այս շրջանում ավելի հստակ գծագրություն են ստանում նաև Թորոյի հասարակական հայացքները։ 1846 թ.-ին գրողը ձերբակալվում և մեկ օր բանտում է անցկացնում հարկեր վճարելուց հրաժարվելու պատճառով։ Կառավարող մարմինների հանդեպ տածած դժգոհությունը և իր քննադատական հայացքները Թորոն շարադրում է «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեում։
19-րդ դարի 50-ականներին Թորոն մի շարք ճանապարհորդություններ է կատարում ԱՄՆ-ի տարածքով մեկ, տպագրվում է պատմա-բանասիրական և բնագիտական հանդեսներում, ստեղծագործում։
Թորոն վախճանվում է 1862 թ.-ի մայիսի 6-ին, 44 տարեկան հասակում՝ տարիներ տևած տուբերկուլյոզի և բրոնխիտի սրման պատճառով։ Գրողի մարմինն ամփոփվում է ընտանեկան գերեզմանոցում, սակայն տարիներ անց, համընդհանուր ճանաչումից հետո, վերջնական հանգրվան է ստանում Կոնկորդի քաղաքային պանթեոնում։
Գրական ժառանգությունը և հայացքների ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոյի փիլիսոփայությանը, քաղաքականությանը և պատմությանը վերաբերող գրվածքները, գրական ստեղծագործությունները և էսսեները բնագրում շուրջ 20 ստվար հատոր են կազմում, սակայն Թորոյի գրական ժառանգությունը հայերեն թարգմանված է հատվածաբար։
Իբրև հասարակական գործիչ Թորոն եղել է Աբոլիցիոնիզմի ջատագով, բնապահպանական շարժման նախակարապետ, գաղափարներ է հայտնել հարկերի, զինված ուժերի ու իշխանական կառույցների վերացման, գիտա-տեխնիկական առաջընթացի արգելակման և քաղաքացիական ինքնագիտակցության վերականգնման վերաբերյալ, որոնք մեծ ազդեցություն են գործել Լև Տոլստոյի, Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի հայացքների վրա։
Մեծերը Թորոյի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմ ուսանողական տարիներին ես առաջին անգամ ընթերցեցի Հենրի Դեյվիդ Թորոյի «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն։ Գրքում հանդիպելով այս խիզախ ամերիկացու հարկեր վճարելուց հրաժարման և Մեքսիկան ստրկացնող պատերազմը ջատագովելուն բանտը գերադասելու որոշման հետ, ես առաջին շփումն ունեցա բռնությունից զերծ ընդդիմության տեսության հետ։ Ես այնքան ցնցված էի չար համակարգի հետ համագործակցությունից հրաժարվելու գաղափարից, որ վերընթերցեցի երկը մի քանի անգամ։ Ես համոզվեցի, որ չարիքի հետ համագործակցությունից հրաժարումը նույնքան կարևոր բարոյական պարտավորություն է, ինչպիսին բարուն օժանդակություն ցուցաբերելն է... Ոչ մի անձ Թորոյի պես պերճախոս և նախանձախնդիր կերպով չի շարադրել այս գաղափարը։ - Մարտին Լյութեր Քինգ. «Ինքնակենսագրություն»
|
Թորոն մեծ գրող, փիլիսոփա, բանաստեղծ էր և միևնույն ժամանակ՝ ամենագործնական մարդը, այսինքն՝ նա երբեք չէր ուսուցանում մի բան, որը չէր գործնականացրել իր կյանքում։ Նա ամենամեծ և ամենաբարոյական մարդկանցից է, ում երբևէ ծնունդ է տվել Ամերիկան։ Ստրկատիրության դեմ պայքարի հասունացման շրջանում Թորոն գրեց «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» նշանավոր էսսեն։ Թորոն բանտ գնաց հանուն իր սկզբունքների և տառապող մարդկության, հետևաբար՝ նրա էսսեն սրբագործված էր տառապանքով։ Ավելին, այն գրված է բոլոր ժամանակների համար և նրա խորաթափանց տրամաբանությունն անհերքելի է... - Մահաթմա Գանդի. «Պասսիվ ընդդիմադիրների համար»
|
Ես հպարտորեն համարում եմ ինձ մեծն Թորոյի աշակերտը... - Ջոն Մյուր. «Հուշեր»
|
Թորոն ոչ թե ցանկանում է ներկայացնել տկար և ճշմարտությանը հակառակվող իշխանության դեմ պայքարի առանձին օրինակներ, այլ պարզորոշ կերպով ցուցադրում է մեզ, թե ինչպես է այդ պայքարը վերածվում մարդու պարտավորության իբրև մարդ... - Մարտին Բուբեր. «Մարդու պարտավորությունն իբրև մարդ»
|
Հայերեն հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019թվականին, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես» հրատարակչական ծրագրի շրջանակներում, «Գրական կոթողներ» մատենաշարով, լույս է տեսել Թորոյի՝ «Ուոլդեն, կամ Կյանքն անտառում», «Քաղաքացիական անհնազանդություն» ծավալուն հատորը։ Գիրքն անգլերենից թարգմանել ու ծանոթագրել է Վարդան Ասլանյանը։ ՀՀ Գրողների միության «Արտասահմանյան գրականություն» եռամսյա պարբերականում (1/2022, էջ 2-43) թարգմանաբար հրատարակվել է Թորոյի ևս մեկ նշանավոր էսսե՝ «Քայլելու արվեստը» (Walking)։
Մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աուլուս Պերսիուս Ֆլակկուս (անգլ.՝ Aulus Persius Flaccus, 1840)
- Զինվորական ծառայություն (անգլ.՝ The Service, 1840)
- Արշավ դեպի Վաչուսեթ լեռը (անգլ.՝ A Walk to Wachusett, 1842)
- Վերադարձվելիք դրախտը (անգլ.՝ Paradise (to be) Regained, 1843)
- Կալվածատերը (անգլ.՝ The Landlord, 1843)
- Սըր Ուալտեր Ռալին (անգլ.՝ Sir Walter Raleigh, 1843)
- Ազատության ազդարար (անգլ.՝ Herald of Freedom, 1844)
- Ուենդել Ֆիլիպսը նախքան Կոնկորդի վարժարանը (անգլ.՝ Wendell Phillips Before the Concord Lyceum, 1845)
- Բարենորոգումը և բարենորոգիչները (անգլ.՝ Reform and the Reformers, 1846-1848)
- Թոմաս Կարլայլը և նրա երկերը (անգլ.՝ Thomas Carlyle and His Works, 1847)
- Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը կամ Քաղաքացիական անհնազանդություն (անգլ.՝ Resistance to Civil Government, 1849)
- Ճանապարհորդություն դեպի Կանադա (անգլ.՝ An Excursion to Canada, 1853)
- Ստրկությունը Մասաչուսեթսում (անգլ.՝ Slavery in Massachusetts, 1854)
- Կոչ՝ ուղղված կապիտան Ջոն Բրաունին (անգլ.՝ A Plea for Captain John Brown, 1859)
- Նոթեր՝ արված Ջոն Բրաունի կախաղան բարձրացվելուց հետո (անգլ.՝ Remarks After the Hanging of John Brown, 1859)
- Ջոն Բրաունի վերջին օրերը (անգլ.՝ The Last Days of John Brown, 1860)
- Քայլելու արվեստը (անգլ.՝ Walking, 1861)
- Աշնանային երանգներ (անգլ.՝ Autumnal Tints, 1862)
- Վայրի խնձորներ. Խնձորի ծառի պատմությունը (անգլ.՝ Wild Apples: The History of the Apple Tree, 1862)
- Շրջագայություններ (էսսեների շարք) (անգլ.՝ Excursions (anthology) (հետմահու), 1863)
- Կյանք առանց սկզբունքի (անգլ.՝ Life Without Principle (հետմահու), 1863)
- Գիշերը և լուսնի ցոլանքը (անգլ.՝ Night and Moonlight (հետմահու), 1863)
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնկորդ և Մերիմաք գետերի վրա անցկացրած մեկ շաբաթը (անգլ.՝ A Week on the Concord and Merrimack Rivers, 1849)
- Ուոլդեն կամ կյանքն անտառում (անգլ.՝ Walden or Life in the Woods, 1854)
- Մենի անտառները (անգլ.՝ The Maine Woods (հետմահու), 1864)
- Քոդի հրվանդանը (անգլ.՝ Cape Cod (հետմահու), 1865)
Նամականի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նամակներ տարբեր անձանց (անգլ.՝ Letters to Various Persons, կազմված է Թորոյի մահվանից հետո, Էմիլի Դիքինսոնի կողմից, 1865)
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դագերոտիպային լուսանկար կատարված 1856 թ.-ին, Բենջամին Մաքսհամի կողմից
-
Վերջին լուսանակարը, 1861 թ. օգոստոս
-
Թորոյի կիսանդրին Բրոնքսի քոլեջում
-
ԱՄՆ փոստային ծառայության կողմից 1967 թ.-ին թողարկված դրոշմանիշ
-
Թորոյի շիրիմը Կոնկորդի քաղաքային պանթեոնում
-
Ուոլդենի լճակը
-
"Ուոլդեն" գրքի առաջին տպագրության տիտղոսաթերթը՝ նկարված Թորոյի քրոջ՝ Սոֆիայի կողմից
-
Թորոների ընտանեկան առանձնատունը Կոնկորդում (վերականգնված)
-
Թորոյի խուցը Ուոլդենի անտառում (վերականգնված)
-
Թորոյի նշանավոր «Ես հեռացա անտառ...» խոսքերը Ուոլդենյան պուրակում
-
Թորոյին նվիրված հուշատախտակ Նյու Յորքի հանրային գրադարանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենրի Դեյվիդ Թորո - Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը (հատվածական թարգմ. հայերեն)
- Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում (հատվածական թարգմ. հայերեն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Դեյվիդ Թորո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Դեյվիդ Թորո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1862 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի բնագետներ
- Ամերիկացի բնապահպաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Անարխիստ գրողներ
- Գիտության փիլիսոփաներ
- Ինքնակենսագիրներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Քաղաքացիական անհնազանդություն
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի լրագրողներ
- Անձինք նամականիշերի վրա