Jump to content

Հավասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հավասի
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1895(1895-12-25)
Այազմա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 22, 1978(1978-02-22) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգուսան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Հավասի (իսկական անունը՝ Արմենակ Պարսամի Մարկոսյան, դեկտեմբերի 25, 1895(1895-12-25), Այազմա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - փետրվարի 22, 1978(1978-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան, ժամանակակից գուսանական արվեստի դասական ներկայացուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության (1967) և Կոմպոզիտորների միության անդամ։ Մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների և շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների հեղինակ է։

Իր երկերի կատարումով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, նաև Ադրբեջանում, Մոսկվայում:

Գուսանական անունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որը նշանակում է, որ «այդ անվան տերը գործի կպչում ու իր գործը կատարում է մի առանձին հակումով` հավասով», որն էլ դառնում է նրա գուսանական անունը[1]։

17-18 դարերում գուսան բառի փոխարեն գործածական է եղել աշուղ բառը: 19-րդ դարի երկրոդ կեսին աշուղների մասնագիտական կենցաղում փոփոխությունների արդյունքում, երբ գյուղական կիսախավար օդաների ու քաղաքային սրճարանների փոխարեն նրանք ելույթներով սկսել են հանդես գալ հատուկ լուսավոր ակումբներում, համերգային ընդարձակ դահլիճներում, աշուղ բառի փոխարեն կրկին կիրառության մեջ է մտել գուսան տերմինը: Այդպիսով Աշուղ Հավասին կոչվել է Գուսան Հավասի[1]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-թուրքական պատերազմից հետո, 1829 թվականին Արմենակ Պարսամի Մարկոսյանի պապը Էրզրումից գաղթել է Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանի Այազմա (հունարենից թարգմանությամբ` սուրբ աղբյուր) գյուղ, որտեղ էլ 1896 թվականին, հողազուրկ գյուղացու ընտանիքում ծնվել է Արմենակը[1]: Արմենակի հայրը` Պետոյենց Պարսամը նախքան տղայի ծնվելը ուներ հինգ դուստր: Հետագայում դուստրերը ութն են դարձել:

Արմենակը երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդությունից զրկվել է տեսողությունից: Երեխայի տեսողությունը վերականգնելու ծնողն��րի գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Երեխան ընդմիշտ տեսողությունից զրկվել է.

Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։

Արմենակի ծանր վիճակը շատ էր անհանգստացնում ծնողներին, նրանք ելք են որոնում, որպեսզի երեխան ապագայում մի զբաղմունք ունենա։ Հայրը գյուղում հայտնի երգասաց էր և հեքիաթներ պատմող։ Նա Արմենակի մոտ նկատում է ձայնային լավ տվյալներ ու երգելու ունակություններ և որոշում է որդուն ուղարկել աշուղի մոտ սովորելու։

«Հարևան Աշխալա գյուղում ինչ-որ Գրիգորի մոտ գտնվեց դեն շպրտված մի քաման` կոտրված և առանց լարերի»: Մեկ այլ, ավելի հեռավոր գյուղի մի երաժիշտ նորոգում ու լարում է այն: Արմենակը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ ձեռքն է առնում այդ քամանը ու նրան թվում է, «թե գտել է մի մոտիկ, հարազատ բարեկամ»: Երկու երեք օր անց նա սկսում է նվագել[1]:

Այստեղ հորը` Պարսամին օգնության է հասնում հարևան գյուղի բնակիչ աշուղ Դովրանը։ Վերջինս Արմենակին սովորեցնում է սազ նվագել և որոշ գիտելիքներ է հաղորդում գուսանական արվեստից։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել գուսան Դովրանին։

Արդեն տասներկու տարեկան հասակում Արմենակը, ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում։ 13 տարեկանում առաջին անգամ հաղթում է մի մրցույթում ու առաջին անգամ դրամ վաստակում:

Հայրն անձամբ ճանաչում էր Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղի նշանավոր աշուղ Թիֆիլիին (Եղո Մանուկյան), որը 1914 թվականին նրանց գյուղ է գալիս «համերգի» ու նրա խնդրանքով հայրը որդուն հանձնում է նրան աշկերտելու: Թիֆիլիի հետ գյուղերում շրջագայելով ու ելույթներով հանդես գալով Արմենակը սովորում է սազ նվագել, որը հետագայում կատարելագործում է, լայնացնում գործածական հնչյունաշարը` դարձնելով անսամբլային նվագում կիրառելելի գործիք[1]:

Արմենակը Սուլդա գյուղում մնում է երկու տարի: Վարպետը Արմենակի հորն ասում է` «Ես պիտի նրան չրաղ անեմ», այսինքն իր չրաղը (ճրագ)` վարպետության վկայագիր է տալիս, հռչակում է աշուղ[1] տալով աշուղական անուն՝ Հավասի։ Հավասի թուրքերեն հավաս բառից է, որը հայերեն թարգմանվում է մի քանի ձևով՝ ցանկություն, տրամադրություն, սեր, բայց ոչ եռանդ։

Արմենակն իր գործը հավասով է անում: Ես նրան «Աշուղ Հավասի» անունն եմ տալիս:

- Թիֆիլի

Հավասին իր երգերում անսահման գոհունակությամբ է հիշել սիրելի վարպետին և նրա կնոջը՝ Հիսիին։

Սազ եմ բերել, վարպետ, խնդրեմ ընդունես,
Թե ավել, թե պակաս՝ Հավասուդ ներես,
Ինչ ցանկաս՝ նոր սազով միշտ գլուխ բերես,
Իմ անգին ուսուցիչ՝ ազնիվ Թիֆիլի…
Տարիներով քեզ հնազանդ մնացի,
Քո շնորհիվ միտքս, աչքերս բացի,
Ջանք չխնայելով հասցրիր հացի,
Հայրական հոգու տեր, անգին Թիֆիլի….

Հավասուն ամուսնացնում են 14 տարեկանում: 1929 թվականին, 24 տարեկանում Հավասին արդեն ընտանիք կազմած և երկու երեխայի հայր, մշտական բնակություն է հաստատում Ախալքալաքում։ Այստեղ երիտասարդ գուսանի համար մի նոր ասպարեզ է բացվում։ Ժողովրդական և գուսանական երգերի սիրահար ջավախեցիները նորեկ գուսանի նկատմամբ մի առանձին հոգատարություն են ցուցաբերում։ Բախտի բերումով գուսանը ընկերակցում է տեղի նշանավոր երաժիշտներ ջութակահար Աշո Գրիգորյանի և դուդուկահար Հարութ Դավթյանի հետ, որոնք խոշոր դերակատարում են ունեցել Հավասու երաժշտական ունակությունների զարգացման վրա։ Ախալքալաքը դարձել է հավասու երկրորդ հայրենիքը։

Իր անսամբլի երգացանկը լրացնելու համար գուսանական նոր երգեր գտնելու անհրաժեշտությունից դրդված 1941 թվականին Հավասին առաջին անգամ լինում է Երևանում: Այստեղ նա լսում է Շերամի երգերը: Վերադառնալով Ախալքալաք տարածում է դրանք ժողովրդի մեջ: 1944 թվականին իր անսամբլի ղեկավարման գործը հանձնում է իր աշակերտներին: Այդ ժամանակ նա հաճախ էր լինում Երևանում:

1946 թվականից բնակություն է հաստատել Երևանում։ Կույրերի միավորման վարչությունում Բրայլյան համակարգով գրել-կարդալ է սովորել։ Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել։

Հավասին մահացել է 1978 թվականի փետրվարի 24-ին, Երևանում։

2010 թվականի սեպտեմբերի 25-ին Ախալքալաքում կանգնեցվել է գուսան Հավասու հուշարձանը[2]։

2017 թվականին Այազմա գյուղի կենտրոնում Հավասիի հարազատ գյուղում արտիստի անունը կրող պուրակ է բացվել և նրա կիսանդրին է տեղադրվել[3]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասու արվեսը նշանակալի է իր բազմազանությամբ: Նա ժողովրդական բանաստեղծ ու երգահան էր, երգիչ, նվագող (սազ, քամանչա, թառ) և ասմունքող: Հավասու սիրային-քնարական, բարոյախոսական, վիպական և հայրենասիրական թեմաներով ստեղծագործությանը բնորոշ են լավատեսական ոգին և ոգեշնչվածությունը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Հավասին գրել է մետ 2000 երգ և 1500 քառյակ, 130-ի չափ էլ հորինել է մեղեդիներ։ Նրան են պատկանում նաև «Դավաճան Արփիկը», «Հյուսիսափին արև», «Աշխեն և Սուրիկ» հեքիաթները[4]։

Հավասին կիրառել է աշուղական տաղաչափության ավելի քան 40 ձևեր, տարբերակել դրանք, օգտագործել նաև հայ ժողովրդական բանաստեղծության չափեր և ձևեր: Հավասու եղանակները ելևէջային հատկանիշներով բխում են գյուղական երգից, ձևերով հարում են աշուղականին, ցայտուն ազգային են: Մեղեդիական հնարամտությունը, հուզակա ջերմությունը, ռիթմի և կառուցվածքների թարմությունը, և ընդհանուր արտահայտչականությունը բնորոշ են նրա լավագույն երգերի եղանակներին` «Կոլխոզի չոբան», «Ինչ ասեմ յարիս», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Ինչու սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը և այլն: Դրանցից մի քանիսը կոմպոզիտորները մշակել են ձայնի և դաշնամուրի, երգչախմբի, վոկալ կվարտետի և ժողովրդական երգի ու պարի անսամբլի համար:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել է Հավասու ստեղծագործության փոքրագույն մասը.

  • «Բուրմունք», Երևան, Հայպետհրատ, 1950, 75 էջ։
  • «Երգեր», Երևան, Հայպետհրատ, 1958, 168 էջ։
  • «Իմ քնարը» (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1961, 156 էջ։
  • «Քառյակներ», Երևան, «Հայաստան», 1966, 112 էջ։
  • «Հասմիկ», Երևան, 1975, 180 էջ։
  • «Երգեր առանց նվագակցության», Երևան, «Սովետական գրող», 1983, 364 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ռ. Աթայան (1963). Գուսան Հավասի (կյանքը և ստեղծագործությունը). Երևան: Հայպետհրատ.
  2. http://hetq.am/am/culture/havasi/(չաշխատող հղում)
  3. «Այազմա գյուղում նշվել է Հավասու ամենամյա տոնը. Բացվել է նրա հուշարձանը (ֆոտո)». NEWS.am.
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 284-285.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավասի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 263