Jump to content

Դրդապատճառ (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրդապատճառ, հոգեկան երևույթ (միտք, մտապատկեր, հույզ կամ դրանց համակցությունը), որը ակտիվություն է հարուցում՝ դրդելով մարդուն գործողությունների կամ դրանց իրագործման միջոցների ընտրության։ Դրդապատճառը մարդու այս կամ այն վարքի սուբյեկտիվ պատճառն է։

Հոգեբանության մեջ ընդունված է այն տեսակետը, որ դրդապատճառները պահանջմունքների կոնկրետ ու հուզականորեն հագեցված դրսևորումներն են կյանքի որոշակի իրադրություններում։ Որպես դրդապատճառ կարող են հանդես գալ՝ բնազդները, մղումները, տեսակետները, համոզմունքներն ու դիրքորոշումները, աշխարհայացքային տարրերը, որպես նպատակ ընտրված արտաքին առարկաներն ու իրադրությունները։

Դրդապատճառի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնահաստատման դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնահաստատման դրդապատճառը կապված է սեփական արժանապատվության զգացման, ինքնասիրության հետ։ Մարդը փորձում է շրջապատողնեին ապացուցել իր արժևորությունը, ձգտում է ձեռք բերել հասարակության մեջ որոշակի կարգավիճակ։ Ինքնահաստատման դրդապատճառը բավական ուժեղ գործոն է, որը դրդում է մարդուն ինտենսիվ աշխատել և զարգանալ։

Այլ մարդու հետ նույնականացման դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ մարդու հետ նույնականացումը ձգտում է նման լինելու հերոսի, հեղինակավոր անձի։ Այն դրդում է աշխատել և զարգանալ։ Վերջինս հատկապես ակտուալ է երեխաների և երիտասարդների համար։ Այլ մարդու հետ նույնականացումը բերում է անհատի պոտենցիալ աճին։ Նույնականացման օբյեկտի՝ կուռքի, առկայությունը դաստիարակչական գործընթացի և գործունեության հաջող իրականացման կարևոր պայման է։

Իշխանության դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության դրդապատճառը սուբյեկտի ձգտումն է՝ազդելու ��արդկանց վրա։ Այս դրդապատճառը մարդու գործողությունների կարևոր շարժիչ ուժերից մեկն է, ձգտում ղեկավարող դեր ստանձնել խմբում, կառավարել մարդկանց և այլն։ Իշխանության դրդապատճառը կարևոր տեղ է զբաղեցնում դրդապատճառների հիերարխիայում։ Մարդը շատ աշխատում է ոչ թե իր ինքնազարգացման կամ ճանաչողական պահանջմունքները բավարարելու, այլ մարդկանց վրա ազդելու համար։ Իշխանության դրդապատճառը գործունեության մեջ միակն է, որի ակտիվությունը պետք չէ մեծացնել՝բացասական հետևանքներից խուսափելու համար։

Պրոցեսուալ-բովադակային դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվության դրդումն է գործունեության բովանդակությամբ և գործընթացով, այլ ոչ թե արտաքին գործոներով։ Մարդուն դուր է գալիս կատարել այդ գործունեությունը, նրան հետաքրքրում է այդ գործունեության բովանդակությունը։ Ճանաչողական դրդապատճառն, օրինակ՝ պրոցեսուալ-բովանդակային դրդապատճառի կոնկրետ դրսևորում է։ Այս դրդապատճառների ակտիվացման ժամանակ գործունեության իմաստը հենց գործունեությունն է։ Շատ հաճախ գործունեության դրդում են նրա հետ անմիջականորեն չկապված դրդապատճառներ, ինչպիսիք են՝

Ինքնազարգացման դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնազարգացման, ինքնակատարելագործման ձգտումը կարևոր դրդապատճառ է շատ աշխատելու և զարգանալու համար։ Ըստ Մասլոուի` դա ձգտում է սեփական ընդունակությունների ամբողջական իրացման համար և ցանկություն զգալու սեփական կոմպետենտութունը։ Որպես կանոն` առաջ գալու համար անհրաժեշտ է համարձակություն։ Ամեն ինչ կորցնելու ռիսկի և վտանգի վախը հտե են պահում մարդուն ինքնազարգացման ուղուց։ Այս կերպ, մարդը հաճախ կարծես թե «կիսվում է» առաջ շարժվելու ձգտման և ինքնապահպանման ու անվտանգության ձգտումների միջև։ Զարգացում տեղի է ունենում այն ժամանակ, երբ դեպի առաջ առաջին քայլը բերում է ներքին բավարարում, քան նախկին ձեռքբերումները։ Ինքնազարգացումը նոր տպավորությունների սպասում է։

Նվաճելու, հասնելու դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճելու դրդապատճառը ձգտում է՝ գործունեության մեջ հասնելու բարձր արդյունքների և վարպետության։ Այն դրսևորվում է բարդ առաջադրների ընտրության և կատարելու ձգտման մեջ։ Ցանկացած գործունեության մեջ հաջողությունը կախված է ոչ միայն ընդունակություններից, գիտելիքներից, այլև հասնելու դրդապատճառից։ Մարդը, ձգտելով բարձր արդյունքների, շատ աշխատում է դրված նպատակների իրագործման համար։ Այս դրդապատճառի դրսևորման աստիճանը նույնիսկ մի մարդու մոտ կախված է գործունեության առարկայից և իրավիճակից։ Կոնկրետ գործունեության մեջ դրդապատճառի մակարդակը պայմանավորում են՝

  • հաջողություն հասնելու նշանակությունը
  • հաջողության հասնելու հույսը
  • հաջողության հասնելու հավանականության սուբյեկտիվ գնահատում
  • հաջողության հասնելու սուբյեկտիվ էտալոնները։

Հասարակայնորեն նշանակալից դրդապատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դրդապատճառները կապված են գործունեության հասարակական նշանակության գիտակցման, պարտքի զգացման, պատասխանատվության հետ։ Այս դրդապաճառներով գործունեության դրդվող անձանց բնորոշ է նորմատիվությունը, խմբի ստանդարտների նկատմամբ օրինապահությունը, ձգտումն՝ իրականացնելու խմբի նպատակները։ Պատասխանատու մարդիկ, որպես կանոն, առավել ակտիվ են, բարեխղճորեն կատարում են մասնագիտական պարտականությունները` համարելով որ նրանց ջանքներից է կախված ընդհանուր գործունեության հաջողությունը։Այս դրդապատճառների ակտիվացումը մարդու մոտ դրդում է նրան հասնելու հասարակայնորեն նշանակալից նպտակների իրագործանը։

Աֆիլյացիայի դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆֆիլյացիայի դրդպատճառը ձգտում է հաստատել և պահպանել հարաբերություններ այլ մարդկանց հետ, հաղորդակցվել։ Այս դրդապատճառի էություն հաղորդակցման արժեքավորության մեջ է։ Աֆֆիլյատիվ շփումը դուր է գալիս, գրավում է մարդուն։ Իհարկե մարդը կարող է հաղորդակցվել և այն պատճառով, որ կարգավորի իր գործերը, հաստատի դրական կապեր անհրաժեշտ մարդկանց հետ։ Բայց այս դեպքում հաղորդակցությունը դրդվում է այլ դրդապատճառներով, համարվում անձի այլ պահանջմունքների բավարարման միջոց։ Ընդ որում, այսպիսի շփումը ոչ մի կապ չունի աֆֆիլյատիվ շփման հետ։ Աֆֆիլյատիվ դրդապատճառի և դրական ամրապնդման միջոցով հնարավոր է հետաքրքրություն առաջացնել գործունեության նկատմամբ։

Բացասական դրդապատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացասական դրդապատճառը անհաջողության, անհարմարությունների, պատիժների գիտակցմամբ առաջացած դրդումն է, որոնք կարող են դրսևորվել գործունեությունը չկատարելու դեպքում Այս դրդապատճառի ազդեցության տակ ուսուցումը ձեռք է բերում պաշտպանական գործողության բնույթ և հարկադրական բնույթ է կրում։ Բացասական դրդապատճառն ակտիվացնող գործոնները բազմազան են.

Բացասական այս գործոնների հիմնական թերությունը նրանց կարճաժամկետությունն է. նրանք խթանում են գործունեությունը միայն իրենց գործողության ընթացքում։ Բացասական դրդապատճառն այնքան ուժեղ է ազդում մարդու վարքի վրա, որքան նա վստահ է պատժի անխուսափելիության մեջ։ Այսպիսով, բացասական դրդապատճառը բավական ուժեղ մոտիվացիոն գործոն է, որն ունակ է մարդուն դրդելու գործունեության, սակայն զերծ չէ թերություններից, անցանկալի հետևանքներից։

Գործունեության դրդապատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • բնածին(օրգանական, ուղղված են օրգանիզմի բնական պահանջմունքների բավարարմանը և կապված են աճի, ինքնապահպանման և օրգանիզմի զարգացման հետ։
  • սոցիոգեն, առաջացնում են գործունեության տարբեր տեսակներ՝ ուղղված հասարակության մեջ որոշակի տեղ զբաղեցնելուն, հարգանք, ճանաչում ձեռք բերելուն։
  • գիտակցված
  • չգիտակցված(ենթագիտակցական)

Անձի դրդպատճառները կարող են կոնֆլիկտային փոխհարաբերությունների մեջ գտնվել։ Այս դեպքում անձը, որը ներքին կոնֆլիկտ է ապրում, պետք է վճիռ կայացնի և հանդես բերի կամքի ուժ։ Դրդապատճառները որպես ներհոգեկան երևույթներ (միտք, հույզ, մտապատկեր կամ դրանց զուգակցությունը) պետք է հստակորեն տարբերակվեն արտաքին գրգռիչներից(դրդիչներից, խթաններից), որոնք անձի վրա ներգործում են դրսից։

Դրդապատճառների հիերարխիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդուն, որպես կանոն, գործունեության դրդում են շատ դրդապատճառներ, որոնք ձևավորում են դրդապատճառային համակարգ։ Այդ համակարգում որոշ դրդապատճառներ ունեն առաջնային նշանակություն և մեծ դրդողական ուժ, իսկ մյուսների ազդեցությունը քիչ է, և գտնվում են հիերարխիայի ստորին մակարդակում։ Դրդապատճառը դրսևորվում է տարբեր ուժով՝ կախված կոնկրետ հանգամանքներից, այլ մարդկանց ադեցությունից, ժամանակային գործոններից։ Ուստի դրդապատճառների հիերարխիան բացարձակ կայուն հոգեկան կազմավորում չէ։ Առանձին դրդապատճառների կշիռը ժամանակ առ ժամանակ փոխվում է հոգեկան և սոցիալական տարբեր գործոնների ազդեցությամբ։ Առաջնային տեղ զբաղեցնող դրդապատճառները անընդհատ ակտիվանում են, օժտված են էական մոտիվացիոն ազդեցությամբ և կոչվում են գործող դրդապատճառներ։ Դրդապատճառային հիերարխիայի ստորին մասում գտնվող դրդապատճառները քիչ են ազդում մարդու ակտիվության վրա և հաճախ չեն դրսևորվում։ Դրանք կարելի է անվանել պոտենցիալ դրդապատճառներ, որոնք որոշ գործոնների ազդեցությամբ ձեռք են բերում դրդող նշանակություն։ Դրդապատճառների հիերարխիան փոխվում է ժամանակի ընթացքում և տարիքի հետ՝ կախված հանգամանքներից, այլ մարդկանց ազդեցությունից։ Այսինքն՝ դրդապատճառային ոլորտը դինամիկ է.առանձին դրդապատճառների ազդեցությունը փոխվում է։ Տարբեր գործոններ փոխում են այդ հիերարխիան։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր մարդու բնորոշ է դրդապատճառների հիերարխիայի հարաբերական կայունություն։ Կարելի է պնդել, որ գործունեության դրդող որոշ դրդապատճառներ հարաբերականորեն կայուն են անփոփոխ որոշակի ժամանակահատվածում։

Գործունեության բազմադրդապատճառականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած գործունեություն բազմադրդապատճառականացված է, այսինքն՝ դրդվում է մի քանի դրդապաճառներով։ Վերջինս որոշվում է նրանով, որ մարդու գործունեությունը պայմանավորված է առարկայական աշխարհի, այլ մարդկանց, հասարակության, ինքն իր հետ հարաբերությամբ։ Այս ֆենոմենի վերաբերյալ Մասլոուն պնդել է, որ ցանկացած վարք միաժամանակ ուղղված է մի քանի պահանջմունքների դետերմինացիայի։ Ոչ միայն միևնույն պահանջմունքը կարող է առարկայանալ տարբեր օբյեկտներում, այնպես էլ միևնույն օբյեկտում կարող են առարկայանալ տարբեր պահանջմունքներ։ Տարբեր դրդապատճառների կապի սխեմա է առաջադրել Բորիս Դոդոնովը, ըստ որի՝գործունեությունը դրդվում է հետևյալ խումբ դրդապատճառներով.

  • հաճույք գործունեության ընթացքից
  • գործունեության ուղղակի արդյունք
  • գործունեության համար պարգևատրում
  • պատիժներից խուսափում

Այս դրդապատճառներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի գործունեության մեջ, ընդ որում ինչպես դրական, այնպես էլ բացասական։

Դրդապատճառ և պահանջմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքի դրդողական գործոնները կարելի է բաշխել երկու՝ հարաբերականորն ինքնուրույն դասերում.

  • պահանջմունքները և բնազդները՝ որպես ակտիվության աղբյուրներ
  • դրդապատճառները՝ որպես պատճառներ, որոնք որոշում են վարքի և գործունեության ուղղվածությունը։

Պահանջմունքը ինչ-որ բանի կարիքի վիճակ է, որը օրգանիզմը ձգտում է փոխհատուցել, այն ներքին լարվածություն է, որը ակտիվությունն ուղարկում է ստանալու այն ինչ անհրաժեշտ է օրգանիզմի և անձի ամբողջական, նորմալ գործառնման համար։ Պահանջմունքը ցանկացած գործունեության անհրաժեշտ պայման է, սակայն այն ինքն իրենով ընդունակ չէ գործունեությանը տալու հստակ ուղղվածություն։ Պահանջմունքը պետք է «գտնի» առարկան, որն ունակ է բավարարելու այդ պահանջմունքը։ Պահանջմունքի և դրդապատճառի տարբերությունն այն է, որ պահանջմունքը հադես է գալիս որպես ակտիվության աղբյուր, իսկ դրդապատճառը ցույց է տալիս, թե ինչին է ուղղված այդ ակտիվությունը, ինչի համար են ընտրվում հենց տվյալ գործողությունները։ Պահանջմունքը դրդում է ակտիվության, դրդապատճառը՝ գործունեության ուղղվածության։ Այս կերպ, դրդապատճառը գործունեության ուղղված դրդումն է՝ կապված սուբյեկտի պահանջունքի բավարարման հետ։ Որպես կանոն, յուրաքանչյուր պահանջմունք առարկայանում է մեկ կամ մի քանի առարկաներում, որոնք ընդունակ են բավարարելու այդ պահանջմունքը։ Ընդ որում, պահանջմունքների զարգացումը ընթանում է այն բավարարող առարկաների քանակի ընդլայմամբ։ Այսպես, պահանջմունքների փոփոխությունն ու զարգացումը տեղի է ունենում, այն առարկաների փոփոխությամբ և զարգացմամբ, որոնցում այն կոնկրետանում է։

Դրդապատճառ և նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակը գործունեության գիտակցված, պլանավորված արդյունքն է, սուբյեկտիվ պատկերը, գործունեության ապագա արդյունքի մոդելը։ Այսինքն՝ նպատակը այն է, ինչին մարդը ձգտում է հասնել։ Նպատակը կազմակերպում, դրդում է մարդուն գործունեության։ Նպատակի և դրդապատճառի փոխհարաբերությունն այն է, որ դրդապատճառը հանդես է գալիս որպես պատճառ տարբեր նպատակների դնելու համար։ Նպատակադրման համար պետք է ունենալ համապատասխան դրդապատճառ՝ ինքնահաստատում, ինքնաիրացում, նյութական արժեք, հետաքրքրություն գործունեության բովանդակության նկատմամբ։

  • Որպես կանոն՝նպատակը պատճառավորվում է մի քանի դրդապատճառներով։
  • Քանի որ նպատակները սերտորեն կապված են դրդապատճառների հետ, ուստի նրանք նույնպես դրդում են մարդուն գործունեության։ Նպատակի ձևակերպումը խթանում է մարդուն՝գործադրելու համապատասխան ջանքեր դրան հասնելու համար։ Ինչքան կոնկրետ է նպատակը, այնքան ուժեղ է այն դրդում գործունեության։
  • Ինչքան շատ դրդաապատճառներ են պատճառավորում նպատակը, այնքան ուժեղ է այն դրդում գործունեության։ Մեծ քանակությամբ դրդապատճառներով ամրապնդված նպատակն ավելի ուժեղ կազդի գործունեության վրա։
  • Որպես կանոն, ավելի ուժեղ գործունեության են դրդում մոտակա նպատակները։ Հեռավոր նպատակն ունի ավելի քիչ դրդողական ազդեցություն, քան մոտակա նպատակը։

Նպատակադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակադրումը կարող է արտահայտվել կամ այլ մարդկանց կողմից տվյալ սուբյեկտի առաջ դրված նպատակների ընդունմամբ, հաստատմամբ, կամ նպատակների ինքնուրույն ձևակերպմամբ։ Իր առաջ ինքնուրույն նպատակներ դնող անձը զարգացման ավելի բարձր աստիճանում է գտնվում։ Նպատակներ դնելու և նրանց հետ աշխատելու կարողությունը վկայում է ինքնադաստիարակության և ինքնազարգացման մարդու ընդունակության մասին։ Արդյունավետ նպատակադրման համար անհրաժեշտ է.

Արտաքին և ներքին նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, հոգեբաններն առանձնացնում են հետևյալ նպատակները.

  • օբյեկտիվ նպատակ՝ առաջադրված հասարակության կողմից
  • սուբյեկտիվ նպատակ՝ ինքնուրույն դրված նպատակ։

Ելնելով նպատակադրման առանձնահատկությոններից՝կարելի է առանձնացնել մարդկանց հետևյալ խմբերը.

  • այլ մարդկանց կողմից առաջդրված նպատակների ամբողջական ընդունում
  • առաջադրված նպատակները մասնակի ընդունողներ
  • ուրիշների կողմից առաջադրված նպատակներն ընդհանրապես չընդունողներ, ովքեր ձգտում են սեփական նպատակների ձևակերպմանը։

Տարիքային առանձնահատկություններն էապես շտկում են նպատակադրումը։ Այսպես հաստատվել է, որ կրտսեր դպրոցականները ինքնուրույն նպատակադրման համար ունեն դժվարություններ։ Ուրիշների կողմից առաջադրված նպատակների ընդունումը նույնպես դժվար է նրանց համար։ Ինքնուրույն դրված նպատակը ուժեղացնում է մոտիվացիան, ստեղծում դրական տրամադրություն։ Դրսից առաջադրված նպատակն ունի թույլ դրդողական ուժ։ Ուրիշի կողմից առաջադրված նպատակը միշտ չի դառնում սուբյեկտի նպատակը և աշխատանքի ընթացքում հեշտությամբ կարող է աղավաղվել։ Այլ մարդկանց կողմից առաջադրված նպատակները կարող են դառնալ անհատական հետևյալ պայմանների դեպքում.

  • եթե նրանք բավարար չափով անձի պատասխանում են պահանջմունքներին
  • եթե նրանք միջոց են անձի պահանջմունքների բավարարման համար։

Նպատակների գիտակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն դրդապատճառների՝ նպատակները գիտակցվում են, այսինքն՝ մարդը հասկանում է՝ ինչի համար է առաջադրում այս կամ այն նպատակը, գիտակցում հեռավոր արդյունքները։ Դրդապատճառը, որպես կանոն, չի գիտակցվում. մենք սովորաբար չենք գիտակցում, թե ինչն է մեզ գործունեության դրդում։ Նպատակի գիտակցումը մեծացնում է նրան հասնելու հավանականությունը։

Դրդապատճառի օպտիմում.Յերքս-Դոդսոնի կանոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յերքս-դոդսոնի կանոն

Գործունեությունն իրագործելու համար անհրաժեշտ է բավարար դրդապատճառվածություն։ Սակայն, եթե այն ուժղ է, մեծանում է լարվածության մակարդակը, ինչի արդյունքում աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Փորձարարական ճանապարհով հաստատվել է, որ գոյություն ունի որոշակի օպտիմում, օպտիմալ դրդապատճառ, որի դեպքում գործունեությոնը կատարվում է ամենալավը։ Այսպիսի կախվածությունը անվանում են Յերքս-Դոդսոնի կանոն. գործունեության կատարման որակի կախվածությունը դրդապատճառի ինտենսիվությունից։ Այս կանոնի համաձայն՝ ինտենսիվության աճի արդյունքում գործունեության որակը սկզբում մեծանում է, բայց հասնելով գործունեության հաջողության բարձր ցուցանիշների՝ աստիճանաբար նվազում։ Դրդապատճառի մակարդակը, որի ընթացքում գործունեությունը կատարվում է առավելագույնս հաջող, կոչվում է դրդապատճառի օպտիմում։ Շատ կարևոր է որոշել դրդապատճառի օպտիմալ մակարդակը հենց տվյալ գործունեության և տվյալ սուբյեկտի համար, քանի որ յուրաքանչյուր գործունեություն ունի դրդապատճառի իր օպտմումը։ Այսպիսով, գործունեության առավելագույն արդյունավետությանը համապատասխանում է ոչ թե առավելագույն, այլ դրդապատճառի օպտիմալ ուժ։

Դրդապատճառի օպտիմում և խնդիրների բարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրդապատճառի օպտիմումը կախված է խնդիրների բարդությունից. հեշտ խնդիրների համար օպտիմալ է ավելի ուժեղ մոտիվացիան, իսկ բարդ առաջադրանքների համար՝ թույլ դրդապատճառ։ Ակնհայտ է, որ հեշտ գործունեության կատարման դեպքում մոտիվացիան չաձազանց մեծ ուժը չի առաջացնում վարքի խանգարումներ, բայց այսպիս վտանգ կա բարդ առաջադրանքների դեպքում։ Բարդ առաջադրանքների կատարման ընթացքում ուժեղ մոտիվացիան կարող է առաջացնել լարվածություն, սթրես, արդյունքում՝ գործունեության ապակազմակերպում։ Յուրաքանչյուր առաջադրանք մոտիվացիայի օպտիմումը տարբեր է՝ կապված առաջադրանքների բարդությունից։ Յերքս-Դոդսոնի կանոնի համաձայն՝ բարդ առաջադրանքի դեպքում օպտիմալ է թույլ մոտիվացիան, իսկ հեշտի համար՝ ուժեղը։ Բարդ առաջադրանքի առավել հաջող կատարման համար անհրաժեշտ է չափավոր մոտիվացիա։ Դրդապատճառի ուժեղացման դեպքում գործունեության արդյունքների քանակն ու որակը կարող են փոխվել հակադիր ուղղությամբ. քանակը կաճի, իսկ որակը կվատանա։

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
  • Слотина Т. В. Психология личности. Учебное пособие .-СПб.։ Питер, 2008-304с.։ ил.-(серия «Учебное пособие»)
  • Занюк с. Психология мотивации. теория и практика мотивирования. Мотивационный тренинг. Ника-центр, Эльга-Н, 2001. 352с.
  • Леонтьев А. Н. Деятельность. Сознание. Личность. М.։Политиздат, 1975
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454