- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայ (այլ կիրառումներ)
Հայկ «Գայ» Բժշկյան(ց) (փետրվարի 18, 1887(1887-02-18)[1], Թավրիզ, Իրան[2][3][1] - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից)։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում[4]։
Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, որտեղ ուսուցչություն էր անում իր հայրը՝ Դիմիտրի Կարապետովիչը։ Այնուհետև ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն չի ավարտել. հեռացվել է դպրոցից ուսանողական շարժումներին մասնակցելու պատճառով 1901 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից հեռացվելու պատճառով։ Հետագայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թվականներին եղել է ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ 1911 թվականին երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913 թվականներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հեծելազորային վաշտի հրամանատար, ապա՝ 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքական զավթիչների դեմ մարտական գործողություններին։
Դառնալով կոմունիստ, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1917 թվականի նոյեմբերին կազմավորել է կարմիր գվարդիայի ջոկատ, կռվել Բուխարայի էմիրի զորքերի դեմ։ Գայի զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես Ռուսաստանում ծավալված քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ)։ 1918 թվականի մարտին Օրենբուրգի ճակատում իր ջոկատով կռվել է սպիտակ չեխերի, Դուտովի զորքերի դեմ։ 1918 թվականի հուլիսից՝ Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալն էր, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի պետը։ Նրա գլխավորած դիվիզիան ազատագրել է Սիմբիրսկը, Սիզրանը, Վոլգայի Ստավրոպոլը, Սամարան, Սենգիլեյը, Բուզուլուկը։ 1918 թվականի դեկտեմբերի 26-ին Գայը նշանակվել է Արևելյան ռազմաճակատի առաջին բանակի հրամանատար, Ուրալի, Անդուրալի և Պովոլժիեի շրջաններում մասնակցել է Կոլչակի ղեկավարած սպիտակգվարդիականների դեմ մարտական գործողություններին, Օրենբուրգի, Ուֆայի և Օմսկի պաշտպանությանը։ 1919 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատում 1-ին Կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920 թվականի մարտից՝ 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատարն էր։ Սպիտակ լեհերից ազատագրել է Լիտվայի և Բելառուսիայի բազմաթիվ բնակավայրեր։ Ապահովելով 4-րդ բանակի նահանջը՝ Գայի կորպուսը ներկալվել է Արևելյան Գերմանիայում, բայց 1920 թվականի դեկտեմբերին խորհրդային կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերադարձվել է Խորհրդային Ռուսաստան։
1922-1923 թվականներին եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի Ժողկոմ, ՀԽՍՀ ռազմական կոմիսար։ Եռանդուն գործունեություն է ծավալել Հայկական միացյալ ռազմական դպրոցում և Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ 1923 թվականի մայիսին նշանակվել է Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար։ 1924 թվականի հոկտեմբերին նշանակվել է այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ 1927 թվականին Գայն ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927-1932 թվականներին Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եղել է ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ։ 1932 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում։ Գայը եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրենբուրգի, հեղկոմների, Սամարայի նահանգային գործկոմի նախագահության անդամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելառուսիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ։ Գայը ռազմական արվեստի տեսաբան էր, ռազմագիտական աշխատությունների հեղինակ[5]։
1935 թվականի հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Խորհրդային Միությունում)։ 1937 թվականի դեկտեմբեր 11-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ 1956 թվականի հունվարի 21-ին հետմահու արդարացվել է։ Գայի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Խորհրդային Հայաստանում նրա անունով էին կոչվում Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը և սպայի տունը։ Նրա անունով է կոչվում Էջմիածնի տարածաշրջանի խոշոր գյուղերից մեկը (նախկին անվանումը՝ Ներքին Խաթունարխ)։ Գայի արձանը կանգնեցված է Երևանի Նոր Նորք թաղամասում։ Նրա մասին գրվել են պատմագիտական և գեղարվեստական գրքեր, ստեղծվել փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր։
- Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), խմբ. Արսէն Կիտուր, Բ. հատ., Պէյրութ, 1963։
- Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով, Երևան, 1967։
- Հայկ Հայրապետյան, Առասպելական Գայը։ «Գարուն», 1967, № 2, էջ 77-82։
- Գայ Դմիտրիի Գայ (մատենագիտական ցանկ), Երևան, 1970։
- Աշոտ Հարությունյան, Գայ, Հայկական Սովետական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1976, էջ 675։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 530։
- Գ. Դ. Գայ, Քաղաքացիական կռիվների բոցերում (պատմառազմական հուշերի, ակնարկներև ու հոդվածների ժողովածու), Երևան, 1977։
- Հայկ Հայրապետյան, Լեգենդար Գայ, Երևան, 1977։
- Մկրտիչ Զեյթաղյան, Զորավար Գայ (վեպ), Երևան, 1987։
- Գեղամ Հովհաննիսյան, Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2012, 354 էջ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 229.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Гай Гая Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ ԼԵԳԵՆԴԱՐ ԳԱՅԸ
- ↑ Գայ (Հայկ Բժշկյանց)(չաշխատող հղում), Երևանի հուշարձանների կայք
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 675)։
|
Հայաստանի պաշտպանության նախարարներ |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
|