Jump to content

Ալմաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմաստ (այլ կիրառումներ)
Ալմաստ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
C[1]
Նիկել-Շտրունցի դասակարգում1.CB.10a[2]
Դանա դասակարգում1.3.6.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ[3]
Մոոսի կարծրություն10[4][5]
Ենթակատեգորիաcarbon-silicon family?, covalent network solid?, native element mineral?, allotrope of carbon? և թանկարժեք քար[6]

Ալմաստ, Ադամանդ, հայերեն Շողակն, (հին հունարեն՝ ἀδάμας- անկոտրում), ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար՝ օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։

Հայտնի ադամանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները։ Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0, 2 գ է։ 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ։ 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621, 2 գ) էր։ Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է։ 17-րդ դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր։ 2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1, 5 կգ) զանգվածով։

Ալմաստները տեխնիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական ալմաստները բացառիկ կարծրության շնորհիվ օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ։ Դրանք նրբագույն՝ 0, 1–0, 001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի։ 1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000 °C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0, 1 կարատից)։ Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը։ Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։ Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ։ Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ։ Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այլուր։

Ալմաստե գահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալմաստե գահը», այժմ պահվում է Կրեմլի Զինապալատում

1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։ Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ալմաստ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմաստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 182
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։