Արտաշեսյանների թագավորություն
 Երվանդունիների թագավորություն Մ.թ.ա. 189 - Մ.թ. 1 Արշակունիների թագավորություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(Հայկական աշխարհակալ տերությունը)

Քարտեզ2


(Մ.թ.ա. 70)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երվանդաշատ մ.թ.ա. 220-
մ.թ.ա. 160
Արտաշատ
մ.թ.ա. 185-
մ.թ. 120
Տիգրանակերտ մ.թ.ա. 77-
մ.թ.ա. 69
Մակերես 300.000 քառ. կմ (մ.թ.ա. 331)
Մակերես 1.000.000 քառ. կմ (մ.թ.ա. 69)
Բնակչություն 5.000.000 (մ.թ.ա. 69)
Լեզու Հայերեն
Հունարեն
Արամեերեն
Պարսկերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հեթանոսություն
Հելլենիզմ
Տոն Նավասարդ
Արժույթ Տաղանդ
Զորք 100.000-120.000
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Արտաշեսյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Արտաշես Ա-ի գահակալում Մ.թ.ա. 189-Մ.թ.ա. 160
- Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Մեծի օրոք Մ.թ.ա. 84-
մ.թ.ա. 66

Արտաշիսյանների թագավորությունը Սելևկյան տերության և ծավալվող Հռոմեկան Հանրապետության միջև Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մ. թ. ա. 190) Սելևկյան Անտիոքոս 3-րդի պարտությունից հետո՝ մ. թ. ա. 189 թվականին, Մեծ Հայքում անկախ թագավոր է դարձել Արտաշեսը, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմմագենեում՝ Պտղոմեոսը։

Արքաներ

խմբագրել

Արտաշես Ա

խմբագրել

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝ Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշիսյան արքայատոհմի հիմնադիրն ու անվանադիրը։ Արամերեն արձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես արքա, Բարի, որդի Ձարեհի, Երվանդյան»։ Վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը, վերամիավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները։ Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Վերջինիս գահին Զարեհին հաջորդել է նրա որդին՝ Մերուժանը, որը խոչընդոտել է Ծոփքը Մեծ Հայքին միավորելու Արտաշես Ա-ի ծրագիրը։ ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հավաստում է. «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով..., և ուստի այստեղ բոլորը միալեզու են»։ Հայոց թագավորը վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան երկրների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը։ Մ. թ. ա. 165 թվականին հակահարված է տվել սելևկյան Անտիոքոս 4-րդ Եպիփանեսին։

Բարեփոխումներ

խմբագրել
Հողային բաժանում
խմբագրել

Մ. թ. ա. մոտ 180 թվականին Արտաշես Ա-ն կատարել է հողային բարեփոխումներ, ըստ որի՝ մասնավոր հողային տնտեսությունների (ագարակ) սահմանները հստակորեն սահմանազատվել են համայնքին պատկանող հողերից։ Հողաբաժան սահմանաքարերից շուրջ 20-ն ունեն Արտաշեսի անունով արամերեն արձանագրություններ։

Վարչական բաժանում
խմբագրել

Թագավորությունը բաժանել է 120 գավառի։ Մեծացրել և կանոնավորել է բանակը, ստեղծել 4 սահմանակալություններ (բդեշխություն)՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի։ Կարգավորել է նաև արքունի գործակալությունները։

Կառուցաց քաղաքներ
խմբագրել

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185 թվականին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկիցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայքում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հանիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում։ Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»։ Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները։ Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մ��ակույթի կարևոր կենտրոններից էր։ Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պատիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք։

Արտավազդ Ա և Տիգրան Ա

խմբագրել

Արտաշես Ա-ի որդիների՝ Արտավազդ Ա-ի (մ. թ. ա. մոտ 160-115) և Տիրան-Տիգրան Ա-ի (մ. թ. ա. մոտ 115-95) թագավորության տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Անհաջողություն կրելով Պարթևստանի Միհրդատ 2-րդ արքայի դեմ պատերազմում (մ. թ. ա. 113-112)՝ անժառանգ Արտավազդ Ա-ն հարկադրված իր եղբորորդուն՝ արքայազն Տիգրանին, պատանդ է տվել պարթևներին։

Տիգրան Բ

խմբագրել

Հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո, պարթևներին զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելյան երկրամասը («70 հովիտներ»), 45-ամյա Տիգրանն ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը (Տիգրան Բ Մեծ, մ. թ. ա. 95-55)։ Գահակալության 2-րդ տարում Մեծ Հայքի թագավորությանն է վերամիավորել Ծոփքը և դուրս եկել Արևմտյան Եփրատի ափերը։ Մ. թ. ա. 94 թվականին, հռոմեական և պարթևական տերությունների առաջխաղացման պայմաններում, նա ռազմաքաղաքական դաշինք է կնքել Պոնտոսի Միհրդատ 5-րդ Եվպատոր թագավորի հետ՝ կնության առնելով նրա դուստր Կլեոպատրային։ Հավատարիմ մնալով դաշնագրին՝ Հայոց արքան պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ։ Սակայն Հռոմի հետ Պարթևստանի դաշնակցությունը և վերջինիս սպառնալից դիրքը հարկադրել են Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը։ Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մ. թ. ա. 91-86 թվականներին նա իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի։ Մ. թ. ա. 87-85 թվականներին հաղթել է հայ-պարթևական պատերազմում, վերադարձրել «70 հովիտները», գրավել Ատրպատականը և Մարաստանը, թագավորանիստ Էկբատան քաղաքը, ապա՝ Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։ Մ. թ. ա. 85 թվականի պայմանագրով՝ Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները կորցրել են արքայից արքա տիտղոսը, որն այդուհետ կրել են Տիգրանն ու նրա հաջորդները։ Մ. թ. ա. 83-ին Ասորիքի հելլենիստական քաղաքների վերնախավը Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին, որտեղ նա խաղաղությամբ իշխել է 17 տարի։ Նույն ժամանակաշրջանում գրավել է նաև Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան։ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը (Հուդա), Կարմիր ծովի ափի արաբ, ցեղերը, Նաբաթեացիների թագավորությունը (արաբական պետություն) և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ։ Մ. թ. ա. 71 թվականին հայկական բանակը դժվարությամբ գրավել է Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս ծովափնյա քաղաքը։ Գերվել է սելևկյան Սելենե թագուհին և հետագայում մահապատժի ենթարկվել։ Հայկական աշխարհակալության համար կառավարման ընդհանուր կենտրոն ստեղծելու համար Տիգրանը մ. թ. ա. 80-70-ական թվականներին Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի վիթխարի պարիսպների (բարձրություն՝ 25 մ) մեծության ու շքեղության մասին վկայում են անտիկ հեղինակներ Ապպիանոսը և Պլուտարքոսը։ Տիգրան Մեծն իր անունով քաղաքներ է կառուցել նաև Արցախում և Ուտիքում, Գողթն գավառում (Տիգրանավան), ինչպես նաև Մարաստանում (Տիգրանա), Ամանոսում (Տիգրանուկոմե)։ Մ. թ. ա. 80-70-ական թվականներին Տիգրան Բ-ն վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ է կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակրաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թվականին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան։ Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք։ Մ. թ. ա. 73-72-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73-69-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Հրեաստանի և Նաբաթեացիների թագավորությունների ընդվզումները։ Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ 6-րդին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73-71 թվականի հռոմեա-պոնտական պատերազմում։ Բայց մ. թ. ա. 71 թվականի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ 6-րդին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը։ Մ. թ. ա. 69 թվականի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Մեծը կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թվականի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում լիակատար պարտության մատնել հռոմեական զորավար Լուկիոս Լուկուլլոսի բանակին։ Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թվականի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին։ Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունից՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ։ Սակայն, զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67-66) ճնշմամբ, Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը։ Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը։ Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից։ Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Գնեոս Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Մեծի հաշտության առաջարկը։ Մ. թ. ա. 66 թվականի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար 2 ճակատով կորստաբեր պատերազմի վտանգը, պահպանել է Հայաստանի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում։ Հայաստանը հայտարարվել է «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։ Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Մեծը շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի։ Մ. թ. ա. 64 թվականին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության։ Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս

Արտավազդ Բ

խմբագրել

Տիգրան Բ Մեծին հաջորդել է Արտավազդ Բ-ն (մ. թ. ա. 55-34), որը հոր կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը։ Թագավորել է միջազգային բարդ՝ հռոմեա-պարթևական հակամարտության պայմաններում՝ վարելով ճկուն դիմակայության քաղաքականություն։ Պարթևստանի դեմ արշավանքների ժամանակ՝ մ. թ. ա. 53 թվականին, Մարկոս Կրասոսի գլխավորած հռոմեական բանակը ջախջախվել է Խառան քաղաքի մոտ, իսկ մ. թ. ա. 36 թվականին Մարկոս Անտոնիոսն իր արշավանքի ձախողման գլխավոր պատճառը համարել է Արտավազդ Բ-ի դիրքորոշումը և քանիցս փորձել է խաբեությամբ ձերբակալել նրան։ Մ. թ. ա. 34 թվականին ներխուժել է Մեծ Հայք։ Հայոց թագավորը փորձել է հաշտվել նրա հետ, սակայն բանակցության ժամանակ Արտաշատի մոտ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիս։ քաղաքը, որտեղ մ. թ. ա. 31 թվականին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա 7-րդի հրամանով։ Արտավազդ Բ-ի պատկերով հատվել է դրամ։ Նա գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել Պլուտարքոսը։

Արտաշես Բ

խմբագրել

Արտաշիսյանների վերջին հզոր ներկայացուցիչը Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին էր՝ Արտաշես Բ-ն (մ. թ. ա. 30-20)։ Գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց Հրահատ 4-րդ Արշակունի թագավորի հետ՝ մինչև մ. թ. ա. 31 թվականը Արտաշես Բ-ն ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց համագործակցող Ատրպատականի Մար Սրտավազդ թագավորին և նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը։ Իսկ Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի և Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չի պատերազմել հայ-պարթևական միացյալ ուժերի դեմ ու վարել է Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու և հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն։ Հռոմի Օկտավիանոս կայսրը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20 թվականին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան հաջորդ թագավորները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ։

Տիգրան Գ

խմբագրել

Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն (մ. թ. ա. 20-մ. թ. ա. մոտ 8)։ Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով։ Հատել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատինական մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը և Վերգիլիոսը գրել են ներբողներ։ Հայաստանը թուլացնելու նպատա¬ կով Հռոմը նրանից անջատել է Ատրպա- տականը և այնտեղ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիո- բարզանին։ Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը, մ. թ. ա. 10 թվականին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Գ-ն (մ. թ. ա. մոտ 8-5Օկտավիանոս Օգոստոս կայսրը, անհանգստանալով, գահընկեց է արել Տիգրան Գ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին (մ. թ. ա. 5-2)։ Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը։ Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոներներին՝ արտաքսել Հայաստանից։ Կրկին գահ է բարձրացել Տիգրան Գ-ն (մ. թ. ա. 2-1), այս անգամ՝ քրոջ՝ էրատոյի հետ։ Մ. թ. 1-ին Տիգրան Գ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխուժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ էրատոն հրաժարվել է գահից։ Սա ճակատագրական էր՝ Տիգրան Գ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր։ «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը։