Բրոնզ
Բրոնզ, անագապղինձ, պղնձի համաձուլվածք է տարբեր քիմիական տարրերի, գլխավորապես մետաղների հետ (անագ, ալյումին, բերիլիում, կապար, կադմիում, քրոմ և այլ)։ Համապատասխանաբար բրոնզն անվանում են անագե, ալյումինե և այլն։ Բացառություն է կազմում ցինկի համաձուլվածքը, որն անվանում են արույր (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»[1], լատին․՝ օրիխալկում, la:orichalcum, անգլ.՝ բրաս, en:brass, ռուս.՝ լատուն, ru:латунь), և նիկելինը՝ մելքիոր (պղնձի և նիկելի համաձուլվածք)։
Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում[2]։
Պղնձի մեջ տարբեր տարրեր մտցնելուց (լեգիրել, որակավորել), մտցվող նյութի ատոմները մեծացնում են դեֆորմացիան և ատոմների բյուրեղացանցի դեֆեկտների քանակությունը։ Բացի այդ, խառնուրդի ատոմները փոխազդում են տեղաշարժվող մասնիկների հետ և դժվարացնում դրանց շարժողականությունը՝ կարծրացնելով պղինձը։ Այդ պատճառով բրոնզների տեսակարար դիմադրությունն ավելի մեծ է, քան մաքուր պղնձինը։ Մեծ է նաև պայթյունի նկատմամբ պնդության սահմանը և կարծրությունը, փոքր է պայթյունից առաջ հարաբերական երկարացումը։ Բրոնզներն ավելի լավ են ձևափոխվում մետաղահատ հաստոցներով և ունեն ավելի լավ ձուլման հատկություններ, քան պղինձը։
Անագե բրոնզը մարդու պատրաստած հնագույն համաձուլվածքներից է։ Ըստ որոշ կարծիքների՝ բրոնզն առաջինը հայտնաբերել են հին եգիպտացիները, որոնք նաև որոշ ժամանակ անց հայտնաբերել են երկաթը, ոսկին և այլն[3]։
Պատմություն
խմբագրելԱնագային բրոնզը մարդու ստացած հնագույն համաձուլվածքն է (տե՛ս Բրոնզի դար)։ Առաջին բրոնզե առարկաները ստացել են մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից առաջ պղնձի ու անագի հանքաքարի և փայտածխի խառնուրդի վերականգնիչ հալման միջոցով։ Հետագայում բրոնզ սկսեցին ստանալ պղնձին անագ և այլ մետաղներ ավելացնելով[4]։
Բրոնզ բառի ստուգաբանություն
խմբագրելԲրոնզ բառը Եվրոպայի երկրների մեծ մասում, այդ թվում Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում առավել տարածվում է 1730–40 թվականներին և փոխառվել է ֆրանսերեն bronze բառից, որն առաջին անգամ հիշատակվում է 1511 թվականին։ Վերջինս էլ իր հերթին փոխ է առել իտալերեն bronzo «բրոնզո»՝ "զանգի մետաղ, արույր" բառից, որը ծագել է 13-րդ դարում։ Իտալերեն բառն ինքը փոխ է առնված միջնադարյան լատիներեն bronzium բառից։ Այս վերջինը կարող է ունել երկակի ծագում։
- 1. bróntion, «բրո՛նտիոն» բառից, որը բխում է Բյուզանդիայի հունարենում՝ միջին հունարենում գործածված brontēsíon «բրոնտեսիոն» բառից (ծագում է 11-րդ դարում), հավանաբար, իր հերթին բխող Brentḗsion Բրենտեսիոն կամ ‘Brindisi’ Բրինդիսի քաղաքի անունից, որ հայտնի էր իր բրոնզով, այսինքն՝ անագապղնձով[5][6]։
- 2. Առավել հավանական է թվում «բրոնզ» բառի ծագման առավել հին արմատը՝ պարսկերեն կամ հին պարսկերեն birinj «բիրինձ», biranj «բիրանձ» (برنج) բառը, որը նշանակել է "արույր" (արդի պարսկերենում՝ berenj «բերենջ»), piring «պիրինգ» (پرنگ) "պղինձ"[7], դրանից է ծագում նաև սերբո-խորվաթերեն pìrinač «պիրինաչ» "արույր" բառը[8]։ Վրացերենում brinǰao «բիրինձաո» "բրոնզ", «անագապղինձ» բառը ևս այդտեղից է և կամ ավելի շուտ՝ Վիրքի հարևան երկրի՝ Հայքի լեզվից՝ հայերենի պղինձ płinj բառից, որը դասական հայերենում հնչում էր "պլինձ", որից և կարող է ծագած լինել նաև իրանական «բիրինձ»-ը։
Բաղադրություն
խմբագրելԱնագային բրոնզի բաղադրության մեջ մտնում են մինչև 12% անագ, որպես հավելանյութեր՝ ցինկ, կապար, ֆոսֆոր, նիկել։ Ունի մեծ ամրություն և կոռոզիակայունություն։ Զարգացած արդյունաբերական երկրներում մշակվել են մեքենայական բրոնզի բազմաթիվ տեսակներ։ Կան նաև անանագ (հատուկ) բրոնզներ (պղնձի ու ալյումինի, նիկելի, սիլիցիումի, մանգանի և այլ մետաղների համաձուլվածքներ), որոնք օժտված են բարձր մեխանիկական, հակակոռոզիոն և հակաշփական հատկություններով[4]։
Արդյունաբերական կիրառում
խմբագրելԲրոնզն օգտագործվում է մեքենաշինության մեջ, ավիացիայում, հրթիռային տեխնիկայում, նավաշինության մեջ և այլուր։ Մետաղական մակերևույթները պաշտպանական նպատակներով բրոնզապատվում են, իսկ ոչ մետաղական մակերևույթներին մետաղական փայլ տալու համար՝ օգտագործում բրոնզափոշի[3]։
Բրոնզի կիրառում Հայքում
խմբագրելՀայերը բրոնզը ստացել են դեռ վաղ ժամանակներից։ Էջմիածնի շրջակայքում գտնված բրոնզե առաջին առարկաները վերաբերում են մ․ թ․ ա․ IV հազարամյակին։ Մինչև III հազարամյակի վերջը զենքերը, զարդերը, գործիքները պատրաստվել են միայն արսենային բրոնզից, հետագայում՝ բարձրորակ անագապղնձից։ Բրոնզը հաճախ ստացվել է պղնձի, արսեն��, անագի, կապարի, երբեմն էլ ծարիրի համաձուլվածքից։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին վերաբերող ցուլերի, այծերի և այլ կենդանիների ու թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմակառքերի մոդելներ, դրվագումով և փորագիր գոտիներ են հայտնաբերվել Լճաշենում, Արթիկում և այլն։ Վանի կամ Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IX–VI դդ․) բրոնզից ձուլել են արձաններ և արձանիկներ, կահույքի մասեր, դրվագումով և փորագրությամբ, բարձր արվեստով հարդարել են զենքեր (վահաններ, սաղավարտներ, կապարճներ), այլ առարկաներ։ Վանի թագավորության անկումից հետո՝ հին հայկական Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում նույնպես բրոնզից պատրաստել են արձաններ, և արձանիկներ, պաշտամունքային և կենցաղային իրեր։ Գիսանե և Դեմետրա աստվածուհիների բրոնզաձույլ արձանները, ըստ Տարոնի Հովհան Մամիկոնյան պատմիչի, ունեցել են 12–15 կանգուն բարձրություն։ Միջին դարերում պատրաստվել են գեղարվեստորեն ձևավորված հավանգներ, կանթեղներ, բուրվառներ։ Մեծարժեք շինվածք է Հաղարծնի վանքի բրոնզե մեծ կաթսան՝ հայերեն արձանագրությամբ (1232, քաշը՝ 350 կգ, Հայաստանի պատմության պետ․ թանգարան)։ Խորհրդային կարգերի օրոք բրոնզը Հայաստանում լայն կիրառություն է ստացել մոնումենտալ և կիրառական արվեստում։ Երևանում կանգնեցվել են Հ․ Թումանյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյան, 1957), Ա․ Սպենդիարյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղ․ Չուբարյան, 1957), Ա․ Իսահակյանի (քանդակագործ՝ Ս․ Բաղդասարյան, 1965), Մ․ Նալբանդյանի (քանդակագործ՝ Ն․ Նիկողոսյան, 1966) բրոնզաձույլ արձանները[3]։
Բրոնզի կիրառում արվեստում
խմբագրելԲրոնզն արվեստում, դեկորատիվ կիրառական արվեստում և արձանագործության մեջ լայնորեն օգտագործվող մի նյութ է, որը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Լինելով դյուրահալ և հեշտ մշակվող, ամուր, աչքի ընկնելով հաճելի երանգով ու փայլով՝ այն հնագույն ժամանակներից օգտագործվել է ինչպես գործիքների ու զենքերի, այնպես էլ իրերի և զարդերի պատրաստման ժամանակ։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկորը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։ Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուցելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում բրոնզից ձուլել են եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում «մոմե մոդելը կորուցելու» եղանակով են ձուլվել Լ․ Գիբերտիի Ֆլորենցիայի Բապտիստերիումի դռները (հյուսիսայինը՝ 1404–24թթ., արևելյանը՝ 1425–52թթ.), Դոնատելլոյի (1447–53, Պադուա) և Ա․ Վեռոկքիոյի (1479–90, Վենետիկ) հեծյալ արձանները։ XVI դ․ Ռուսաստանում բրոնզի ձուլումը բարձր մակարդակի հասավ XIX դ․ 2-րդ կեսից գեղարվեստական իրերը էժանացնելու նպատակով բրոնզի ձուլումը խիստ նվազել է։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին մի շարք իմպրեսիոնիստների (Օ․ Ռոդեն, Ա․ Բուրդել, Շ․ Դեսպիո, Զ․ Մանցու) գործերում բրոնզը գեղարվեստական նոր հատկանիշներ է ձեռք բերել։ ԽՍՀՄ արձանագործության մեջ բրոնզը լայն և բազմազան կիրառություն է գտել Վ․ Ի․ Մուխինայի, Ս․ Դ․ Լեբեդևայի, Ա․ Տ․ Մատվեևի գործերում[3]։
Գրականություն
խմբագրել- Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։
- Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։
- Смирягин А, П․, Промышленные цветные металлы и сплавы, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1956.
- Пиотровский Б․ Б․, Ванское царство, М., 1959.
- Пиотровский Б․ Б․, Искусство Урарту VIII–VI вв․ до н․ э․, Л․, 1962.
- Новиков И.И., Захаров Н․ В․, Термическая обработка металлов и сплавов, М․, 1962.
- Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964․
Պատկերասրահ
խմբագրել-
Կորնթյան սաղավարտ Դենդայի շիրիմից: Մյունխենի պետական հնադարյան արվեստի թանգարան, Բավարիա, Գերմանիա:
-
Խորվաթական Ապոքսյոմենոս (դրվագ), Միմարա թանգարան, Զագրեբ, Խորվաթիա:
-
Անագապղնձե՝ բրոնզե հայելի՝ հենարանով: Արվեստի Մետրոպոլիտեն Թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ:
-
Տիրթանկարա 7-րդ դարի Ակոտայի Հոարդից:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նոր բառգիրք հայկազեան լեզուի։ Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, Հատոր 1, Էջ 370։ [1]
- ↑ Օրինակ՝ Աստուածաշունչ, Գիրք Մնացորդաց, 28-2։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575։
- ↑ 4,0 4,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-574։
- ↑ Henry and Renée Kahane, "Byzantium's Impact on the West: The Linguistic Evidence", Illinois Classical Studies 06 (2) 1981, p. 395.
- ↑ Originally M.P.E. Berthelot, "Sur le nom du bronze chez les alchimistes grecs", in Revue archéologique, 1888, pp. 294–8.
- ↑ Originally Karl Lokotsch, Etymologisches Wörterbuch der europäischen Wörter orientalischen Ursprungs. (Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1927), p. 1657.
- ↑ Wolfgang Pfeifer, ed., Etymologisches Wörterbuch des Deutschen, s.v. "Bronze" (Munich: Deutscher Taschenbucher Vertrag, 2005).
Արտաքին հղումներ
խմբագրել- Բրոնզ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Bronze bells
- "Lost Wax, Found Bronze": lost-wax casting explained
- «Flash animation of the lost-wax casting process». James Peniston Sculpture. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.
- Viking Bronze – Ancient and Early Medieval bronze casting Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 573)։ |