Իգդիր (հայերեն՝ Ցոլակերտ, թուրքերեն՝ Iğdır), քաղաք ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Իգդիր նահանգում,Արևելյան Հայաստանում։ Իգդիր նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։
Միջնադարում ներկայիս Իգդիրը կոչվում էր Ցոլակերտ[1], և իր շրջակայքով Կողբի հետ կազմում էր Մեծ ՀայքիԱյրարատ աշխարհի Ճակատք և Մասյացոտն գավառները։ Սակայն հետո նա վերանվանված է եղել օսմանյան կայսրության կառավարության կողմից և ստացել է «Իգդիր» անվանումը։ XIV - XV դարերից Ցոլակերտի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա՝ ավերելով և կողոպտելով այն։ Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ։ Իբրև գավառի կենտրոն Ցոլակերտն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Ցոլակերտի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում։ 1826 - 1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ցոլակերտը Թուրքմենչայի պայմանագրով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր։ 1828-1917 թվականներին քաղաքը նույնպես պատկանում դեռ պատկանում է Ռուսաստանին և մտնում էր Երևանի նահանգիՍուրմալուի գավառի մեջ, 1917-1918 պատկանում է նորաստեղծ Ռուսական Հանրապետության և 1918—1920 թվականներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[2]։ 1921 թ. Կարսի պայմանագրի պայմաններով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Ցոլակերտը մտնում է Թուրքիայի կազմի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 309)։