Jump to content

Տրապիզոնի բանակցություններ (1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրապիզոնի բանակցություններ, 1918 թվականի մայիսի 11, հաշտության բանակցություններ մի կողմից՝ Անդրկովկասյան սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ա. Չխենկելի, անդամներ՝ Հ. Քաջազնունի, Ա. Խատիսյան, Կ. Աբաշիձե, Գվաչավա, Հաջինսկի, Հայդարով և ուրիշներ), մյուս կողմից՝ Թուրքիայի պատվիրակության (նախագահ՝ Ռեուֆ բեյ) միջև։ Տեղի են ունեցել մարտի 14-ին, Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում։

Պատրվակ բռնելով ոուսական զորքերի (իսկ 1918-ի սկզբից նաև նրանց փոխարինած հայկական և վրացական զորամասերի) զբաղեցրած տարածքում իբրև թե մուսուլմանների հալածանքները՝ թուրք, հրամանատարությունը, խախտելով 1917-ի Երզնկայի զինադադարը, 1918 թվականի փետրվարի 12-ին զորքերը (մոտ 25 հազար մարդ) շարժեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ։ Նրանց դեմ կանգնած էին հայկական (մոտ 17 հազար մարդ) և վրացական (12 հազար մարդ) կորպուսներ։ Վրացական զորքերը նահանջում էին գրեթե առանց դիմադրության, և հայկական զորամասերը, միայնակ կրելով կռվի ծանրությունը, չէին կարողանում կասեցնել թուրք, գերակշիռ ուժերի հարձակումը։ Մինչև մարտի կեսը թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Դերջանը և Էրզրումը։ Սպառնալիք ստեղծվեց Կարսի և Բաթումի համար։

Այդ պայմաններում Անդրկովկասյան կոմիսարիատը, մերժելով մասնակցել Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին, իսկ այնուհետև չընդունելով Անդրկովկասի վերաբերյալ այդ պայմանագրի կետերը, որոշեց անջատ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ Տրապիզոնում։ Տրապիզոնի բանակցություններում վճռական նշանակություն ունեցավ ուժերի իրական հարաբերակցությունը, հաղթող թուրքերը անդրկովկասյան պատվիրակությունից պահանջեցին ընդունել Բրեստի հաշտության պայմանները, որոնք նախատեսում էին ռո��ս, զորքերի դուրսբերումը Կարսի, Արդահանի և Բաթումի օկրուգներից, տեղական բնակչությունը ինքն էր որոշելու օկրուգների ապագա իրավակարգը՝ այն համաձայնեցնելով հարևան պետությունների հետ։ Մերժելով Բրեստի պայմանագիրը՝ անդրկովկասյան պատվիրակությունը հույս ուներ ավելի նպաստավոր պայմաններով կնքել անջատ հաշտությունը Թուրքիայի հետ՝ պահանջելով մինչև 1914 թվականը եղած պետական սահմանները Ռուսաստանի (իսկ այժմ՝ Անդրկովկասի) և Թուրքիայի միջև, ինչպես նաև՝ մասնավորապես ինքնավարություն արևմտյան Հայաստանի համար՝ թուրքական պետականության շրջանակներում։

Հաղթանակած թուրքերը լսել անգամ չէին ուզում այդ մասին և առանց Բրեստի հաշտության պայմանագրի ընդունման հրաժարվեցին շարունակել բանակցությունները։

Բրեստի պայմանագրի քննարկումը հատկապես պարզորոշ դրսևորեց Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած խոր հակասությունները։ Վրացական մենշևիկները Ա. Չխենկելու գլխավորությամբ, պատրաստ էին զիջել Կարսի, Կաղզվանի և Օլթիի օկրուգները։ Դաշնակցականները գտնում էին, որ Թուրքիային առաջին հերթին պետք է անցնեն այն հողերը, որոնց բնակչության համար «իրենց կազմով ու քաղաքական կողմնորոշմամբ» ավելի հեշտ ու անցավագին կլիներ անջատվել Անդրկովկասից, այսինքն՝ Արդվինի ու Արդահանի օկրուգները։ Ապրիլի 5-ին, հաշվի առնելով թուրքերի շարունակվող հարձակումը և ռազմաճակատի ծանր վիճակը, սեյմից «արտակարգ լիազորություններով» օժտված Չխենկելին պատրաստականություն հայտնեց Թուրքիային զիջել Օլթիի օկրուգը, Արդահանի օկրուգի հարավը, Կարսի օկրուգի արևմտյան մասերը, ինչպես նաև առաջ քաշել հայկական հարցի այնպիսի լուծում, որպիսին հարմար կնկատեր թուրքական կողմը, և որը միաժամանակ հնարավորություն կտար թուրքահպատակ հայերին ու այլ ժողովուրդների փախստականներին վերադառնալ իրենց տեղերը և ստանալ ապահովության որոշ երաշխիքներ։ Այսպիսով, Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգից դուրս էր գալիս և դառնում զուտ գաղթականական հարց զուրկ՝ որևէ գործնական արժեքից։

Այնուհանդերձ, թուրքական պատվիրակությունը մերժեց բոլոր այդ առաջարկները և 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելու և Անդրկովկասը «անկախ» հայտարարելու պահանջով։ Անդրկովկասյան պատվիրակությունն այդ մասին տեղյակ պահեց իր կառավարությանը, որը, սակայն, համաձայնություն տվեց զիջել միայն Կարսի մարզը և Արդվինի օկրուգը՝ մերժելով զիջել Բաթումը։ Հետևեց Թուրքիայի նոր վերջնագիրը՝ նույն պայմաններով, և քանի որ պատասխանը Թիֆլիսից ուշացավ, Չխենկելին, պատվիրակության անդամների ընդհանուր համաձայնությամբ, ամբողջությամբ ընդունեց Բրեստի հաշտության պայմանագիրը։ Բայց դա արդեն չէր բավարարում թուրքերին, որոնք մտադիր էին խախտել նաև 1877 - 78-թվականների ռուս-թուրքական սահմանը և ռազմական գործողությունները փոխադրել Անդրկովկասի խորքերը։ Սեյմն ընդհատեց բանակցությունները և պատվիրակությանը հետ կանչեց Տրապիզոնից՝ պաշտոնապես պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի հետ, որը շուտով ավարտվելու էր Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետության (հռչակվել էր 1918-ի ապրիլի 22-ին) զորքերի պարտությամբ և ավելի ծանր հաշտության ստորագրմամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Փարիզ, 1930։
  • Արզումանյան Ա. Վ., Արհավիրքից վերածնունդ, Երևան, 1973։
  • Борьян Б. А., Армения, международная дипломатия и СССР, ч. 2, М.-А, 1929, с. 21-54;
  • Завариев Д. С., К новешен истории северо-восточных вилайетов Турции, Тбилиси, 1947;
  • Hovannisian R. G., Armenia on the Road to Independense. 1918, LA-L, 1974, p. 138-156.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։