Jump to content

Ստամբուլի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդնուպոլիսը բյուզանդական ժամանակաշրջանում[1]

Ստամբուլի պատմություն (թուրքերեն՝ İstanbul tarihi, հուն․՝ Ιστορία της Κωνσταντινούπολης), Ստամբուլ քաղաքի պատմական զարգացման ժամանակաշրջանը, որտեղ բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Բնակավայրը հիմնվել է թրակիացիների կողմից՝ մ․թ․ա․13-րդ դարում[2][3]։ Սկզբնական շրջանում այն կոչվել է Լիկիոս[4]։ Լիկիոսը դարձել է հունական գաղութ մ․թ․ա 7-րդ դարում։ 196 թվականին այն անցել է Հռոմեական Հանրապետության կազմը, մինչ 330 թվականը՝ դառնալով Բյուզանդական կայսրության մայրաքաղաք։ Մինչ Ուշ անտիկ ժամանակաշրջանի ավարտը եղել է աշխարհի ամենամեծ քաղաքը, որն ունեցել է ավելի քան կես միլիոն բնակչություն։ 1453 թվականի մայիսի 29-ին գրավվել է օսմանների կողմից և մինչ 1922 թվականը եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Ներկայում այն Թուրքիայի Հանրապետության ամենամեծ քաղաքն է՝ ավելի քան 15 միլիոն բնակչությամբ։

Նախապատմական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակից Ստամբուլի տարածքում մարդիկ ապրել են դեռևս նեոլիթի շրջանից։ Ամենահին բնակավայրերը թվագրվում են մեր թվարկությունից 6700 տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են 2008 թվականին Ստամբուլի եվրոպական հատվածում՝ մետրոպոլիտենի հերթական երկաթգծի կառուցման ժամանակ[5][6][7], այն դեպքում, երբ Քադըքյոյը հիմնվել է փյունիկցիների կողմից։ Այս բնակավայրերի մասին, թերևս առաջին հիշատակումները առկա են Պլինիոս Ավագի մոտ։ Համաձայն նրամ քաղաքը հիմնվել է թրակիացիների կողմից՝ մ․թ․ա․ 13-րդ դարում։ Քաղաքի ասիական հատվածում առաջին բնակավայրերը ի հայտ են եկել Ֆիքըրթեփեյում, որոնք թվագրվում են էնեոլիթի ժամանակաշրջանին՝ մ․թ․ա․ 5500- 3500 թվականներին։ Պլինիոս Ավագը գրում է, որ այս վայրում ամենահայտնի բնակավայրը Լիկիոսն է[8]։ Նրա երկերում հիշատակվում է նաև մոտակայքում գտնվող Սեմիստրա ձկնորսական ավանը։ Լիկիոսից ընդամենը մի քանի պատեր են հասել մինչ մեր օրերը։ Դրանք գտնվում են այն վայրում, որտեղ ներկայումս տեղակայված է Թոփքափը ամրոցը, (Սարայբուրնուում)։ Լիկիոսը և Սեմիստրան եղել են Ստամբուլի եվրոպական հատվածի միակ բնակավայրերը։ Ասիական հատվածում գտնվում էին փյունիկյան գաղութները։ Լիկիոսի տեղանքում հետագայում կառուցվեց Բյուզանդիոն քաղաքը։ Այդուահանդերձ Լիկիոսն է համարվում ժամանակակից Ստամբուլի նախահիմքը։

Բյուզանդիոն (հուն․՝ Βυζάντιον, լատին․՝ Byzantium), հունական գաղութ Մարմարա ծովի, Բոսֆոր և Ոսկեղջյուրի հատման կետում։ Քաղաքը հիմնականում տեղակայված է եղել Ստամբուլի եվրոպական հատվածում։ Հիմնվել է Մեգարայից եկած դորիացիների կողմից՝ մ․թ․ա․ VII դարում։ Մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ։ 330 թվականին Կոստանդին Մեծի հրամանով դարձել է մայրաքաղաք, սկզբում Նոր Հռոմ, այնուհետ Կոստանդնուպոլիս անվամբ։

Բյուզանդական կայսրությունը իր անվանումը ստացել է հենց Բյուզանդիոն քաղաքից, որի հիմքի վրա էլ կառուցվեց ապագա Կոստանդնուպոլիսը։ Քաղաքը գտնվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տեղանքում։ Մինչ Բյուզանդիոն քաղաքի հիմնումը մոտակայքում եղել են մի շարք այլ բնակավայրեր ևս՝ Նիկոմեդիան, Քաղկեդոնը և այլն[9][10]։ Քաղաքի հիմնադիրը և առաջին տիրակալը եղել է Բյուզանդը (հին հունարեն՝ Βύζας), ով հունական առասպելաբանության մեջ համարվում է Պոսեյդոնի և Կերոեսեյի որդին։ Վերջինս Զևսի և Իոյի դուստրն էր։ Նա ծնվել է Ոսկեղջյուրում։ Հունական մեկ այլ առասպելի համաձայն, Բյուզանդը եղել է Մեգարի առաջնորդ Նիսի որդին։ Համաձայն անտիկ աղբյուրների, Բյուզանդը քաղաքը հիմնադրել է մ․թ․ա․ 667 թվականին։ Տեղանքը հիմնականում փյունիկցիներով է բնակեցված եղել։

Համաձայն առասպելի, Դելփյան պատգամախոսն Բյուզանդին խորհուրդ է տվել այս վայրում կառուցել քաղաք՝ «կույրերի քաղաք»ի դեմ հանդիման։ Այս կերպ անվանում էին Քաղկեդոնը, նրա համար, որ քաղաքը կառուցվել էր առանց գուշակի հետ խորհրդակցության։

Բարեհաջող աշխարհագրական և ստրատեգիական դիրքը նպաստեցին քաղաքի ակտիվ զարգացմանը, ինչի արդյունքում Բյուզանդիոնը դարձավ, այն ժամանակների համար, խոշոր նավահանգիստ և առևտրային քաղաք։ Բյուզանդիոնի արքոնտները հսկում էին Բոսֆորի նեղուցը, ինչը նրանց թույլ էր տալիս հսկելու նաև Սև ծովից դեպի Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի նավահանգիստներ մեկնող նավերի երթևեկությունը։

Քաղաքը մշտապես կռվախնձոր է դարձել հունական խոշոր քաղաք-պետությունների համար։ Բյուզանդիոնի համար մշտապես պայքարել են Աթենքը և Սպարտան։ Մ․թ․ա․ 74 թվականին քաղաքը անցել է Հռոմեական Հանրապետության կազմը, ինչի արդյունքում քաղաքի մոտակա տարածքներում մոտ 200 տարի խաղաղություն էր տիրում։ Սակայն 193- 197 թվականներին, երբ Հռոմում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, Բյուզանդիոնը պաշտպանեց Պեսցենիոս Նիգերին, ինչի արդյունքում Սեպտիմիոս Սևերոսի զորքերը գրավեցին քաղաքը, ով էլ հրամայեց քանդելու քաղաքը ամրացնող պարիսպները։ III դարում քաղաքը մեծապես տուժել է բարբարոսների հարձակումներից։ 324 թվականին արդեն Կոստանդին Մեծը սկսեց Կոստանդնուպոլսի կառուցումը, իսկ արդեն 330 թվականին այն դարձավ երկրի մայրաքաղաք։

Բյուզանդական Կոստանդնուպոլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլիս (հուն․՝ Κωνσταντινούπολις, Կոստանդինուպոլիս, կամ ἡ Πόλις՝ «Քաղաք»), օսման.՝ قسطنطينيه [kostantîniyye], թուրքերեն՝ Konstantinopolis, լատին․՝ Constantinopolis), Ստամբուլի անվանումը մինչ 1930 թվականը, ոչ պաշտոնական[11] անվանումը (պշտ․ Նոր Հռոմ[11][12]) Հռոմեական կայսրության (330—395), Բյուզանդական, կամ Արևելահռոմեական կայսրության (395—1204 և 1261—1453), Լատինական կայսրության (1204—1261) և Օսմանյան կայսրության (1453—1922) մայրաքաղաք։

Բյուզանդական Կոստանդնուպոլիսը, գտնվելով ստրատեգիակա կարևոր գոտի համարվող Ոսկեղջյուրի և Մարմարա ծովի միջև, կապող օղակ է եղել Եվրոպայի և Ասիայի համար։ Կոստանդնուպոլիսը եղել է քրիստոնեական կարևորագույն կենտրոններից մեկը։ Միջնադարում Կոստանդնուպոլիսը եղել է Եվրոպայի ամենամեծ և ամենահարուստ քաղաքը։ Ստամբուլը համարվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նստավայրը, որը մշտապես հակաթոռ է եղել Վատիկանին և համախմբել է ուղղափառ եկեղեցիները։

1204 թվականին Կոստանդնուպոլիսը խաչակիրների կողմից գրավումից հետո դարձավ Լատինական կայսրության մայրաքաղաք։ Վերականգնված Բյուզանդիան Պալեոլոգոսների հարստության հետ մեկտեղ գոյատևեց մինչ 1453 թվականի մայիսի 29-ը՝ գրավելով օսմանների կողմից

Ծաղկուն և հարուստ «Միջնադարի մեգապոլիսին» վիճակված էր նաև լայնարձակ, բայց մայրամուտն ապրող կայսրության խոշորագույն քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնի դերը։ 5-րդ դարում Հռոմի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև 13-րդ դար) Կոստանտնուպոլիսը միջնադարյան Եվրոպայում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր՝ զգալիորեն գերազանցելով համաշխարհային մյուս մայրաքաղաքներին կրթական մակարդակով, հոգևոր կյանքի ակտիվությամբ և կիրառական արվեստի զարգացածությամբ։

Կոստանդնուպոլսի քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկը իշխանության համար չդադարող պայքարն էր արիստոկրատիայի, բանակի, վաճառականների և հոգևորականության տարբեր խմբավորումների միջև։ Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ Բյուզանդիայի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։

1453 թվականի մայիսին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կործանվեց, և Օսմանյան կայսրությունը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական Եվրոպայում և Կահիրեի, Թունիսի և Գրանադայի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։

Օսմանյան կայսրության մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան Ստամբուլի պատմություն, պատմության այն ժամանակահատվածը, որը ներառում է թուրքերի կողմից 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի գրավումից մինչև 1922 թվականի Օսմանյան կայսրության վերացումը և Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարա տեղափոխումը։

Սուլթան Էյուպի մզկիթը

1453 թվականի մայիսի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Հարիսիյան դարպասներով քաղաք ներխուժած Մեհմեդ II-ը (այլ տվյալներով սուլթանը հասել էր Կոստանդնուպոլիս միայն կոտորածի ու թալանի քաոսն ավարտվելուց երեք օր հետո) թույլ տվեց իր բանակին թալանել գրավված քաղաքը։ Նա հանդիսավոր կերպով շարժվեց դեպի քաղաքի կենտրոն և, ի նշան թշնամու նկատմամբ տարած հաղթանակի, սպիտակ նժույգին նստած մուտք գործեց Սուրբ Սոֆիայի տաճար՝ հրամայելով այն դարձնել մզկիթ։ Կոստանդնուպոլսի մեծ մասը ենթարկվեց համընդհանուր ասպատակության, չնայած որոշ շրջաններ (Ստուդիոնը և Պետրիոնը), վանքերն ու եկեղեցիները անձեռնմխելի մնացին։ Քաղաքը «Կոստանդնուպոլիս» թուրքական լեզվի քերականական նորմերի շրջանակներում բառի աստիճանաբար վերափոխման արդյունքում խոսակցական լեզվով սկսեց կոչվել Իստամբուլ, չնայած օսմանները պաշտոնական դիմելաձևերում դեռ երկար ժամանակ այն արաբական ձևով անվանում էին Կոստանդինիյե։ Ավելի ուշ, շնորհիվ գլուխ բարձրացրած հունական թարգմանների, նորից լայն շրջանառություն ստացավ օսմանյան դիվանագիտական շրջանակներում ամրապնդված «Կոստանդինուպոլիս» անվանումը, (փաստորեն, երկու տեղանունները գործածվում էին զուգահեռ, բայց քրիստոնեական աշխարհում քաղաքն անվանում էին նախկին ձևով)։[13][14][15][16][17][18] Գրեթե հինգ դար Ստամբուլը 14-16-րդ դարեր��ւմ թուրքական սուլթանների նվաճողական արշավների արդյունքում կազմավորված Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր։ Օսմանյան կայսրության սահմաններն ընդգրկում էին տիրություններ երեք աշխարհամասերում՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Այսպիսով, Բոսֆորի ափերին գտնվող հնագույն քաղաքը նորից դարձավ համաշխարհային նշանակության քաղաքական և տնտեսական կենտրոն։ Աստիճանաբար Ստամբուլը վերադարձրեց նաև միջազգային առևտրի խոշորագույն կենտրոնի երբեմնի համբավը։ Եվ չնայած կարևորագույն առևտրական կենտրոնները տեղափոխվում էին Միջերկրածովյան տարածքներից դեպի Ատլանտյան տարածքներ, սևծովյան նեղուցները շարունակում էին մնալ ուշ միջնադարի աշխույժ առևտրի ուղիներ։

Բացի այդ, որպես խալիֆի նստավայր, Ստամբուլը ստացավ մուսուլմանական աշխարհի կարևոր կրոնական կենտրոնի նշանակություն, յուրացնելով և վերամշակելով շատ բաներ սելջուկների, բյուզանդացիների, արաբների և պարսիկների մշակույթներից (Կոստանդնուպոլսից Ստամբուլը ժառանգել էր նաև ողջ աշխարհի ուղղափառ պատրիարքներից առաջինի՝ Տիեզերական պատրիարքության նստավայրը)։ Քաղաքն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրության փոքրացված մոդելը՝ բնակչության էթնիկ և կրոնական բազմատարրությամբ։ Օսմանյան մայրաքաղաքն ամենածաղկուն ժամանակաշրջանն ապրեց Սուլեյման I սուլթանի իշխանության տարիներին։ Հենց «Սուլեյմանի դար»-ից են գալիս եվրոպացի ճանապարհորդների և դիվանագետների խանդավառ նկարագրությունները Ստամբուլի մասին։ Մեհմեդ III-ի իշխանության գալով սկսվեց Օսմանյան կայսրության աստիճանաբար անկումը, ինչն իսկույն չանդրադարձավ ծաղկում ապրող Ստամբուլի վիճակի վրա։ Բայց արդեն Ահմեդ I-ից հետո քաղաքում գրեթե չէին կառուցվում մեծ մզկիթներ, որոշ հուշարձանային շինությունների կառուցումը ձգվում էին տասնյակ տարիներ, փոխարենը հաճախ էին տեղի ունենում բունտեր ու խռովություններ ինչպես ենիչերիների, այնպես էլ քաղաքի բնակչության ստորին դասերի կողմից։ Տնտեսական դրության վատթարացումը պատճառ դարձավ գիտության և մշակույթի լճացման, ինչպես նաև արևմտաեվրոպական տերությունների ազդեցությունների էլ ավելի մեծացմանը՝ կայսրության և մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտներում։

1922 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը երկրի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխեց Անկարա։

Ժամանակակից Ստամբուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան դեպի Ստամբուլ բարձրից։ Առաջին պլանում Գալաթան է և Ոսկեղջյուր ծոցը, հետին պլանում՝ Սարայբուրնուն և Մարմարա ծովը։

1918 թվականի նոյեմբերի 13-ից 1923 թվականի սեպտեմբերի 23-ը քաղաքը եղել է Անտանտի զորքերի հսկողության տակ։ Այն եղել է սպիտակգվարդիականների համար էմիգրացիայի վայր[19]։

1923 թվականի հոկտեմբերին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աջակիցների հաղթանակից հետո, երբ հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը, մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա։ Սակայն, այն ներկայումս էլ պահպանում է Թուրքիայի առևտրաարդյունաբերական, մշակութային, տնտեսական, իսկ հետագայում արդեն տուրիստական կենտրոնի կարգավիճակը։

Ստամբուլի ակտիվ զարգացումը սկսվեց XX դարի վերջին։ Չնայած Թուրքիայում տեղի ունեցած մի շարք ճգնաժամերի, քաղաքում, կարճ ժամանակահատվածում, կառուցվեցին մետրոպոլիտեն, թեթև մետրո, ֆունիկուլյոր, ժամանակակից կախովի կամուրջներ, վերանորոգվում են օդանավակայանները։ Արագ տեմպերով աճում է քաղաքի բնակչությունը։ Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում քաղաք։ Միայն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը տարեկան սպասարկում է մոտ 40 միլիոն մարդու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Համապարփակ քարտեզ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. Vailhé, S. (1908). «Constantinople». Catholic Encyclopedia. Vol. 4. New York: Robert Appleton Company. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Janin, Raymond (1964). Constantinople byzantine. Paris: Institut Français d'Études Byzantines. էջ 10f.
  4. Pliny the Elder, book IV, chapter XI: Արխիվացված 2017-01-01 Wayback Machine
  5. BBC: «Istanbul’s ancient past unearthed» Published on 10 January 2009. Retrieved on 03 March 2010.
  6. Hürriyet: Bu keşif tarihi değiştirir (2 October 2008)
  7. Hürriyet: Photos from the Neolithic site, circa 6500 BC
  8. «Pliny the Elder, book IV, chapter XI:
    "On leaving the Dardanelles we come to the Bay of Casthenes, ... and the promontory of the Golden Horn, on which is the town of Byzantium, a free state, formerly called Lygos; it is 711 miles from Durazzo, ..."»
    . Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  9. Петросян Ю. А. Мегарские колонисты на Босфорском мысу // Древний город на берегах Босфора. Исторические очерки. — М.: «Наука», 1986. — 50 000 экз.
  10. John Freely The Greek City-State of Byzantium // Istanbul: The Imperial City. — London: Penguin Books, 1998. — С. 3. — ISBN 978-0-14-192605-6
  11. 11,0 11,1 Georgacas, Demetrius John (1947). «The Names of Constantinople». Transactions and Proceedings of the American Philological Association. The Johns Hopkins University Press. 78: 347–67. doi:10.2307/283503.
  12. «Константинополь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Петросян и Юсупов, 1977, էջ 104-107, 281
  14. Роджер Кроули, 2008, էջ 51, 293, 305
  15. Робер Мантран, 2006, էջ 10, 18
  16. Бернард Льюис, 1963, էջ 3-4, 26
  17. Бояр и Флит, 2010, էջ 6
  18. Зейнеп Челик, 1986, էջ 22
  19. М. Назаров. Миссия русской эмиграции. 3. Возникновение Зарубежной России; Эвакуация Белой Армии из Крыма