Սավելի Կրամարով
Սավելի Կրամարով ռուս.՝ Савелий Викторович Крамаров | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1934[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 6, 1995[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hills of Eternity Memorial Park[1] |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ժանրեր | կինոկատակերգություն և կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Սավելի Վիկտորովիչ Կրամարով (ռուս.՝ Савелий Викторович Крамаров, հոկտեմբերի 13, 1934[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 6, 1995[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի խորհրդային և ամերիկյան դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1974 թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավելի Կրամարովը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը` Վիկտոր Կրամարովը, Մոսկվայում հայտնի փաստաբան էր։ 1938 թվականին ձերբակալվել է ՆԳԺԿ-ի կողմից։ Երկրորդ անգամ նա ձերբակալվել է 1950 թվականին։ Ազատվելուց հետո ընտանիք չի վերադարձել, ամուսնացել է ուրիշ կնոջ հետ[2]։ Մայրը` Բենեդիկտա Վոլչեկը, մահացել է քաղցկեղից, երբ Սավելին 16 տարեկան էր։ Նրան իր խնամակալության տակ էր վերցրել մորեղբայրը` Լեոպոլդ Վոլչեկը[3][4]։
Դպրոցն ավարտելուց հետո, Սավելին փորձել է ընդունվել թատերական ինստիտուտ, սակայն նրան չեն ընդունել։ Ուսումը շարունակելու նպատակով, նա ընդունվել է Մոսկվայի անտառատեխնիկական ինստիտուտի կանաչապատման ֆակուլտետը։ Սովորելու տարիներին, 1954 թվականին ընդունվել է Արվեստի աշխատակիցների կենտրոնական տանը առընթեր «Առաջին քայլ» թատերական ստուդիա։ 1958 թվականին ավարտելով ինստիտուտը, որոշ ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ։ Հետագայում ցանկանալով լքել իր աշխատանքը, Կրամարովը իր լուսանկարները ուղարկել է երկրի տարբեր կինոստուդիաներ և նրա նամակներից մեկին վերջապես արձագանքել են։ Դրանից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան։
Սավելի Կրամարովի կինոդեբյուտը կայացել է 1959 թվականին՝ «Մեր բակի տղաները» կինոնկարում։ Այնուհետև նկարահանվել է «Մնաք բարով, աղավնիներ» (1960 թ.), «Հորիզոն» (1961 թ.), «Ընկե՛ր իմ, Կոլկա՛» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1967 թվականին նրան հրավիրել են աշխատելու Մանրաերկի թատրոնում։ Նա կինոյում շատ էր նկարահանվում և 1970-ական թվականների սկզբին արդեն, համարվում էր կատակերգական ժանրի ամենահանրահայտ դերասաններից մեկը։ 1966 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում, որտեղ նա իր դրվագային դերով մեծ հաջողության հասավ[5], իսկ 1971 թվականին նա կատարեց իր ամենահայտնի դերերից մեկը «Հաջողության ջենթլմենները» կինոնկարում։ Այդ ֆիլմերից հետո նա նկարահանվելու բազմաթիվ հրավերներ էր ստանում։ Չհասցնելով նկարահանվել մի ֆիլմում, նա նկարահանվում էր արդեն մեկ այլ կինոնկարում։ Որոշ ժամանակ անց, արդեն հրաժարվում էր, իր կարծիքով, իրեն ոչ վայել առաջարկներից։
1972 թվականին Սավելի Կրամարովը ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո որևէ թատրոնում աշխատանքի չանցավ։ Խորհրդային կինեմատոգրաֆում Սավելի Կրամարովը դարձել էր իսկական աստղ։ Նրա հիմարոտ արտաքինը և օգնում էր, և խանգարում նրան։ Բավական էր, որ նրա դեմքը երևար էկրանին և հանդիսատեսը արդեն ծիծաղում էր։
Արտագաղթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավելի Կրամարովի շփումների շրջանակը և Իսրայել արտագաղթած մորեղբայրը, նրան դարձրել էին ԽՍՀՄ-ի համար կասկածելի կապեր ունեցող մարդու[6]։ Դա հավասար էր կարիերայի ավարտի։ Բացի այդ, նա սկսեց զբաղվել յոգայով, հաճախ արտահայտում էր կրոնական մտքեր, այցելում էր սինագոգ և հրաժարվում էր շաբաթ օրերին նկարահանվելուց[7]։ Նրան սկսեցին աստիճանաբար ավելի քիչ նկարահանել և վերջին տարիներին ընդհանրապես դերեր չէին առաջարկում։ Նա իր փաստաթղթերը հանձնեց` Իսրայել արտագաղթելու նպատակով, սակայն նրան մերժեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու, քանի որ նա նկարահանվել էր մոտ 40 կինոնկարներում, իսկ արտագաղթելու դեպքում, այն տարիների կանոններով, պետք է այդ ֆիլմերը արգելվեին[8]։ Երկրից դուրս գալ նրան չէին թողնում և իր մասնագիտությամբ նա աշխատել նույնպես չէր կարող։
1981 թվականին Սավելի Կրամարովը, թատերական ռեժիսոր Ալեքսանդր Լևենբուկի հետ միասին նամակ գրեց ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանին, որում անկեղծորեն բողոքում էր իր ճակատագրից։ Այդ նամակը մի քանի անգամ կարդացին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի եթերում։
Սավելի Կրամարովը ԽՍՀՄ-ը լքեց 1981 թվականի հոկտեմբերի 31-ին` Իսրայել մեկնելու նպատակով, սակայն նրան դիմավորեցին Վիեննայում և կազմակերպեցին հյուրախաղեր Եվրոպայում, Ավստրալիայում, Իսրայելում, Ճապոնիայում և Ամերիկայում։ Լոս Անջելեսում Կրամարովը սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում, իսկ հետո նաև կինոյում։ ԱՄՆ-ում, սկզբնական շրջանում նա բնակվում էր 1976 թվականին ԽՍՀՄ-ից արտագաղթած դերասան Իլյա Բասկինի մոտ, որի հետ նա նկարահանվել էր «Մեծ դասամիջոց» (1973 թ.) կինոնկարում։ Մեկ տարի անց, ԱՄՆ-ում նրանք միասին նկարահանվեցին «Մոսկվան Հուդզոնի վրա» (1984 թ.) կինոնկարում։ Այնուհետև նա նկարահանվել է «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թ.) կինոնկարում, խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ռուդենկոյի դերում։ Նրանից պահանջում էին կերպարին տալ առավել հումորային բնույթ, սակայն Կրամարովը հրաժարվում էր` պնդելով, որ ԽՍՀՄ-ում տիեզերագնաց կարող են դառնալ միայն խիզախ և կրթված մարդիկ, այլ ոչ թե ինչ-որ ապուշներ։
Այնուհետև Սավելի Կրամարովը նկարահանվել է «Զինված է և վտանգավոր» (1986 թ.), «Մորգան Ստյուարտի վերադարձը» (1987 թ.), «Կարմիր տապ» (1988 թ.) և այլ ֆիլմերում։ Կրամարովը ընդգրկվել էր ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մեջ, նրա հայտնվելը կինոնկարահանման հրապարակում, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, բոլորի դեմքին բարի ժպիտ էր առաջացնում։ Նրա շահավետ արտաքինը (աչքերի շլությունը և ամբողջ դեմքով մեկ տարածվող հաճելի ժպիտը), հզոր կատակերգական խառնվածքը, դերասանական վարպետությունը, հմայքը, դիմախաղն ու մարմնի շարժողունակությունը թույլ էին տալիս Կրամարովին` ստեղծել բազմաթիվ կոմիկական և բացասական կերպարներ, որոնք ծիծաղելի էին իրենց հիմարության և անմտության պատճառով։ Նրա հերոսները իրենց ողջ թերություններով հանդերձ, բնույթով հմայիչ էին ու անվնաս։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավելի Կրամարովի առաջին կինը համակուրսեցի Լյուդմիլան էր, երբ դեռ նա սովորում էր Թատերական արվեստի պետական ինստիտուտում։ Սակայն նրանք երկար չապրեցին միասին։
Երկրորդ կինը` Մարիան, ճարտարապետ էր։ Նրա հետ Կրամարովը ապրել է 13 տարի։ Մանուկ հասակում մահացել էր նրանց դուստրը։ Հետագայում հիշելով Մարիային, Կրամարովն ասում էր, որ իրեն մեղավոր է զգում նրա առաջ[2][9]։
1986 թվականին Կրամարովն ամուսնացել է Մարինա անունով կնոջ հետ։ Մեկ տարի անց նրանք դուստր են ունեցել, ում Կրամարովն իր մոր անունով է կոչել` Բենեդիկտա։ Դստեր ծնվելուց մեկ տարի անց, կինը դստեր հետ տեղափոխվել է Լաս Վեգաս։ Նրանց հարաբերությունները լարված էին։
Վերջին անգամ Սավելի Կրամարովը ամուսնացել է Նատալյա Սիրաձեի հետ, ով 21 տարով փոքր էր նրանից։ Նրանք ամուսնացել էին 1994 թվականին, Կրամարովի մահից կես տարի առաջ[2][10]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի հունվարին Կրամարովի մոտ հայտնաբերեցին ուղիղ աղիքի քաղցկեղ[11]։ Փետրվարին հեռացրին ուռուցքը, որի ընթացքում նա ստացավ քիմիոթերապիայի բավականին մեծ չափաբաժին, որից հետո սկսվեցին բարդացումներ։ Նրա մոտ առաջացավ էնդոկարդիտ։ Դրան հաջորդեց թրոմբոզը, իսկ հետո կաթվածը։ Բժշկությունն անզոր էր նրան փրկելու[8]։
Սավելի Կրամարովը մահացել է 1995 թվականի հունիսի 6-ին Սան-Ֆրանցիսկոյում` երկրորդ կաթվածից։ Թաղված է Սան-Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող «Հավերժության բլուրներ» (Hills of Eternity Cemetery) հրեական գերեզմանատանը[11]:
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Մեր բակի տղաները | Ребята с нашего двора | Վասկա Ռժավի |
1960 | Մնաք բարով, աղավնիներ | Прощайте, голуби | Վասկա Կոնոպլյանիստի |
1961 | Հորիզոն | Горизонт | վարորդ |
1961 | Ընկե՛ր իմ, Կոլկա՛ | Друг мой, Колька! | Պիմենով |
1962 | Առանց վախի և հանդիմանության | Без страха и упрёка | Սվետիկ Սավյոլով |
1962 | Քայլ ձիով | Ход конём | Կոլկա Լոպատին |
1963 | Առաջին տրոլեյբուսը | Первый троллейбус | պորտաբույծ, Կոլյայի հարևանը |
1964 | Հեքիաթ կորած ժամանակի մասին | Сказка о потерянном времени | Վասյա` պապիկ |
1965 | Վարպետների քաղաքը | Город мастеров | Կլիկ-Կլյակ |
1965 | Երեսուներեք | Тридцать три | Ռոդիոն Խոմուտով |
1965 | Արտակարգ հանձնարարություն | - | անարխիստ |
1966 | Անորսալի վրիժառուները | Неуловимые мстители | Իլյուխա Վերեխով |
1966 | Ծիածանի բանաձևը | Формула радуги | Վասյա |
1967 | Աստղեր և զինվորներ | Звёзды и солдаты | սպիտակ կազակ Սավվա |
1968 | Անորսալիների նոր արկածները | Новые приключения неуловимых | պահակախմբի զինվոր |
1969 | Ամանորյա առևանգում | Новогоднее похищение | Պաշա Վետչենկո |
1971 | 12 աթոռ | 12 стульев | միաչքանի շախմատիստ |
1971 | Հաջողության ջենթլմենները | Джентльмены удачи | Կոսոյ (Ֆեդյա Երմակով) |
1972 | Ոսկյա եղջյուրներ | Золотые рога | Սունդուկ, չար ավազակ |
1973 | Մեծ դասամիջոց | Большая перемена | Պյոտր Տիմոխին |
1973 | Այս ուրախ մոլորակը | Эта весёлая планета | գյուտարար Պրոխոր |
1973 | Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը | Иван Васильевич меняет профессию | Ֆեոֆան |
1973 | Դոնիի և Միքիի նոր արկածները | Новые приключения Дони и Микки | Կեշա |
1974 | Էկրանի աստղը | Звезда экрана | վարորդ Գրիշա |
1975 | Աֆոնյա | Афоня | Եգոզա |
1975 | Չի կարող պատահել | Не может быть! | Սերգեյ, Վլադիմիրի ընկերը |
1976 | 12 աթոռ | 12 стульев | Պոլեսով |
1977 | Միմինո | Мимино | կալանավոր դատարանի մոտ |
1977 | Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները | Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика | Սավելի Կրամարով |
1978 | Ապրեք ուրախության մեջ | Живите в радости | Բացիլա |
1978 | Նավապետ Վրունգելի նոր արկածները | Новые приключения капитана Врунгеля | գործակալ Կատաղի Գարի |
1978 | Փողոցներով կոմոդ էին տանում | По улицам комод водили | պրոֆեսոր |
1984 | Տիեզերական ոդիսական 2010 | 2010: The Year We Make Contact | Վլադիմիր Ռուդենկո |
1984 | Մոսկվան Հուդզոնի վրա | Moscow on the Hudson | Բորիս |
1986 | Զինված է և վտանգավոր | Armed And Dangerous | պահպանության աշխատակից |
1987 | Մորգան Ստյուարտի վերադարձը | Morgan Stewart’s Coming Home | Իվան Վինդիկով |
1987 | Երկակի գործակալ | Double Agent | Յուրի |
1988 | Կարմիր տապ | Red Heat | Գրիգորի Մազուրսկի |
1989 | Տանգոն ու Կեշը | Tango And Cash | ավտոմեքենայի սեփականատերը |
1993 | Նաստյա | Настя | գող |
1993 | Ռուսական բիզնես | Русский бизнес | քեռի Վասյա |
1994 | Սիրային պատմություն | Love Affair | ռուս նավաստի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Вдова Савелия Крамарова: «Савик был уверен, что его сглазили» стр.7 — 7Дней.ру
- ↑ https://books.google.ch/books?id=Dd9aONENAxgC&pg=PA745&lpg=PA745&dq=Крамаров
- ↑ Русский комик и еврей-ортодокс
- ↑ Чтобы получить разрешение на выезд из СССР, Савелий Крамаров написал письмо президенту США Рональду Рейгану, fakty.ua.
- ↑ Неизвестный бенефис. Савелий Крамаров. Телеканал «Россия»(չաշխատող հղում)
- ↑ Сичкин Б. «Мы смеёмся, чтобы не сойти с ума»
- ↑ 8,0 8,1 Сердцеед Савелий, «Вечерняя Москва», № 192 (23990) от 12.10.2004.(չաշխատող հղում)
- ↑ Любимец миллионов Савелий Крамаров | KM.RU
- ↑ Крамаров Савелий Викторович, сайт «Актёры советского и российского кино».
- ↑ 11,0 11,1 «Russia-IC / People / Culture & Art / K / Saveli Kramarov». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1995 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Կաթվածից մահացածներ
- Ռուսաստանի հրեաներ