Պտղաբուծությունը Հայաստանում
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են (Արմավիր, Շենգավիթ, Գառնի և այլն) 3-6 հազար տարվա ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։
Հայկական լեռնաշխարհում պտղաբուծությունը հատկապես զարգացել է մ.թ.ա.11- մ. թ. 1-ին դարերում։ Վանի մերձակայքում՝ «Մհերի դռան» վրա, Մենուան (մ. թ. ա. 871-810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար), Ստրաբոնը (մ. թ. ա. 1-ին դար), Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ։
Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր տեսակներ։ Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն ծիրանն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։
Պտղատու այգիներ կան գյուղատնտեսական բոլոր գոտիներում։ Արարատյան, նախալեռնային, Հյուսիսարլևելյան և Զանգեզուրի գոտիներում մշակվում են հիմնականում ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռնային և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մետր բարձրություններում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռնային շրջաններում՝ խնձորենի և տանձենի։ Սյունիքի մարզի՝ Մեղրու և Տավուշի մարզի, Նոյեմբերյանի (ցածրադիր մասերում) տարածաշրջաններում զարգանում է չոր մերձարևադարձային պտղատեսակների մշակությունը։
2011 թվականին պտղի և հատապտղի տնկարկների մակերեսը 37,1 հազար հեկտար էր, համախառն բերքը՝ 236,0 հազար տոննա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո�� |