Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա, Մաս, փոքրասիական աստվածուհի, դիցամայր։ Խորհրդանշել է մեռնող և հարություն առնող բնության ուժերը։ Գլխավոր տաճարատեղին եղել է Կապադովկիայի Կոմանա քաղաքը։ Ըստ Ստրաբոնի, Մայի մեհյանը սպասարկել են 6000 քրմեր ու քրմուհիներ, որոնք դիտվել են արքայազուններ։ Քրմապետը համարվել է թագավորի փոխանորդը կամ տեղապահը։ Մայի պաշտամունքը նշվել է աղմկալից խրախճանքներով։ Մեռնող բնությունը խորհրդանշելու համար կատարվել են ողբահանդեսներ և արյունոտ զոհաբերումներ (մոլեռանդ երկրպագուներն ամորձատել են իրենց և այլն)։ Փռյուգիայում Ման նույնացվել է Կիբեչային, Հայաստանում՝ Անահիտին, Հունաստանում՝ Ենիոյին, Հռոմում՝ Բելլոնային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 108)։
|