Գամիրք կամ Կապադովկիա[1] (հուն․՝ Καππαδοκία, լատին․՝ Cappadocia, թուրքերեն՝ Kapadokya, պարս.՝ کاپادوکیه, հին պարսկ․՝ Huw-aspa-dahyu — «Գեղեցիկ ձիերի երկիր»), պատմական երկրամաս Փոքր Ասիայի արևելքում, ներկայումս՝ Թուրքիայի տարածքում։ Հնագույն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Գամիրք։
Հիշատակվում է նաև Աստվածաշնչում որպես Գամեր/Գոմեր։ Ըստ Մովսես Խորենացու Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։
Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր Կիլիկիային (բաժանված էին իրարից Տավրոսի լեռներով), հարավ-արևելքից՝ Կոմագենեին, արևելքից՝ Ծոփքի և ապա Մեծ Հայքի թագավորություններին (սահմանը հայ-հռոմեական 1-ին պատերազմից առաջ անցնում էր Եփրատի և Հալիսի ջրբաժան լեռներով՝ Եփրատ գետից տասնյակ կիլոմետրերով դեպի արևմուտք, իսկ այդ պատերազմի նախօրեին անցնում էր Եփրատ գետով), հյուսիս-արևելքից՝ Փոքր Հայքին, հյուսիսից՝ Պոնտոսին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև Սև ծով՝ ընդգրկելով, այսպես կոչված, Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից Թուրքիայում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։
Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է Կեսարիա։ Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 248)։