Հիգիենա
Հիգիենա, գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով։ Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է։
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն)։ Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն։ Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ՝ օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա։ Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ Կարևոր են նաև կյանքի պայմաննները՝ աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն։
Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ։
Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը։ Ապագան պատկանում է նախազգուշացնող բժշկությանը |
Հիգիենայի խնդիրներն են. նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության հիմունքների գիտական մշակումը, բնակավայրերի, մարդու աշխատանքային և հանգստի պայմանների առողջացման վերաբերյալ սանիտարական միջոցառումների հիմնավորումը, երեխաների և դեռահասների առողջության պահպանումը, սանիտարական օրենսդրության մշակմանը մասնակցելը, սննդամթերքների որակի և կենցաղային առօրյա գործածության առարկաների սանիտարական փորձաքննությունը։ Ժամանակակից հիգիենայի կարևորագույն խնդիրներից է բնակավայրերի և արդյունաբերական հիմնարկների օդի, ջրի, սննդամթերքների, ինչպես նաև հագուստի և կոշիկի պատրաստման համար օգտագործվող նյութերի հիգիենիկ նորմերի մշակումը, որի նպատակն է ստեղծել առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, բարձր աշխատունակության ապահովման և կյանքի տևողության երկարացման համար առավել բարենպաստ պայմաններ։ Հիգիենայի կիրառման գործնական բնագավառը սանիտարիան է։ Հիգիենային հետազոտությունների ժամանակ կիրառում են արտաքին միջավայր�� (օդ, ջուր, հող, սննդամթերքներ, շինարարական նյութեր ևն) ուսումնասիրման ֆիզիկա–քիմիական, կենսա–քիմիական, բակտերիալոգիական, կլինիկական, դեմոգրաֆիական մեթոդներ։
Հիգիենան բժշկական հնագույն գիտություններից է։ Սանիտարական կանոնների տարրեր են պահպանվել մի շարք պատմական փաստաթղթերում, որոնցով անհրաժեշտ էր համարվում փոխել սպիտակեղենը և հագուստը, խնամել մաշկը և ատամները։ Խորհուրդ էր տրվում օգտագործել բուսական սնունդ և արգելվում էր սննդի անչափավորությունը (շատակերություն)։
Օրինակ Հին Եգիպտոսում, դեռևս մեր թվարկությունից 1500 տարի առաջ կատարվում էին ճահճային տարածքների չորացում, գոյություն ունեին փողոցների, տների խնամման և աղբի հեռացման տարրական դրսևորումներ, ջրամատակարարում։ Հիպոկրատը իր «Օդերի, ջրերի և տեղանքների մասին» տրակտատում նշել է շրջակա միջավայրի գործոնների աղդեցության մասին, կապել դրանք հիվանդությունների առաջացման հետ։ Հին Հունաստանում պահվում էր հատուկ "սանիտարական պոլիցիա", որը հսկողություն էր սահմանում տների կառուցման, սննդի և հեղուկների վաճառքի նկատմամբ։ Հին Հռոմում կային ջրմուղ, կոյուղի, բաղնիքներ։ XVI–XVII դդ. ի հայտ եկան բժշկարաններ՝ հիգիենիկ բովանդակությամբ խորհուրդներով։ 1700-ին հրատարակվեց իտալացի գիտնական Բ. Ռամացինիի «Դատողություն արհեստավորների հիվանդությունների մասին» տրակտատը, որն աշխատանքային հիգիենայի մասին առաջին գիտական աշխատությունն էր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 387)։ |