Հաճախապատում
Հաճախապատում | |
---|---|
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | խրատական ճառերի, քարոզների ժողովածու |
Բնօրինակ լեզու | հունարեն կամ ասորերեն |
Լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | V-րդ դ. |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | գերմաներեն (1872) |
Հրատարակման վայր | Կոստանդինոպոլիս |
Հրատարակում հայերեն | 1737 |
Հաճախապատում (Յաճախապատում), խրատական ճառերի, քարոզների ժողովածու։ Բաղկացած է 23 գլխից։ Ուսուցանում է քրիստոնեական բարոյականություն։ Ժողովածուի հեղինակային պատկանելության հարցը մնում է վիճելի։ Կորյունը հայտնում է, որ իր ուսուցիչը հորինել է «Ճառս յաճախագոյնս»։ Նույն տեղեկությունը նույն բառերով հայտնում է Ագաթանգեղոսը Գրիգոր Լուսավորչի մասին։ Ձեռագիր մատյաններում Հաճախապատումն ընդօրինակված է միայն Գրիգոր Լուսավորչի անունով։ Միջնադարյան մատենագիրները (Խոսրով Անձևացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Հովհաննես Սարկավագ և այլք) նույնպես Գրիգոր Լուսավորչին են ճանաչում հեղինակ, իսկ Մեսրոպ Մաշտոցին հեղինակ համարողները գտնում են, որ Գրիգոր Լուսավորչի օրոք հայկական գրեր գոյություն չեն ունեցել։ Այս առարկությունը ժխտողների կարծիքով Հաճախապատումը գրվել է հունարեն կամ ասորերեն և 5-րդ դարում թարգմանվել հայերեն։ Ժողովածուն տպագրվել է միայն Գրիգոր Լուսավորչի անունով (1737-ին՝ Կ.Պոլսում, 1838-ին՝ Վենետիկում, 1894-96-ին՝ Վաղարշապատում)։ Մանուկ Աբեղյանը գտնում է, որ Հաճախապատումը Գրիգոր Լուսավորչին է վերագրվել այդ գրվածքին ավելի մեծ հեղինակություն ընծայելու համար։ 1872-ին Յոհան Միխայել Շմիդը Հաճախապատումը թարգմանել է գերմաներեն։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |