Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապածաղիկ հովանոցավոր (լատին․՝ butomus umbellatus), կարապածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Հաստ հորիզոնական կոճղարմատով ջրաճահճային բազմամյա խոտաբույս է։ 50-120 սմ բարձրությամբ, անտերև ցողունն ունի գլանաձև տեսք։ Երկար արմատամերձ տերևների հիմքային մասը եռանիստ է, վերին հատվածները՝ տափակ լայն տերևապատյաններով։ Մուգ ձիթապտղականաչ փայլուն տերևներն ունեն լավ արտահայտված օդատար խոռոչներ։ Պարզ բազմածաղիկ հովանոցներում, որոնք տեղակայված են ցողունի գագաթին, հավաքված են բազմաթիվ կանոնավոր երկսեռ վեցանդամ ծաղիկները։ Ծաղկապատը կազմված է խոշոր սպիտակ կամ կարմրավուն պսակակերպ թերթիկներից։ Ծաղիկները բացվում են տարաժամկետ։ Եռանկյուն նշտարաձև, սրածայր թաղանթանման ծաղիկները տեղակայված են հովանոցի հիմքում։ Բազմաթիվ կողավոր շագանակագույն սերմերով կաշվեկերպ շագանակագույն բազմատերևիկները նույնպես ունեն օդատար խոռոչներ։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։
Աճում է լեռնային գոտիների ճահճոտ վայրերում, լճերի և գետերի ափերին։ Տարածված է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Արցախում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատները, տերևներն ու սերմերը։ Սերմերի եփուկն օգնում է այտուցների, ջրգողության բուժման համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.