Էմիլ Վերհառն (հոլ.՝ Emile Verhaeren, մայիսի 21, 1855(1855-05-21)[1][2][3][…], Սինտ-Ամանդս, Puurs-Sint-Amands, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[4] - նոյեմբերի 27, 1916(1916-11-27)[5][3][6][…], Ռուան, Ֆրանսիա[7]), բելգիացի բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Կրթությամբ իրավաբան։
Գրել է ֆրանսերեն։ 1883 թվականին լույս է տեսել Վերհառնի բանաստեղծությունների առաջին գիրքը («Ֆլամանդուհիներ»)՝ նվիրված Ֆլանդրիայի գյուղաշխարհին։ Կյանքի առողջ և ուրախ ընկալման հետ՝ Վերհառնը տագնապով էր տեսնում մարդկային հարաբերությունների այլասերումը նաև գյուղում։ «Վանականները» (1886) ժողովածուում դատապարտել է կղերականների միջնադարյան մոլեռանդությունը։ 1887-1890 թվականներին Վերհառնը խոր ճգնաժամ է ապրել։ Այդ շրջանի բանաստեղծություններում, որ մոտ են դեկադենտական պոեզիային, արտացոլել է կյանքի իր ողբերգական ըմբռնումը («Երեկոներ», 1887, «Փլուզումներ», 1888, «Սև շահեր», 1890, ժողովածուներ)։ Վեհառնը պատկերել է սոցիալական պրոցեսներ («Զառանցող դաշտեր», 1893, ժողովածուն), բանվորների քաղաքական գիտակցության աճը, քաղաքի կերպարը ներկայացրել որպես սոցիալական հակադրությունների առանցքակետ («Հրեշ քաղաքներ», 1895, ժողովածու), երգել ժողովրդական զանգվածների ըմբոստացումը, որն այլևս տարերային չէր, այլ գիտակցված պայքար («Ապստամբություն», հայ․ հրտ․ 1907, բանաստեղծություն)։ «Արշալույսներ» (1898) պիեսը թատերագիր Վեհառնի առավել ցայտուն ստեղծագործությունն է, որն արտացոլում է բոլոր երկրների աշխատավորների եղբայրության, սոցիալական հեղափոխության երազանքը։ «Կյանքի դեմքերը» (1899), «Կատաղի ուժեր» (1902), «Տերունական ռիթմեր» (1910) բանաստեղծությունների ժողովածուներում Վեհառնը ձգտել է մարմնավորել մարդու ստեղծարար գործունեության բազմազանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմը ցասումով դատապարտող «Պատերազմի ալ թևերը» (1916) ժողովածուում Վեհառնը զետեղել է նաև արևմտահայության ողբերգությունն արտացոլող «Աղաղակը» (հայ․ հրտ․ 1917), «Ազգաշինշ Գերմանիա» բանաստեղծությունները։ Վեհառնը գրել է նաև քննադատական աշխատություններ մեծ արվեստագետների (Հ․ Ռեմբրանդ, 1904, Պ․ Ռուբենս, 1910), գրողների (Ու․ Շեքսպիր, Ժ․ Ռասին, Վ․ Հյուգո), ֆրանսիական և բելգիական սիմվոլիստների մասին։ Վեհառնը մտերիմ է եղել Ա․ Չոպանյանի, Է․ Շահինի հեո։ Չոպանյանի «Կյանք և երազ» գրքի համար 1913 թվականին գրել է առաջաբան, որտեղ նրա ստեղծագործական արժանիքները կապել է հայ մշակույթի դարավոր ավանդույթների հետ։ Հայ մամուլում Վեհառի մասին հոդվածներով հանդես են եկել Արշակ Չոպանյանը, Ա․ Մռավյանը, Կոստան Զարյանը և ուրիշներ։
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Emile Verhaeren (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118768085 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 7,0 7,1 7,2 Верхарн Эмиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 412)։
|