Երկրային վայելքների այգի
Երկրային վայելքների այգի | |
---|---|
տեսակ | գեղանկար և եռապատկեր |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ[1] |
տարի | 15-րդ դար[1] |
բարձրություն | 205,5 սանտիմետր[1] |
լայնություն | 384,9 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[2] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[3] |
գտնվում է | Պրադո թանգարան[1] և Էլ Էսկորիալ[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[3] |
սեփականատեր | Henry III of Nassau-Breda?[1], Վիլհելմ I Օրանացի[1], Ֆիլիպ II Հաբսբուրգ[1], Ֆեռնանդո Ալբա[1], Էլ Էսկորիալ[1] և René of Chalon?[1] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/b/bosch/3garden/wings/20right.html, https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-garden-of-earthly-delights-triptych/02388242-6d6a-4e9e-a992-e1311eab3609 կայք | |
Ծանոթագրություններ | |
The Garden of Earthly Delights Վիքիպահեստում |
Երկրային վայելքների այգի, Հիերոնիմոս Բոսխի ամենահայտնի եռապատկերը։ Ստեղծվել է 1490-1510 թվականների միջակայքում, երբ Բոսխը եղել է 40-60 տարեկան[4]։ 1939 թվականից նկարը գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում։ Նկարի իրական անվանումը հայտնի չէ․ «Երկրային վայելքների այգի» անունը տվել են հետազոտողները։ Ընդհանուր առմամբ, նկարի մեկնաբանության ոչ մի տարբերակ չի ճանաչվել միակ հավաստին։ Նկարի նշանակության տեսությունների մեծ մասը տրվել է 20-րդ դարում։
Ընդհանուր դիտարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսխի հենց այս աշխատանքը, հատկապես կենտրոնական հատվածի պատկերներն են սովորաբար օգտագործվում նկարազարդումների համար։ Հենց այստեղ է նկարչի ստեղծագործական ինքնատիպ երևակայությունը լիարժեք դրսևորվել։ Եռապատկերի գրավչությունը նկարչի՝ բազմաթիվ դետալների միջոցով գլխավոր գաղափարի արտահայտումն է։
Ձախ հատվածում պատկերված է Աստված, ով դրախտի անդորրության մեջ Ադամին է ներկայացնում Եվային։ Կենտրոնական հատվածում տեսարաններ են, որոնք տարբեր կերպ են մեկնաբանվել և ներկայացնում են վայեքների այգի, որտեղ դրախտային հանգստությամբ շարժվում են առեղծվածային կերպարներ։ Եռապատկերի աջ հատվածում ներկայացված են Բոսխի ողջ ստեղծագործության՝ ամենից ավելի անհանգստություն ու վախ ներշնչող կերպարները՝ կտտանքի համար նախատեսված բարդ մեքենաներ ու հրեշներ, որոնք նրա երևակայության արդյունք են։
Նկարը լեցուն է թափանցիկ կերպարներով, ֆանտաստիկ սարքերով, հրեշներով, որոնք կարող են ընկալվել անգամ որպես հալյուցինացիա, իրականության դժոխային ծաղրանկարներով, որոնք նա ընկալում է արտակարգ սուր հայացքով։ Որոշ գիտնականներ եռանկարում փորձել են տեսնել մարդու կյանքի պատկերումը անցողիկության տեսանկյունից և երկրային սիրո կերպարները, մյուսները՝ կրքի հաղթարշավը։ Սակայն պարզամտությունը և որոշակի օտարումը, որ բնորոշ է որոշ կերպարների, ինչպես նաև այս ստեղծագործության նկատմամբ եկեղեցական իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը կասկածի տեղիք են տալիս, թե այն կարող է արտահայտել մարմնական վայելքների գովերգում։
Կենտրոնական հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայացքից կենտրոնական հատվածը Բոսխի ստեղծագործության երևի թե միակ հովվերգությունն է ներկայացնում։ Այգու ընդարձակ տարածությունը լեցուն է մերկ կանանց ու տղամարդկանց կերպարներով, որոնք վայելում են հատապտուղներ ու մրգեր, խաղում են կերնդանիների ու թռչունների հետ, լողում են ջրում, և ամենից առաջ առանց ամոթի ու բացահայտ տրվում են սիրո վայելքներին՝ իրենց բոլոր դրսևորումներով։ Երկար շարանով հեծյալները, ինչպես կարուսելում, պտտվում են լճի շուրջ, որտեղ լողում են մերկ աղջիկներ․ հազիվ տեսանելի թևերով մի քանի կերպարներ սավառնում են երկնքում։ Այս եռապատկերը պահպանվել է ավելի լավ, քան Բոսխի խորանային խոշոր կերպարների մեծ մասը, և անմիտ զվարճությունը, որն իշխում է կոմպոզիցիայում, ընդգծվում է նրա պարզ, ամբողջ մակերևույթին հավասարապես սփռված լույսով, ստվերների բացակայությամբ, վառ, հագեցած կոլորիտով։ Խոտի ու տերևների ֆոնին վայրի ծաղիկների պես փայլում են այգու բնակիչների մարմինները, որոնք ավելի սպիտակ են թվում սևամաշկ 3-4 կերպարների մոտ։ Հետնամասում ծիածանի բոլոր գույներով ողողված շատրվանն ու շինությունն են, իսկ հորիզոնին տեսանելի է աստիճանաբար տարրալուծվող լեռների գլխավոր գիծը։ Մարդկանց փոքր կերպարները և ֆանտաստիկ մեծ հրաշալի բույսերը թվում են նույնքան անմեղ, որքան միջնադարյան զարդանկարի նախշերը, որոնցով ներշնչվել է նկարիչը։
Կարող է թվալ, որ նկարում պատկերված է «մարդկության մանկությունը»՝ «ոսկեդարը», երբ մարդիկ ու կենդանիները խաղաղ գոյատևել են կողք կողքի՝ առանց նվազագույն ջանք գործադրելու ստանալու պտուղներ, որոնք առատորեն տվել է մայր հողը։ Սակայն չպետք է կարծել, որ մերկ սիրահարների ամբոխը Բոսխի պատկերացմամբ պետք է դառնա անմեղ սեքսուալության մեծարում։ Միջնադարյան բարոյականության տեսանկյունից սեռական ակտը, որ 20-րդ դարում ընկալվեց որպես մարդկային գոյության բնական մաս, ավելի շուտ ապացույցն էր այն բանի, որ մարդը կորցրել է իր հրեշտակային բնույթը և խոր անկում ապրել։ Լավագույն դեպքում մերձեցումը դիտարկվել է որպես անխուսափելի չարիք, իսկ վատագույն դեպքում՝ մահացու մեղք։ Ամենից շուտ, Բոսխի համար երկրային վայելքների այգին մարմնային կրքով ապականված աշխարհ է։
Ձախ հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռապատկերի ձախ հատվածը պատկերում է աշխարհի արարման վերջին երեք օրերը։ Երկիրն ու Երկիրը ծնում են տասնյակ կենդանի արարածներ, որոնց մեջ կարելի է տեսնել ընձուղտին, փղին, առասպելական կենդանիներին՝ ի դեմս միաեղջյուրի։ Կոմպոզիցիայի կենտրոնում Կյանքի ակունքն է՝ բարձր, բարակ, վարդագույն մի պատկեր, որն ինչ-որ տեղ հիշեցնում է գոթական եկեղեցու տաբերնակլ՝ զարդարված զարմանահնար փորագրությամբ։ Տիղմում շողշողացող թանկարժեք քարերը, ինչպես երևակայական կենդանիները, հնարավոր է, պայմանավորված են Հնդկաստանի մասին միջնադարյան պատկերացումներով, որ հռչակված է եղել իր հրաշալիքներով եվրոպացիների պատկերացումներում՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանից։ Լայն տարածում ունեցող ժողովրդական պատկերացման համաձայն՝ հենց Հդկաստանում է եղել կորուսյալ դրախտը։
Լանդշաֆտի առջևի պլանում, որ ներկայացնում է նախաջրհեղեղյան աշխարհը, պատկերված է ոչ թե Ադամի ու Եվայի՝ դրախտից վտարման տեսարանը, ինչպես դա արված է Բոսխի մեկ այլ եռապատկերում՝ «Խոտի տեղափոխում», այլ նրանց միավորումը Աստծու հետ։ Բռնելով Եվայի ձեռքը՝ Աստված նրան բերում է հենց նոր արթնացած Ադամի մոտ, և թվում է՝ վերջինս նայում է նրան զարմանքի ու տարակուսանքի զգացումով։ Աստված ինքը զգալիորեն երիտասարդ է, քան այլ նկարներին պատկերված նախօրինակները․ նա ներկայանում է Քրիստոսի կերպարանքով։
Աջ հատված («Երաժշտական դժոխք»)
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջ հատվածն իր անունը ստացել է այնտեղ պատկերված երաժշտական բազմաթիվ գործիքների շնորհիվ, որոնք այստեղ սարսափելի կիրառում են գտել․ քնարին խաչված է մի մեղսավոր, լյուտնյան դարձել է մեկ ուրիշ «երաժշտի» կտտանքի ենթարկելու միջոց, իսկ վերջինիս հետույքին գրված են երաժշտության նոտաներ։ Երաժշտությունը կատարում է անիծված հոգիների երգչախումբը, որի ղեկավարը ձկան դնչով հրեշ է։
Օկլահոմայի համալսարանի ուսանողուհի Ամելիա Հեմրիկը 2014 թվականին այս նոտագրության մեկնաբանման բավական հաջող փորձ է կատարել՝ փոխադրելով այն դաշնամուրի համար։ Նրա հրապարակումից հետո համացանցում տարածվել են այս կոմպոզիցիայի սիրողական կատարման մի քանի տարբերակներ[5][6]։
Եթե եռապատկերի կենտրոնական հատվածում պատկերված է էրոտիկ երազատեսություն, ապա աջ հատվածում մղձավանջային իրականություն՝ զազրելի դժոխքը․ տներն այստեղ ոչ թե այրվում, այլ պայթում են՝ իրենց կայծերով լուսավորելով մռայլ ֆոնը և լճի ջրերը արնաներկով գոնավորելով։
Առջևի պլանում ճագարը քարշ է տալիս իր արնաքամ որսը, որ ամրացված է փայտին․ սա Բոսխի սիրելի թեմաներից է, սակայն արյունն այստեղ ոչ թե հոսում, այլ կարծես հորդում է։ Զոհը դահիճ է դառնում, որսը՝ որսորդ, և դա լավագույնս ներկայացնում է քաոսը, որ տիրում է դժոխքում, որտեղ գլխիվայր շրջված են երկրում երբևէ գոյություն ունեցած նորմալ հարաբերությունները, իսկ առօրյա կյանքի ամենից սովորական ու անմեղ առարկաները, ահագնանալով հրեշավոր չափեր են ընդունում՝ վերածվելով կտտանքի միջոցների։
Բոսխյան երաժիշտների դժոխքի գրական սկզբնաղբյուրը «Տունդալի ներածությունն» է, որ հրատարակվել է 1484 թվականին Հերտոգենբոսում։ Այստեղ մանրամասն նկարագրված է հեղինակի միստիկ այցելությունը Դրախտ և Դժոխք, որտեղից էլ հավանաբար առաջացել է սառույցով ծածկված լճի գաղափարը, որի վրայով մեղսավորները ստիպված են անցնել խախուտ սահնակներով կամ չմուշկներով։
Սառած լճի վրա մեջտեղի պլանում ևս մեկ մեղսավոր է, ով անհաստատատ ձևով փորձում է պահել հավասարակշռությունը չմուշկների վրա, սակայն նա ընթանում է ուղիղ սառույցը հալված մի տեղ, ուր արդեն թավալվում է մեկ այլ մեղսավոր։ Այս կերպարները բխում են հոլանդական մի հին ասացվածքից, որ «անկայուն սառույցի վրա» իմաստն է արտահատում։ Ավելի վերևում պատկերված են մարդիկ, որոնք մժեղների պես թռչում են դեպի լույսը, իսկ հակառակ կողմում հավերժ դատապարտվածը կախված է բանալու ականջից։
Սատանայական մի մեխանիզմ է անդամահատված լսելիքը։ Այն ներկայացնում է նետով խոցված ականջներ, որոնց միջև երկար ածելի է։ Այս պատկերի մի քանի մեկնաբանություններ կան։ Կա կարծիք, որ այս պատկերը ակնարկում է մարդկանց խլությունը Ավետարանի խոսքերի հանդեպ․ «Ով ականջ ունի, կլսի»։ Ածելու վրա փորագրված М տառը կարող է խորհրդանշել զինագործի դրոշմը (հնարավոր է, օրինակ, Յան Մոստարտի) կամ «Mundus» («Աշխարհ») բառը՝ մատնանշելով տղամարդկային սկիզբը կամ Նեռին, որի անունը միջնադարյան շրջանում այդ տառով է սկսվել։
Թռչնի գլխով և մեծ, կիսաթափանցիկ պղպջակով տարօրինակ արարածը կուլ է տալիս մեղսավորներին և այնուհետև դուրս մղում կատարյալ շրջանաձև փոսի մեջ։ Հենց այդտեղ են ոսկեդրամների հետ հավերժական տանջանքի դատապարտված ժլատը և հավանաբար որկրամոլը, ով փսխում է կերածը։ Դևի կամ սատանայի մոտիվը, որ նստած է բարձր աթոռին, փոխառված է «Տունդալի ներածության» տեքստից։ Սատանայի գահի ստորին մասում դժոխքի կրակների հետ կրծքին գորտ ունեցող մերկ կնոջն է գրկում ավանակի ականջներով սև սատանան։ Կնոջ դեմքը արտացոլված է հայելու մեջ, որն ամրացված է մեկ այլ՝ կանաչ դևի հետույքին․ այդպիսի պատժի են արժանանում մեկ այլ մեղքի՝ հպարտության կրողները։
Ներքին նշաձողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ հանդիսատեսը ներքին կողմից նայում է գրիզայլային պատկերներին, չի կարող պատկերացում կազմել, թե գույների ու կերպարների ինչպիսի տարափ է ակնկալվում։ Մռայլ տոներով պատկերված է Աշխարհի արարման երրորդ օրը, երբ Աստված մեծ դատարկությունից ստեղծեց այն[7]։ Երկիրն արդեն պատված է կանաչով, շրջապատված է ջրերով, լուսավորված արևով, սակայն այնտեղ դեռ չի կարելի հանդիպել մարդկանց կամ կենդանիների։ Ձախ նշաձողի գրությունը վկայում է․ «Ասաց եղիր՛, և եղև» (Սաղմոս 32:9), իսկ աջ կողմի նշաձողին հետևյալ գրությունն է․ «Նա հրամայեց, և կատարվեց» (Սաղմոս 32:9)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-garden-of-earthly-delights-triptych/02388242-6d6a-4e9e-a992-e1311eab3609
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ Bosch's exact date of birth is unknown but is estimated to be 1450. Gibson, 15–16
- ↑ «Афиша Новости: Расшифрована нотная запись с попы грешника на картине Босха – Архив» (ռուսերեն). Афиша Daily. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «#Видео: студентка расшифровала нотную запись с задницы грешника на картине Босха - Pics.Ru» (ռուսերեն). Смешно о серьезном. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ von Baldass, 33
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баттилотти, Д. Босх. М., 2000
- Бозинг, В. Иероним Босх: Между Адом и Раем. М., 2001
- Дзери, Ф. Босх. Сад земных наслаждений. М., 2004
- Зорилья, Х. Босх. Aldeasa, 2001
- Игумнова, Е. Босх. М., 2005
- Коплстоун, Т. Хиеронимус Босх. Жизнь и творчество. М., 1998
- Мандер, К ван. Книга о художниках. М., 2007
- Марейниссен, Р. Х., Рейфеларе, П. Иероним Босх: художественное наследие. М., 1998
- Мартин, Г. Босх. М., 1992
- Никулин, Н. Н. Золотой век нидерландской живописи. XV век. М., 1999
- Тольнай, Ш. Босх. М., 1992
- Фомин, Г. И. Иероним Босх. М., 1974. 160с. Belting, Hans. Hieronymus Bosch: Garden of Earthly Delights. Munich, 2005
- Dixon, Laurinda. Bosch A&I (Art & Ideas). NY, 2003
- Gibson, Walter S. Hieronymus Bosch. New York; Toronto: Oxford univ. press, 1972
- Harris, Lynda. The Secret Heresy of Hieronymus Bosch. Edinburgh, 1996
- Snyder, James. Bosch in perspective. New Jersey, 1973.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկրային վայելքների այգի» եռանկարը Պրադո թանգարանի տվյալների բազայում
- «Տունդալի ներածության» վերաշարադրանք
- «Երկրային վայելքների այգի» (առցանց ինտերակտիվ արկած)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրային վայելքների այգի» հոդվածին։ |
|