Լիճ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճ (այլ կիրառումներ)
Ենթակատեգորիա | ջրավազան, մակերևութային ջուր, ռելիեֆի ձև, քաղցրահամ ջրով վերգետնյա ավազան | |
---|---|---|
Հետազոտվում է | լիմնոլոգիա, լճագիտություն | |
Entry in abbreviations table | оз. |
Լիճ, Երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի կամ ծովի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճաբանությունը։ Լճերը Երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են 12.8 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է (մակերեսը՝ 371․000 կմ²), իսկ ամենախորը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։
Լճերի դասակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ գոգավորությունների
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերը կարելի է դասակարգել ըստ նրանց գոգահովիտների առաջացման պատմության։ Օրինակներ՝
- Ամբարտակային կամ պատվարային լճերը գոյացել են ամբարտակման կամ գետահունի մասնակի արգելափակման հետևանքով։ Գետահունը կարող է փակվել, երբ հանքային ապարները փլուզվում են կամ թափվում գետահովիտ։ Ամբարտակային լճի օրինակ է Սարեզյան լիճը։
- Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։ Այդպիսին են Կասպից և Արալյան լճերը։
- Հրաբխային կամ խառնարանային լճերի լճափոսերը գտնվում են հանգած հրաբխային խառնարաններում։ Այդպիսի լճեր շատ կան Ճավա կղզում, Կուրիլյան կղզիներում, Կամչատկայում։
- Կան լճեր, որոնց գոգահովիտները առաջացել են լեռնագոյացման պրոցեսների ժամանակ։ Օրինակ, շերտաշարժի գոգահովտում է գտնվում Բայկալ լիճը։
- Հնահունային լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։
Հոսուն և անհոս լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսուն լիճ. հոսուն լճերից են` Բայկալը, Լադոգան, Օնեգան, Վիկտորիան, Մեծ լճերը, Սևանը և այլն։ Այն լճերից, որոնցից գետեր չեն ատահոսում։ Դրանց անվանում են անհոս լճեր. դրանցից են Կասպից, Արալյան, Բալխաշ, Չադ, Ուրմիա և այլն։
Սովորաբար անհոս լճերի ջուրը աղի է լինում, իսկ հոսուն լճերինը՝ քացրահամ։ Պատճառը հետևյալն է․ գետերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ աղեր։ Թափվելով անհոս լճի մեջ, ջուրը նրա մակերևույթից գոլորշիանում է, իսկ աղը մնում է լճում։ Այդպես տարիների ընթացքում աղի քանակությունը ավելանում է։
Լճերի աղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի ջրի քիմիական բաղադրությունը որոշվում է մի շարք գործոններով` լճի մեջ մուտք գործող ջրի բաղադրությամբ, ջրի մուտքի և ելքի հաշվեկշռով, կենսական պրոցեսներով, լճի ավազանի ֆիզիկաաշխարհագրական պայմաններով և այլն։ Ցամաքում մակերևույթային ջրերը երկրի մակերևույթը լվանում են իրենց հետ դեպի լիճ տանելով զանազան լուծված նյութեր։ Եթե լիճը հոսուն է, ապա այդ նյութերի զգալի մասը հեռանում է հոսքի միջոցով, իսկ եթե անհոս է, ապա ամբողջությամբ մնում է լճի մեջ մեծացնելով աղերի քանակը։ Այդ պատճառով էլ հոսուն լճերը սովորաբար մեծ աղիություն չունեն։ Անապատային լճերը մեծ մասամբ աղի են, որովհետև գոլորշիացումը ինտենսիվ է։ Լճի մակարդակի տատանումները մեծապես ազդում են աղիություն համար։ Գարնանային ամիսներին բարեխառն գոտու լճերի մեծ մասում քաղցրահամ ջրի մուտքն ավելանում է, մակարդակը բարձրանում է, ուստի աղիությունը փոքրանում է, իսկ ամռան վերջին գոլորշիացման մեծացման շնորհիվ լճերում մեծանում է աղերի պարունակությունը, իսկ որոշ լճեր էլ ամառային ամիսներին իսպառ չորանում են` թողնելով իրենց տեղում աղի շերտ։ Տարբեր լճեր ունեն տարբեր աղիություն և տարբեր քիմիական բաղադրություն։ Լճերի աղիությունը տատանվում է 0.00001 ‰-ից մինչև 400 ‰-ի միջև։ Ըստ աղային կազմի լճերը լինում են`
- Կարբոնատային կամ սոդային
- սուլֆատային կամ դառը աղի
- քլորիդային կամ աղային։
Ըստ ջրի աղային պարունակության լճերը լինում են`
- Քաղցրահամ. սրանց մեջ լուծված նյութերի քանակը չի անցնում 1 ‰-ից, օրինակ` Սևանա, Լադոգա, Օնեգա, Բայկալ, Կանադական լճեր։
- Թույլ աղի. սրանց ջրի մեջ լուծված նյութերի քանակը 1-30 ‰ է։ Այդպիսի լճերից են` Իսիկ-Կուլ, Բալխաշ, Վանա և այլն։
- Աղի. սրանց ջրի մեջ աղերի քանակը անցնում է 30 ‰-ը` Մեծ Աղի լիճ, Ուրմիա։ Այս լճերի ջուրը հաճախ անվանում են ռապա։
Ռապայի մեջ հանդես եկող նյութերը շատ բազմազան են. բոլոր էլեմենտներն ու աղերը միատեղ են լուծված ջրի մեջ և նրանց միմյանցից դժվար է անջատել։ Պատկերն այլ է, երբ զանազան աղեր անջատվում են գերհագեցած լուծույթից որպես ինքնանիստ աղեր։ Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է ջրի լուծողականության մեծացմանը, հետևաբար ամռանը լճի ջուրն ունակ է իր մեջ լուծել ավելի շատ նյութեր, քան ձմռանը։ Ջերմաստիճանի նվազումը ստեղծում է մի վիճակ, երբ լուծված նյութերը հագեցնում են լուծույթը, որից հետո ավելցուկն անջատվում է ինքնանիստ աղերի ձևով։ Այս դեպքում աղերի անջատումն ընթանում է հերթականորեն` սկզբում անջատվում են կարբոնատները, այնուհետև` սուլֆատները, վերջում` քլորիդները, որի արդյունքում կարբոնատային լիճը վերածվում է սուլֆատայինի, իսկ վերջինս` քլորիդայինի։
Աղերի աստիճանաբար նստեցումը լճերում ունի շատ կարևոր նշանակություն մարդու համար։ Աղահանքերում սովորաբար աղատեսակը հանդիպում է առանց խառնուրդի, ինչը մեծապես նվազեցնում է ադյունահանման ծախսերը։ Շատ լճերի հատակում ռապայի տակ նստած է մոխրագույն կամ սև տիղմ, հանքային ցեխ, ծծմբաջրածնի պարունակությամբ։ Տիղմի հանքային մասնիկներին գումարվում են նաև օրգանիզմների քայքայման հետևանքով առաջացած նյութերը։ Այդ տիղմերը հաճախ ունեն բացառիկ բուժիչ հատկանիշներ և օգտագործվում են բժշկության մեջ։
Լճերի գազային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերի ջուրը պարունակում է գազեր` ազոտ, թթվածին, ածխաթթու, մեթան, ջրածին, ծծմբաջրածին և այլն։ Ազոտն ու թթվածինը մուտք են գործում անմիջապես օդից, իսկ մնացած գազերը կենսական գործընթացների արդյունք են։ Ամենից շատ թթվածին լինում է ջրի վերին շերտերում, որտեղից կոնվեկցիայի միջոցով անցնում է ներքին շերտեր։ Թթվածինը սպառվում է կենդանի օրգանիզմների կողմից և օքսիդացման պրոցեսների ժամանակ։ եթե լիճը ունենում է մեծ խարություն և կոնվեկցիան չի ընդգրկում ջրի բոլոր շերտերը, հատակում թթվածնի պարունակությունը չնչին է լինում։ Երբ լճի խոշոր շերտերում թթվածնի պարունակությունը բարձր է լինում, դա խոսում է ջրի ինտենսիվ ուղղաձիգ շրջանառության մասին։ Թթվածինը կարող է մուտք գործել լճի մեջ ոչ միայն անմիջապես օդից, այլ նաև ջրում ապրող օրգանիզմների լուսասինթեզի միջոցով։ Երբեմն լճի մեջ թթվածնի քանակը այնքան է շատանում, որ մի մասը ցնդում է օդի մեջ։ Տարվա տարբեր սեզոններում թթվածնի քանակը տարբեր է` կապված բույսերի ու ֆիտոպլանկտոնի վեգետացիայի հետ։ Լճերի «ծաղկման» ժամանակ թթվածինը լինում է գերհագեցած վիճակում, հասնում է 40մգ/լ-ի։ Սառցակալած լճերում ձմեռային ամիսներին ջրային օրգանիզմները աստիճանաբար սպառում են թթվածինը, իսկ պակասի դեպքում երբեմն սառույցի տակ ձկները մասսայաբար ոչնչանում են։
Լճի ջրում կա որոշ քանակի ածխաթթու գազ, որն ունի շատ կարևոր նշանակություն բուսական օրգանիզմների համար։ Քլորոֆիլի հատիկներում ածխաթթուն քայքայվում է` ածխածինն օգտագործվում է բույսերի մարմինը կառուցելու համար, իսկ թթվածինն անջատվում է որպես ազատ գազ։ Ածխաթթուն առաջանում է և շնչառության պրոցեսների, և օրգանական նյութերի անաերոբ քայքայման ժամանակ։
Լճերի հատակում օրգանական նյութերի քայքայման, ինչպես նաև որոշ բակտերիաների գործունեության հետևանքով անջատվում է ազատ ծծմբաջրածին, որը թունավոր է բոլոր տեսակի օրգանիզմների համար։ եթե լճի ջուրը բավարար շրջանառություն չունի, ծծմբաջրածինը կուտակվում է հատակում և արդյունքում խորը շերտերում օրգանիզմները ոչնչանում են։
Մեթանն ու ջրածինը կուտակվում են լճի հատակի տիղմի մեջ, որտեղ տեղի է ունենում օրգանիզմների անաերոբ քայքայում։
Լճերի օպտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի ջուրը լուսավորվում է արեգակի ուղիղ և ցրված ճառագայթների միջոցով։ Լճի մակերևույթին ընկած ճառագայթների մի մասը թափանցում է ջրի մեջ, մյուս մասը` անդրադառնում է։ Ջրի մեջ թափանցած ճառագայթները բեկվելով, ցրված վիճակում հասնում են որոշ խորության։ Լճի ջրերը լ��ւյսի նկատմամբ կիսաթափանցիկ մարմին են և միջին հաշվով մինչև 200 մ խորության տակ անզեն աչքով հնարավոր է նշմարել արեգակի լույսը։ Լույսի թափանցման համար նշանակություն ունի ճառագայթների անկման անկյունը։ Որքան այն մոտ լինի ուղղահայացին, այնքան կփոքրանա ճառագայթային անդրադարձումը։
Թափանցիկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափանցիկությունը համարվում է այն խորությունը, որի տակ 30 սմ տրամագծով սպիտակ սկավառակը անզեն աչքով երևում է ջրի մակերևույթից 2 մ բարձրությունից դիտելիս։ Այն պայմանավորված է լուսավորվածությամբ։ Որքան ջուրը վճիտ է, այնքան թափանցիկությունը մեծանում է։ Այս տեսակետից աչքի են ընկնում բարձր լեռնային լճերը, որոնց ջուրը վճիտ է։ Աղի ջրերն ունեն մեծ թափանցիկություն, որովհետև կախված նյութերը մեծ արագությամբ նստում են հատակին։ Ամենամեծ թափանցիկությունն ունեն Բայկալը (42մ), Տելեցկոյեն (22մ), Սևանը (21մ) և այլն[1]։ Որքան տիղմն ու օրգանական նյութերը շատ լինեն ջրավազանում, այնքան թափանցիկությունը փոքր կլինի։ Թափանցիկությունը լճի տարբեր մասերում և տարբեր սեզոններում տարբեր է։
Լուսավորվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերում այն խորությունը, որի տակ լուսազգայուն լուսաժապավենը սևանում է ցրված ճառագայթների ազդեցությամբ անվանում են ջրավազանի լուսավորվածություն։ Արեգակի ճառագայթները ընկնելով լճի մակերևույթին տարրալուծվում են` տարբեր երկարության ալիքները տարբեր չափով են կլանվում ջրի կողմից։ Ամենից շատ կլանվում են երկարալիք ճառագայթները` ինֆրակարմիր, կարմիր, ավելի քիչ` դեղին, այնուհետև կանաչ, կապույտ ճառագայթները։ Լճերում տարբեր երկարության ալիքների համար լույսի ցրումը տարբեր է։ Ամենից ինտենսիվ ցրվում են կարճալիք ճառագայթները։
Գույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր ջրավազան ունի գույն, որը տարբերվում է ջրավազանի ջրի գույնից։ Ջրավազանի գույնը դիտում են լճափից, այն հիմնականում կապված է օդերևութաբանական պայմաններից։ Պարզկա եղանակի դեպքում լճի գույնը կապույտ է լինում, ամպամած եղանակի դեպքում` մոխրագույն և այլն։ Հեռվից դիտելիս լճի գույնը ավելի բաց է լինում, քան լճափի մոտ, որովհետև այնտեղից ավելի շատ բեկված ճառագայթներ են գալիս, իսկ լճափի մոտ լճի մակերույթին ուղղահայաց կամ մոտ անկյան տակ ընկած ճառագայթների մեծ մասը կլանվում է ջրի կողմից, հետևաբար` լճի գույնը որոշելու համար այն պետք է դիտել վերևից։ Լճերի ջրի գույները լինում են` կապույտ, կանաչավուն, դեղնավուն, շագանակագույն, կարմրավուն և այլն։ Որոշ լճեր գարնանը «ծաղկում են» այսինքն` նրանց մեջ ապրող բուսական օրգանիզմները ծաղկում են, ընդունելով տարբեր երանգներ։ Երբեմն այդպիսի լճերը արձակում են նույնիսկ կարմիր գույն։
Լուսարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերի օպտիկական ��ատկանիշներից է լուսարձակումը։ Երբեմն գիշերը լճի որևէ հատվածը մարդու աչքի համար տեսանելի է դառնում։ Այդ լույսն առաջանում է ջրի մեջ բնակվող կենդանի օրգանիզմների լուսարձակումից։ Լուսարձակող բակտերիաները համեմատաբար շատ են լինում ափամերձ ջրերում և գետաբերանների մոտ։ Լուսարձակում ունեն նաև բարձրակարգ ջրային օրգանիզմներից շատերը, ձկների որոշ տեսակներ։ Պարզկա օրերին լիճն ամենուրեք նույն գույնն ու լուսավորվածությունն չունի։ Հաճախ երևում են բաց մոխրագույն, կապտավուն կամ սպիտակ երանգներ։ Ակադեմիկոս Վ. Վ. Շուլեյկինի ուսումնասիրություններից պարզվել է, որ նախշերի առաջացումը կապված է մակերևույթային ակտիվ շերտի հետ։ Այդ շերտը գոյանում է և' ջրային օրգանիզմներից արտաթորությունից, և' նավերի կողմից թափվող զանազան նյութերից, յուղից։ Մակերևույթային ակտիվ շերտի ջրավազանների տարբեր մասերում տարբեր հաստություն ունի և նպաստում է ալիքների մարմանը, հետևաբար` այդ ալիքներից անդրադարձած լույսի ճառագայթները տարբեր երանգներ են ստանում։
Արհեստական լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրագնդում կան 10 հազար արհեստական լճեր, որոնց ընդհանուր տարածությունը մոտ 500 հազար քառակուսի կիլոմետր է։ Դրանցից ամենամեծը Գանայում գտնվող Ակոսոմբո ջրամբարն է Վոլտա գետի վրա. նրա տարածությունը հավասար է 8.5 քառակուսի կիլոմետրի[2]։
Լճերի նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճերն ունեն տնտեսական խոշոր նշանակություն։ Նավերով մեծ լճերում փոխադրում են զանազան բեռներ։ Աղի լճերից արդյունահանում են կերակրի աղ։ Լճերը օգտագործվում են ձկներ, ջրային թռչուններ բազմացնելու համար։ Բացի այդ, լճերը խոնավացնում են օդը, իսկ նրանց ափերը հանդիսանում են հանգստի հիանալի վայրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.
- ↑ Մանկական Գանձարան, Զանգակ-97, Երևան, 2005 ISBN 99941-1-009-8
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն, էջ 89-91։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 639)։ |