Դրամաշրջանառություն
Դրամաշրջանառություն, կանխիկ փողի անընդմեջ շարժում՝ ապրանքների շրջանառության, ծառայությունների մատուցման և բազմատեսակ վճարումների պրոցեսում։ Այն սպասարկում է ապրանքների ու ծառայությունների իրացման գործընթացը, ինչպես նաև ապահովում է ֆինանսական շուկայի գործունեությունը։ Դա նշանակում է, որ առանց փողի և դրամաշրջանառության շուկայական տնտեսություն գոյություն ունենալ չի կարող։
Դրամի նշա��ակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքային արտադրության զարգացման որոշակի փուլում ապրանքների անմիջական փոխանակությունն աստիճանաբար իր տեղը զիջում է փոխանակությանը՝ դրամի (փողի) միջոցով։ Դրամի որոշակի քանակ մշտապես շրջանառության մեջ է և սպասարկում է ապրանքների իրացումը։ Տվյալ դեպքում դրամը կատարում է շրջանառության միջոցի ֆունկցիա։ Վարկային և զանազաև այլ պարտավորություևներ մարելիս այն հանդես է գալիս վճարման միջոցի ֆունկցիայի դերում։ Կապիտալիզմի ժամանակ դրամաշրջանառությունը, բացի սովորական ապրանքների փոխանակության պրոցեսից, սպասարկում է նաև աշխատուժ ապրանքի փոխանակությանը։ Փոխանակության այդ ոլորտը դրամաշրջանառությանը տալիս է առանձնահատուկ՝ կապիտալիստական բնույթ։
Դրամաշրջանառության տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամաշրջանառությունը լինում է մետաղական, բանկնոտային և թղթադրամային։
Տնտեսական օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամաշրջանառության ոլորտում գործում են մի շարք տնտեսական օրենքներ. Օրինակ՝ շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի, դրամանիշերի իրական (փոխանակային) արժեքի, բանկնոտային շրջանառության և այլն, որոնք ուրույն գծերով հատուկ են ապրանքային արտադրություն և դրամաշրջանառություն ուևեցող բոլոր հասարակարգերին։
Փողի քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։
Դրամաշրջանառության իրավական կարգավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամաշրջանառության իրավական կարգավորման գլխավոր խնդիրը կայանում է բնակչության դրամական եկամուտների և ներքին շուկայում առաջարկվող ապրանքների ու վճարովի ծառայությունների արժեքի միջև օպտիմալ հարաբերակցության պահպանումը։
Հայաստանում դրամաշրջանառության կարգավորմանը մասնակցում են հետևյալ պետական մարմինները՝
- ՀՀ Ազգային ժողովն՝ ընդունում է օրենսդրական ակտեր, որոնք կարգավորում են դրամավարկային հարաբերությունները,
- ՀՀ կառավարությունը՝ ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը,
- ՀՀ կենտրոնական բանկը՝ կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 452)։ |