Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաղձ դաշտային (լատին․՝ Mentha arvensis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
20-40 սմ բարձրությամբ, երկար կոճղարմատով, մազիկներով և գեղձերով ծածկված բազմամյա բուրավետ խոտաբույս է։ Հակադիր կոթունավոր ձվաձև կամ երկարավուն տերևները ատամնաեզր են։ Մանուշակագույն կամ վարդագույն մանր ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում։ Բաժակն ունի կարճ եռանկյունաձև ատամիկներ, պսակի ստորին մասը խողովակաձև է, իսկ վերինը՝ զանգականման։ Պտուղները մանր ձվաձև ընկուզիկներ են[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների գետափերին, ճահիճներում և խոնավ մարգագետիններում։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու ծաղիկները։ Տերևների և ցողունի մակերեսին կան մանր գեղձիկներ, ուր կուտակվում է մենթոլ պարունակող եթերային յուղ։ Ծաղիկներից, ցողուններից և տերևներից պատրաստում են թեյ և հրուշակողենի որոշ տեսակների համար համեմունք[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.