Jump to content

Գևորգ Ախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ախվերդյան
Ծնվել էհունիսի 5, 1818(1818-06-05)[1][2]
Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 17, 1861(1861-11-17)[1][2] (43 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ, բանասեր, հասարակական գործիչ և բժիշկ
Ալմա մատերԼազարյան ճեմարան (1834)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]

Գևորգ Ախվերդյան (հունիսի 5, 1818(1818-06-05)[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1861(1861-11-17)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2])[4], հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունիսի 5-ին, Թիֆլիսում, զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը 1834 թվականին և Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը 1839 թվականին։ Դեռևս համալսարանի երկրորդ կուրսում գրած ռեֆերատի համար Ախվերդյանը հանդիսավոր պայմաններում ստացել է ավարտական կուրսի առաջադեմ ուսանողների համար նախատեսված մրցանակը՝ ոսկե մեդալը։ Եղել է զինվորական բժիշկ Կովկասում 1839-1842 թվականներին, հետո՝ ռազմական մինիստր Չերնիշևի անձնական բժիշկը՝ Պետերբուրգում։ 1846 թվականից Թիֆլիսում փոխարքայի գրասենյակի պաշտոնյա էր, ապա՝ կարանտինամաքսային գործերի ավագ աստիճանավոր։ Ստացել է գեներալի կոչում։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությանը զուգընթաց Ախվերդյանը ծավալել է գրական-հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով։ Հայ բանասիրությունը Ախվերդյանին է պարտական Գահնամակի հայտնաբերման համար։ Մասնակցել է Կովկասյան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը։

Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն Թիֆլիսի համքարությունների մասին։ Ախվերդյանը հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է Սայաթ Նովայի «Դավթար»-ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը։ «Դավթար»-ում նա գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր։

Հայերեն երգերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերծանել է հայերեն երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համա��արգ։ Ախվերդյանի՝ Սայաթ Նովային նվիրված գիրքը («Գուսանք», հ. 1) լույս է տեսել Մոսկվայում, 1852 թվականին։ Երգերի հրատարակությանը Ախվերդյանը կցել է առանձնակի ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին՝ փաստորեն հիմնադրելով հայ բարբառագիտությունը («Թիֆլիզու բարբառի մի քանի հատկություններու վրա»)։

Ախվերդյանը քննաբար ներկայացրել է այդ բարբառի ձևաբանական համակարգը, օրինակներով ցույց տվել գոյականների, դերանունների հոլովման և բայերի խոնարհման բնորոշ առանձնահատկությունները։ Երգերին կցած առաջաբանում շոշափել է դրանց ուղղագրությանը, գրաբարի և որոշ հայ բարբառների ծագմանը վերաբերող հարցեր։ Գիտական որոշակի արժեք ունեն հատկապես Սայաթ Նովայի երգերի ծանոթագրությունները, ուր Ախվերդյանը բացատրել է փոխառյալ և անհասկանալի բառերը, բարբառային հատուկ քերականական ձևերն ու իրողությունները։

Ախվերդյանի հավաքած հայ աշուղական երգերի 2-րդ հատորը («Գուսանք», համար 2) լույս է տեսել 1903 թվականին, Թիֆլիսում, նրա դստեր՝ Մանե Ախվերդյանի հրատարակությամբ։ Ախվերդյանի տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիչանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ։

Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է Երևանի գրականության և արվեստի թանգարանում։

Մահացել է նոյեմբերի 17-ին, Թիֆլիսում։

  • Սայաթ–Նովա, Մ., 1852 («Գուսանք», հ. 1)
  • Հայ աշուղներ, Թ., 1903 («Գուսանք», հ. 2)
  • Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի, «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, № 2-3
  • Тифлисские амкары, «Юридическое обозрение», 1882, № 78-83.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. «Zarkfoundation - Գևորգ Ախվերդյան». zarkfoundation.com.
  • Ա. Ավետիսյան «Գևորգ Ախվերդյան» (Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1987, էջ 232-238
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 2014