Jump to content

Գյուղատնտեսական կենդանիների բտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների բտում, սպանդից առաջ գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների առատ կերակրում՝ կենդանի քաշն ավելացնելու, բարձրորակ միս, ճարպ և տեխնիկական հումք ստանալու համար։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բտել կարելի է աճող ու հասակավոր գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակները (խոշոր եղջերավոր, ոչխար, խոզ, թռչուններ, ճագար)։ Բտման տնտեսական ցուցանիշները կախված են կենդանու տեսակից, ցեղից, սեռից, տարիքից, առողջ վիճակից, բտվածության աստիճանից, պահվածքի պայմաններից, բտման տևողությունից, կերակրման տիպից և կերերի տեսակից և այլն։

Տավարի բտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարի բտման արդյունքում բարձրորակ և համեղ միս ստացվում է հատկապես մսատու ցեղերից, դրանց և կաթնատուների ու մսակաթնատուների խառնացեղերից։ Հորթի դիետիկ միս ստանում են առողջ, 45–60 օր գլխավորապես կաթով կերակրված հորթերից։ Տավարի բտումը տևում է 60–150 օր։ Օգտագործում են կանաչ ու հյութալի կերեր, սիլոս, խոտ, արդյունաբերական մնացուկներ (քուսպ, տկուցք, մրուր և այլն)։

Ոչխարի բտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բտում են մատղաշներին և խոտանված հասակավոր ոչխարներին։ Լավ արդյունք է ստացվում հատկապես մսաբրդատու ոչխարներից և դրանց ու նրբագեղմների խառնածիններից։ Հասակավոր կենդանիների կերաբաժինը կազմում են ածխաջրերով հարուստ կերերից (եգիպտացորեն, կարտոֆիլ, գարի, կանաչ կեր), մատղաշներինը՝ սպիտակուցային կերերից։ Խոզերի բտումը լինում է մսային, բեկոնային և ճարպային։ Առավել տարածված է մսային բտումը։ Բտում են 2,5 ամսական, 15–16 կգ կենդանի քաշով, լավ զարգացած առողջ խոճկորներին՝ մինչև 7–7,5 ամսական հասակը, 95–100 կգ կենդանի քաշ ստանալը։ Կերաբաժինը կազմում է աճող օրգանիզմի համար պահանջվող, հատկապես սպիտակուցներով հարուստ կերերից։ Բեկոնային բտումը հատուկ տիպ է։ Բտում են բեկոն, երբուծ, զիստ, ռուլետ և այլ մսամթերքներ պատրաստելու համար։ Բեկոնային բտման համար ընտրում են առողջ, լավ զարգացած, վաղահաս ցեղերի 2–2,5 ամսական, 20–25 կգ քաշով խոճկորները։ Բտումը ավարտում են 6–7 ամսականում՝ 90–100 կգ կենդանի քաշ ստանալը։ Կերաբաժինը կազմում են սպիտակուցներով, վիտամիններով հարուստ կերերից (գարի, ոլոռ, վիկ, կորեկ, ճակնդեղ, գազար, կենդանական ծագման և խտացրած կերեր և այլն)։ Ճարպային բտումը կիրառում են 45–50% և ավելի ճարպ ու մեծաքանակ մսեղիք ստանալու համար (բտում են խոտանված մերուններին, վարազներին ու մատղաշներին)։

Թռչունների բտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների բտումը կատարվում է 2 եղանակով՝ բնական, երբ թռչուններին օրական 3 անգամ առատ կերակրում են, և ստիպողական, երբ հատուկ մեքենայի միջոցով թռչունի կերակրափողն ու քուջը կեր են լցնում։ Կերաբաժինը կազմվում է հացահատիկի կերերից, կանաչ զանգվածից, արմատապտուղներից, կենդանական ծագման կերերից (մսալ յուր, ոսկրալյուր՝ սպանդանոց. մնացորդներ և այլն), հանքանյութերով և վիտամիններով հարուստ խտացրած, համակցված կերերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։