Jump to content

Արմինիա կուսակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմինիաից)
Արմինիա կուսակալություն
 Մարզպանական Հայաստան
 Բյուզանդական Հայաստան
700 - 885 Բագրատունյաց Հայաստան 
Քարտեզ


(750-880)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դվին
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Մամիկոնյաններ
Բագրատունիներ
Պատմություն

Արմինիա կուսակալություն կամ Հայաստանի ամիրայություն, Հայաստանի կիսանկախ վիճակն էր Արաբական խալիֆայության կազմում։ Հայաստանն արաբների օրոք կառավարում էին արաբ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Դրան վերջ դրվեց 885 թ., երբ Հայաստանը հռչակվեց թագավորություն։ Ամիրայությունը, բացի պատմական Հայաստանից, ժամանակ առ ժամանակ ընդգրկել է նաև Միջագետքն ու Ատրպատականը մինչև Կովկասյան Մեծ լեռներ։ Երկիրը կառավարվել է արաբ ոստիկանի կողմից, որի նստավայրը եղել է Դվին քաղաքը, թեև փաստացի իշխանությունը գտնվում էր հայազգի իշխանների ձեռքում։

Արաբական արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական թերակղզում բնակվող սեմական վաչկատուն ցեղերը, 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբին համախմբվելով իսլամական կրոնի շուրջ, ստեղծել են հզոր պետություն, 630-640-ական թվականներին խորտակել են Սասանյան Իրանը, պարտության մատնել Բյուզանդական կայսրությանը և իրենց տիրապետությունը հաստատել Մերձավոր Արևելքում։

Թեոդորոս Ռշտունի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակի տաճար

Հայաստանում պարսկա-բյուզանդական գերիշխանության քայքայումից հետո Հայոց մարզպան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է երկրի արևմտյան (բյուզանդական) և արևելյան (պարսկական) հատվածները, իր շուրջ համախմբել նախարարական ուժերը և դարձել երկրի փաստական կառավարիչը՝ իշխանը։ Բյուզանդական կայսրությունն իր ազդեցությունը Հայաստանում իսպառ չկորցնելու նպատակով 640 թվականին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է «պատրիկի» և «կյուրապաղատի» բարձրագույն տիտղոսներ, ճանաչել նրա ինքնավար իրավունքները։ 640-643 թվականներին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժող արաբական զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները և վարել ինքնուրույն քաղաքականություն, որը հարուցել է բյուզանդական արքունիքի դժգոհությունը։ Բյուզանդիայի հետ քաղաքական և դավանական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Թեոդորոս Ռշտունին 652 թվականին Ասորիքի և Միջագետքի արաբ կուսակալ Մուավիայի հետ կնքել է ձեռնտու հաշտության պայմանագիր։ Արաբական խալիֆայության գերիշխանությունը ճանաչելու պայմանով՝ Հայաստանը երեք տարով ազատվել է հարկավճարից, պահպանել իր զորքերը և ինքնուրույնությունը, արաբները պարտավորվել են զորք չմտցնել Հայաստան։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է երկիր ներխուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիսարևմտյան հողերը և հասել մինչև Տրապիզոն։ Խալիֆայությունը նրան ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։

Արաբական իշխանության հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են Համազասպ և Գրիգոր Մամիկոնյանները, որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործական կյանքով։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (իշխել է 685-689) զոհվել է արաբ-բյուզանդական նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ Ներսեհ Կամսարականը (689-693), ապա՝ Սմբատ Բյուրատյան Բագրատունին (693-726695 թվականին ներխուժելով Հայաստան՝ արաբական զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ 701 թվականին արաբները վերջնականապես նվաճել են Հայաստանը, Վիրքը և Աղվանքը՝ դրանցից կազմելով Արմինիա վարչամիավորը՝ արաբ ոստիկանի գլխավորությամբ։ Սա վարել է հայ նախարարներին պետական և քաղաքական կյանքից արտամղելու բռնի քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքար են մղել Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդական իրավունքների վերականգնման համար։ 703-705 թվականներին հայոց զինված ապստամբություններից հետո, արաբական արքունիքը ծրագրել է խարդախությամբ բնաջնջել արաբական տիրապետության հաստատմանը խոչընդոտող հայ նախարարական տոհմերին։ Արաբ զորավար Կասըմը 705-706 թվականներին խաբեությամբ իր մոտ է հրավիրել 1200 հայ ազնվատոհմիկների և, Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում փակելով, ողջակիզել։ Ղևոնդ պատմագրի խոսքերով. Երկիրը թափուր է մնացել նախարարների տոհմերից։

Սակայն հայերի անկոտրում պայքարը խալիֆայությանը հարկադրել է վերականգնել հայ նախարարների քաղաքական իրավունքները և նրանց ժառանգական հայրենատիրույթները, Բագրատունիներին վստահել Հայոց իշխանի պաշտոնը, վճարել Հայոց այրուձիի ռոճիկը։

Մամիկոնյանների անկում և Բագրատունիների վերելք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասի քարտեզ, մ․թ․ 740 թվական

Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ խալիֆայության գլուխ եկած Աբբասյանները վերստին ծանրացրել են հարկերը, սաստկացրել բռնությունները և հալածանքները։ Այդ պատճառով 748-751 թվականներին Հայաստանում բռնկել է նոր զինված ապստամբություն, որն ի վերջո ճնշվել է։ Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և Հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753-775), իսկ սպարապետ՝ Սմբատ Բագրատունին։

Արաբական տիրապետության դեմ հաջորդ հուժկու ազատագրական պատերազմը ծավալվել է 774- 775 թվականներին, որը գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը։ Երկու ճակատամարտերում էլ Մամիկոնյանների և նրանց հարող իշխանների ուժերը ջախջախել են արաբական զորքերին։ Սակայն 775 թվականների ապրիլի 24-ին արաբական 30 հազարանոց բանակը Արձնիի ճակատամարտում պարտության է մատնել հայկական զորքերին։ Զոհվել են Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և այլ երևելի իշխաններ։ Հուսալքված և ծանր կորուստներ կրած մի շարք նախարարական տոհմեր՝ Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և ուրիշներ գաղթել են Բյուզանդիա։ Քաղաքական ասպարեզից հիշյալ նախարարական տոհմերի հեռանալուց հետո, Հայաստանում նոր հզորացում են ապրել Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները։ VIII-IX դարերում առանձնապես նշանավորվել են Բագրատունիները, որոնց է մնացել Հայաստանից արտագաղթած նախարարական տոհմերի տիրույթների մեծ մասը՝ Մոկսը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը, Տայքը, Կղարջքը և այլն։ Ճկուն դիվանագիտությամբ և շրջահայաց քաղաքականությամբ նրանք Հայոց իշխանի և սպարապետի գերագույն պաշտոնները դարձրել են իրենց տոհմական մենաշնորհ, անվիճելիորեն տնօրինել երկրի քաղաքական և ռազմական կյանքը։

Ինքնավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (մոտ 790-826), որը հայտնի է Քաջ և Մսակեր մականուններով, իշխանանիստը Կոգովիտ գավառի Դարույնք ամրոցից տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է Հայոց սպարապետի պաշտոնը։ Թուլացող խալիֆայությունը հարկադրված ճանաչել է Աշոտ Բագրատունի Քաջի ինքնիշխանությունը, համակերպվել Հայաստանում և Հարավային Կովկասում Բագրատունիների գերակայության հետ։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բագրատունին (826-851), իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին՝ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852-855)։ IX դարի 1-ին կեսին հարկերի գանձումը Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։

Հայաստանի ազատագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովուրդը համառորեն պայքարում էր հանուն իր լեզվի, մշակույթի և ազգային ինքնուրույնության։ 849 թվականին սասունցիներն ապստամբեցին, սպանեցին ոստիկանին և արաբներին վռնդեցին Սասունից։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք, նախկինում ստրուկ Բ��ւղա զորավարը։ Դաժանությամբ նա գերազանցեց նախորդներին։ Բուղայի զորքը թալանեց, ավերեց և կողոպտեց երկիրը։ Հայ իշխանների մի մասին բռնի ուղարկեց Բաղդադ։ Կենտրոնական իշխանության թուլացման շրջանում (IX դարի վերջին) Հայաստանում կազմավորվեց Բագրատունիների թագավորությունը։ Աբբասյանները հարկադրված եղան 862 թվականին Աշոտ Բագրատունուն (Աշոտ Ա) «Հայոց իշխանաց իշխան»-ի տիտղոս շնորհել՝ ճանաչելով նրա գերիշխանությունը նաև Վրաստանում ու Աղվանքում։ 886 թվականին Մութամիդ խալիֆան իշխանաց իշխան Աշոտին թագ ու թագավորական զգեստներ ուղարկեց։

Մութավաքիլ խալիֆան (847-861) Բագրատունիների իշխանությունը վերացնելու ծրագրով 849 թվականին Հայաստանի կառավարիչ և հարկերի հավաքման վերակացու է նշանակել Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին, միաժամանակ արաբական զորքերը սկսել են ասպատակել երկիրը։ Հայաստանում նվաճողների դեմ ծավալվել է նոր ազատագրական պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով շարունակվել է մինչև 855 թվականը։ Ի վերջո, խալիֆայությունն ստիպված իր զորքերը դուրս է բերել Հայաստանից և ճանաչել նրա ինքնավարությունը։

Նոր պայմաններում Դվինի ոստիկանները ջանում էին չափավորել Բագրատունիների ինքնուրույն լինելու ձգտումները և կանխել նրանց մերձեցումը Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորների հակա-արաբական դիրքավորումը ոստիկաններին նոր ասպատակությունների առիթ տվեց։ Բագրատունիներին ջլատելու, հայերին միմյանց դեմ լարելու համար արաբ ամիրաները Հայաստանի նահանգներում, նույնիսկ գավառներում, իրենց կողմնակից հայ իշխաններից ոմանց գահակալության իրավունք շնորհեցին։ Այսպես ստեղծվեցին Վասպուրականի և Սյունիքի թագավորությունները։ IX դարի վերջերին արաբական տիրապետությունը Հայաստանում հետզհետե վերացավ, առանձին քաղաքներում միայն պահպանվեցին տեղական արաբական իշխանություններ։

Արաբական ամիրայություններ Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ամիրայությունները Արաբական տիրապետության ժամանակ Հայաստանում արաբ գաղթականների ստեղծած իշխանություններն են եղել։ Հայաստանում առաջին ամիրայությունն ստեղծվել է Աղձնիք նահանգում (8-րդ դարի սկիզբ)՝ Շայբանի ցեղի կողմից։ Աբբասյանների ժամանակ այս ցեղից մի քանի ամիրաներ վարում էին Արմինիայի ոստիկանի պաշտոնը։ Հարուն ալ-Ռաշիդի օրոք (786-809 թվականներ) Հայաստանում Բյուզանդիայի դեմ սահմանային գոտի ստեղծելու, հայ նախարարությունները թուլացնելու նպատակով արաբ ոստիկանները Հայոց Տուրուբերան նահանգի Հարք, Ապահունիք գավառները գաղթեցրին Սուլայմ ցեղի (Կայս մեծ ցեղից) ռազմիկ արաբներին՝ կայսիկներին, և ստեղծվեց Կայսիկների ամիրայությունը (Հարքում և Ապահունիքում)։ Տուրուբերանի Աղիովիտ գավառում ստեղծվեց Ութմանիկների ամիրայությունը։ Հայաստանի տարբեր գավառներում թափառում էին Ջահհաֆյանները, որոնց տան հիմնադիր Ջահհաֆն ամուսնացել էր 774-775 թվականների ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանի դստեր հետ և հանդես գալով որպես Մամիկոնյանների ժառանգորդ, ձգտում էր տիրել Տարոնին ու Մամիկոնյանների մյուս տիրույթներին։ Սակայն, Հայոց իշխան Աշոտ Մսակերից (մոտ 790-826) պարտություն կրելով, չկարողացավ հաստատվել Հայաստանի որևէ գավառում, բայց իր որդի Աբդ ալ-Մալիքի հետ գրավեց Դվինը։ Նա համոզեց Մաման խալիֆին՝ իր որդուն դարձնել Արմինիայի ոստիկան։ Բայց Աշոտ Մսակերի եղբայրը՝ սպարապետ Շապուհը, ոչնչացրեց Զահհաֆյանների ուժերը, իսկ Դվինի բնակիչներն սպանեցին Աբդ ալ-Մալիքին։ Բաբեկի ապստամբության ժամանակ Հայաստանում հանդես եկավ Ջահհաֆի եղբորորդի Սևադան, որն ամուսնացել էր Արուսյակ Բագրատունու հետ։ Սևադային և նրա հետ ժամանակավորապես դաշնակցած Սմբատ սպարապետին հաղթեց Իոսլիդ ոստիկանը։ Սևադան շուտով վտարվեց Հայաստանից, և նրա տոհմին ասպարեզից դուրս մղեցին Բագրատունիները։

Արդնում և Բաղեշում ստեղծվել էր Զուբարիկների ամիրայությունը։ Մրգնի տեր Մուսա իբն Զուբարան ամուսնացել էր Տարոնի գահերեց Բագրատ Բագրատունու քրոջ հետ, իսկ որդին՝ Աբուլ-Սաղրան, Արծրունի իշխանուհու հետ և ծածուկ ընդունել քրիստոնեություն։ Բուղայի արշավանքի ժամանակ (852-855 թվականներին) նորից Հայաստան եկան արաբների նոր խմբեր, իսկ հներն ամրապնդեցին իրենց դիրքերը։ Ատրպատականի Սաջյան ամիրաների օգնությամբ Դվինում և ավելի ուշ Գողթնում ստեղծվեցին ամիրայություններ։ Աշոտ Բագրատունու իշխանության և թագավորության տարիներին (862-890 թվականներ) Հայաստանում նրան ենթակա էին Կայսիկների ամիրայությունը՝ Ապահունիքում ու Հարքում, Ութմանիկներինը՝ Բերկրիում, և Կարինի ամիրայությունը։

Հայոց թագավորությանը ժամանակավորապես ենթակա էին Հերի ամիրան և Արզնի Զուրարիկները, իսկ Կարինի տերերը կապված էին նաև խալիֆայության հետ։ Կայսիկ Աբու-լ-Վարդին հաջորդած երեք որդիները 902 թվականին ապստամբեցին Սմբատ Ա-ի դեմ, սակայն թագավորը ճնշեց այս շարժումը։ Սմբատ ��ագավորի մահից հետո Կայսիկները ենթարկվեցին Բյուզանդիային, իսկ 964 թվականին վերջ տրվեց նրանց իշխանությանը։ Բյուզանդիան 949 թվականին գրավեց և կործանեց Կարինը։

Արաբական Խալիֆայության հյուսիսային փոխարքայության (ընդգրկել է Արմինիաի, Ատրպատականի և Միջագետքի/Ջազիրա/ վարչատարածքները) կառավարիչ Մուհամմեդ Իբն Մերվանի (699 թ.) նախաձեռնությամբ, Արմինիայի կուսակալությունում/նահանգում/ առաջին անգամ նշանակվել է տարածաշրջանի արաբ կառավարիչ՝ ոստիկան, որը նստել է Հայոց մայրաքաղաք Դվինում, արաբական կայազորի հետ միասին, իսկ Հայոց իշխան Սմբատ Բագրատունին դարձել է նրա տեղապահը։

701-855 թվականների ընթացքում միմյանց հաջորդել են հարյուրից ավելի ոստիկաններ և նրանց թվարկելն անիմաստ է, քանի որ նրանցից միայն մի քանիսն էին, որ էական դեր են ունեցել Արմինիայի կուսակալության քաղաքական կյանքում, քանզի այն հիմնականում իրականացնում էին խալիֆի կամ հյուսիսային փոխարքայության կառավարիչի կողմից ոստիկանի տեղապահ նշանակված Հայ իշխանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։